Բանախոսություն «Աշխարհի բանահյուսության և դիցաբանության տվյալների բազայի ուղու վրա» խորագրով
Հոկտեմբերի 3-ին, ժամը 16.00 - 18.00, ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի կունենա արտահերթ բանախոսություն «Աշխարհի բանահյուսության և դիցաբանության տվյալների բազայի ուղու վրա» խորագրով:
Բանախոս՝ Յուրի Բերեզկին, պ․գ․դ․, պրոֆ․ ՌԴ ԳԱ Մարդաբանության և ազգագրության թանգարանի (Կունստկամերա) Ամերիկայի բաժնի վարիչ:
Բանախոսը կփորձի բացատրել, թե ինչպես են ձևավորվել իր հայացքները պատմության և դիցաբանության/բանահյուսության վերաբերյալ, ինչպես և գնահատական կտա այլ հետազոտողների (Ֆ․ Բոաս, Ս․ Թոմփսոն, Վ․Յ․ Պրոպ) դիրքորոշումներին։ Հյուսիսային և Հարավային Ամերիկաների հնդկացիների, նաև՝ էսկիմոսների դիցաբանական մոտիվների/առասպելույթների ամբողջության բաղդատումը Հին Աշխարհի (բացառությամբ Աֆրիկայի) առանձին տարածաշրջաններում գրանցված մոտիվների/առասպելույթների ամբողջության հետ բերում է հետևյալ եզրահանգումների։ Ամերիկաներին բնորոշ առասպելույթները մեծ մասամբ համընկնում են Ասիայի հնդկա-խաղաղօվկիանոսյան ծայրամասի և Արևմտյան Եվրասիայի (Եվրոպա և Առաջավոր Ասիա) առասպելույթներին, մինչդեռ Սիբիրյան տարածաշրջանի հետ զուգահեռները սակավ են։ Մոտավորապես նույն պատկերն ունենք էսկիմոսների պարագայում։ Միայն Հյուսիսային Ամերիկայի հնդկացիներին բնորոշ մոտիվներն/առասպելույթներն են, որ ավելի շատ սիբիրյան զուգահեռներ ունեն, բայց միևնույն է՝ Արևմտյան Եվրասիայի հետ զուգահեռները գերակշիռ են, իսկ հնդկա-խաղաղօվկիանոսյան համընկնումները կտրուկ նվազում են։
Սրանից եզրակացնում ենք, որ Ամերիկայի բնակեցման ժամանակ Սիբիրի մոտիվների/առասպելույթների ամբողջությունը քիչ ընդհանրություն ուներ նրա հետ, ինչ արձանագրված է 19-20-րդ դարերում։ Հոլոցենի շրջանում այն աստիճանաբար մոտենում է ներկայիս վիճակին, ինչը համահունչ է նաև Արևելյան Սիբիրի գենետիկ պատմության տվյալներին։ Բանախոսության մեջ նաև անդրադարձ կլինի ժողովուրդների Մեծ վերաբնակեցման շրջանում Եվրասիայի դիցաբանական համակարգերում տեղի ունեցած կտրուկ փոփոխություններին։
Բանախոսությունը տեղի կունենա ՀԱԻ ընթերցասրահում։