
Ս. Սարգիս վանական համալիրը գտնվում է Արագածոտնի մարզի Ուշի գյուղում և տեղադրված է մ.թ.ա. II-I հազ. թվագրվող ամրոց-բնակավայրի հարավային լանջին։
Վանքի շինությունները կառուցվել են V-XVIII դդ. տարբեր ժամանակահատվածներում, բայց բոլորն էլ կործանվել են 1827 թ. երկրաշարժի հետևանքով։ XIX դ. 30-ական թվականներից Ուշի այցելած ճանապարհորդների ու ուսումնասիրողների երազանքն է եղել վանական համալիրը պեղված և ուսումնասիրված տեսնելը (Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանց, Ղևոնդ Ալիշան, Խաչիկ վարդապետ Դադյան և ուրիշներ)։
Տարիների այդ երազանքը իրականացվել է միայն 1999 թ., մերօրյա մեծ բարերար, Երևանի Պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, գերաշնորհ Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի հոգածությամբ։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (պեղումների ղեկավար Ֆրինա Բաբայան, գիտական խորհրդատու Արամ Քալանթարյան, ճարտարապետներ՝ Գրիգոր և Կորյուն Ղաֆադարյաններ), երեք տարվա ընթացքում պեղել և բացել է 3-5 մ հաստությամբ հողի շերտի տակ թաղված բոլոր կառույցների փլատակները. Ս. Սարգիս եկեղեցի-վկայարանը, Ս. Աստվածածին եկեղեցին, գավիթը, զանգակատունը, արտաքին սրահը, վանախցերը, հասարակական, բնակելի և տնտեսական շինությունները, պարիսպը՝ հինգ աշտարակներով, պարսպի արտաքին տարածքը, վանքի գլխավոր մուտքը, երկրորդ մուտքը և այլ մանրամասներ։
Առանձնանում է երկրաշարժից հետո մասնակի պահպանված Ս. Սարգիս եկեղեցի-վկայարանը։ Վերջինս միանավ, երկթեք տանիքով ուղղանկյուն շինություն է։ Կառուցվել է հին բնակավայրի տարածքի շինություններից վերցված բազալտե քարերով։ Հետագայում՝ ХШ-ХХ դդ. վկայարանը մի քանի անգամ վերանորոգվել է սրբատաշ բազմագույն տուֆ քարերով, որոնք դրվել են 1.80 մ բարձրությամբ պահպանված նախնական շինության բազալտե շարվածքի վրա։ Եկեղեցին, ըստ ավանդության, կապվում է քրիստոնեական հավատքի համար նահատակված և սրբադասված Կապադովկիայի իշխան հունական զորքերի հրամանատար Սարգիս զորավարի հետ (IVդ.)։
Ուշիի հետ կապված իրողությունը տեղում փաստագրված է V դ. Ս. Սարգիս եկեղեցի-մատուռի առկայությամբ, որը պետք է ամենահնագույնը համարել բոլոր 220 նույնանման սրբավայրերի շարքում, որոնք կանգնեցվել են Հայաստանի տարբեր վայրերում։
Վանական համալիրը V դարից սկսած համալրվել է հոգևոր շինություններով։
XII դ. վերջում և XIII դ. սկզբներին Հայոց աշխարհի մեծ մասը Զաքարյանների կողմից ազատագրվել է օտար նվաճողների լծից։ Երկրի կառավարումը հանձնվել է իշխանական տների ներկայացուցիչներին՝ իրենց մատուցած ծառայությունների դիմաց։ Արագածոտնի և Նիգի մեծ մասի (Ամբերդի գավառ) կողմնակալ են (կողմնակալությունը ռազմական ու վարչական պաշտոն էր) դարձել Վաչուտյանները։ Գրավոր աղբյուրները վկայում են, որ նրանք ոչ միայն օգտվել են ժառանգական տիրության իրավունքից, տնօրինել և կատարել են նվիրատվություններ ու գնումներ, այլև մասնակցել են Հյուսիս-արևելյան Հայաստանում տեղի ունեցող բուռն շինարարական աշխատանքներին։
