Թեղուտի հանքավայրի իրացման գոտու հուշարձանների պեղումներ

«Թեղուտի հանքա­վայ­րի իրաց­ման գոտում հայտնված պատ­մամշակութային հուշարձանների հնագիտա­կան ուսում­նասի­րության և պեղումների» ծրագրով 2009 թ. սկսած, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգարգության ինստիտուտի և «Թեղուտ» ՓԲԸ միջև կնքված պայմանագրով, վերջինիս ֆինանսավորմամբ, հնագիտական պեղումներ են իրականացվում (արշավախմբի ղեկավար` Ս. Հոբոսյան) ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերի շրջա­կա հուշարձանների տա­րածք­ներում:

Դուքանաձոր. Գտնվում է Շնող գյուղից հարավ, Դուքանա­ձո­րի ­ջուր գետակի ձախ, բարձրադիր ափին: 2009 թ. պեղվել է ձո­րամերձ հատ­վածում նշմարվող թոնրաձև կառույցը: Գլա­նաձև կավակերտ շինությունը մ.թ. XII-XIII դդ. մետաղագործական արհեստանոցի մի մասն է` դատելով խարամի շերտից` ձուլարանը:

Լորուտի հողեր (Ղարաքոթուկի հողեր). գտնվում է Թեղուտ գյուղից հյուսիս-արևմուտք, Շնող գետի ձախափնյա բարձրադիր լանջին: Այստեղ պեղվեց մ.թ.ա. X-IX դդ. 12 քարար­կղե դամբարաններ, որոնց ուղղանկյունաձև խցերն ուղղված էին արևելք-արևմուտք և ծածկված էին 2-4 սա­լե­րով: Դամբարաններում դրված էին զանազան կավանոթներ, սարդիոնե և շաղախե ուլունքներ, բրոնզե և երկաթե սակավաթիվ իրեր:

Պեղվեց նաև XIII դ. երեք հնձան, որոնցից առաջինն ուներ գետնի մեջ թաղված, քարե կլոր կափարիչներով յոթ կարաս և մեկ տաքար: Երկրորդ հնձանն ավերված էր. պահպանվել էր միայն առագաստ-ավազանի մի մասը: Երրորդի հատակն ու պատերը կրաշաղախով սվաղ­ված էին: Պարզվեց, որ առագաստ-ավազանից քաղցուն հեռացվել է կավե խողովակով:

Տարածքի հյուսիսային` ամենաբարձր մասում պահպանվել է միջնադարյան գերեզ­­մա­նոցը` ավեր­­­ված եկեղեցու հետքերով: Գերեզմանոցում կան խաչքարերի մի քանի տաս­նյակ պատ­վանդաններ և մեկ խաչքար` ՋԿԲ  (1513) թվագրությամբ:

2010 թ. պեղումներով բացվեցին եկեղեցու պատերը: Արևելյան կողմում կար ուղղանկյուն խորան: Եկեղեցու հատակա­գծային հորինվածքը, հավանաբար, մի քանի վերանորոգումների արդյունքում աղավաղվել է և դասական եկեղեցաշինության ընդունված կարգից բավականին մեծ շեղումներ ունի:

Բովեր. գտնվում է  Շնող գյուղից հարավ: 2009 թ. պեղվեց Բովեր գյուղատեղի միանավ բազիլիկ եկեղեցին, որը, դատելով շինարարական տեխնիկայից, կառուցվել է XVII դ. վերջերին: Ըստ բանավոր ավան­­­դու­թյան` կոչվել է Սերգնի վանք:

Տարածաշրջանում կան նաև ուշ բրոնզի և վաղ երկաթեդարյան դամ­բա­րան­­ներ: 2009-2013 թթ. պեղվել է մ.թ.ա. XIII- XII դդ. 59 և մ.թ.ա. XV- XIV դդ. մեկ դամբարան: Քարարկղե խցերը ծածկված են 2-4 սալերով և ուղղված են արևելք-արևմուտք:

Դամբարաններում դրված էին զանազան կավանոթներ` ելուստային կանթերով կճուճներ, քրեղաններ, միականթ սափորներ, բրոնզե ապարանջաններ, երկաթե նիզակներ, գինու միականթ և անկանթ գավաթներ, սարդիոնե և շաղախե ուլունքներ: Մի քանի դամբարաններում` խցի արևելյան մասում փորված փոսերում, դրված էին խոշոր չափերի կավանոթներ (որոք, հավանաբար լցվել են հեղման գինով)` ծածկված տափակ քարերի բեկորներով, որոնց վրա դրված էր ննջեցյալի գանգը:

Թեղուտ. 2009 թ. հետախուզական պեղումներ կատարվեցին Թեղուտ գյուղի հարա­վարևել­յան հատվածում, Թխկուտ կոչվող հանդամասում:

Պեղվեց քարարկղե երկու դամբարան, որոնք, ըստ թաղման գույքի, թվագրվում են մ.թ.ա. X-IX դդ.: Հայտնաբերվեցին տարբեր չափերի կավանոթներ, բրոնզե մատանի, ասեղ և երկաթե իրի բեկորներ:

2010 թ. պեղումներ կատարվեցին Թեղուտի դպրոցի մոտ կառուցվող մանկապարտեզի տարածքում:            Պեղվեց մ.թ.ա. XIII-XII դդ. վեց սալարկղե դամբարան, որոնցից երեքն ունեին խցի հատակում իջեցված խոշոր կավանոթ:

Հացուտ (Ֆիրմի բաղ). գտնվում է Թեղուտ գյուղից հարավ, Շնող գետի ձախափնյա բարձրադիր հրվանդանի վրա: Տարածքի հյուսիսարևելյան` գետին հարող սահմանը որոշ մասե­րում տասնյակ մետրերի հասնող բարձրությամբ զառիվեր դարավանդ է, որի արևելյան մասում, հրվանդանի ստորոտում, պահպանվել է գրանիտի խոշոր բեկորներով շարված պարիսպ:

Պեղումներով բացվեց մի մեծ շինության, հավանաբար, կենտրոնական մասի (հյուսիսարևելյան հատվածը ավերված էր) շուրջ 2 մ հաստության պատերը` կազմելով մի ընդհա­նուր սրահ, որը երկու միաշար միջնորմներով բաժանվել է երեք մասի:

Առաջին բաժանմունքում բացվեց կավածեփ կլոր օջախ` փայտածխի մնացորդներով: Հավանաբար, գործ ունենք միջնադարյան արտադրական համա­լիրի` մետաղագործական արհեստանոցի հետ:

Հացուտի սկզբնամասում, ճանապարհի եզրին, սելավատար առվի մեջ, նկատ­վել էր ջարդված կարաս: Ճանապարհի եզրին կատարված հետախուզական պեղումներով բացվեց մ.թ. XII-XIII դդ. բնակելի համալիրի, հավանաբար, խոհանոցային մասը:

Փիջուտ. գտնվում է Թեղուտ գյուղից հարավ-արևմուտք` Շնող գետի Դուքանաձորի ջուր վտակի ձախ բարձրադիր ափին:

Հնավայրը խիստ տուժել է հատկապես 1973 թ. հողահարթեցման աշխա­տանք­նե­րի ժամանակ, որի ընթացքում հիմնահատակ ավերվել են նաև միջնադարյան գերեզ­մա­նոցն ու տարբեր շինություններ: 2010 թ. հայտ­նա­բեր­վեցին վաղբրոնզեդարյան նյութեր, խեցեղենի ուշ բրոնզեդարյան և վաղ երկաթի, հելլենիստական ու միջնադարյան դարաշրջաններին բնորոշ բե­կոր­ներ:

Հնավայրի արևմտյան, բարձրադիր մասում, 2014-2015 թթ. պեղվեց մ.թ.ա. VIII-VII  դդ. 27 քարարկղե խցերով դամբարաններ:

Դամբարանադաշտի հարավային բարձրադիր մասում, հայտնաբերվեցին վաղրոնզեդարյան խեղեցենի բեկորներ և քարե շինության խաթարված մնացորդ: I հազ. դամբարանների միջև անխաթար ձևով պահպանվել էր մ.թ.ա. XXVIII-XXVII դդ. մեկ դամբարան, որտեղից հայտնաբերվեց չորս կավանոթ, բրոնզե ականջօղ և շաղախե ուլունքներ:

Ձորիգեղ. գտնվում է Շնողի գյուղից հարավ` Շնող գետի ձախափնյա բարձրադիր հրվանդանի վրա: Այն միջնադարյան գյուղատեղի է, որտեղ հողային աշխատանքների ժամանակ, տարբեր տարիներին հայտնաբերվել են խեցեղենի բեկորներ, մետաղե իրեր, քանդակազարդ քարաբեկորներ և այլն:

2010-2012 թթ. պեղումների արդյունքում բացվեցին վաղ միջնադարյան, կղմինդրե պատերով փոքր գերեզ­մաններ, մ.թ.ա. XV-XIV դդ. սալարկղային դամբարան (խցում առկա էր խոհանոցային լայն բերանով կավանոթ, երկու քրեղան և մեկ թաս) նաև վաղբրոնզեդարյան բնակելի համալիր:

Շեկ աղբյուր. գտնվում է Շնողից հարավ` Շ­նող գետի ձախափնյա բարձրադիր հրվանդանին, որտեղ 2011 թ. պեղվեց մ.թ.ա. X-IX դդ. 4 դամբարան: Խցերն ուղղված են արևելք-արևմուտք և ծածկված 1-2 սալերով: Դամբարաններում հայտնաբերվեցին տարբեր չափի կավանոթներ, բրոնզե զարդեր, բրոնզե նիզակ և գոտի, դաշույն, սարդիոնե ու շաղախե ուլունքներ և այլն:

Խառատանոց. գտնվում է Շնող գյուղից հարավ-արևմուտք, Խառատանոցի ջուր գետակի ձախ բարձրադիր ափին: Այստեղ պեղումներով բացվել է վաղբրոնզեդարյան արտադրական համալիրի մի հատված, որտեղ, ըստ գտածոների` կարելի է  ենթադրել, որ մետաղ և օբսիդիան են վերամշակել, զբաղվել ջուլհակությամբ:

