ԳԵՂԱՄԱՍԱՐԻ ՎԻՇԱՊԱՔԱՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՇԱՊԱՔԱՐԵՐԸ

 

Հայաստանի բարձր լեռներում մինչ օրս պահպանվել են յուրահատուկ հուշարձաններ, որոնց ժողովուրդն ավանդաբար կոչում է «վիշապաքար»:

Ինչպես խաչքարերն, այնպես էլ վիշապաքարերը հանդիպում են միայն Հայկական լեռնաշխարհում: Նրանց տարածման կենտրոններն են Արագած և Գեղամա լեռները: Այսօր հայտնի է այս հուշարձանների մոտ 150 օրինակ:

Վիշապաքարերն ունեն 150-550 սմ բարձրություն, պատրաստված են մոխրագույն քարից՝ անդեզիտից կամ բազալտից, և ըստ ձևի ու պատկերագրության բաժանվում են երեք խմբի`

 1. ձկնակերպ (քանդակված ձկան տեսքով),

2. ցլակերպ (քառակող, դիմային հատվածում ցլի գլխի և վար ընկած ոտքերի պատկերով),

3. ձկնացլակերպ (կրում են նախորդ երկուսի հատկանիշները):

Վիշապաքարերը լայնորեն կիրառվել են բրոնզի դարում և մասնավորապես Ք.ա. 2-րդ հազարամյակում, սակայն չի բացառվում, որ նրանց արմատները գնում են ավելի վաղ ժամանակաշրջաններ:

Վիշապաքարերը գտնվում են իրենց սկզբնական տեղում` ծովի մակերևույթից մինչև 3000 մ բարձրության վրա, կանգնած և/կամ ընկած վիճակում: Հնում նրանք հիմնականում կանգնած են եղել: Վիշապաքարերի մեծ մասն ի հայտ է գալիս խմբերով, քչերը` մեկուսի, ջրով հարուստ հարթ հրապարակներում, կլոր քարաշար հարթակների մեջ, իսկ շրջակայքում առկա են դամբարաններ, ժայռապատկերներ, աշտարակաձև կառույցներ: 

 

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Արարարտ-Էսքիջյան թանգարան, Լոս Անջելես

ԱրխեոԱրթ և Լաբ ՀԿ, Հայաստան

«Վիշապ» ծրագիր, Հայաստան-Իտալիա

 

      

      

            Նկ.1. Վիշապաքարերի տարածույթը և քանակը

 

 

 

Նկ. 2. Վիշապների տիպերը

 

 

 

ԳԵՂԱՄԱՍԱՐԻ ՎԻՇԱՊԱՔԱՐԸ

 

Անվանումը – Գեղամասար 1

Տիպը – Ցլակերպ  

Նյութը – Մոխրագույն բազալտ

Պահպանվածությունը – Բավարար

Չափսը – 360x107x55 սմ

Սկզբնավայրը – Գեղամասար գյուղից մոտ 4 կմ հարավ-արևմուտք, Արեգունի լեռներ

Բարձրությունը ծովի մակարդակից – 1929 մ

Համատեքստը – X դ. խաչքարացված (ինչի մասին վկայում է արձանագրությունը՝ «Սուրբ Խաչը կանգնեցվեց Աբգարի որդու՝ Գրգորի և վերջինիս զավակի հիշատակին, թող նրանց հիշեն Աստծուն փառաբանելիս, 936 թ.») և XVI-XVII դդ. եկեղեցու (Սպիտակավոր) կենտրոնում հայտնված վիշապաքարի հատվածները մեր այցելության պահին (2021 թ.) գտնվում էին եկեղեցու մուտքի մոտ և մեջ: Եկեղեցին շրջապատված է արխայիկ շարվածքով բազալտե քարերով, որը կլորացող քառակուսու տեսք ունի։ Սա կարող է լինել կոթողի նախնական վայրը՝ նախկին դամբանաբլրի կամ այլ կառույցի տեղում, որի քարերը վերաօգտագործվել են միջնադարում: Բայց կոթողը կարող է նաև բերված լինել շրջակա՝ վիշապներին բնորոշ հարթավայրից միջնադարում:

Հայտնաբերման պատմությունը – Եկեղեցին և կանգուն խաչքարը հիշատակում են XIX-XX դդ. սահմանի հայ հեղինակները (Ղ. Ալիշան, Ե. Լալայան), սակայն որպես վիշապաքար կոթողը սահմանվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սոթքի արշավախմբի կողմից 2021 թ.: Այդ պահին կոթողը բաղկացած էր երեք մասից՝ հիմքը հողի մեջ (գլխամասով դեպի վար), եկեղեցու մեջ գցված և եկեղեցուց դուրս հանված ու որպես խաչքար դրված հատվածները: Կոտրվածքը նոր է, ինչը վկայում է, որ այն վնասվել է խորհրդային տարիներին՝ երբ եկեղեցին փակել են լիցքով: 2021 թ. մայիսին արշավախումբը մաքրեց եկեղեցին, հանեց կոթողի բոլոր հատվածները և, միացնելով իրար, տեղադրեց եկեղեցուց հարավ-արևմուտք:

 

                 

 

Նկ. 3. Գեղամասար 1-ը հայտնաբերման պահին և վերակազմությունից հետո. 2021

 

 

 

Նկ. 4. Գեղամասար 1-ի դիրքը և գծանկարը