Ուշկիանի պրոյեկտ

2012 թ. արշավախումբը պեղումների ավարտին

 

(Սոթք 1, 2,10, Նորաբակ 1 հնավայրերի պեղումները)

 

2010-2015 թթ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (2010-2013 թթ.` Հալեի համալսարանի հետ համատեղ) հնագիտական աշխատանքներ է իրականացրել Սոթքի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզ: Արշավախմբի նպատակն էր մի կողմից հետազոտել արդեն հայտնի հնագիտական հուշարձանները՝ ճշտումներ մտցնելու նպատակով, մյուս կողմից՝ փնտրել նորերը և այդպիսով ընդլայնել ուսումնասիրվող տարածաշրջանի բնակավայրային համակարգի մասին առկա տվյալները: Բացի այդ, արշավախմբի խնդիրներից էր պեղումներ իրականացնել կարևոր հուշարձաններում՝ տարածքի հնագիտական պարբերացման և ժամանակագրության վերաբերյալ ավելի հստակ պատկերացում կազմելու համար:

Սոթք, Սոդք, Զավդեք, Ծավդեք, Սոթից ավան կամ քաղաք բնակավայրը անտիկ և միջնադարյան շրջանում եղել է կարևոր բնակատեղի՝ Մեծ Հայքի Սյունիք նահանգում և փոխանցել իր անունը համանուն մարզին (հունական աղբյուրներում` Σοδουχηνή), որն այժմ ներառում է Վարդենիսի շրջանը և Ճամբարակի շրջանի որոշ գյուղեր: Սոթքը, տեղադրված լինելով համանուն լեռնանցքի ամենակարևոր ռազմավարական կետում, միացրել է հարավային և արևելյան Կովկասները` որպես Դվին-Պարտավ ճանապարհի կարևոր բնակավայր. ճանապարհը Սոթքից Ռմբոստյան կիրճով իջնում էր դեպի Արցախ` Թառթառի հովիտ (ներկայիս Քարվաճառի շրջան):

Տեղագրական առանձնահատկությունները Սոթքի բնակչության կողմից օգտագործվել են դեռևս նախապատմական ժամանակներից: Սակայն միայն աշխարհագրական դիրքը չէ, որ Սոթքի շրջանը դարձրել էր գրավիչ. Սոթքը տեղադրված էր նաև Մերձավոր Արևելքում իր չափերով և ներուժով ամենախոշոր ու արդեն հնում հայտնի ոսկու հանքի մոտակայքում:

 

Պատմությունը և  գործունեությունը

Սևանա լճի հարավարևելյան ափերի հնագիտական հետազոտությունը սկսվել է XIX դ.: Այնպիսի հայ գիտնականներ և ճանապարհորդներ, ինչպիսիք են Հ. Շահխաթունյանցը, Ս. Ջալալյանցը, Ղ. Ալիշանը, Մ. Սմբատյանցը այցելել են տարածաշրջան և կատարել հուշարձանների վերաբերյալ գրառումներ: Առաջին մասնագետը, ով տարածաշրջանում զբաղվել է զուտ հնագիտությամբ  Ե. Լալայանն է (1906 թ.), ապա Ս. Բարխուդարյանը, Հ. Մնացականյանը, Գ. Միքայելյանը,  Ժ. Խաչատրյանը, Ա. Քալանթարյանը, Ի. Կարապետյանը և վերջերս՝ հատկապես հայ-իտալական արշավախումբը՝ Ս. Հմայակյանի և Ռ. Բիշիոնեի ղեկավարությամբ: Տարածաշրջանում էնեոլիթյան հուշարձաններ դեռևս չեն հայտնաբերվել: Վաղ բրոնզի դարն իր կուր-արաքսյան մշակույթով ներկայացված է հիմնականում բնակավայրերով, ավելի քիչ` դամբարաններով: Միջին բրոնզի դարը հայտնի է հիմնականում դամբարանների միջոցով: Ուշ բրոնզի դարը ներկայացված է ինչպես բնակավայրերով, այնպես էլ դամբարաններով: Վաղ և միջին երկաթի դարերը մանրակրկիտ ուսումնասիրված շրջաններն են, երբ հնագիտությունը գալիս է լրացնելու ուրարտական սեպագիր արձանագրությունների տվյալները:

Մեր արշավախումբը հետախուզական աշխատանքներ է իրականացրել 43 հուշարձաններում, որոնցից 23-ը նորահայտ են: Խոսքը բնակատեղիների, ամրոց-բնակատեղիների, դամբարանադաշտերի, խեցեղենի կուտակումների մասին է, որոնցից հավաքված մոտ 1000 բեկորների դիագնոստիկան ցույց է տալիս, որ գործ ունենք վաղ բրոնզի, միջին բրոնզի, ուշ բրոնզ-վաղ երկաթի, անտիկ և միջնադարյան շրջանների հետ: Պեղումներ են իրականացվել հինգ հուշարձաններում՝ Սոթք 1 ամրոց-դիտակետում, Սոթք 2 ամրացված բնակավայրում, Սոթք 10 դամբարանադաշտում և Նորաբակ 1 ամրոց-բնակավայրում և դամբարանադաշտում:

 

Սոթք 1. Բնակատեղին գտնվում է համանուն գյուղի արևելյան մասում: Տեղակայված լինելով վաղմիջնադարյան Դվին-Պարտավ տարանցիկ առևտրային ճանապարհի Գեղարքունիք Արցախ հատվածում և շրջակայքի նկատմամբ ունենալով վերահսկող դիրք, այն կարևոր դիտակետ է հանդիսացել: 2014 թ. իրականացրած հնագիտական պեղումները նպատակ են հետապնդել ճշգրտելու հուշարձանի ժամանակագրությունը:

Աշխատանքները ցույց են տվել, որ բնակավայրը գործել է վաղ (IV-VII դդ.) և զարգացած միջնադարում (XIII-XIV դդ.), ինչը համապատասխանում է Դվին-Պարտավ ճանապարհի գործուն ժամանակաշրջանին: Բնակատեղին ներկայանում է քարե հիմքով շինություններով, տարատեսակ խեցեբեկորներով, քարե և ապակե արտեֆակտներով:

 VII-XIII դարերում ենթադրելի է, որ բնակատեղին չի գործել: Հուշարձանի վերին հորիզոնները տեղ-տեղ ներկայացված են միջնադարյան քրիստոնեական թաղումներով, որոնք թվագրվում են IX դարով: Նորագույն շրջանում ևս հուշարձանի տարածքում իրականացվել են թաղումներ:

 

Սոթք 2. Ամրացված բնակավայր Սոթք 2-ը գտնվում է Սոթք գյուղի արևելյան հատվածում` դեպի Սոթքի ոսկու հանքերը տանող ճանապարհին: Խոսքը ձվաձև բլրի մասին է՝ բաղկացած հարթ վերնամասից, թեք և դարավանդաձև իջնող ստորոտներից, որոնք միայն հյուսիսային կողմից են համեմատաբար հեշտ հասանելի: Սոթք 2-ն ունի յուրահատուկ ռազմավարական դիրք` գտնվելով դեպի համանուն ոսկու հանքերը և հարավային ու արևելյան Կովկասը միացնող Սոթքի անցումը տանող ճանապարհի վրա: Այս դիրքը հնարավորություն է տալիս վերահսկել ողջ տարածաշրջանը: Հնավայրում պեղումներ են իրականացվել 2011-2015 թթ:

Աշխատանքների ընթացքում պարզվել է, որ հուշարձանը գործել է դեռևս վաղ բրոնզի դարից (Ք.ա. IV հազ. II կես - Ք.ա. III հազ. I կես): Այս շրջանում բնակավայրը տարածվել է հիմնականում բլրի ստորոտին: Այն ներկայանում է կուր-արաքսյան մշակույթին հատուկ կավե ճարտարապետությամբ, տիպիկ սև փայլեցրած, սակայն անզարդ խեցեղենով, մկնդեղային բրոնզե արտեֆակտներով, ոսկրե, քարե վանակտե գործիքներով ևն: Փաստագրվել է նաև մանկան թաղում հատակի տակ, որը թվագրվում է Ք.ա. III հազ. I կեսով:

Բնակավայրը վերստին բնակեցվել է Ք.ա. XVIII դ. կես – XVI դ. (միջին-ուշ բրոնզի անցումային փուլ): Հուշարձանում փաստագրվել է կավե և քարե հիմքով ճարտարապետություն: Առանձնանում են տարբեր չափերի և խորությունների ժայռափոր հորերը, որոնք հիմնականում ունեցել են տնտեսական գործառույթ: Այս շրջանում է, որ բնակավայրն ամրացվել է միաշար պարիսպով, որն իր մեջ ներառել է բլրի վերին հարթ մասը: Հուշարձանը տեսանելի է միջին բրոնզեդարյան Սևան-Արցախյան (II) և ուշ բրոնզեդարյան Լճաշեն-Մեծամորյան (I) մշակույթների համատեքստում:

Ամենայն հավանականությամբ, ուշ բրոնզի կեսերին բնակավայրը որոշ ժամանակ չի գործել: Ուշ բրոնզի դարաշրջանը հուշարձանում ներկայացված է միայն ինտրամուրալ հարուստ թաղումով (Ք.ա. XIV-XIII դդ.): Բնակավայրը վերստին կյանքի է կոչվել Ք.ա. XII-IX դարերում (Երկաթի դար), ինչն իր արտահայտությունն է գտնում քարե հիմքով կառույցների և համապատասխան խեցեղեն բեկորների մեջ:

Սոթք 2-ը, համաձայն ռադիո-ածխածնային տվյալների, կարող էր գործել նաև Ք.ա. VIII-V դդ. և զարգացած ու ուշ միջնադարում, սակայն շերտագրական փաստագրումներ չկան, առկա են միայն որոշ խեցեղեն բեկորներ:

Այս տվյալները հնարավորություն են տալիս վերականգնելու երկրագործությամբ և անասնապահությամբ, ինչպես նաև մետաղագործությամբ ու վանակատի մշակմամբ զբաղվող մի հասարակություն, որը մեծապես կարող էր օգտվել տարածքի հարուստ մետաղահանքերից և ռազմավարական կարևոր դիրքից:

 

Սոթք 10. Սոթք 10 դամբարանադաշտը հայտնաբերվել է 2011 թ.: Այն գտնվում է համանուն գյուղից դեպի ոսկու հանքը տանող ճանապարհի աջ կողմում և բաղկացած է մոտ 15՝ միմյանցից հեռու գտնվող դամբարաններից, որոնցից երկուսը պեղվել են մեր արշավախմբի կողմից (2013 թ., 2015 թ.):  Երկու դամբարաններն էլ թվագրվում են Ք.ա. III-II հազ. սահմանով և տեսանելի են թռեղք-վանաձորյան մշակույթի համատեքստում:

 

Նորաբակ 1. Նորաբակ 1-ը գտնվում է համանուն գյուղի հարավ-արևելյան հատվածում, Քարվաճառ տանող ռազմավարական կարևոր ճանապարհի վրա: Այն ձգվում է հարավարևելքից հյուսիսարևմուտք, լեռնային լանջին և բաղկացած է ամրացված բնակավայրից ու վերջինիցս հարավարևելք տարածվող դամբարանադաշտից: Ադրբեջանցիների կառուցած գոմերը և հայ զինվորների փորած խրամատները բավականին վնասել են հուշարձանը:

2011-2013 թթ. կատարված հնագիտական աշխատանքները նպատակ են հետապնդել ճշգրտելու չուսումնասիրված հուշարձանի ժամանակագրությունը: Ըստ այդմ պարզ է դարձել, որ բնակատեղին գործել է բեռևս վաղ բրոնզի դարից: Այն արտահայտված է կավե ճարտարապետությամբ, տիպիկ սև փայլեցրած անզարդ խեցեղենով ևն: Բնակավայրն իր ակտիվությանը հասել է վաղ և միջին երկաթի դարերում, իսկ վաղ երկաթի դարում այն ամրացվել է:

Նորաբակ 1 բնակավայրին կից դամբարանադաշտը բաղկացած է 21 կրոմլեխներով դամբարաններից: Մեր արշավախմբի կողնմից պեղված №1 դամբանաբլուրն իրենից ներկայացնում էր շրջանաձև կրոմլեխ, որտեղ փաստագրվել են 4 դամբանախցեր` ուղղված հյուսիս-արևելք – հարավ-արևմուտք (№1, №3) և արևելք-արևմուտք՝ մի փոքր հարավ շեղվածությամբ  (№2, №4):  Ռադիոածխածնային անալիզների արդյունքների համաձայն, Նորաբակի №1 դամբանաբլուրը ընդգրկում է զարգացած ուշ բրոնզից մինչև միջին երկաթ (Ք.ա. XIV-VI դդ) ընկած ժամանակահատվածը` գլխավորապես վերաբերելով վաղ երկաթին: Ամենավաղը թվագրվում է դամբանախուց №2-ը` Ք.ա. XIV-XIII դդ., ապա №3-ը` Ք.ա. XI-X դդ., №4-ը` Ք.ա. X-IX դդ. և №1-ը` Ք.ա. VIII-VI դդ.: Այս տվյալները հիմնականում տեսանելի են հնագիտական համեմատական նյութի համատեքստում:

 

Աշխատակազմը

«Ուշկիանի» պրոյեկտի միջմասնագիտական թիմը բաղկացած է հայկական (Ա. Բոբոխյան) և գերմանական (Ռ. Կունցե) կողմերի ղեկավարներից և միջմասնագիտական խմբից, որի մեջ մտնում են հնաբուսաբանության (Ռ. Հովսեփյան), մարդաբանության (Ռ. Մկրտչյան և Հ. Սիմոնյան),  գեոֆիզիկայի (Ր. Դուրգարյան), և այլ մասնագետներ: Հնագիտական աշխատանքներն ուղեկցվել են երկրաբանական-հնամետաղագործական հետազոտություններով, որոնք ղեկավարել է՝ Խ. Մելիքսեթյանը:

Արշավախմբի աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են ԵՊՀ ուսանողները և ՀԱԻ աշխատակիցները (Մ. Ամիրյան, Ա. Ազիզյան, Հ. Դանիելյան, Հ. Սիմոնյան, Ա. Գրիգորյան, Հ. Դավեյան, Ռ. Դավթյան, Լ. Մկրտչյան, Հ. Վանյան, Ա. Սիմոնյան), ինչպես նաև Մյունխենի և Հալեի համալսարանների ուսանողները:

 

Հրապարակումները

  • Bobokhyan A., Kunze R., Meliksetian K., Pernicka E., Meller H., Archaeological Investigations around the Gold Mines of Sotk, Armenia, in: International Symposium on East Anatolia - South Caucasus Cultures, 10-13 October 2012, Erzurum University, Ιşıklı M., Can B. (ed.), Cambridge, 2015, p. 342-354.
  • Bobokhyan A., Kunze R., Meliksetian K., Pernicka E., Society and Metal in Bronze Age Armenia, Subartu 38, Brepols, 2017, p. 501-523.
  • Kunze R., Bobokhyan A., Meliksetian K., Pernicka E., Wolf D., Archäologische Untersuchungen zur Umgebung der Goldgruben in Armenien mit Schwerpunkt Sotk, Provinz Gegharkunik, Veröffentlichungen des Landesamtes für Denkmalpflege und Archäologie  Sachsen Anhalt - Landesmuseum für Vorgeschichte 64, Halle, 2011, S. 17-49.
  • Kunze R., Bobokhyan A., Pernicka E., Meliksetian K., Projekt Ushkiani. Untersuchungen der Kulturlandschaft um das prähistorische Goldrevier von Sotk, Veröffentlichungen des Landesamtes für Denkmalpflege und Archäologie Sachsen Anhalt - Landesmuseum für Vorgeschichte 67, Halle, 2013, S. 49-88.
  • Ամիրյան Մ., Սևանա լճի հարավ-արևելյան ավազանը պատմա-հնագիտական համատեքստում (Ք.ա. XV-VII դդ.), Մերձավոր Արևելք. պատմություն, քաղաքականություն, մշակույթ IX-X, Երևան, 2014, էջ 17-31:
  • Գրիգորյան Ա., Սոթքի տարածաշրջանի անտիկ և միջնադարյան հուշարձանները, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ 2, Երևան, 2017, էջ 249-263:
  • Դանիելյան Հ., Նոր տվյալներ հնագույն Հայաստանի պաշտպանական համակարգերի վերաբերյալ, Մերձավոր Արևելք. պատմություն, քաղաքականություն, մշակույթ IX-X, Երևան, 2014, էջ 124-136:

 

 

Նկարների ցանկ

1-Սոթք 1-ի պեղավայր B-ի ընդհանուր պատկերը, 2014 թ.

2- Սոթք 2-ի ինտամուրալ թաղումը բացելիս (պեղավայր E), 2012  թ.

3- Ուլունքաշար Սոթք 2-ի ինտամուրալ թաղման գույքից (պեղավայր E), 2012  թ.

4- Սոթք 2-ի պեղավայր H-ի ընդհանուր պատկերը, 2013 թ.

5- Սոթք 10 դամբարանադաշտի N1 դամբարանը, 2013 թ.

6-  Հնագետները պեղումների ավարտին (Սոթք 10 դամբարանադաշտի N2 դամբարան), 2015 թ.

7- Խեցանոթի բեկոր Սոթք 10 դամբարանադաշտի N2 դամբարանի թաղման գույքից, 2015 թ.

8- Նորաբակ 1-ի N1 դամբանաբլուրը պեղումների ընթացքում, 2012  թ.

9- Արշավախմբի առօրյան պեղումներից հետո, 2013  թ.

10- 2012 թ. արշավախումբը պեղումների ավարտին

 

Մարիամ Ամիրյան