Ստորաբաժանման խնդիրն է
Ստորաբաժանման անցյալն ու ներկան
Համայնքային ուսումնասիրությունների գիտահետազոտական խումբը ստեղծվել է 2023 թվականին: Չնայած այն նորաստեղծ ստորաբաժանում է, սակայն նրա անդամները փորձառու մասնագետներ են (ղեկավար՝ պ.գ.թ. Լիլիթ Սիմոնյան), որոնք զբաղվում են հատկապես ժողովրդական քրիստոնեության խնդիրներով՝ համատեղելով ազգագրական և բանագիտական սկզբնաղբյուրները: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում հատկապես Տավուշի մարզում, հետագայում նախատեսվում է ձեռք բերված փորձառությունը տարածել ՀՀ մյուս մարզերում:
Խմբի ուսումնասիրության ոլորտները և ուղղությունները
Համայնքային ուսումնասիրությունների գիտահետազոտական խմբի նպատակն է հնարավորինս լայն ընդգրկումով հետազոտել և դուրս բերել համայնքների մշակութային, մասնավորապես հոգևոր-կրոնական կյանքի ընդհանրություններն ու առանձնահատկությունները՝ դիտարկելով դրանք ամբողջ Հայաստանի հանրապետության կտրվածքով։ Մյուս նպատակն է կադրերի պատրաստմամբ և ենթակառույցների ստեղծմամբ ձևավորել կրթական համապատասխան միջավայր։
Ուսումնասիրությունների հիմնական ուղղություններն են.
Այս հետազոտական ուղղություններից յուրաքանչյուրը կարևոր նշանակություն ունի համայնքային մշակութային և զբոսաշրջային, հետևաբար նաև տնտեսական զարգացման, ինքնության ամրապնդման և հայրենաճանաչողության համար։
Խմբի իրականացրած ուսումնասիրությունները
Նախքան խմբի ստեղծումը մեկնարկել էր դրա անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում մասնավոր անձանց ու ընտանիքների սեփականությունը համարվող և պահպանվող, ընտանեկան ու համայնքային պաշտամունքի առարկա հանդիսացող ձեռագիր և տպագիր սուրբ գրքերի (ավետարաններ, հմայիլներ, ախտարքներ և այլն) ուսումնասիրությունը, թվայնացումը և հանրայնացումը (Գալուստ Գյուլբենկան հիմնադրամի օժանդակությամբ), որը շարունակվում է նաև խմբի կազմավորման ու գործունեության ընթացքում։ Ուսումնասիրվել և ուսումնասիրվում են բազմաթիվ բնակավայրերի ժողովրդական քրիստոնեության սրբավայրերը (ՀՀ բոլոր մարզերի ներգրավմամբ), կատարվող ուխտագնացությունները՝ համալիր ընդգրկումով։
Միջազգային համագործակցությունը
Ներկայումս խումբը համագործակցում է Սոֆիայի համալսարանի (“St. Kliment Ohridski” Center for Slavo-Byzantine Studies), Ռուսաստանի ԳԱ Դաղստանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Մոսկվայի Էկոնոմիկայի Բարձրագույն դպրոցի, Պետերբուրգի Ռուսական ազգագրական թանգարանի հետ։
Արտերկրի գիտնականների հետ դաշտային հետազոտական ծրագրերի շրջանակներում կազմակերպվում են գիտարշավներ, հրատարակվում են հոդվածներ, նախապատրաստվում են բնագրերի և գիտական աշխատանքների հրապարակումներ։
Խմբի կազմակերպած գիտական միջոցառումները
Երկու տարի շարունակ խումբը կազմակերպվել է ամառային դպրոց Տավուշի մարզի Նոյեմբերյան համայքում։ Խմբի անդամները դպրոցներում և մշակույթի տներում պարբերաբար հանդես են գալիս դասախոսություններով ու սեմինարներով։ Նախատեսվում է նաև իրականացնել աշխատաժողովներ և գիտաժողովներ։
Խմբի գիտական հրատարակությունները
Խմբի հետազոտական աշխատանքների արդյունքում տասնյակ հոդվածներ և մի քանի մենագրություններ են տպագրվել Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում։ Պաշտամունքի առարկա հանդիսացող գրքերի ուսումնասիրության ծրագրի արդյունքների հիմքով ստեղծվել է «Տան Սուրբ ձեռագրեր» կայքը, որտեղ բաց հասանելիությամբ տեղադրված են թվայնացված բոլոր նյութերը, այդ նյութերի մասին թվային ցուցահանդեսը, որը զետեղվել է Google Art and Culture համացանցային հարթակում։ Այս ծրագրի ներքո կատարված ձեռագիր սուրբ գրքերի թվայնացման նյութերի հիման վրա հրատարակվել է էլեկտրոնային երկլեզու պատկերագիրք՝ «Տան Սուրբ ձեռագրեր» - “Home Saint Manuscripts” անվանումով։ Ներկայումս պատրաստվում է ծրագրի մյուս արդյունքների հրատարակումը։
Խմբի անդամները հրատարակել են նաև մի շարք մենագրություններ և հոդվածներ, որոնք նվիրված են ժողովրդական տոներին և ծեսերին, ժողովրդական սրբավայրերին, պաշտամունքի ձևերին և առարկաներին, հայազգի և հայոց համար հատուկ կարևորություն ունեցած սրբերին (Ս. Հակոբ Մծբնեցի, Ս. Ստեփանոս Տեր Հուսկան Որդի, Ս. Գրիգոր Նարեկացի, Ս. Գևորգ և այլն), աստվածաշնչյան կերպարներին (Նոյ Նահապետ, Նեմրութ և այլն), նոր նահատակներին և նրանց թաղումների հայտնաբերմանը՝ ՀՀ-ում և արտերկրում, այդ թվում՝ «Этнографическое обозрение», “Iran and the Caucasus”, “Scrinium: Journal of Patrology and Critical Hagiography”, «История и этнография Кавказа» և այլ ամսագրերում։
Խմբի ներկայիս ուսումնասիրության ոլորտները
Ներկայումս խմբի անդամներն իրականացնում են հայ ժողովրդական քրիստոնեությանը նվիրված լայնածավալ ուսումնասիրություն, որի շրջանակներում դիտարկվում են Հայ Առաքելական Ս. Եկեղեցու դարերի ընթացքում փոփոխությունների ենթարկված և տարբեր փուլերին բնորոշ ձևերով ժողովրդական քրիստոնեության մեջ պահպանված, նաև կերպարանափոխված ու վերաիմաստավորված ծեսերը, տոներն ու արարողությունները, մշակութային այլազան ազդեցությունները։
Գիտահետազոտական խմբի ուշադրության կենտրոնում է համայնք-սրբավայր փոխհարաբերությունը՝ նաև էթնիկական տեղաշարժերի, խորհրդային շրջանի ազդեցության, աթեիզմի և ժողովրդական քրիստոնեության փոխառնչության տեսանկյունից։ Առանձին հետազոտություն է կատարվում սրբերի, աստվածաշնչյան կերպարների ժողովրդական ընկալման, պաշտամունքի առարկա հանդիսացող գրքերի, խաչերի, շաշպաների և սպասքի կիրառման հին և նոր ձևերի վերաբերյալ։ Խմբի ուսումնասիրության շրջանակում են նաև երազները, տեսիլները, հրաշքները, հրաշալի բուժումների ձևերը և դրանց առնչվող խորհրդանշական պատկերացումների ողջ համակարգը։