ԱՄՆ-ի հայ համայնքի բանահյուսական արդի մշակույթը

Ամերիկահայոց բանավոր արդի մշակույթը ցարդ ամբողջական և համակարգված ուսումնասիրության չի ենթարկվել ոչ հայրենիքում, ոչ սփյուռքում, քանի որ հատուկ գիտական գործուղումներ չեն եղել այդ նպատակն իրականացնելու ուղղությամբ: Ամերիկահայոց բանավոր ավանդությունը հայ ժողովրդի բազմադարյան մշակույթի բաղկացուցիչ մասը կազմելով՝ հիմնականում զարգացել է ազգային ավանդների հիման վրա, սակայն, նմանությունների հետ միասին, այն ներառում է նաև խիստ ինքնատիպ յուրահատկություններ, որոնք պայմանավորված են օտարության մեջ նրանց ապրած անցյալ ու ներկա կյանքի պատմական, հասարակական ու քաղաքական հանգամանքներով:

1979, 1989, 2001, 2008 թթ. շուրջ 30 տարիների ընթացքում, թեպետ ընդմիջումներով, բայց պարբերաբար ԱՄՆ կատարած իմ անձնական և գիտաժողովային 4 ուղևորությունների (Նյու Յորք, Բոստոն, Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելես, Ֆրեզնո, Մայամի) ընթացքում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել հայ համայնքի ավագ, միջին և կրտսեր սերունդների ներկայացուցիչների հետ, գրի առել և ձայնագրել նրանց հաղորդած տարաբնույթ նյութերը (շուրջ 1500 միավոր), որոնք հանգամանալից գիտական վերլուծությունն ու հետազոտությունը ուշագրավ նոր արդյունքներ կարող են արձանագրել հայ արդի մշակութաբանության ասպարեզում:

Այժմ սույն նյութերի գիտական համակարգմամբ և տեսական հետազոտմամբ պետք է կատարվի պլանավորվող աշխատությունը: Հետազոտությունը բաղկացած է լինելու ներածությունից և երեք գլուխներից:

Ներածության մեջ ներկայացվելու է կատարված աշխատանքը, ամերիկահայ բանահյուսության գիտական հետազոտության ընդհանուր նպատակն ու խնդիրները:

1. Պատմաբանագիտական ակնարկում տրվելու է ընդհանուր պատկերացում ԱՄՆ-ի հայ համայնքի կազմավորման մասին՝ սկսած 1618 թվից, երբ առաջին հայը ոտք է դրել Ամերիկա, ապա՝ ուսանելու նպատակով ԱՄՆ մեկնած հայ երիտասարդների և պանդուխտ արհեստավորների ու մշակների հոսքը, և ի վերջո՝ համիդյան ջարդերի և Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի գաղթը…: Պատմական փաստերը հիմնավորվելու են ականատես-վերապրողների հուշերով և պատմական երգերով, ինչպես նաև մտավորականներից իմ կատարած հարցազրույցների մեջբերումներով:

2. ԱՄՆ-ի հայ համայնքի բանավոր ավանդության տարբեր ժանրերի տիպաբանական առանձնահատկությունների հետազոտություն.  ժանրերի, թեմաների, կերպարների, պատմական դեպքերի ու դեմքերի ընդհանուր բնութագիրը, քանակային վերլուծության մեթոդով և  խրոնոսոցիոլոգիական աղյուսակի միջոցով պարզվելու է բանասացների սեռատարիքային խմբերի նրանց հաղորդած նյութերի ինքնատիպ յուրահատկությունները:

3. Հայոց ընդհանուր մշակութաբանական ավանդների և ամերիկահայերի տարբեր սերունդների հաղորդած բանահյուսական նյութերի փոխառնչությունները, կապված աշխարհագրական տեղաշարժերի և ժամանակի գործոնի հետ, ժանրերի, թեմաների և կերպարների, նաև այլ պարագաների կրած փոփոխությունները տարբեր ժամանակների ընթացքում, ինչպես նաև բանասացների սեռատարիքային խմբերի և բանահյուսական նյութերի փոխհարաբերությունները:

Սույն հետազոտությունը իր էությամբ և բովանդակությամբ նորույթ լինելով՝ իր ինքնատիպությամբ կարող է նպաստել նոր սերունդների գաղափարախոսության զարգացմանը. պարզ կդառնա, թե ինչպես ազգային ավանդական մշակույթը օտարության մեջ ինչպիսի փոփոխությունների  և ձևախեղումների կարող է ենթարկվել՝ իր հետ միասին փոխելով նաև սերունդների ազգային ինքնության դրսևորման մակարդակը: Դրանով իսկ կբացահայտվի աշխարհասփյուռ հայության բանահյուսական մշակույթի արդիական արժեքն ու նշանակությունը:

 

Վերժինե Սվազլյան