ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. փետրվարի 18-ի նիստին, ժամը` 14:00-ին, տեղի կունենա Խորեն Գրիգորյանի «Լիբանանի Այնճար բնակավայրի հայ բնակչության ինքնության փոխակերպումները» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:
Գիտական ղեկավար՝ պ. գ. թ. Հ. Խառատյան
Պաշտոնական ընդդիմախոսներ` պ.գ.դ. Հ. Չոլաքյան
պ.գ.թ. Լ. Տանաջյան
Առաջատար կազմակերպություն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Սույն ատենախոսական աշխատանքի արդիականությունը պայմանավորված է ի թիվս այլ հայկական խմբային ինքնությունների ձևավորումների քննության փորձերի, Լիբանանի Այնճար գյուղի հայ բնակչության պատմական և ընթացիկ լոկալ ինքնության զարգացումների, փոխակերպումների և դրանց եզրութաբանական ձևակերպումների վելուծության բացակայությամբ: Ատենախությունում քննարկող թեմայի մասնավոր ուսումնասիրությունը հնարավորություն կտա հասկանալ Այնճարի բնակչության անցյալի ընդհանրության մասին գիտելիքի և ինքնության վրա ազդեցության, գաղթի, նոր վայրում հաստատման, քաղաքական և սոցիալական առաջնորդների՝ խմբի ինքության կառուցման գործընթացում ներդրված ջանքերի և առհասարակ ինքնության էվոլուցիոն և կառուցաբանական (կոնստրուկցիոնիստական) ջանքերի արդյունքները:
Սիրով տեղեկացնում ենք, որ փետրվարի 3-ին, ժամը՝ 15:00-ին, Հնագիտության և ազգագրություն ինստիտուտը կհյուրընկալի Հոնկոնգի համալսարանի պրոֆեսոր, ճարտարապետ Գիյոմ Լորենս Օթենին-Ժիրարին, ով հանդես կգա ««Գծագրում տեղում». հետազոտական մեթոդաբանության ազդեցությունը մեկնողական նախագծման վրա՝ Վեդի գետի հովտի օրինակով» խորագրով դասախոսությամբ:
Գիյոմ Լորենս Օթենին-Ժիրարը ճարտարապետ է, Հոնկոնգի համալսարանի ճարտարապետության ամբիոնի պրոֆեսոր: Նրա հետազոտական աշխատանաքները կենտրոնացած են հնագիտության և ճարտարապետության խնդիրների վրա:
Իր ելույթում Օթենին-Ժիրարը կխոսի Հայաստանում Վեդի գետի հովտի նախագծման պլանավորման ընթացիկ ռազմավարության մասին, ինչը ներառում է նաև Արարատյան դաշտի հարավարևելյան հնագիտական ծրագրի (APSAP) հետ համատեղ նախագիծը:
Հետազոտական ծրագրի նպատակն է զարգացնել հայկական ավանդական գլխատների ունեցած ներուժը՝ լույս սփռելով Վեդի գետի հովտում կլիմայի արագ փոփոխության պայմաններում ջերմային և բնապահպանական տեսանկյունից դրանց օգտագործման խնդրի վրա։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. դեկտեմբերի 26-ի նիստին, ժամը` 14:00-ին, տեղի կունենա Իվան Սեմյանի «ՍԻՆՏԱՇՏՅԱՆ ԵՎ ՊԵՏՐՈՎՍԿՅԱՆ ԲՐՈՆԶԵԴԱՐՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:
Գիտական ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ. գ. դ. Պ. Ս. Ավետիսյան
Պաշտոնական ընդդիմախոսներ` պ.գ.դ. Ռուբեն Բադալյան
պ.գ.դ. Արտակ Գնունի
Առաջատար կազմակերպություն՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
Ներկայացվող ատենախոսության նպատակն է վերակազմել սինտաշտյան և պետրովսկյան հասարկություններում ռազմական գործերի դրսևորման մոդելները: Ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը թաղման 22 համալիրներն են (114 թաղում) և 23 բնակավայրերի պեղումների տվյալները: Աշխատության ժամանակագրական ընդգրկումն ըստ միջինացված սանդղակի մ.թ.ա. 21-18-րդ. դարերն է: Աշխատանքի տարածքային շրջանակը ներառում է Հարավային Ուրալի և Անդրուրալյան տափաստանային և անտառատափաստանային գոտիները, ինչպես նաև Հյուսիսային և Կենտրոնական Ղազախստանի տափաստանները:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. դեկտեմբերի 19-ի նիստին, ժամը` 14:00-ին, տեղի կունենա ՀԱԻ տնօրեն, պ.գ.թ. Արսեն Բոբոխյանի ««ՎԻՇԱՊ» ՔԱՐԱԿՈԹՈՂՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:
Ներկայացվող ատենախոսությունը նվիրված է ժողովրդական միջավայրում «վիշապ» կոչված հուշարձանի և դրան առնչվող մշակութային համատեքստի քննությանը հնագիտական տվյալների լույսի ներքո: Այն ամփոփում է վերջին տասնամյակում իրականացված դաշտային, լաբորատոր և արխիվային աշխատանքների հիմնական արդյունքները:
Պաշտոնական ընդդիմախոսներ՝
պ.գ.դ. Գարեգին Սահակի Թումանյան
ա.գ.դ. Հակոբ Երվանդի Սիմոնյան
պ.գ.դ. Համլետ Լենսերի Պետրոսյան
Առաջատար կազմակերպություն` Երևանի պետական համալսարան
Հասցե` ք. Երևան 0025, Չարենցի 15
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. դեկտեմբերի 16- նիստին՝ ժ. 14:00, տեղի կունենա ՀԱԻ Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող Արմինե Հարությունյանի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՈԼԻԹ-ԷՆԵՈԼԻԹՅԱՆ ԽԵՑԵՂԵՆԸ (ըստ Արարատյան դաշտի Ակնաշեն և Առատաշեն բնակատեղիների նյութերի)» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությունը նվիրված է Հայաստանի վաղագույն` նեոլիթյան և վաղ Էնեոլիթյան դարաշրջանների խեցեղենի ուսումնասիրությանը, որը նշանավորում է Հայաստանում և ամբողջ Հարավային Կովկասում խեցեգործության սկզբնավորման փուլերը։ Հնագիտական տվյալների և հնաչափական անալիզների արդյունքների հիման վրա համակարգվել և վերլուծվել են ինչպես խեցեղենի մորֆոտիպաբանական, այնպես էլ տեխնիկական և տեխնոլոգիական պարամետրերն ու հատկանիշները։ Մշակութային և ժամանակագրական լայն զուգահեռների ընդգրկմամբ կատարվել է համեմատական վերլուծություն՝ ուսումնասիրվող երևույթի պատմա-մշակութային համատեքստը վերհանելու նպատակով:
Հասցե` ք. Երևան 0025, Չարենցի 15
Սեղմագիրը՝ ստորև Arutunan A._avtoreferat
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Սփյուռքի ուսումնասիրության բաժինը հրավիրում է «Փոխակերպվող ինքնությունները իրական քաղաքականության իրականացման համատեքստում» խորագրով հանդիպում-բանախոսությանը:
Բանախոսությունը վարելու են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի Քաղաքագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Հովհաննես Լավրենտիի Սարգսյանը և նույն ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Նորայր Արմենի Դունամալյանը:
Բանախոսությունը տեղի կունենա ՀԱԻ ընթերցասրահում (3-րդ հարկ) դեկտեմբերի 11-ին՝ չորեքշաբթի, ժամը 15.00-ին:
Մուտքն ազատ է:
Ս.թ. դեկտեմբերի 5-ին, ժամը՝ 14:00, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Միջնադարագիտական քննարկումներ» սեմինարների շարքում տեղի կունենա «Ստորջրյա հնագիտության զարգացումն ու հայկական ջրասույզ ժառանգությունը» խորագրով դասախոսությունը, որը կներկայացնի Շիրակի փոխմարզպետ, անկախ հետազոտող, սուզորդ Աննա Մարտիկյանը:
Դասախոսության առանցքային թեմաներն են՝
- Ջրում սուզվելու հնարքներն ու դրանց փուլային զարգացումները:
- Հայկական ջրասույզ ժառանգության պահպանությունը:
- ՀՀ ստորջրյա հնագիտության զարգացմամբ միջգիտակարգային համագործակցության արդյունավետությունը:
Բանահյուսության տեքստաբանության բաժինը «Բանագիտության տեսական և տեքստաբանական հարցեր» խորագրով սեմինարների շրջանակում երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 26-ին, ժամը 14:30-ին հրավիրում է հերթական սեմինար-քննարկմանը:
Բանախոս՝ Բանահյուսության տեքստաբանության բաժնի կրտսեր գիտաշխատող՝ Լիլիթ Սահակյան: Զեկուցման թեման՝ «Կերպարանափոխությունը որպես հմտութուն, շնորհք, հնարիմացություն «Կախարդը և իր երեխաները» հեքիաթախմբում»: