Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

Քոբայրի վանքի ուսումնասիրություն

նկ. 1

Քոբայրի վանքը (XII-XVIII դդ.) գտնվում է Լոռու մարզի Քոբայր գյուղում:

2012 թ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավա­խում­բը (ղեկ.` Հ. Մելքոնյան, հնագետներ` Ա. Բաբաջանյան, Դ. Միրիջանյան, ճարտ.` Ա. Ջալալյան) պեղման և մաքրման աշխատանքներ է իրականացրել Քո­բայրի վանական համալիրի վերականգնվող զանգակատան շրջակայքում:

Քոբայրի վանքը զարգացած միջնադարում հյուսիսային Հայաստանի հո­գևոր, մշակութային և գրչության հայտնի կենտրոններից էր (նկ. 1): Հիմնադրվել է Բագրատունյաց տան Կյուրիկյան ճյուղի Կյուրիկե Բ թա­գավորի դուստր Մա­րիամի կողմից 1171թ.: Վանական համալիրը բաղկա­ցած է գլխավոր եկե­ղեցուց, մատուռ-ավանդատնից, նրան արևմուտքից կից բաց սրահից, սեղա­նատնից, զանգակատուն-տապանատնից, մատուռներից և ամրաշի­նական կա­ռույցներից, որոնք կառուցվել են XII դարի վերջին XIII դարում: Դրանք բոլորն էլ այսօր կիսավեր վիճակում են: Քոբայրի վանքի հետագա գործու­նեության մասին վկայությունները սակավաթիվ են: Դրանք մի քանի ձեռագրերի հիշատակարաններ և տապանաքարերի հիշատակա­գրեր են, որոնք հայտնաբերվել են վանքի տա­րած­­քում:

Զանգակատան շքամուտքի արևելյան կողմի վրացերեն արձա­նագ­րու­­թյան համաձայն, այն կառուցվել է 1279թ. Շահնշահ ամիրսպա­սալա­րի որդու` Մխարգրձելի և նրա կնոջ Վանենիի կողմից: Այն քառակուսի հա­տա­կագծով սրահ է, որի արևելյան հատվածն ամբողջությամբ ընդգրկում է խո­րա­նը: Հատակը հարթեցված ժայռն է` մասամբ ծածկված տապանա­քարե­րով: Միակ մուտքը հարավից է (գծ. 1): Պեղումների արդյունքում զան­գակատան մուտքի առջև բացվել են տա­­­­­պանաքարեր` մի մասը վրացերեն արձանագրություններով (նկ. 2, 3): Տե­ղան­քը կտրատված է ժայռերով ու քարայրներով, առաջացնելով տար­բեր հար­­թություններ, ըստ որոնց էլ դասավորված են համալիրի շինությունները: Տեղանքի առանձնահատկություններից ելնելով` օգտագործել են նաև ժայռը` հարթեցնելով ու հարմարեցնելով նրան: Այն շատ հաճախ ծառայել է որպես շինության հատակ, պատ կամ նախաբակ (նկ. 4, 5): Զանգակատան մուտքին ան­մի­ջապես հարող տարածքում կա ջրահեռացման խնդիր: Այն առկա է ամ­բողջ վանքի տարածքում, նույնիսկ զանգակատուն-տապանատան ներ­սում, որտեղ ջրահեռացման համար հարթեցված ժայռի մեջ առվակոս են փորել:

Արևմտյան կողմում` զանգակատան ստորին շարքերի հիմքում ժայռն է, իսկ վերին հատվածում ժայռի և զանգակատան միջև ստեղծված է միջանցք  (նկ. 6): Միջանցքը մաքրելիս պարզվեց, որ ժայռի ստորին հատվածում ջրահեռացումն ապահովելու համար առվակոս էր փորված, որի շարունակությունն էր կազմում 7 կավե փողրակներից կազմված խողովակաշարը (գծ. 2):

Ուշագրավ է զանգակատան հյուսիսում բացված կառույցը, որն ան­մի­­­ջա­պես կցված էր նրան: Այն գրեթե քառակուսի հատակագծով սենյակ է, որի համար իբրև հարավային պատ ծա­ռա­յել է զանգակատան հյուսիսային ճակատը, իսկ արևմտյանը` ժայռը: Միակ մուտքը հյուսիս-արևմուտքից է: Սենյակի ներքին հատվա­ծը պեղելիս հարավարևելյան հատվածում բացվեց քառանկյուն օջախ, որի մեջ դրված էր ամբողջական երկկանթ մի անոթ (նկ. 7, 8):

Սենյակի պատերի շարվածքը, հայտնաբերված խեցեղեն գտածոները գալիս են փաստելու, որ կցակառույց սենյակը ծա­ռա­յել է տնտեսական նպատակով վանքի գոյության վերջին փուլում, երբ զանգակատունն այլևս չէր գործում:

Պեղման-մաքրման աշխատանքների արդյունքում հայտնաբերվեցին խեցե­ղեն և մետաղե փոքրաքանակ առարկաներ, ինչպես նաև զանգակա­տանը պատկանող ծածկասալերի հատվածներ և քանդակազարդ մի բեկոր (նկ. 9, 10): Խեցեղեն գտածոները բեկորային են, գերազանցապես խո­հանոցային կոպիտ ամանեղեն. կժեր, կճուճներ, քրեղաններ, թասեր, խփեր (նկ. 11-13): Կան նաև ջնարակած անոթնե­րի սակավաթիվ բեկորներ, որոնք թվագրվում են XII-XIII դդ. և XIV-XVI դդ.:

Այսպիսով, Քոբայրի զանգակատուն-տապա­նա­տան պեղման-մաքր­ման աշխատանքների արդյունքում հայտնաբերված տապանաքարերը, հնագիտական նյութը, կցակառույցը որոշակի տեղեկություններ են տալիս ուշ միջնադարում ևս վանքի գործունեության մասին:  Հե­տագա պեղումները կարող են համալրել մեր պատկերացումներն այդ շրջանի վերաբերյալ:

 

  • Դիվան հայ վիմագրության, Պրակ IX, Լոռու մարզ, կազմ. Ս. Բար­խու­դար­յան, Կ. Ղաֆադարյան, Ս. Սաղումյան, Երևան 2012:
  • ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մասն Ա, Երևան 1955:
  • Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն հայոց, Երևան 1961:
  • Հաւաքումն Պատմութեան Վարդանայ վարդապետի, Վենետիկ 1862:
  • Մայր ցուցակ հայերէն Ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի, Հտ. Դ, Երևան 2008:
  • Միրիջանյան Դ., Բաբաջանյան Ա., Քոբայր վանական համալիրի զանգա­կա­տան պեղման աշխատանքների արդյունքները, ՊԲՀ, 2014-1, էջ 155-163:
  • Մխիթար Այրիվանեցի, Պատմութիւն Հայոց, Մոսկվա 1860:
  • Մուրադյան Պ., Հայաստանի վրացերեն արձանագրությունները, Երևան 1977:
  • Ներսէսի Լամբրոնացւոյ Տարսոնի եպիսկոպոսի` Ատենաբանութիւն և Թուղթ և Ճառք, Վենետիկ 1865:

 

Աստղիկ Բաբաջանյան

գծ. 1գծ. 2նկ. 1նկ. 2նկ. 3նկ. 4նկ. 5նկ. 6նկ. 7նկ. 8նկ. 9նկ. 10նկ. 11նկ. 12նկ. 13