
2012 թ. Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հրավերով պեղումներ են իրականացվել Օշական գյուղի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու զանգակատան հիմքի տարածքում, որը նաև խորանի հատակն է և զանգակատան հիմքը:
Սրբի տապանաքարի արևելյան պատի վերանորոգման ժամանակ շարժվող սալաքարը տեղում ագուցելու ժամանակ պարզվել է, որ զանգակատան հիմքը լցված է տուֆ քարի թափոնով և երկու զանգվածեղ բազալտե քարերով, սվաղի կտորներով: Անհրաժեշտ եղավ զանգակատան կիսակլոր մակերեսը շերտագրական հորիզոններով մաքրել, հեռացնել շինարարական թափոնը: Աղբակույտը հեռացնելուց հետո բացվեցին սև տուֆե շարվածքով գետնախարիսխներ (թվով երեքը): Բոլոր աստիճանների հյուսիսային և հարավային կողմերը հիմք են ծառայել զանգակատան հիմքերի համար:
Փոքր տարածքում բացված գետնախարիսխների առկայությունը հիմք հանդիսացավ պեղումները շարունակել նաև զանգակատան արտաքին կողմում, որն իրականացվել է 2014 թ.: Պեղման աշխատանքնեը պարզեցին, որ 1875-1879 թթ. Գևորգ Դ կաթողիկոսի կողմից կառուցած թաղածածկ դահլիճատիպ եկեղեցու արևելյան պատը դրվել է V դ. կառուցված տաճարի գետնախարիսխների վրա: 7 մ երկարությամբ բացված գետնախարիասխների տակ բացվեց տոփանված հողե հատակ, որտեղից հայտնաբերվեցին XII-XIII դդ. և ավելի ուշ շրջանի կավանոթների բեկորներ, մեկ քայքայված և մոխրով լցված թոնիր: Մոխրի մեջ հայտնաբերվել է համաժամանակյա կավե կուռք:
Գետնախարիսխների հարևանությամբ բացվել է կոպտատաշ խոշոր քարերով շարված ինչ-որ շինության մի հատված, որը թեքվում է շրջագծային պարագծով զանգակատան արևելյան կողմով դեպի հարավ: Պեղումները պարզեցին, որ գետնախարիսխների հյուսիս-հարավային կողմերը հիմք են հանդիսացել 1884 թ. կառուցված զանգակատան համար: Իսկ շրջագծային պարագծով շարված պատը, ըստ Ա. Բալասանյանի 1946 թ. կատարված չափագրումների, արտաքինից բազմանիստ, ներսից կիսաբոլորակ խորան է:
Ճարտարապետ Մ. Դանիելյանն իր կողմից կատարած չափագրությունների հիման վրա գտնում է, որ Ս. Մեսրոպ Մաշտոցի հիշատակին նվիրված եկեղեցին պետք է Երերույքի տաճարի տիպին պատկաներ:
Մեսրոպ Մաշտոց տաճար-վկայարանի գետնախարիսխների հայտնաբերումը հնագիտական կարևոր հայտնագործություն է, քանի որ տաճարի մասին V դ. Կորյուն պատմիչի կողմից մեզ հասած «լայնանիստ, բարձրաբերձ, տաշած քանդակազարդ քարերով» տեղեկություններից առայժմ միայն գետնախարիսխներ են հայտնաբերվել: Ուստի տաճարի ծավալատարածական և հատակագծային մանրամասները գտնելու և հստակ եզրակացության հանգելու համար անհրաժեշտ է պեղումները ընդլայնել հիմքից դուրս՝ հյուսիս-հարավ հատվածներում:
պ.գ.թ. Ֆրինա Բաբայան