«Վիշապ» պրոյեկտ

Տիրինակատարի վիշապային գոգովորությունը, 2013 թ.

 

Պատմություն

Վիշապաքարերը, լինելով Հայկական լեռնաշխարհի ամենաուշագրավ հնություններից մեկը, իրենց հայտնաբերման սկզբից` 19-20-րդ դդ. սահմանին, արժանացան մեծ ուշադրության (Ն. Մառ, Յ. Սմիռնով, Ատրպետ, Ա. Քալանթար, Լ. Մելիքսեթ-Բեկ, Բ. Պիոտրովսկի, Մ. Աբեղյան, Գ. Ղափանցյան, և այլք): Բնույթով նախ և առաջ հնագիտական արժեք հանդիսանալով` վիշապաքարերը գրավեցին մասնագետներին առավելապես արվեստի, առասպելաբանության, պաշտամունքի և ավելի սակավ հնագիտության տեսանկյունից: Այսինքն, վիշապաքարերը գրեթե չքննարկվեցին իրենց հնագիտական համատեքստի և կենսամշակութային միջավայրի, հնագիտական հատկանիշների քանակական և որակական վիճակագրության, ճշգրիտ տեղայնացման, կանոնավոր ցուցակագրման և քարտեզագրման առումներով: Հնագետների աշխատանքներում խոսքը հիմնականում արվեստաբանական տիպաբանության, պատմահամեմատական զուգահեռների (որի միջոցով` թվագրության) ու գործառույթի մասին էր: Սակայն, այնուամենայնիվ, նախորդ հետազոտությունները ստեղծեցին այն էական նախադրյալները, որոնց հիման վրա այսօր կարելի է ավելի «հնագիտացնել» մեր գիտելիքները վիշապաքար երևույթի մասին և դիտարկել այն «չարից ու բարուց անդին»: 

Այդ նպատակով, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ներկայացուցիչ՝ Ա. Բոբոխյան), Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի (ներկայացուցիչ՝ Ա. Ջիլիբերտ) և Բեռլինի Բաց համալսարանի (ներկայացուցիչ՝ Պ. Հնիլա) հովանու ներքո, 2012 թ. սկսվեց գիտական համագործակցություն, որի հիմնական խնդիրն է հետազոտել վիշապաքար երևույթը ժամանակակից հնագիտության մեթոդներով:

 

Գործունեություն

2012-2017 թթ. դաշտային աշխատանքներն ընթացան երկու ուղղությամբ` 1. հնագիտական հետախուզական աշխատանքներ Հայաստանի Հանրապետության տարածքում և հարակից շրջաններում, 2. հնագիտական պեղումներ Արագածի հարավային բարձունքներում` Տիրինկատար/Կարմիր Սար հուշարձանում, որը հայտնաբերվեց մեր արշավախմբի կողմից 2012 թ. և իրենից ներկայացնում է 10-ից ավելի վիշապաքարերի կուտակում մի կոմպակտ տարածքում:

Հետախուզական աշխատանքի արդյունքում մեր արշավախումբը Հայաստանի Հանրապետության տարածքում և հարակից շրջաններում տեղեկություններ է հավաքել ավելի քան 100 վիշապաքարերի մասին: Ընդ որում, դրանցից առնվազն 20-ը նախկինում անհայտ էին: Հիշյալ  վիշապաքարերից 34-ն իրենց տեղում էին (in situ), այլապես մեզ հաջողվեց ճշտել նրանցից որոշների սկզբնական տեղադրությունը: 13 վիշապաքար տեղադրվեց իր անմիջական միջավայրում (in loco)` այսինքն նախնական տեղադրությունից մի քանի մետր հեռու, կամ աշխարհագրական այն կոնկրետ միջավայրում, որում նրանք նախապես կանգնած են եղել: Հավաքած տվյալները հնարավորություն են տալիս մոտենալ վիշապաքարերի գործառույթին, տարածման առանձնահատկություններին և թվագրությանը վերաբերող խնդիրների լուծմանը: Հետախուզության ընթացքում պարզվեց, որ վիշապաքարերը գրեթե միշտ առնչվում են միջին չափսի կրոմլեխների և դրանց անմիջական միջավայրի հետ, որը կարող է բաղկացած լինել` այլ կրոմլեխներից, ժայռապատկերներից, «օղուզի/հսկայի տուն/քյալաֆա» (աշտարակաձև կառույց/դամբարան) հիշեցնող շինություններից, արհեստական քարակույտերից: Վիշապաքարերի մեծ մասն ընկած են իրենց տեղում` դամբարանանման քարաշար պատվանդանի կենտրոնում կամ նրա անմիջական սահմանին` կրոմլեխի եզրագծին, որոշ դեպքերում, չի բացառվում, նաև` մասամբ կրոմլեխից դուրս: Կրոմլեխի այն ձևը, որը տեսանելի է վիշապաքարերի միջավայրում, հայտնի է բրոնզի և երկաթի դարերի Հայկական լեռնաշխարհում: Վերջիններիս տարածումը ծովի մակերևույթից 2000-3000 մ բարձրության վրա տիպական պիտի լիներ թերևս այն ժամանակահատվածների համար, երբ բարձր լեռնային շրջանները ձեռք են բերել որոշակի իմաստային և կիրառական բովանդակություն: Վերոհիշյալ տվյալներից ելնելով` կարելի է ենթադրել, որ վիշապաքարը գլխավորապես հասարակական հիշողության կազմակերպմանն առնչվող հուշարձան է: Վիշապաքարային համալիրները մարմնավորում են բարձր լեռնային մակարդակի վրա գտնվող յուրահատուկ մշակութայնացված տարածքներ:

Արագածի հարավային փեշերին, ծովի մակերևույթից մոտ 2900 մ բարձրության վրա գտնվող Տիրինկատար հուշարձանախմբի պեղումները սկսվեցին 2013 թ.: Պեղումներին զուգահեռ իրականացվում են գեոֆիզիակական և հնաբուսաբանական հետազոտություններ: Առանձին վիշապաքարերի պեղումները ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ գործ ունենք կրոմլեխի մեջ կամ առանց կրոմլեխի նախկինում կանգնած հուշարձանների հետ, որոնց շրջակայքում ի հայտ են գալիս խեցեղեն բեկորներ (ամբողջական անոթներ), վանակատի ցլեպներ և գործիքներ:

Արված ռադիոածխածնային անալիզները հնարավորություն են տալիս թվագրել վիշապաքարերը և համապատասխան կոնտեքստները հիմնականում միջին բրոնզի դարով: Պարզ է դառնում նաև, որ հետազոտվող տարածք այցելություններ են կատարվել պղնձի դարում և միջնադարում:

Աշխատանքի նախնական արդյունքները հրապարակվել են հետևյալ աշխատանքներում.

Gilibert A., Bobokhyan A., Hnila P., Dragon Stones in Context: The Discovery of High-Altitude Burial Grounds with Sculpted Stelae in the Armenian Mountains, Mitteilungen der Deutschen Orient-Geselschaft 144, Berlin, 2012, p. 93-132.

Բոբոխյան Ա., Ջիլիբերտ Ա., Հնիլա Պ., Վիշապաքարերի հնագիտություն, Վիշապ քարակոթողները, Պետրոսյան Ա., Բոբոխյան Ա. (խմբ.), Երևան, 2015, էջ 269-396:

 

Աշխատակազմ

«Վիշապ» պրոյեկտի միջմասնագիտական թիմը բաղկացած է հայկական (Ա. Բոբոխյան), իտալական (Ա. Ջիլիբերտ) և գերմանական (Պ. Հնիլա) կողմերի ղեկավարներից ու միջմասնագիտական խմբից, որի մեջ մտնում են գեոֆիզիկայի (Հ. Ֆոն դեռ Օսթեն, Գերմանիա), հնաբուսաբանության (Ռ. Հովսեփյան, Հայաստան), քարի հետքաբանական անալիզի (Ք. Փուրշվից, Գերմանիա) մասնագետները: Արշավախմբի աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են Երևանի պետական համալսարանի ուսանողները և ՀԱԻ երիտասարդ գիտնականները (Հ. Դանիելյան, Մ. Ամիրյան, Հ. Սիմոնյան, Ա. Գրիգորյան, Մ. Սիմոնյան, Մ. Շահմուրադյան, Հ. Ազիզբեկյան, Ն. Ասպատուրյան, Հ. Դավեյան, Ա. Մկրտչյան, Ս. Մանուկյան), ինչպես նաև Բոլոնիայի համալսարանի ուսանողները (Ա. Վալսեկ, Ա. Գալլի):

 

Նկարների ցանկ

1. Տիրինակատարի վիշապային գոգովորությունը, 2013 թ.

 

2. Մի «սովորական» օր Տիրինկատարում, 2016 թ.

 

3. Տիրինկատար 11 վիշապաքարի պեղումների ընթացքում, 2017 թ.

 

4. Երևանի և Բոլոնիայի համալսարանի ուսանողները Տիրինկատար 4 վիշապաքարի մոտ, 2016 թ.

 

5. Արշավախմբի անդամները Տիրինկատար 10 վիշապաքարի մոտ, 2014 թ.

Արսեն Բոբոխյան