Վաչե Ա-ի, նրա կնոջ՝ Մամախաթունի և մյուս հաջորդների եռանդուն գործունեության շնորհիվ զարթոնք ապրեցին Արագածոտնի վանական կենտրոնները՝ Հովհաննավանքը, Սաղմոսավանքը, Աստվածընկալի, Ուշիի, Եղրպատրուշի, Տեղերի, Կարբիի վանքերը։ Իշխանական տան նստոցը Ամբերդ դղյակն է եղել, հետո Վարդենիս (ներկայիս Վարդենուտ) գյուղը, որտեղ Քուրդ Ա իշխանը երկիցս ընդունել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Հեթում Ա-ին (1226-1270 թթ.)։
Ս. Սարգիս վկայարանի կողքին փլատակների միջից բացվել է XII-XIII դդ. վերջի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցին։ Այն ուղղանկյուն հատակագծով կառույց է, պատկանում է բազմանիստ գմբեթավոր սրահի տիպին։ Արևելյան ավագ խորանը երկու կողմերում ունի ավանդատներ։ Լայնանիստ գմբեթը դրվել է խորանի եզրերին և հարավային ու հյուսիսային պատերին կից որմնամույթի վրա։ Ավագ խորանը զարդարված է եղել որմնանկարներով։ Քանդակազարդ է բեմառէջքը, որի վրա կարդացվում է վարդապետ կամ րաբունապետ Պետրոս անունը։ Վերջինս հիշատակվում է 1310 թ. Հովհաննավանքում ընդօրինակված մի ավետարանում։ Քանդակազարդ են նաև եկեղեցու արևմտյան և հարավային շքամուտքերը: Եկեղեցուն հարավից կից է գավիթը։ Արևմտյան մուտքի բարավորի վրա արված արձանագրությունը հավաստում է շինության կառուցման 1264 թվականը:
Իրենցից մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև վանքի մյուս շինությունները։ Վերջիններս կապվում են Ոսկան Երևանցու անվան հետ, ով վանքի վանահայրն է եղել 1654֊-1662 թթ.։ Նա ոչ միայն հայ տպագրության երախտարժան դեմքերից է, Աստվածաշնչի անդրանիկ հրատարակիչը, այլև Ուշիի Ս. Սարգիս վանքին կյանքի կոչողը։
Պեղումների շնորհիվ վանքի տարածքից և շինությունների միջից հայտնաբերվել են XIII-XVIII դդ. թվագրվող առտնին գործածության առարկաներ, խեցեղեն անոթներ, ապակյա առարկաներ, երկաթե գործիքներ, դրամներ և այլն։ Օգտագործվող խեցանոթներից մի քանիսի վրա նույնպես դրոշմված է Սբ. Սարգիս անունը։
Պեղումները հնարավորություն տվեցին լուսաբանելու Մեսրոպ Մաշտոցի կողմից կառուցված Ս. Սարգիս սրբավայրի և սրբի ոսկորների հետ կապված մանրամասները։ Եկեղեցի-վկայարանի ներսում՝ բեմի հատակին, հողի ոչ խորը փորվածքի մեջ հայտնաբերվել են վաղ միջնադարյան մարդու ոսկորներ։ Թերևս դրանք սրբազան նշխարներ են, որ կապվում են Ս. Սարգսի անվան հետ։
Ուշիի Ս. Սարգիս վանքը ճարտարապետական ներդաշնակ համակառույց է, իր մեջ ամփոփում է V-XVIII դդ. բնորոշ հայկական շինարարական ավեստի շատ նորություններ (հարդարանքի բազմաձևություն, բազմերանգ շինանյութի օգտագործում, որմնամույթեր, թաղածածկ տանիքներ և այլն):
Վաչուտյանների իշխանական տան ներկայացուցիչների կողմից մեզ հայտնի համալիրների կողքին (Հովհաննավանք, Սաղմոսավանք, Տեղերի վանք և այլն) այսօր դրվում է նաև Ուշիի վանքը։ 2004 թ. վերականգնվել է Ս. Սարգիս եկեղեցի-վկայարանը։
Գրականություն
- Բաբայան Ֆ., Ուշիի Ս.Սարգիս վանքը, Սուրբ Սարգիս, նստաշրջանի նյութեր, Երևան, 2002:
- Գասպարյան Ռ.Ռ., Ուշիի Ս. Սարգիս վանքի վիմագրական արձանագրությունները, Լրաբեր, 1993, № 1, էջ 130-136:
- Պետրոսյանց Տ.Մ., Վաչուտյան իշխանական տան տոհմածառը, Բանբեր Երևանի համալսարանի 1, 1981: