Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

Առինջի Կարմրավոր եկեղեցին

 

Կարմրավոր եկեղեցին գտնվում է Առինջ գյուղի հյուսիս-արևմտյան եզրին գտնվող մի բարձրադիր բլրի հարավային արևահայաց լանջին: Առնջի մասին գրավոր աղբյուները հիշատակում են խոշոր վանական համալիրներից մեկի` հայտնի հոգևոր ու կրթամշակութային կենտրոն Ձագավանքի վանական համալիրի պատմության այս կամ այն խնդիրների հետ կապված: Առինջ գյուղի անվան վաղագույն հիշատակությունը XIII դարից է: Համաձայն Կեչառիսի վանքի ժամատան հյուսիսային պատին 1206 թ. փորագրված մի արձանագրության` ոմն Հայրաձայն  Առինջից հող է գնել, այգի տնկել և նվիրել Կեչառիսի վանքին: Առինջ գյուղի անվան հիշատակությամբ նման երկու նվիրագրեր էլ պահպանվել են Սանահինի և Հայրավանքի 1211 թ. վիմագրերում: Ավելի ուշ Առինջը քանիցս հիշատակվում է 1476 թ., 1494 թ., 1499 թ., 1602 թ. և այլ թվականների գրչագիր ձեռագրերի հիշատակարաններում:

Կարմրավոր եկեղեցին միանավ, թաղակապ կառույց է: Միակ մուտքն արևմտյան կողմից է: Նախքան պեղումները եկեղեցին կիսավեր վիճակում էր: Համեմատաբար լավ էին պահպանված կառույցի հարավային և արևելյան պատերը: Հարավային պատին, արտաքուստ քանդակված են երկու տասնյակ խաչաքանդակներ, որոնց մի մասն ունեն հիշատակագրեր: Եկեղեցու արևմտյան և հարավային կողմերում, պատվանդանների վրա կանգնած էին XVI-XVII դդ. մի քանի խաչքարեր: Տարիներ առաջ եկեղեցու շուրջը տարածված է եղել ընդարձակ գերեզմանատունը, որի տապանաքարերի զգալի մասը գյուղի այս հատվածի ընդարձակվելու հետ կապված կամ տեղահան են արվել կամ էլ մնացել են մերձակա փողոցների ու առանձնատների տակ: 2014 թ. նախատեսվեց վերականգնել Սբ. Կարմրավոր եկեղեցին, բարեկարգել ու ցանկապատել գերեզմանատունը: Մաքրվեցին բոլոր տապանաքարերն ու խաչքարերը, հայտնաբերվեցին նոր հուշակոթողներ, եկեղեցու շինաքարեր, քանդակազարդ մանրամասեր: Հուշակոթողների մի մասն ունեին հիշատակագրեր:

Հուսիկ Մելքոնյան