Կուրթանի դամբարանադաշտ

 

Լոռու մարզի Կուրթան գյուղը հարուստ է վաղ հնավայրերով: 2006 թ. Լոռի Բերդի արշավախմբի ջոկատը (արշավախմբի ղեկավար` պ.գ.թ. Սեդա Դևեջյան) հնագիտական պեղումներ կատարեց գյուղի հին դամբարանադաշտում: Վերջինս մեծ մասամբ ավերված էր, դարձել էր վարելահող: Անաղարտ մնացած շուրջ 1000 քմ մակերեսը հագեցած էր ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանների կրոմլեխների չափազանց խիտ ցանցով: Դամբարանների զրահներում ի հայտ եկած վերգետնյա վաղ բրոնզեդարյան խեցեղենի բազմաթիվ բեկորները վկայում են, որ մինչ դամբարանադաշտը այստեղ գոյություն է ունեցել վաղ բրոնզեդարյան բնակավայր:

Պեղվել են չորս դամբարաններ. երեքը (№№ 1-3)՝ վաղ երկաթի, մեկը (№ 4)՝ ուշ բրոնզի դարաշրջաններին պատկանող:

Առաջին երեք դամբարաններն իրենց շրջանաձև և ձվածիր կրոմլեխներով գրեթե իրար կից են: Սրանց հարող այլ կրոմլեխներ երևում են գետնի չբացված մակերեսին: Կրոմլեխների միջին տրամագիծը 4-7 մ է, ունեն փոքր քարերից կազմված զրահ: Դամբանախցերը սալարկղային են, ուղղանկյունաձև: Ուղղված են առավելապես հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք փոքր թեքությամբ: Սալարկղները զմռսված են խնամքով, չորս կողմերում և ծածկի սալի մակերեսին լցված մանր ու միջին չափի քարերը ամրացած են սպիտակավուն կավաշաղախով:

№ 1 սալարկղում թաղված էր միջին տարիքի «երկարագանգ» տղամարդ, աջ կողքի պառկած, խիստ կծկված վերջույթներով, № 2-ը հուշադամբարան էր, իսկ № 3-ում մարդկային մնացորդներ չկային (դամբարանն անաղարտ չէր):

Հայտնաբերվեցին ոչ մեծ ծավալների դարչնամոխրագույն և դեղնավուն մակերեսներով քրեղաններ, զարդարուն կճուճներ, սափոր՝ շուրթից սկսվող սա­պատաձև կանթով, գլանաձև գավաթ, բրոնզե քառակող օղ, սարդիոնե ուլունքներ, կոճակաձև իրեր՝ ծարիրից: Աչքի է ընկնում շագանակագույն, երկկոնաձև իրանով, լայնաշուրթ, կենդանակերպ, ծավալային քանդակներով և ծորանով պաշ­տա­մուն­քային կճուճը: Շուրթի վրա կետիկներով պատկերված են յոթ ճա­ռա­գայ­թա­ձև փնջեր: Քանդակներից երկուսը հավանաբար խոյեր են (մեկի գլուխը կո­տր­ված է), մյուսը՝ առյուծ: Սրանք շրջանակված են վերադիր հատիկներով: Խոյը արական սկիզբ ունի: Ըստ Շիրակացու մատենագրության, խոյի համաստեղության մեջ  մտնում են յոթ աստղեր (հիշենք կճուճի շուրթի յոթ լուսատուները): Առյուծն ամառային արևի, կրակի խորհրդանիշն է: Կճուճն օգտագործվել է կրակի, ջրի կամ տիեզերական մարմինների, լուսատուների հետ կապված արարողությունների ժամանակ: Այստեղ առյուծն ու ծորանը հակադիր են՝ դեմ դիմաց, ինչպես կենդանակերպում՝ առյուծն ու ջրհոսը:

Կճուճն իր զուգահեռներն ունի արդի Հայաստանի հատկապես հյուսիսային շրջաններում (Նոյեմբերյան, Սանահին, Այրում, Իջևան, Լոռի Բերդ, Թեղուտ և այլն), հանդիպում են մ.թ.ա. II հազ. վերջի և մ.թ.ա. I հազ. սկզբի հուշարձաններում` կապվելով որոշակի հավատալիքների հետ:

Կուրթանի վաղ երկաթեդարյան դամբարանները կարող են թվագրվել մ.թ.ա. XI-IX դդ.:

№ 4 դամբարանի դամբանախուցը հիմնահողային էր, անկանոն ուղղանկյունաձև, հյուսիս-արևելք հարավ-արևմուտք փոքր թեքությամբ: Հատակին, միջին տարիքի երկարագանգ տղամարդու կմախք էր, պառկած աջ կողքի, կծկված վերջույթներով:

Հայտնաբերվեցին տասը կավամաններ. խոհանոցային՝ մրոտ և կոպիտ, նաև զարդարուն և շքեղ կճուճներ, քրեղաններ, գավաթ և այլն:

Առավել հատկանշական են երկու մեծ, սև փայլեցրած կճուճներն իրենց ձևով ու հարդարման եղանակով (փայլանախշ ակոսագոտիներ), ինչպես նաև գնդաձև, ոլորանախշ գոտիով շքեղ կճուճը, կատարված՝ սանրատամ, բութ գործիքի միջոցով: Նման զարդագոտիներ ունեն Լճաշենի (III դամբանաբլուր), Լոռի Բերդի (դամբարան №15), Թրելիի (Թբիլիսի), Ուդաբնոյի (Կախեթիա) մ.թ.ա. II հազարամյակի կեսերով թվագրվող կճուճները: Նույն զարդանախշը սև կավամանների վրա երբեմն կատարվում են կարմիր և սպիտակ ներկերի միջոցով: Միջին բրոնզում, այն սիրված զարդաձև էր ոսկերչության մեջ: Ոլորանախշ (մեանդր) գոտին իր կրկնվող, ռիթմիկ ձևերով, հավանաբար արտահայտում է կյանքի հարատևությունը, իսկ գալարներով՝ օձին, որպես խոնավության և արգասավորման խորհրդանիշ: Հիշյալ դարաշրջանին հատուկ են նաև լայնաբերան, կոպիտ կճուճ-կաթսաները, որոնք հանդես են գալիս հարուստ դամբարաններում, շքեղ, ոլորանախշված կճուճների հետ (Լոռի Բերդ, դամբարան №15): Կուրթանի №4 դամբարանը թվագրվում է մ.թ.ա. XV-XIV դարերով:

Ի տարբերություն Լոռի Բերդի, Կուրթանի ուշ բրոնզի և վաղ երկաթի դամբարաններում զգալի են կարմրադեղնավուն մակերեսներով կավամանների առկայությունը և մետաղի սակավությունը: Կուրթանում գերակշռում են խոշոր եղջերավոր անասունների ոսկորները:

Կուրթանի շրջանաձև կրոմլեխներ ունեցող սալարկղային դամբարանների մասին, ժամանակին հիշատակել է պրոֆ. Հարություն Մարտիրոսյանն իր հիմնավոր աշխատանքում: Քննարկելով ավերված մի դամբարանի մետաղյա իրերը` գտնում է, որ դրանք քիչ են հանդիպում Հայաստանում, կապեր են դրսևորում սկյութական դամբարանների նյութերի հետ և թվագրում է դրանք մ.թ.ա. VI-V դարերով (տես՝ А.А. Мартиросян, Армения в эпоху бронзы и раннего железа, Ереван, 1964, с. 181-191, табл. XXXII).

 

Գրականություն

  • Դևեջյան Ս., Հոբոսյան Ս., Դամբարանների պեղումներ Լոռու մարզի Կուրթան գյուղում, Հին Հայաստանի մշակույթը, XIV, Երևան 2008, էջ 113-127:

 

պ.գ.թ. Սեդա Դևեջյան