
Արուճի հնավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Արուճ համայնքում: Արուճն այն եզակի հնավայրերից է, որտեղ կարելի է տեսնել հոգևոր, աշխարհիկ և պաշտպանական բնույթի հուշարձանները մեկտեղ:
Հնավայրի հուշարձաններից միջնադարյան պատմիչները մանրամասն անդրադարձել են Սուրբ Կաթողիկե տաճարին: Շինարարական արձանագրության համաձայն, նրա կառուցումը սկսվել է 662 թ., ըստ մատենագրական վկայությունների, ավարտվել 666 թ.: Սբ. Կաթողիկեն պատկանում է «գմբեթավոր դահլիճ» տիպին և իր չափերով ամենամեծն է վաղ միջնադարյան նմանատիպ եկեղեցիների շարքում:
Հուշարձանի վերականգնման աշխատանքներով պայմանավորված` 1947 թ. «Պատմական հուշարձանների պահպանության կոմիտե»-ի կողմից (ղեկ.` Վ. Հարությունյան) Արուճի հնավայրում ձեռնարկվել են պեղման և մաքրման առաջին աշխատանքները, որոնք շարունակվել են մինչև 1970-ական թթ.: Պեղումների արդյունքում բացվել է Գրիգոր Մամիկոնյանի կառուցած պալատը: Վաստակաշատ գիտնականը, կատարելով Արուճի պալատի ճարտարապետական և ծավալատարածական հորինվածքի առաջին մանրամասն ուսումնասիրությունը, այն համեմատել է Հայաստանի աշխարհիկ այլ կառույցների, մասնավորապես Դվինի VII դ. կաթողիկոսական պալատի հետ:
Միջնադարյան հնավայրի հետագա ուսումնասիրությունները կատարվել են 1980 - 1981 թթ.` ԵՊՀ Հայագիտական կենտրոնի հնագիտական արշավախմբի կողմից (ղեկ.` Բ. Սադոյան): Իրականացրած պեղումների արդյունքում բացվել է Արուճի հուշարձանախմբից հարավ-արևմուտք գտնվող ուղղանկյուն հատակագծով վաղ միջնադարյան ամրոցի պարսպի մի հատվածը:
Հուշարձանախմբի տարածքի բարեկարգմամբ պայմանավորված` 2006 թ. որոշակի մաքրման աշխատանքներ են կատարվել նաև Կաթողիկե տաճարից հարավ-արևելք գտնվող բազիլիկ եկեղեցու շրջակայքում (Սարգսյան, 2007):
«Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում» իտալական կրթական ծրագրի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության որոշմամբ 2012-2013 թթ. Արուճ հնավայրում կազմակերպվել է շինհրապարակ-դպրոց:
2013 թ. հայ-իտալական հնագիտական համատեղ աշխատանքներն Արուճում կենտրոնացված էին Կաթողիկե եկեղեցու և պալատի միջակա տարածքում (գիտական մասով կոորդինատոր՝ պրոֆ. Հ. Ավետիսյան, հնագետներ՝ Մ. Մարզուլլո, Դ. Միրիջանյան, Տ. Ալեքսանյան):
Իշխանական պալատի հյուսիսային պատին զուգահեռ, արևելք-արևմուտք ձգվում էր մի պատ (ժամանակագրորեն այն ավելի ուշ շրջանի է, նկ. 1): Պեղումների արդյունքում պատի մեջ բացվեց թաղում` մարդկային կմախքի վատ պահպանված մնացորդներով (նկ. 2):
Իշխանական պալատի հյուսիսային պատի տակ, նրա երկայնքով, բացվեցին շրջանաձև ոչ խորը թոնիրներ (նկ. 3, 4): Պեղումներով պարզ դարձավ, որ դրանք ներկառուցված են այս հատվածում առկա հիմնաժայռի մեջ:
Ըստ նախնական դիտարկման, այստեղ առկա է հարաբերական ժամանակագրության չորս շրջան.
- իշխանական պալատ,
- թոնիրներ,
- հետագայում կառուցված պատ,
- թաղում պատի մեջ:
Գտածոներ
Պեղումներով հայտնաբերված ամբողջ հնագիտական նյութը բաժանվում է երեք խոշոր խմբերի` խեցեղեն գտածոներ, ապակե իրեր, մետաղե առարկաներ և դրամներ:
Խեցեղեն: Պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերի մեջ ստվար խումբ է կազմում խեցեղենը: Ըստ ժամանակագրության գտնված ամբողջ խեցեղենը բաժանվում է հետևյալ դարաշրջանների. ա. IV - V դդ. (աղ. 1, նկ. 1), բ. VII - VIII դդ. (աղ. 1, նկ. 2, 3), գ. IX - X դդ. (աղ. 1, նկ. 4), դ. XII - XIII դդ. (աղ. 1, նկ. 5-9):
Հայտնաբերված նյութերի թվում առավել ուշագրավ գտածոն կավե փոքրիկ, ձեռածեփ հալոցն է` գտնված թոնրից (աղ. 2, նկ. 10): Պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերի մեջ առկա են նաև ջնարակապատ խեցեղենի սակավ օրինակներ (աղ. 1, նկ. 11):
Ապակե իրեր: Ապակու փոքր հավաքածուն ներկայացված է ընպանակներով, ապարանջանի բեկորներով (աղ. 2, նկ. 12) և կապույտ ուլունքահատիկով (աղ. 2, նկ. 13):
Մետաղե գտածոներ: Դրանց թիվը թեև մեծ չէ, բայց շատ ուշագրավ են: Գտածոների թվում է բրոնզե ձողանման իրը (աղ. 2, նկ. 14) և բրոնզե մատանին (աղ. 2, նկ. 15):
Դրամներ: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև դրամներ: Դրամներից մեկը Կոնստանտին X կայսեր (1059 - 1067 թթ.) ֆոլլիսն է (աղ. 2, նկ. 16), որը կրում է սելջուկյան մակադրոշմ՝ «lillah» գրությամբ և թվագրվում է XII դարով: Հայտնաբերված հաջորդ երկու դրամները ևս սելջուկյան են և թվագրվում են XII դարի վերջով (աղ. 2, նկ. 17, 18):
Գրականություն
- Եղիազարյան Հ., Գրիգոր Մամիկոնյան իշխանի կառուցած տաճարը և պալատը Թալիշ գյուղում և վերջինիս պեղումները, «Էջմիածին», 1955, N 2, էջ 35-41:
- Հարությունյան Վ., VII դարի աշխարհիկ ճարտարապետության մի նոր հուշարձան, ՀՍՍՀ ԳԱ Տեղեկագիր, 1953, N 8, էջ 53-65:
- Մաթևոսյան Կ., Արուճի տաճարի 666 թ. որմնանկարը, Լրաբեր հասարակական գիտությունների, 1981, N 3, էջ 85-92:
- Մաթևոսյան Կ., Արուճ, Երևան, 1987:
- Միրիջանյան Դ., Ալեքսանյան Տ., Հնագիտական ուսումնասիրություններ Արուճ հնավայրում, Բանբեր հայագիտության, 2014, N 2-3, էջ 127-143:
- Շահինյան Ա., Արուճի VII դ. տաճարի շինարարական արձանագրության վերծանման առթիվ, Լրաբեր հասարակական գիտությունների, 1971, N 1, էջ 82:
- Սադոյան Բ., Արուճի վաղ միջնադարյան հուշարձանները, Պատմա-բանասիրական հանդես, 1985, N 4, էջ 162-173:
- Սարգսյան Գ., Արուճի բազիլիկի հնագիտական հետազոտությունը, Հայ արվեստ, 2007, N 1, էջ 34-37:
- Арутюнян В., По поводы датировки храма в Аруче, Հայկական քաղաքաշինության և ճարտարապետության տեսության ու պատմության հիմնախնդիրներ, աշխ. և հոդվ. ժող., Երևան, 2004, էջ 453-456:
- Дурново Л., Стенная живопись в Аруче (Талиш), ՀՍՍՀ ԳԱ Տեղեկագիր, 1952, N 1 ñ. 49-66.
- Котманджян А., Художественный язык Аручской росписи и реннесредневековые фрески Армении, II межд. симпоз. по арм. искусству, Ереван, 1978.
- Марр Н., Армянская церков в Аруче, Известия императорской Археологической комиссии, 1094, вып. 12, с. 62.
- Орбели И., Надпись 670 (?) года о построении Аручской церкви, Избранные труды, Ереван, 1963, с. 401-402.