ԳԵՂԱՐԴԱ ԼԻՃ 1 ԵՎ 4 ՎԻՇԱՊԱՔԱՐԵՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՇԱՊԱՔԱՐԵՐԸ

 

Հայաստանի բարձր լեռներում մինչ օրս պահպանվել են յուրահատուկ հուշարձաններ, որոնց ժողովուրդն ավանդաբար կոչում է «վիշապաքար»:

Ինչպես խաչքարերն, այնպես էլ վիշապաքարերը հանդիպում են միայն Հայկական լեռնաշխարհում: Նրանց տարածման կենտրոններն են Արագած և Գեղամա լեռները: Այսօր հայտնի է այս հուշարձանների մոտ 150 օրինակ:

Վիշապաքարերն ունեն 150-550 սմ բարձրություն, պատրաստված են մոխրագույն քարից՝ անդեզիտից կամ բազալտից, և ըստ ձևի ու պատկերագրության բաժանվում են երեք խմբի`

 1. ձկնակերպ (քանդակված ձկան տեսքով),

2. ցլակերպ (քառակող, դիմային հատվածում ցլի գլխի և վար ընկած ոտքերի պատկերով),

3. ձկնացլակերպ (կրում են նախորդ երկուսի հատկանիշները):

Վիշապաքարերը լայնորեն կիրառվել են բրոնզի դարում և մասնավորապես Ք.ա. 2-րդ հազարամյակում, սակայն չի բացառվում, որ նրանց արմատները գնում են ավելի վաղ ժամանակաշրջաններ:

Վիշապաքարերը գտնվում են իրենց սկզբնական տեղում` ծովի մակերևույթից մինչև 3000 մ բարձրության վրա, կանգնած և/կամ ընկած վիճակում: Հնում նրանք հիմնականում կանգնած են եղել: Վիշապաքարերի մեծ մասն ի հայտ է գալիս խմբերով, քչերը` մեկուսի, ջրով հարուստ հարթ հրապարակներում, կլոր քարաշար հարթակների մեջ, իսկ շրջակայքում առկա են դամբարաններ, ժայռապատկերներ, աշտարակաձև կառույցներ: 

 

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Արարարտ-Էսքիջյան թանգարան, Լոս Անջելես

ԱրխեոԱրթ և Լաբ ՀԿ, Հայաստան

«Վիշապ» ծրագիր, Հայաստան-Իտալիա

 

 

Նկ.1. Վիշապաքարերի տարածույթը և քանակը

 

 

Նկ. 2. Վիշապների տիպերը

 

 

 

ԳԵՂԱՐԴԱ ԼԻՃ 1 ԵՎ 4 ՎԻՇԱՊԱՔԱՐԵՐԸ

 

Անվանումը – Գեղարդա լիճ 1 և 4

Տիպը – Ցլակերպ (Գեղարդա լիճ 1-ը՝ իրար հայող թռչունների պատկերով)

Նյութը – Կարմրավուն բազալտ

Պահպանվածությունը – Լավ (մասնակի կոտրվածքներ դիմային և ետին հատվածներում)

Չափսը – 400x150x65 սմ (Գեղարդա լիճ 1-ը), 205x80x22 սմ (Գեղարդա լիճ 4-ը)

Սկզբնավայրը – Գեղարդա լճի տարածք, Գեղամա լեռներ  

Բարձրությունը ծովի մակարդակից – 2700 մ

Համատեքստը – Գեղարդա կամ Վիշապա լճի տարածքում, որտեղ այժմ ջրամբար է կառուցված, եղել են 8 վիշապաքար, որոնք հիմնականում տեղափոխվել են սկզբնական վայրերից՝ Երևան (Գեղարդա լիճ 2, 3, 5՝ Մատենադարան և Երկրորդ զանգվածի այգի), հարակից բլուր (Գեղարդա լիճ 1, 4, 8) կամ մնացել են ջրի տակ (Գեղարդա լիճ 6, 7): Ըստ արխիվային լուսանկարների այդ կոթողների հիմնական մասը կարող էին լինել կրոմլեխ-հարթակի մեջ: Շրջակայքում կան կրոմլեխներ և ժայռապատկերներ:

Հայտնաբերման պատմությունը – Գեղարդա լճի հիմնական կոթողները հայտնաբերվել են Ն. Մառի և Յ. Սմիռնովի Գառնիի արշավախմբի կողմից 1910-1911 թթ.: Առնվազն մինչ 1970-ական թթ. դրանք գտնվել են նախնական տեղում՝ լճի կենտրոնական հատվածում: Լճի ջրերի բարձրացման հետ զուգահեռ՝ կոթողները տեղափոխվել են ներկայիս տեղը՝ բլրի վրա, իսկ հետագայում՝ 2010 թ. կանգնեցվել են: Գեղարդա լիճ 6-ը հայտնաբերվել է 1963 թ.՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախբի կողմից և տեղափոխվել է Երևանի Երկրորդ զանգվածի այգի, իսկ  Գեղարդա լիճ 8-ը, որը գտնվում է Գեղարդա լիճ 1 և 4 վիշապաքարերից 70 մ հարավ-արևելք, գտնվել և կանգնեցվել է ամբարտակը վերակառուցող բանվորների կողմից 2016 թ.:

                                                

 

 

Նկ. 3. Գեղարդա լճի բնապատմական միջավայրը և Գեղարդա լիճ 1 և 4 վիշապաքարերի նախնական (կանաչ) և ներկայիս (կարմիր) դիրքը. 2020 և 2012 թթ.

 

 

Նկ. 4. Գեղարդա լիճ 1-ի և 4-ի գծանկարները