Պեղվել է նաև մ.թ.ա. IX-VIII դդ. 9 դամբարան, որոնցում հայտնաբերվեցին տարբեր չափի կավանոթներ, բրոնզե ապարանջաններ, բրոնզե քուն­քա­զարդ, բրոնզե մատանիներ, սարդիոնե և շաղախե ուլունքներ:

Բրագձոր. գտնվում է Շնողից հարավ-արևմուտք, Գուգութ լեռան արևելյան ստորոտին: Այստեղ պեղվեց  ուշբրոնզեդարյան 8 դամբարան, որոնք մասամբ խաթարված էին: Հայտնաբերվեցին տարբեր չափի կավանոթներ, բրոնզե զարդեր, երկաթե խիստ քայքայված դաշույններ, սարդիոնե և շաղախե ուլունքներ:

Բաղերի Ճալա. գտնվում է Շնողից հարավ-արևմուտք, Շնող գետի Խա­ռա­տանոցի ջուր վտակի ձախափնյա բարձրադիր հրվանդանի վրա:

Հանքավայրի պոչամբարի առաջին պատվարի կառուցման տեղում, հողահեռացման աշխատանքների ժամանակ, նկատվել էին խե­ցե­­ղենի բեկորներ և ինչ-որ շինության պատեր: Պեղումներով բացվեցին երկու հնձաններ, որոնցից մեկի մոտակայքից գտնվեցին նաև տարբեր չափերի չորս կարասներ:

Պեղվեց նաև մ.թ.ա. XII-XI դդ 33 դամբարաններ: Դրանք ուղղված էին արևելք-արևմուտք, ծածկված 2-4 սալերով: Դամբարանների բնորոշ առանձնահատկությունն էր խցերում դրված փոքր, հավանաբար, գինու կարասների առկայությունը` իջեցված նաև հատակներում: Հայտնաբերվեցին տարբեր չափերի կավանոթներ, բրոնզե և երկաթե զենքեր, բրոնզե զարդեր, սարդիոնե և շաղախե ուլունքներ:

Բարձրյալ (Բարձրել). Թեղուտ գյուղից արևմուտք, բլրի գագաթին գտնվող մատուռ է: Մատուռից դեպի հարավ իջնող ժայռոտ լանջի վերին հատվածում կա իրար հաջորդող տարբեր չափերի հինգ դարավանդային սանդղակ: Դրանք ունեն գրանիտի խոշոր բեկորներով շարված ամրացված պատեր:

2011 թ. առաջին դարավանդի վրա հետախու­զական փոսրակ դրվեց: Բացվեց շինություն, որին կից, առկա է  գրանիտի գրունտի մեջ փորված շուրջ 5 տոննա տարողությամբ և մոտ 3 մ տրամագծով երկու հոր: Շուրջ 80 քմ մակերեսով տարածքից հայտնաբերվեցին մակույկաձև աղորիքի 65 բեկոր, որոնցից երեքը դրված էին հորերից մեկի եզրին: Հայտնաբերվել են նաև մ.թ.ա. VIII-VII դդ. և միջնադարյան խեցեղենի բեկորներ: Այս տեղամասում պեղումները չեն ավարտվել, և ըստ նախնական տվյալների` գործ ունենք արտադրական տարածքի,  հավանաբար հացհատիկների վերամշակման հառույցի հետ: Հետագա պեղումները հնարավորություն կտան բացահայտելու այս հուշար­ձանի բուն էությունը:

2012-2013 թթ. Բարձրել հնավայրում պեղվեց մ.թ.ա. XI-X դդ. 86 դամբարան, որոնք գյուղատնտեսական տևական աշխատանքների հետևանքով խիստ խաթարված էին: Դամբարաների մի մասը ամբողջովին դատարկ էր: Դրանցում հայտնաբերվեցին տարբեր չափի կավանոթներ, բրոնզե զարդեր, ապարանջաններ, երկաթե զենքեր ու գործիքներ, սարդիոնե և շաղախե ուլունքներ:

Զնգանեք. գտնվում է Շնող գյուղից հարավ-արևմուտք, Գուգութ լեռան արևելյան ստորոտում: Տարածքում եղել է միջնադարյան գյուղատեղի, որտեղ պահ­պանվել է գերեզմանոցի մի հատվածը:

2015 թ. պեղումներ կատարեցին Զնգանեքի հյու­սի­սա­յին եզրին, որտեղ, հանդամիջյան ճանապարհի եզրին քարակույտ էր նկատվել: Պարզվեց, որ դա գրեթե ամբողջովին ավերված, մ.թ.ա. X-IX դդ. քարարկղային դամբարան է: Նջեցյալը դրված էր ձախ կողքի վրա: Խցում հայտնաբերվեց չորս կավանոթ, բրոնզե ապարանջան, բրոնզե ականջօղ, բրոնզե մատանի, սարդիոնե և շաղախե ուլունքներ:

 

Գրականություն

 

Թեղուտի հնագիտական արշավախմբի ղեկավար,

պ.գ.թ. Ս. Հոբոսյան