Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

Դվին

 

Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի ավերակները գտնվում են Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հարևանու­թյամբ: Քաղաքն ընդգրկել է մոտ 400 հա տարածք: Ամենածաղկուն շրջանում բնակ­չությունը կազմել է 100.000-150.000:

Հնավայրի կենտրոնական հատվածում բարձրանում է մի բլուր՝ Դուին, Դվին, Դաբիլ (արաբերեն) անվանումով, որի գագաթին հիմնարկվել է քաղաքի միջնաբերդը, հզոր պարիսպներով, 40-ից ավելի կիսաբոլոր աշտարակներով: Միջնաբերդը բոլոր կողմերից գոտևորել են քաղաքային ընդարձակ թաղամա­սերը: Քաղաքային թաղա­մասերը ևս պարսպված են եղել հզոր պարիսպներով, որոնց մասին տեղեկացնում է արաբ պատմիչ և աշխարհագիր Մուկադասին:

Դվինն իբրև բնակավայր հայտնի է տակավին Ք.ա. III հազ.: Ք.ա. VIII դ. բնակավայրը ենթարկվում է հարձակման՝ Արարատյան դաշտ ներխուժած ուրարտացիների կողմից: Հուշարձանի ստորին շերտերում ամենուրեք նկատելի են հրդեհի և ավերածությունների հետքերը: Հելլենիստական և անտիկ դարաշրջանում Դվինն Արտաշատ մայրաքաղաքի  արվարձաններից էր, նրա տնտեսական մատա­կա­րարներից մեկը:

Հռոմեական զորավար Կուրբուլունի արևել­յան արշավանքների ժամանակ (58-59 թթ.), Արտաշատի հետ միաժամանակ գրավվեց, հրդեհվեց նաև Դվինը` ա­մա­յանալով մինչև IV դ. 30-ական թվականները, երբ հայոց Խոսրով Կոտակ Արշակունի թագավորն այն հռչակեց արքունական նստոց՝ Ոստան Հայոց: 481 թ. տանուտեր Սա­հակ Բագրատունին Դվինը հայտարարեց մարզպանական Հայաստանի մայրաքա­ղաք: Այդ կարգավիճակը փոփոխաբար քաղաքը պահպանեց մինչև 930 թ., երբ հայոց Աբաս Բագրատունի թագավորը մայրաքաղաքը Դվինից տեղափոխեց Շիրակ՝ Կարս:

470-ական թվականներից սկսած քաղաքը համարվում էր և հայոց հոգևոր կենտ­րոնը՝ (կաթողիկոսությունը Վաղարշապատից Դվին տե­ղափոխ­վեց Գյուտ կաթողի­կոսի օրոք) ուր շուրջ 400 տարի նստել են Հայոց հայրա­պետները:

Աստիճանաբար Դվինը վերածվեց հասարակական-տնտեսական, առևտրական, մշակութային խոշոր կենտրոնի` իր ուրույն տեղն ապահովելով Մեր­ձավոր արևելյան քաղաքների շարքում: Այն իրավամբ եղել է դասական քաղաք իր բոլոր ատրիբուտներով, ժամանակի խոշոր քաղաքին բնորոշ ներքին կուռ կառուց­վածքով գործող հասարակական որոշակի ինստիտուտներով ու օրենքներով, տնտե­սական-վարչական բաժանումներով, կառուցողական սկզբունքներով, առևտրական ամենալայն կապերով, դրամական շրջանառությամբ, շուկայական ընդգրկուն հարա­բերություններով, կրթական-մանկավարժական հաստատություններով, ուր սովորել են ժամանակի շատ փայլուն մտածողներ՝ Հովհան Մայրագոմեցի, Վրթանես Քերթող, Ստեփանոս Սյունեցի, երաժիշտ Գրիգոր Գռզիկ և ուրիշներ:

Կառուցվում են մի շարք մոնումենտալ շինություններ, ինչպիսիք են միջնաբերդի Սյունազարդ դահլիճը, Ս. Գրիգոր եռանավ խոշորածավալ տաճարը և այլ շինություն­ներ: Քաղաքի պաշտպանական և առևտրական ընդլայնման խնդիրներով շահագր­գռված էին և սասանյան արքաները, քանզի Դվինը Սասանյան Իրանի ենթակայու­թյան տակ գտնվող մաքսային խոշոր կենտրոններից էր:

Դվինի առևտրական ընդգրկուն կապերի վկայությունն են պեղումների միջո­ցին գտնված բուզանդական և սասանյան դրամական միավորները, կավե կնքա­դրոշմները, որոնք մասամբ օգտագործվում էին առևտրական հակերը կնքելու համար:

VII դ. արաբները գրավեցին Դվինը` պատճառելով մարդկային և նյութական խոշոր կորուստներ: Արաբական արշավանքներն ավարտվեցին «Արմենիա» ոստիկանության ստեղծմամբ: Լինելով «Արմենիայի» կենտրոն` Դվինն ապրեց տնտե­սական նոր վերելք: Ըստ Ղևոնդ երեցի Աբ­դուլ-Ազիզը «Վերստին շինեց Դվին քաղաքը մեծությամբ առավել հզոր և ընդարձակա­նիստ, քան եղել էր նախկինում, ամրացրեց դռներով և դռնափակերով, պարսպի շուրջը ջրով լցված խրամատ անցկացրեց քաղաքի ապա­հովության համար»: Արաբները Դվինում սկսեցին հատել պղնձե ու արծաթե դրամներ «Դաբիլ» մակագրությամբ:

Ճակատա­գրական եղավ 1225 թ.: Խորեզմի շահ Մուհամեդի որդի Ջալ-Ալ Էդդինը, խուսափելով մոնղոլների հետապնդումներից, ներխուժում է Իրան, անցնում Հարա­վային Կովկաս, գրավում մի շարք քաղաքներ, այդ թվում Դվինը` հրի ու սրի մատնե­լով դրանք, գերեվարելով բնակչության մի մասին: Տասնամյակներ անց կիսավեր քա­ղաքը ենթարկվում է մոնղոլների հարձակ­մանը: Քաղաքն աստիճանաբար ամայա­նում է, լքվում բնակիչներից:

Քաղաքի ավերակները դարերի ընթացքում ծածկվում են հողի հաստ շերտով` վերածվելով հողաբլուրների: Այն լավագույնս նկարագրել է անգլիացի հնագետ Ռո­­­­­­­բերտ Կեր-Պորտերը` 1817 թ. այցելելով Դվինի ավերակներ. «Ես գտնվում էի մի քաղա­քում, որից ոչինչ չէր մնացել, այլևս չկային ոչ կոթող, ոչ գմբեթ և ոչ էլ բնակարանի պատ, ամեն ինչ խորտակված էր: Անիում ես ինձ գտա շրջապատված հսկայական մեծության գերագույն հուշարձաններով: Արտաշատում (Դվինում), ես կանգնեցի նրա գերեզմանի վրա»: 1816 թ. Դվինում է լինում Մեսրոպ Թաղիադյանը, ով հստակ պատ­­­կերացում ուներ Դվին և Արտաշատ մայրաքաղաքների տեղագրության վե­րաբերյալ. «Ընդ գետն (Գառնու) ի վեր յարուցեալ՝ գտանք զաւերակս, բերդապարիսպ հզոր քաղաքին, զորմէ հաստատ էր Պօղոս վարդապետ, լինիլ մնացորդ նախնոյն Դվինայ՝ Ոստանին Հայոց»: Դվինի հնագիտական ու­սումնասիրության սկիզբը կապվում է Նիկողայոս Մառի անվան հետ, ով 1899 թ. մասնակի պեղումներ է կատարել միջնաբերդում: Կայսերական հնագիտական հանձնաժողովի որոշմամբ դարասկզբին Դվինում պեղումներ է կատարում Խաչիկ Վարդապետ Դադյանը:

1936 թ. Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունում իրականացնել Դվինի հնագիտական ուսումնասիրությունը: 1937-1939 թթ. արշավա­խումբը գլխա­վորել է Նիկողայոս Մառի աշակերտ, պ.գ.դ. Սմբատ Տեր-Ավետիսյանը:

1946-1976 թթ. Դվինի արշավախմբի աշխատանքները ղեկավարում էր պրոֆ. Կարո Ղաֆադարյանը: Նրա աշակերտները հաջողությամբ շարունակեցին իրենց ուսուցչի գործը: Դվինի արշավախումբը դարձավ հնագիտական կադրերի մի դարբ­նոց: Դվինի պեղումներով հայտնաբերված հնագիտական նյութերի ուսումնասիրու­թյանը նվիրված են 20-ից ավելի մենագրություններ, 100-ից ավել հոդվածներ: Դվինը միջնադարյան հայ ճարտարապետության, շինարվեստի ձևավորման կարևո­րագույն օջախներից մեկն էր: Այդ առումով ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում նրա պաշտամունքային և աշխարհիկ մոնումենտալ կառույցները, որոնք բավականին լավ են ուսումնասիրված և գիտական լայն շրջանառության մեջ են (Կարո Ղաֆադարյան, Վարազդատ Հարությունյան, Նիկոլայ Տոկարսկի և ուրիշներ):

 

1977-2010 թթ. Դվինի հնագիտական արշավախումբը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Քալանթարյանը:

Դվինի կաթողիկե Ս.Գրիգոր եկեղեցի – (IV դ. II կես-V դ. Սկզբներ): 610-ական թվականներին հիմնովին վերակառուցվելով` փոխարկվել է խաչաձև հատակագծով կառույցի: 894 թ. երկրաշարժից ավերվել է և այլևս չի վերականգնվել:

Միանավ բազիլիկ եկեղեցի – (հավանաբար V դ. Վերջեր): Հաս­տահեղյուս պատերով, թաղակապ ծածկով և ծածկը պահող երեք թաղակիր կա­մարներով շինություն է: Գտնվում է Ս. Գրիգոր եկեղեցու հյուսիսային կողմում: Ավեր­ակվել է երկրաշարժերից:

Արշակունյաց գահանիստ դահլիճ – Տեղադրված է միջնաբերդի բարձրադիր արևելյան հատվածում: Հիմ­նադրվել է Խոսրով Բ Արշակունի թագավորի կողմից IV դ. 30-ական թվականներին: Հետագայում պալատի մի հարկաբաժինը վերածվել է արքունի դիվանի, որի մասին վկայում է Սեբեոս պատմիչը (VII դ.):

1970-ական թվականներին Մայր Տաճարից հարավ բացվեց ճարտարա­պետա­կան հետաքրքիր մանրամասներով մի շինու­թյուն: Արդյունքում պարզ դարձավ, որ այն եղել է առաջին հայրապետական աթոռանիստը՝ կառուցված Գյուտ կաթողիկոսի ժամանակ­ներում (461-478 թթ.), ուր նստել են հայոց հայրապետները մինչև 564 թ.: Նորաբաց պալատն իր հատակագծային լուծումներով, ճարտարապետական մանրամասներով կարելի է ասել հայ միջնադարյան աշխարհիկ շինությունների դա­սա­­­կան օրինակնե­րից է: Ավերվել է  572 թ. Վարդան Մամիկոնյանի ապստամբության ժամանակ:

Կաթողիկոսական երկրորդ պալատը գտնվում է Մայր տաճարից հյուսիս: Կա­ռուցվել է VII դ. II կեսին: Ճարտարապետական հորինվածքով սյու­նազարդ դահլիճ է` կից սենյակներով: Ունեցել է հարուստ գեղարվեստական հարդարանք:

Դվինի մոնումենտալ կառույցներից է և քաղաքային թաղամասերից մեկում (ներկայիս Հնաբերդ գյուղի տարածքում) բացված քաղաքային մեծ շուկան` տնտեսական համապատասխան կառույցներով:

Վերջին տարիներին միջնաբերդի հարավային թևում ձեռնարկված պեղումների շնորհիվ բացվել է խոշոր չափերի ուշագրավ մի շինություն` հիմնարկված հավանա­բար V-VI դդ.: Շինությունը կառուցված է միջնաբերդը պարսպող պատի տակ: Ենթադրվում է, որ այն եղել է Դվինի գլխավոր մաքսատներից մեկը, քանզի օտարերկրյա վաճառականներն իրավունք չունեին բնակություն հաստատել քաղաքի կենտրոնական հատվածներում:

Երկարամյա պեղումները, հարուստ ու բազմաքանակ գտածոներով փաստում են այն իրողությունը, որ Դվինը եղել է ժամանակի խոշոր արհեստագործական կենտրոններից, որի արտադրանքը մեծ պահանջարկ ուներ ներքին և արտաքին շուկայում:

Քաղաքի տար­բեր հատվածներում բացվել են խեցեղենի թրծման վառարաններ:

Մերձավոր արևելքում Դվինի ապակու ժողովածուն համարվում էր լավագույն­ներից մեկը: Այն իր բազմազանությամբ, գունեղ ու հնարամիտ հորինվածքով հիացմունք է պատճառում յուրաքանչյուր ուսումնասիրողի:

Դվինը հնուց ի վեր հայտնի էր նաև որպես մետաղագործական խոշոր կենտրոն: Այն հայոց զորքի զինապահեստն էր, ուր հայոց բանակը մարտից առաջ սպառա­զինվում էր:

Հայ ոսկերիչների ձեռքի աշխատանքի փայլուն վկայությունն է Դվինի տա­րածքում գտնված կանացի զարդերի ընտիր տեսականին: Դրանք մեծ համարում ունեին ոչ միայն Բյուզանդական կայսրության սահմաններում, այլև Կիևյան Ռուսիա­յում ու Մերձվոլգյան շրջաննե­րում:

«Մղոնաչապ»-ի տվյալներով Դվինն այն կենտրոնական հանգույցն էր, ուր խաչվում էին Արևելք-Արևմուտք առևտրական ուղիները: Պեղումների ժամանակ գտնվել են ապակե սպասքի հիանալի նմուշներ` բերված եգիպտական, սիրիական, միջագետքյան և բյուզանդական կենտրոններից, հախճապակե սպասքի անկրկնելի օրինակներ` պատրաստված Իրանի Ռեյ, Քաշան, Սուլթանաբադ քաղաքներում:

 

Դվինի միջնադարյան և վաղ երկաթեդարյան շերտերին զուգընթաց 1970-ական թվականներին հետազոտության հատուկ առարկա են դարձել նաև անտիկ ժամանակաշրջանի մշակութային հուշարձանները: Սրանց վրա VI-VIII դդ. միջնադարյան հզոր շերտերի պատմա-ճարտարապետական բացառիկ շինությունների առկայությունը խիստ հատ­կանշական է դարձնում քննվող շերտի ուսումնասիրությունը:

2010 թ. արշավախումբը ղեկավարել է պ.գ.թ. Հ. Մելքոնյանը, իսկ 2019 թ. առ այսօր պ.գ.դ., պրոֆեսոր Հ. Պետրոսյանը, անդամներ՝ Ն. Հակոբյան, Ֆ. Բաբայան, Ա. Ժամկոչյան, Գ. Քոչարյան, Կ. Ղաֆադարյան (ճարտարապետ), Ա. Մարտիրոսյան:

 

Նյուրա Հակոբյան