
Քոբայրի վանքը (XII-XVIII դդ.) գտնվում է Լոռու մարզի Քոբայր գյուղում:
2012 թ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (ղեկ.` Հ. Մելքոնյան, հնագետներ` Ա. Բաբաջանյան, Դ. Միրիջանյան, ճարտ.` Ա. Ջալալյան) պեղման և մաքրման աշխատանքներ է իրականացրել Քոբայրի վանական համալիրի վերականգնվող զանգակատան շրջակայքում:
Քոբայրի վանքը զարգացած միջնադարում հյուսիսային Հայաստանի հոգևոր, մշակութային և գրչության հայտնի կենտրոններից էր (նկ. 1): Հիմնադրվել է Բագրատունյաց տան Կյուրիկյան ճյուղի Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից 1171թ.: Վանական համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, մատուռ-ավանդատնից, նրան արևմուտքից կից բաց սրահից, սեղանատնից, զանգակատուն-տապանատնից, մատուռներից և ամրաշինական կառույցներից, որոնք կառուցվել են XII դարի վերջին XIII դարում: Դրանք բոլորն էլ այսօր կիսավեր վիճակում են: Քոբայրի վանքի հետագա գործունեության մասին վկայությունները սակավաթիվ են: Դրանք մի քանի ձեռագրերի հիշատակարաններ և տապանաքարերի հիշատակագրեր են, որոնք հայտնաբերվել են վանքի տարածքում:
Զանգակատան շքամուտքի արևելյան կողմի վրացերեն արձանագրության համաձայն, այն կառուցվել է 1279թ. Շահնշահ ամիրսպասալարի որդու` Մխարգրձելի և նրա կնոջ Վանենիի կողմից: Այն քառակուսի հատակագծով սրահ է, որի արևելյան հատվածն ամբողջությամբ ընդգրկում է խորանը: Հատակը հարթեցված ժայռն է` մասամբ ծածկված տապանաքարերով: Միակ մուտքը հարավից է (գծ. 1): Պեղումների արդյունքում զանգակատան մուտքի առջև բացվել են տապանաքարեր` մի մասը վրացերեն արձանագրություններով (նկ. 2, 3): Տեղանքը կտրատված է ժայռերով ու քարայրներով, առաջացնելով տարբեր հարթություններ, ըստ որոնց էլ դասավորված են համալիրի շինությունները: Տեղանքի առանձնահատկություններից ելնելով` օգտագործել են նաև ժայռը` հարթեցնելով ու հարմարեցնելով նրան: Այն շատ հաճախ ծառայել է որպես շինության հատակ, պատ կամ նախաբակ (նկ. 4, 5): Զանգակատան մուտքին անմիջապես հարող տարածքում կա ջրահեռացման խնդիր: Այն առկա է ամբողջ վանքի տարածքում, նույնիսկ զանգակատուն-տապանատան ներսում, որտեղ ջրահեռացման համար հարթեցված ժայռի մեջ առվակոս են փորել:
Արևմտյան կողմում` զանգակատան ստորին շարքերի հիմքում ժայռն է, իսկ վերին հատվածում ժայռի և զանգակատան միջև ստեղծված է միջանցք (նկ. 6): Միջանցքը մաքրելիս պարզվեց, որ ժայռի ստորին հատվածում ջրահեռացումն ապահովելու համար առվակոս էր փորված, որի շարունակությունն էր կազմում 7 կավե փողրակներից կազմված խողովակաշարը (գծ. 2):
Ուշագրավ է զանգակատան հյուսիսում բացված կառույցը, որն անմիջապես կցված էր նրան: Այն գրեթե քառակուսի հատակագծով սենյակ է, որի համար իբրև հարավային պատ ծառայել է զանգակատան հյուսիսային ճակատը, իսկ արևմտյանը` ժայռը: Միակ մուտքը հյուսիս-արևմուտքից է: Սենյակի ներքին հատվածը պեղելիս հարավարևելյան հատվածում բացվեց քառանկյուն օջախ, որի մեջ դրված էր ամբողջական երկկանթ մի անոթ (նկ. 7, 8):
Սենյակի պատերի շարվածքը, հայտնաբերված խեցեղեն գտածոները գալիս են փաստելու, որ կցակառույց սենյակը ծառայել է տնտեսական նպատակով վանքի գոյության վերջին փուլում, երբ զանգակատունն այլևս չէր գործում:
Պեղման-մաքրման աշխատանքների արդյունքում հայտնաբերվեցին խեցեղեն և մետաղե փոքրաքանակ առարկաներ, ինչպես նաև զանգակատանը պատկանող ծածկասալերի հատվածներ և քանդակազարդ մի բեկոր (նկ. 9, 10): Խեցեղեն գտածոները բեկորային են, գերազանցապես խոհանոցային կոպիտ ամանեղեն. կժեր, կճուճներ, քրեղաններ, թասեր, խփեր (նկ. 11-13): Կան նաև ջնարակած անոթների սակավաթիվ բեկորներ, որոնք թվագրվում են XII-XIII դդ. և XIV-XVI դդ.:
Այսպիսով, Քոբայրի զանգակատուն-տապանատան պեղման-մաքրման աշխատանքների արդյունքում հայտնաբերված տապանաքարերը, հնագիտական նյութը, կցակառույցը որոշակի տեղեկություններ են տալիս ուշ միջնադարում ևս վանքի գործունեության մասին: Հետագա պեղումները կարող են համալրել մեր պատկերացումներն այդ շրջանի վերաբերյալ:
- Դիվան հայ վիմագրության, Պրակ IX, Լոռու մարզ, կազմ. Ս. Բարխուդարյան, Կ. Ղաֆադարյան, Ս. Սաղումյան, Երևան 2012:
- ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մասն Ա, Երևան 1955:
- Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն հայոց, Երևան 1961:
- Հաւաքումն Պատմութեան Վարդանայ վարդապետի, Վենետիկ 1862:
- Մայր ցուցակ հայերէն Ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի, Հտ. Դ, Երևան 2008:
- Միրիջանյան Դ., Բաբաջանյան Ա., Քոբայր վանական համալիրի զանգակատան պեղման աշխատանքների արդյունքները, ՊԲՀ, 2014-1, էջ 155-163:
- Մխիթար Այրիվանեցի, Պատմութիւն Հայոց, Մոսկվա 1860:
- Մուրադյան Պ., Հայաստանի վրացերեն արձանագրությունները, Երևան 1977:
- Ներսէսի Լամբրոնացւոյ Տարսոնի եպիսկոպոսի` Ատենաբանութիւն և Թուղթ և Ճառք, Վենետիկ 1865: