
Կարմիր բերդը հայտնի է նաև Կիզիլ կալա, Թազաքենդ, Գայախարաբա անվանումներով: Տեղանքը Կարմիր բերդ է անվանվել քանաքեռցիների կողմից, իսկ Թազաքենդը և Գայախարաբան դամբարանադաշտի տարածքում գտնվող և այժմ գոյություն չունեցող գյուղերի անվանումներն են: Դամբարանի տարածքում 1965թ. հիմնադրվել է Զովունի գյուղը: Հնավայրը բաղկացած է դամբարանադաշտից և ամրոցից:
Դամբարանադաշտում պեղվել է միջին բրոնզի, ուշ բրոնզի և երկաթի դարաշրջանների 197 դամբարան, որտեղ գերակշռում են երկաթեդարյան դամբարանները: Կարմիր բերդի դամբարանադաշտից իր անվանումն է ստացել միջին բրոնզի մշակույթային փուլերից մեկը՝ կարմիրբերդյանը, որը թվագրվում է Ք.ա. XVIII – XVI դդ.:
Դամբարանադաշտը հայտնի է դարձել 1895 թ., երբ Մ. Զաքարյանցը տարածքից հավաքված նյութը հանձնել է Ռուսական Հնագիտական ընկերությանը: Դամբարանադաշտում պեղումներ են կատարել Պ. Չարկովսկին (1896 թ., 22 դամբարան), Մ. Զաքարյանցը (1903 թ., 17 դամբարան), Է. Ռյոսլերը (1904 թ., 28 դամբարան), Հ. Մարտիրոսյանը (1962 թ., 30 դամբարան, նյութը չի հրատարակվել), Ս. Եսայանը (1965 -1967 թթ., 73 դամբարան), Վ. Ավետյանը (1974 – 1975 թթ., 12 դամբարան), Ա. Փիլիպոսյանը և Ն. Ենգիբարյանը (1991 թ., 15 դամբարան, գծ. 1, նկ. 2, 3):
Արտաքինից դամբարաններն ունեն կրոմլեխով եզրագծված տարբեր բարձրությամբ թմբերի տեսք: Խցի կառուցվածքով երեք տիպի են` հիմնահողային (միջին բրոնզ), քարարկղային և սալարկղային (ուշ բրոնզ, վաղ երկաթ): Խցերը ծածկված և շարված են տուֆ քարով:
Դամբարանադաշտից 500 մ արևմուտք, գետի կիրճով երեք կողմից շրջապատված հրվանդանի վրա գտնվող 3,5 հա տարածք ընդգրկող ամրոցն ավելի քիչ է ուսումնասիրված: Այստեղի պեղումները կրել են հետախուզական բնույթ: Ամրոցում հատվածաբար պահպանվել են մոտ երկու մետր բարձրությամբ չոր շարվածքով բազալտից պատերը: Միջնադարում ամրոցն օգտագործվել է, ինչի մասին վկայում են պատերին ավելացված շաղախով շարված տուֆի շարքերը: Այստեղ կատարված փոքրածավալ պեղումները հիմք են տալիս եզրակացնելու, որ ամրոցը Ք.ա II հազարամյակի կեսերից սկսած գոյատևել է մինչև Ք.ա. VII դար և կրկին վերաբնակեցվել է վաղ միջնադարում:
Գրականություն
- Ավետյան Վ., Գործնական աշխատանքներ հնագիտությունից, Երևան, 1983, աղ. II/1, 7, 8, 9; IV/1, 17; IX/1, 2, 3, 5; XI/1-14:
- Ենգիբարյան Ն., Կարմիր բերդ դամբարանադաշտի 1991 թ., պեղումները, Խալդյան զորությամբ…, հոդվածների ժողովածու` նվիրված Բ. Պիոտրովսկու 100-ամյակին, խմբ. Պ. Ավետիսյան, Ա. Պետրոսյան, Երևան, 2010, էջ 132-151:
- Եսայան Ս., Հնագիտական իրերի կատալոգ Երևանի պատմության թանգարանի, II, Երևան, 1967, էջ 10-14, աղ. XII-XVI:
- Եսայան Ս., Հնագիտական իրերի կատալոգ Երևանի պատմության թանգարանի, II,I Երևան, 1972, էջ 9-18:
- Дневник раскопок за 1896 год, произведенных П.В.Чарковским в Эриванской губернии и уезда близ села Дневник Э. Реслера, архив ИА АН СССР, т. 1, дело 241/1895.
- Есаян С., Ереван, Ереван, 1969, таб. 20, 21, 23-27.
- Карапетян Л., Раскопки Кармир-бердской (Тазакендской) крепости, Советская археология, 1972, № 2, стр. 164-170.
- Кушнарева К., Тазакендский могильник в Армении, Советская археология, 1960, №1.
- Мартиросян А., Армения в эпоху бронзы и раннего железа, ереван, 1964, стр. 47-48, 83-88.
- Тазакенд ЛОИАН, архив, ф.1, д. №140, за 1896 г. (օրագրի մյուս օրինակը պահվում է Վրաստանի պետական թանգարանում):
- Спицин А., Некоторые Закавказские могильники. Известия Императорской Археологической коммисии, С. Петербург, 1909, выпуск 29.