Ցուցադրություն․ «Հայաստան, 2018. հեղափոխությունից ընտրություններ»

Շաբ, 12/22/2018 - 11:00 - Չոր, 12/26/2018 - 17:00
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և DVV-international գերմանական կազմակերպության համատեղ ուժերով ստեղծված Բանավոր պատմության կենտրոնի այս տարվա կրթական ծրագիրը համընկավ "Թավշյա հեղափոխության" հետ: Սուրեն Մանվելյանի լուսանկարչության դասընթացից գրեթե անմիջապես հետո սկսվեցին բողոքի ապրիլյան ակցիաներն ու հեղափոխական շարժումը: 
Տարբեր խնդիրների շուրջ հետազոտություններ սկսած ծրագրի մասնակիցները ներքաշվեցին շարժմանը սկզբից որպես մասնակցային դիտարկող, ապա՝ որպես դիտարկող մասնակից, և, վերջապես՝ որպես միայն մասնակից: Նրանցից մի քանիսը հետագայում անդրադարձան "հեղափոխությանը"՝ այն դարձնելով բանավոր պատմության իրենց ուսումնասիրության թեման, մի մասն էլ հեղափոխությունը "ավարտեցին" ընտրությունների դիտորդի կամ վստահված անձի կարգավիճակում: 
Եվ անկախ մասնակցության նպատակից և կարգավիճակից՝ նրանք բոլորը շարունակում էին մնալ հետազոտող, ով ոչ միայն կերտում էր պատմությունը, այլև արձանագրում, թե ինչպես է այն կերտվում՝ հեղափոխությունը դիտարկելով նաև որպես դաշտային աշխատանք: Զինված Սուրեն Մանվելյանից ստացած գիտելիքներով և նկարահանող որևէ գործիքով (երբեմն ընդամենը՝ հեռախոսով)՝ Բանավոր պատմության կենտրոնի ուսանողները փորձում էին նկարել ոչ միայն լուսանկարչության տեսանկյունից հետաքրքիր դրվագներ, այլև հետազոտության համար կարևոր պահեր և փաստեր: Ցուցահանդեսի համար ընտրված լուսանկարները երբեմն չունեն բարձր որակ կամ լավագույն դիտանկյունից չեն նկարված, բայց դրանք այս տարվա կարևոր պահերի ամփոփումն են: Մի տարվա, որ վստահաբար կմնա պատմության մեջ:

Ամփոփենք տարին միասին:
Մուտքն ազատ է:

Ժամկետը՝ 2018, դեկտեմբերի 22-26
22-ին, 13:00-17:00
23-ին, 10:00-17:00
25-ին, 10:00-17:00
26-ին, 10:00-17:00

Send to