Հնակենսաբանության[1] հետազոտության առարկան են անցյալ ժամանակաշրջանների մարդկանց և մարդու գործունեությանը առնչված կենդանի օրգանիզմների մնացորդները և դրանց գործունեության արգասիքները։ Հնագիտության և կենսաբանության համադրման արդյունքում ձևավորված այս միջմասնագիտական ոլորտը համեմատաբար երիտասարդ գիտաճյուղ է, որով Հայաստանում սկսել են զբաղվել հիմնականում 1940-ական թթ.-ից, ինչը կապված է Հայաստանի տարածքում ակտիվ հնագիտական պեղումների սկզբի հետ։
Այս` սկզբնական շրջանում հնաբուսաբանական հետազոտություններով զբաղվել են բուսաբաններ և գյուղատնտեսության մասնագետներ Ս. Թամամշյանը, Մ.Գ. Թումանյանը, Վ.Ա. Պետրովը, Ա.Լ. Թախթաջյանը, Ս.Գ. Պողոսյանը, Ա.Մ. Վերմիշյանը, Մ.Մ. Յակուբցիները և Ֆ. Խ. Բախտեևը, որոնք աշխատել են հնագետ Բ.Բ. Պիոտրովսկու հետ և ուսումնասիրել են Կարմիր Բլուրի հնավայրից հայտնաբերված բուսական մնացորդները։ Հետագայում՝ 1959 թ.-ին ՀԱԻ հիմնադրումից հետո և մինչև ՀԿ խմբի ձևավորումը 2007 թ.-ին, ինստիտուտի տարբեր պեղումների ծրագրերի և աշխատակիցների հետ համագործակցության շրջանակներում հնաբուսաբանական հետազոտություններ կատարել են հիմնականում 1960-ական թթ.-ին՝ Վ.Հ. Գուլքանյանը, 1970-ականներից մինչև 1990-ականների վերջ՝ Պապին Ղանդիլյանը (Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ), որը նշանակալի ներդրում ունի այս շրջանի հնաբուսաբանական հետազոտություններում (1960-80-ական թթ.-ին որոշ դրվագային հնաբուսաբանական հետազոտություններ կատարվել են նաև Գ.Ն. Լիսիցինայի, Լ.Վ. Պրիշչեպենկոյի և Ա.Մ. Ներգուլի կողմից), 1990-ականների վերջից մինչև 2000-ականների սկզբները` հնէաբուսաբան Իվան Գաբրիելյանը (ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ)։[2] Համակարգված և ընդգրկուն հնաբուսաբանական հետազոտությունների սկիզբը Հայաստանում կապվում է Ի.Գ. Գաբրիելյանի գիտական աշակերտ Ռ. Հովսեփյանի ՀԱԻ հնագետների հետ 2002 թ.-ից սկիզբ առած անհատական մակարդակով համագործակցության հետ, իսկ 2007 թ.-ից՝ ՀԱԻ-ում «Հնակենսաբանության խմբի» (ՀԿ) գործունեության հետ։
Մինչև ՀԿ խմբի ձևավորումը ինստիտուտի հնագետները հնակենդանաբանական նյութերը հետազոտելու նպատակով համագործակցել են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մի շարք գիտաշխատողների հետ՝ Սոնյա Մեժլումյան, Նինա Մանասերյան, Անդրանիկ Գենջյան, Լաուրա Հարությունովա, Մարգարիտ Մարջանյան և այլոք։ Հայաստանի հնավայրերից հայտնաբերված հնակենդանաբանական նյութի ուսումնասիրության ոլորտում կարևոր դեր են ունեցել նաև հնակենդանաբաններ այլ երկրներից. Հանս-Պետեր Ուերպման (Տուբինգենի համալսարան, Գերմանիա), Ադրիան Բալաշեսկու (Ռումինիայի պատմության ազգային թանգարան), Գայ Բար-Օզ (Հայֆայի համալսարան, Իսրայել), Էմանուել Վիլա (Ֆրանսիա), Սիավաշ Սամեի (Կոնեկտիկուտի համալսարան, ԱՄՆ), Բելինդա Մոնահան (ԱՄՆ) և ուրիշներ:
Հնամարդաբանական հետազոտությունները Հայաստանում մինչև Հնա- և էթնոկենսաբանության գիտահետազոտական խմբի (ՀԷԿ) ձևավորումը (տե՛ս Մարդաբանության լաբորատորիայի պատմությունը)
Էթնոկենսաբանությունը[3] ուսումնասիրում է մարդու և տարբեր կենդանի օրգանիզմների հարաբերությունները՝ հիմնականում վայրի բույսերի և կենդանիների մարդու կողմից օգտագործվելու տեսանկյունից։ Հայաստանում մարդու մշակույթի այս կողմի ուսումնասիրությանը նվիրված բազմաթիվ հետազոտություններ կան, սակայն, ի տարբերություն ՀԱԻ ՀԷԿ խմբում կատարվող հետազոտությունների, դրանք հաճախ արվել և արվում են առանց պատշաճ անդրադարձի այս միջմասնագիտական գիտաճյուղի կա՛մ ազգաբանական-մշակութային, կա՛մ բուսաբանական կողմին։
Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գիտահետազոտական խումբը ինստիտուտի համեմատաբար երիտասարդ, սակավամարդ, սակայն արդյունավետ գործող գիտահետազոտական խմբերից է, որը ստեղծվել է 2007 թ.-ի փետրվարին։ Խմբի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է ինստիտուտի տնօրեն (2006 թ.-ից) Պավել Ավետիսյանին և խմբի ներկա ղեկավար Ռոման Հովսեփյանին (2021 թ.-ից) և պայմանավորված էր հնագիտության ոլորտում բնագիտական հետազոտությունների կիրառման անհրաժեշտությամբ, ինստիտուտում միջազգային գիտական ծրագրերի և միջմասնագիտական հետազոտությունների իրականացման և համապատասխան աշխատախմբերի ձևավորման պահանջարկով։ Ստեղծման պահին և մինչև 2021 թ.-ի նոյեմբեր ամիսը խումբը գործել է «Հնակենսաբանության խումբ» անվան ներքո։
Ինչպեսև գիտության բոլոր ոլորտներում, այստեղ ևս խմբի գործունեությունը, հետազոտությունների ուղղությունները և արդյունքները անմիջականորեն կապված են այնտեղ աշխատող մասնագետների գործունեության հետ։ Խմբի առաջին աշխատակիցը եղել է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտ Ռոման Հովսեփյանը, որը դեռևս 2002 թ.-ից զբաղվում էր հնաբուսաբանական հետազոտություններով և մինչև ինստիտուտի աշխատակից դառնալը արդեն ընդգրկված էր ինստիտուտի տարբեր հնագիտական աշխատախմբերում։
Հնակենսաբանական հետազոտությունների ամենակարևոր ճյուղերից է հնամարդաբանությունը։ ՀԱԻ-ում 1970-2011 թթ.՝ մինչև Հնակենսաբանության խմբի ստեղծումը և վերջինիս գոյության սկզբի տարիներին զուգահեռ գործել է Մարդաբանության լաբորատորիան։ Մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով (ներառյալ՝ գիտության ոլորտի անբավարար ֆինանսավորումը և ինստիտուտում տարածքային խնդիրները) հնակենսաբանության և հնամարդաբանության ոլորտներում մեկական մասնագետ է եղել, որի համար 2011 թ.-ին որոշում է կայացվում «Հնակենսաբանության խումբը» և «Մարդաբանության լաբորատորիան» միավորել: «Մարդաբանության լաբորատորիայի» բազմամյա աշխատակից ֆիզիկական մարդաբանության մասնագետ պատմական գիտությունների թեկնածու ավագ գիտաշխատող Անահիտ Խուդավերդյանը դառնում է ՀԿ խմբի աշխատակից։ 2015թ.-ից ՀԷԿ խմբի հիմնական աշխատակից է նաև կենսաբանական գիտությունների թեկնածու, հնակենդանաբան Նուշիկ Զարիկյանը։
ՀԷԿ խմբի հիմնական գործունեության ոլորտներն են եղել հնաբուսաբանությունը, հնամարդաբանությունը և հնակենդանաբանությունը։ 2013 թ.-ից Ռ. Հովսեփյանի գիտական գործունեության շրջանակների ընդլայնման արդյունքում խմբի հետազոտական ոլորտներին ավելանում է նաև էթնոբուսաբանությունը։ Խմբի հետազոտական ուղղությունների համալրման այդ հանգամանքը, ինչպես նաև հետագա զարգացման հեռանկարները հաշվի առնելով 2022 թ.-ի հունվարին ՀԱԻ գիտական խորհուրդը որոշում է կայացնում խումբը վերանվանել «Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գիտահետազոտական խումբ»։
Խմբի աշխատակիցները հնակենսաբանական հետազոտություններ են կատարել կամ կատարում Հայաստանի շուրջ վեց տասնյակ հնավայրերում, որի արդյունքում խումբը տիրապետում է հին քարեդարից միջնադարով թվագրվող հազարավոր յուրօրինակ հնակենսաբանական նյութերի։
[1] Հնակենսաբանական (archaeobiology, bioarchaeology, paleoethnobiology; археобиология, палеоетнобиология) հետազոտությունների արդյունքում ստացվում են տվյալներ
a) մարդու մնացորդների միջոցով (հնամարդաբանություն, physical anthropology)՝ անցյալ դարաշրջաններում ապրած մարդկանց ֆիզիկական վիճակի՝ ներառյալ հենաշարժիչ համակարգի վրա ազդած գործունեության և միջավայրային պայմանների,
b) բուսական մնացորդների միջոցով (հնաբուսաբանություն, archaeobotany)՝ սննդի, բուսաբուծության, բուսահավաքչության և շրջակայքի բուսականության,
c) կենդանականի (հիմնականում ոսկրերի) միջոցով (հնակենդանաբանություն, archaeozoology)՝ անասնապահության, որսի, սննդի մասին և այլն։
[2] Овсепян Р.А., Овсепян Г.В. 2009. Археоботанические исследования полевых культур в Армении. Известия Ереванского государственного аграрного университета. N4(28), с. 28-31.
[3] Էթնոկենսաբանությունը (ethnobiology, етнобиология) ուսումնասիրում է մեր ժամանակներում մարդկանց և կենդանի օրգանիզմների հարաբերությունների տարբեր խնդիրներ, ինչպես օրինակ՝ էթնոբուսաբանությունը (ethnobotany)՝ բուսահավաքչությունը և բույսերի օգտագործումը սննդային, խմիչքների պատրաստման, բուժական, շինանյութի, ներկի և այլ տեխնիկական նպատակներով, հավատալիքներում և ծեսերում, և այլն, հնակենդանաբանությունը (ethnozoology)՝ որսը, կենդանական ծագման նյութերի դեղային օգտագործումը, հավատալիքային պատկերացումները և այլն, էթնոսնկաբանությունը (ethnomycology)՝ սնկերի սննդային, բուժական և այլ օգտագործումները։
[4] Էթնոբուսաբանական հետազոտությունները կատարվել են հիմնականում ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հետ համագործակցության շրջանակներում։ Այդ հետազոտություններին առնչվող հերբարիումային նյութերը պահվում են հիմնականում Բուսաբանության ինստիտուտում։
![]() |
Anahit Khudaverdyan | Ավագ գիտաշխատող |
![]() |
Noushig Zarikian | Ավագ գիտաշխատող |
![]() |
Roman Hovsepyan | Ավագ գիտաշխատող |