Ստորաբաժանման խնդիրն է
Ստորաբաժանման անցյալն ու ներկան
Ներածություն
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի 60-ամյա պատմությունը խորհրդանշորեն առնչվում է հայ վիմագրագիտության հիմնարար փուլի հետ, ինչի կարևորագույն ցուցիչ կարելի է դիտարկել արդեն 1960 թվականին (ինստիտուտի հիմնադրումից մեկ տարի անց) ընթերցողին մատուցված հայերեն վիմական արձանագրությունների՝ ժամանակակից գիտության մեթոդներով ու սկզբունքներով կազմված առաջին ժողովածուն՝ «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի անդրանիկ հատորը (պրակը):
Յուրաքանչյուր քաղաքակիրթ ազգի պատմության ուսումնասիրման հիմնաքարը արժանահավատ գրավոր սկզբնաղբյուրների առկայությունն ու դրանց անաչառ օգտագործումն է: Ըստ այդմ, մեծապես կարևորվում է այդ վավերագրերի հավաքման, վերծանության ու գիտական պատշաճ մակարդակով հրապարակման գործընթացը, ինչն իր ավարտական տեսքն է ստանում նշյալ դիվանների կազմմամբ: Հայագիտական իրականության մեջ այդ ժողովածուների ստեղծման անհրաժեշտությունը գիտակցվել ու քննարկման առարկա է դարձել դեռևս XIX դարի վերջերին: Այդ և հետագա տասնամյակներում հայագիտության մի շարք նշանավոր այրեր՝ Մկրտիչ Էմին, Կարապետ Բասմաջյան, Հրաչյա Աճառյան, Կարապետ Կոստանյան, Երվանդ Լալայան և այլք, քայլեր կատարեցին այդ գաղափարի իրականացման ուղղությամբ:
Բնագավառի զարգացման համար հիշարժան դարձավ Խորհրդային Հայաստանի կառավարության 1938 թվականի օգոստոսի 20-ի որոշումն արձանագրությունների ժողովածու-դիվանի հրատարակման նպատակով դրամական միջոցներ հատկացնելու մասին: Սակայն առաջին համաշխարհային պատերազմի դժնդակ տարիները, հետպատերազմյան սոցիալ-տնտեսական ծանր վիճակը երկրին հնար չտվեցին միջոցներ տրամադրել հիշյալ նպատակով, և միայն 1954 թվականին Հայաստանի ԳԱ-ն կարողացավ անդրադառնալ վիմագրագիտական աշխատանքների ծավալման ու հրատարակման խնդիրներին: Այդ իրադարձության ժամանակակից ու անմիջական մասնակից Սեդրակ Բարխուդարյանը պատմում է, որ ակադեմիայի նախագահության որոշմամբ գործին գլուխ կարգվեց ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Վերջինիս խնդրանքով Հայաստանում աշխատանքների անմիջական ղեկավարումը ստանձնեց Սեդրակ Բարխուդարյանը:
Վիմագրության բաժնի ստեղծումը
Չնայած վիմագրագիտության մոտ հարյուրամյա պատմության՝ պատմագիտության այդ ճյուղի գիտական, կազմակերպչական, մեթոդաբանական պատշաճ գործընթացը սկզբնավորվեց միայն 1960-ական թվականների սկզբին, երբ Հայաստանի գիտությունների ակադեմիայի կազմում 1959 թվականի հունիսին ստեղծվեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտը՝ ի սկզբանե ներառելով նաև Վիմագրության բաժինը (էպիգրաֆիկայի սեկտոր): Վարիչի պարտականությունները նույն թվականի հուլիսի 20-ի հրամանով դրվում են Սեդրակ Բարխուդարյանի վրա: Մոտ մեկ ամիս անց, 1959 թվականի օգոստոսի 7-ի հրամանով հաստատվում է վիմագրական արշավախմբի կազմը. արշավախմբի պետ՝ Ս. Բարխուդարյան, կրտսեր գիտաշխատողներ՝ Գևորգ Տիրացյան, Գրիգոր Կարախանյան, Զոհրաբ Ղասաբյան, Գեդեոն Միքայելյան, ճարտարապետ՝ Յուլի Թամանյան և լուսանկարիչ՝ Արտաշես Վրույր։ Հրամանում նշված է նաև արշավախմբի 1959 թվականի աշխատանքների պլանը. վիմագրական նյութերի և գերեզմանական հուշարձանների հարթաքանդակների հավաքում Բասարգեչարի (ներկայիս Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջան) շրջանում և հետազոտական պեղումների կատարում նույն շրջանի Ակունք գյուղի մոտ գտնվող հին հուշարձանի տարածքում։ Նույն թվականին վիմագրեր են հավաքվում նաև Հրազդանի շրջանից և Լեռնային Ղարաբաղից:
Լուրջ խնդիր էր էպիգրաֆիկայի սեկտորի կադրային համալրումը: Ալեքսանդր Մանուչարյանը դարձավ վիմագրության գծով առաջին ասպիրանտ: 1961 թվակականին բաժնին անդամագրվեց ապագա նշանավոր բանասեր-վիմագրագետ Սուրեն Ավագյանը, իսկ 1962 թվականին՝ Գրիգոր Գրիգորյանը: Սեկտորի հիմնադիր կազմը վերջինը համալրեց Աբրահամ Շահինյանը (1963 թ․), որի ուսերին դրվեցին նաև էպիգրաֆիկայի և Գառնիի արշավախմբերի լուսանկարչական աշխատանքները (Հրամանագիրք, 2 ապրիլի, 1963 թ․): Սեկտորում 1961-1963 թվականներին աշխատել է ուրարտագիտության երախտավոր Մարգարիտ Իսրայելյանը:
Մեծանուն հայագետ-վիմագրագետներ Նիկողայոս Մառի և Հովսեփ Օրբելու արժանի ժառանգորդ, հայագիտության նշյալ ճյուղի խոշորագույն գիտակ, վաստակաշատ Սեդրակ Բարխուդարյանը, մինչ իր մահը (1970 թ․), բաժնի աշխատակիցներ Ալեքսանդր Մանուչարյանի, Սուրեն Ավագյանի, Գրիգոր Գրիգորյանի և Աբրահամ Շահինյանի մասնակցությամբ իրականացրեց հսկայածավալ գիտահավաքչական ու հրատարակչական գործունեություն: 1960 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին խումբը լինում է ներկայիս Վարդենիսի տարածաշրջանի 15 բնակավայրերում, իսկ 1 շաբաթ անց Սեդրակ Բարխուդարյանը, Գրիգոր Կարախանյանը և Արտաշես Վրույրը մեկնում են Լեռնային Ղարաբաղ: Դատելով հետագա գործընթացներից՝ ղարաբաղյան արշավախումբն առանձնահատուկ նշանակություն ուներ Սեդրակ Բարխուդարյանի համար, ինչի վկայությունն էին հաջորդ տարիներին կայացած գործուղումները և ոչ միայն բուն մարզի, այլև հարակից Քարվաճառի ու Քաշաթաղի (Լաչինի) շրջաններում, նույնիսկ Բաքվի շրջակայքում, Կուբա քաղաքում: Այս առնչությամբ ուշագրավ է Հրամանագրքում պահպանված մի փաստաթուղթ, համաձայն որի՝ 1970 թվականի ապրիլին բաժնի կրտսեր գիտաշխատող Ա. Շահինյանը գործուղվում է Բաքու՝ Ադրբեջանի պատմության ինստիտուտի հետ բանակցություններ վարելու՝ Կուրի ձախափնյա շրջաններում համատեղ վիմական արձանագրություններ հավաքելու համար (Հրամանագիրք 7, ապրիլի 1970 թ․): Կայացած համաձայնությունների հիմամբ, համատեղ արշավախումբը մեկ ամիս (օգոստոսի 3-սեպտեմբերի 3) եղավ հարևան հանրապետության Սալյանի, Նուխիի, Շամախի, Վարդաշենի, Խաչմասի շրջանները՝ հայերեն և արևելյան լեզուներով վիմական արձանագրությունները հավաքելու նպատակով (Հրամանագիրք, 30 հունիսի 1970 թ․):
«Դիվան հայ վիմագրության» մատենաշարը
Անտարակույս, Վիմագրության բաժնի՝ հայագիտության մեջ ունեցած ամենախոշոր ներդրումը «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի պրակների հրատարակությունն է: 1960-ական թվականներին բաժնի ջանքերով լույս ընծայվեցին մատենաշարի առաջին 3 պրակները:
Առաջին պրակն ընդգրկում է Անիի վիմագրական ժառանգությունը (266 վիմագիր, կազմող՝ Հովսեփ Օրբելի):
Երկրորդ պրակը վերաբերում է Սյունիքի Սիսիանի, Գորիսի, Կապանի շրջանների վիմագրերին (427 վիմագիր, կազմող՝ Սեդրակ Բարխուդարյան):
Երրորդ պրակը ներառում է Վայոց ձորի Եղեգնաձորի և Ազիզբեկովի (ներկայիս՝ Վայքի) շրջանների վիմագրերը (813 վիմագիր, կազմող՝ Սեդրակ Բարխուդարյան):
1970-1986 թվականներին բաժնի աշխատանքները համակարգեց ինստիտուտի տնօրեն, մեծավաստակ հնագետ-պատմաբան, ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանը, որի օրոք հայագետների սեղանին դրվեց Դիվան-ի ևս 3 պրակ։
Չորրորդ պրակն ընդգրկում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Կամոյի (ներկայիս՝ Գավառի), Մարտունու և Վարդենիսի ենթաշրջանների և Ճամբարակի տարածաշրջանի մի քանի գյուղերի վիմագրերը (1527 վիմագիր, կազմող՝ Սեդրակ Բարխուդարյան):
Հինգերորդ պրակը նվիրված է խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և նրան հարակից Բերձորի, Քարվաճառի, Կուրի աջափնյա շրջանների հուշարձանների վիմագրերին (1071 վիմագիր, կազմող՝ Սեդրակ Բարխուդարյան):
Վեցերորդ պրակը ներկայացնում է ներկայիս ՀՀ Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի վիմագրերը (365 վիմագիր, կազմողներ՝ Սուրեն Ավագյան, Հռիփսիմե Ջանփոլադյան):
Համաձայն բաժնի հեռանկարային պլանի՝ 1979 թվականի հունիսին Ալեքսանդր Մանուչարյանը վիմագրահավաք գործունեությամբ գործուղվեց Լեհաստան: Երկամյա գործուղումների շնորհիվ նրան հաջողվեց ընդօրինակել հայերեն, լեհերեն, ղփչաղերեն 200-ից ավելի արձանագրություն:
1986-2011 թվականներին բաժնի գիտահավաքչական գործունեությունը վարեց Գրիգոր Գրիգորյանը, որի վիմագրագիտական հետաքրքրություններն առավելապես ընդգրկում էին հայկական գաղթօջախների վիմագրական ժառանգությունը: Այդ ուղղությամբ կատարված հետազոտությունների արդյունքում դիվանների շարքը լրացվեց ևս 2 պրակով։
Յոթերորդ պրակն ընդգրկում է Ուկրաինայի 40-ից ավելի քաղաքների և այլ տիպի բնակավայրերի հայկական հուշարձանների և մի շարք թանգարանների հայագիր առարկաների վրայի արձանագրություններն, ինչպես նաև Մոլդովայի 5 քաղաքների հայկական կոթողների արձանագրությունները (776 վիմագիր, կազմող՝ Գրիգոր Գրիգորյան):
Ութերորդ պրակում ամփոփված են Ռուսաստանի Դաշնության Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ քաղաքների, Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերի, Ռոստովի և Աստրախանի մարզերի, Թաթարստանի, Հյուսիսային Օսիայի, Չեչնիայի և Դաղստանի հանրապետությունների հայկական և հայերին վերաբերող վիմագրերն ու թանգարանային առարկաների մակագրությունները (815 վիմագիր, կազմող՝ Գրիգոր Գրիգորյան):
Երջանկահիշատակ Սեդրակ Բարխուդարյանի արխիվում ձեռագիր վիճակում պահպանվել էր Դիվան-ի ևս 2 պրակ, որոնց խմբագրման, լրացման ու հրատարակման գործն ի կատար ածեցին բաժնի աշխատակիցները, ինչի արդյունքում հայ ժողովրդի պատմության աղբյուրագիտական հենքը հարստացավ մատենաշարի ևս 2 պրակով։
Իններորդ պրակում ներկայացված է ՀՀ Լոռու մարզի և հարևան Տավուշի Նոյեմբերյանի ենթամարզի հուշարձանների վիմագրական ժառանգությունը (1190 վիմագիր, պատ․ խմբագիր՝ Գագիկ Սարգսյան):
Տասներորդ պրակում ներառված են պատմական Շիրակ գավառի արևելյան հատվածի կամ ՀՀ Շիրակի մարզի կոթողներից գրառված X-XX դարերին վերաբերող վիմագրերը (190 վիմագիր, պատ․ խմբագիրներ՝ Գագիկ Սարգսյան, Արսեն Հարությունյան և Կլարա Ասատրյան):
Ներկայումս վիմագրության բաժինը պատրաստում է տպագրության «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի հերթական պրակները, որոնք ընդգրկում են Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում գտնվող հուշարձաններն ու վիմագրերը: Արագածոտնի մարզի վիմագրական ժառանգությունն ընդգրկող պրակը կազմում է Աշոտ Մանուչարյանը, Կոտայքի մարզինը՝ Գագիկ Սարգսյանը, Արմավիրի մարզինը՝ Արսեն Հարությունյանը, Արարատի մարզինը՝ Հայկ Հակոբյանը: Նախկինում հրատարակված պրակներից տարբեր պատճառներով դուրս մնացած արձանագրությունների հավաքմամբ ու լրացուցիչ պրակների պատրաստմամբ զբաղվում են բաժնի աշխատակիցներ Ս. Ադամյանը և Ս. Խուրշուդյանը:
Բաժնի այլ հրատարակությունները
«Դիվան հայ վիմագրության» մատենաշարի հետ մեկտեղ բաժնի կողմից միջնադարագիտության մի շարք հիմնախնդիրների լուսաբանմանը նվիրված աշխատություններ են հրատարակվել։
1960-70-ական թվականներ
Բաժնի գործունեության սկզբնական շրջանում Սեդրակ Բարխուդարյանի կողմից հրատարակվել են «Հայոց Արևելից կողմանց» պատմության առանցքային իրողությունների քննախույզ մեկնությունները․ «Տապանագիր Համամ իշխանի անունով» (1964 թ․), «Դերբենդի հայ-աղվանական թագավորությունը» (1969 թ․), «Արցախի, Շաքիի և Փառիսոսի իշխանությունները IX-X դդ.» (1971 թ․)։ Առանձնակի գիտական արժեք ու հետաքրքրություն են ներկայացնում միջնադարյան վանքերին, նրանց տեղադրության ճշգրտման, սոցիալ-տնտեսական մի շարք բառեզրերի ու երևույթների քննության և այլ հարցերին նվիրված ծավալուն ուսումնասիրությունները, ինչպիսիք են «Գեղարքունիքի մելիքներն ու տանուտերերը ըստ Տաթևի վանքի մի փաստաթղթի» (1967 թ․), «Սոցիալ–տնտեսական բովանդակության արձանագրություններ և դիտողություններ» (1971 թ․): Ս. Բարխուդարյանի բացառիկ ուսումնասիրություններից է միջնադարի շինարար-վարպետների կյանքին ու գործին նվիրված «Միջնադարյան հայ ճարտարապետներ ու քարգործ վարպետներ» աշխատությունը (1963 թ․), որի «հերոսներն» են 68 ճարտարապետ, 139 խաչքար և տապանաքար կերտող, ինչպես նաև 62 գրիչ:
Ալեքսանդր Մանուչարյանի կողմից հրատարակվել է «Քննություն Հայաստանի IV-XI դարերի շինարարական վկայագրերի» աշխատությունը (1977 թ․): Այն իր տեսակի մեջ առաջինն էր, երբ առանձին ուսումնասիրության առարկա էր դառնում նույն բնույթի վիմագրերի մի խումբ: Հեղինակը շինարարական բնույթի արձանագրությունների ընձեռած տեղեկատվության շնորհիվ, լայնորեն օգտագործելով նաև մատենագիր սկզբնաղբյուրները` պարզում և ճշգրտում է բազում պատմաճարտարապետական հուշարձանների կառուցման ու նորոգման ժամանակագրությունը, շինարարության մեկենասներին ու ճարտարապետ-վարպետներին, անդրադառնում միջնադարի հոգևոր ու աշխարհիկ կառույցների ճարտարապետական առանձնահատկություններին։
Վիմագրագիտության մեջ Սուրեն Ավագյան լեզվաբան-գրաբարագետի կողմից հրատարակվել են այնպիսի մնայուն աշխատություններ, ինչպիսիք են «Վիմական արձանագրությունների հնչյունաբանություն» (1973 թ․) և «Վիմական արձանագրությունների բառաքննություն» (1978 թ․) մենագրությունները։ Առաջինն առայժմ միակ ուսումնասիրությունն է, որի քննության առարկան վիմագրերի լեզուն է, փորագրողի կամ տեքստակազմ հեղինակների լեզվամտածողությունը, լեզվաոճական ու բարբառային առանձնահատկություններն ու օրինաչափությունները: Երկրորդը, կարծես, միջնադարյան բազմադեմ իրականության ճշգրտված, ուղղված, ստուգաբանված ու մեկնաբանված իրողությունների վավերական արտացոլումն է: Քննության առարկան ու հենքը բառն է, լինի դա մարդու, երևույթի, վայրի, որևէ հարկատեսակի, իրադարձության անուն կամ անվանում, լինեն դրանք միակ, թե քանիցս հիշատակված, շարադրված, լինեն դասական գրաբարով, թե աղավաղված, պակաս գրագիտությամբ կամ բարբառով: Այդ իսկ պատճառներով Սուրեն Ավագյանի նախորդ և հատկապես այս գիրքը դարձել են մասնագետների կողմից առավել արժևորված և հղվող ուսումնասիրություններ։
1960 թվականին «Էջմիածին» ամսագրի հինգ համարներում տպագրվեց Աբրահամ Շահինյանի «Հայկական խաչքարի արվեստը» հոդվածաշարը, որը կարելի է համարել հայկական միջնադարյան այդ զարմանահրաշ կոթողների քննական ուսումնասիրության դրվատելի օրինակ: Նրա հետագա մի շարք հոդվածներում քննարկման առարկան նույնպես խաչքարերն ու նրանց նախատիպերը համարվող վիշապ ու քառանիստ կոթողներն էին:
Գրիգոր Գրիգորյանի կողմից նշված ժամանակահատվածում հրատարկվել է Սյունյաց երկրամասի պատմությանը նվիրված «Սյունիքի վանական կալվածատիրությունը 9-13-րդ դարերում» (1973 թ․) ծավալուն աշխատությունը, որը 1967 թվականին պաշտպանած թեկնածուական ատենախոսության թեման էր։
1980-90-ական թվականներ
Բաժնի գործունեության այս շրջանում նշանակալից հրապարակումների շարքին է դասվում Սուրեն Ավագյանի «Վիմագրական պրպտումներ» խիստ արժեքավոր հոդվածների ժողովածուն (1986 թ․)։ Ուշադրության է արժանի գրքի առաջաբանի հեղինակ, նշանավոր լեզվաբանբանասեր Ռաֆայել Իշխանյանի՝ հեղինակին տրված կարճ բնութագրականը` «Հայ վիմագրագիտության բնագավառում Ս. Ավագյանը բացառիկ դեմք էր …Նա շարունակեց և նկատելիորեն առաջ մղեց այն գործը, որի երախտավորներն էին Ն. Մառը, Հ. Օրբելին, Կ. Ղաֆադարյանը, Ս. Բարխուդարյանը»։
1981 թվականին լույս տեսավ Գրիգոր Գրիգորյանի «Սյունիքը Օրբելյանների օրոք» աշխատությունը, իսկ 1984 թվականին՝ Աբրահամ Շահինյանի «Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները․ IX- XIII դդ. խաչքարերը» գիրքը։ Վերջինիս առանձնակի արժեք է հաղորդում կոթողներին զետեղված վիմագրերի՝ հիմնականում հեղինակային վերծանությունների առկայությունը:
1990-2000-ական թվականներ
Այս շրջանում բաժնի աշխատակից Գրրգոր Գրիգորյանի ջանքերով հրատարակվեցին «Սյունիքի պատմություն. բուհական դասագիրք» (2001 թ․), «Очерки истории Сюника (9-15 вв.)» (2004 թ․) գրքերը և մի շարք հոդվածներ: Հեղինակի գրչին է պատկանում նաև առայժմ միակ «Հայկական վիմագրություն» բուհական դասագիրքը։ 2007 թվականին լույս տեսավ նրա «Վահանավանք» ուսումնասիրությունը, իսկ 2 տարի անց՝ «Վահանավանքի վերածնունդը. հնագետի օրագրից» էսսեն (2009 թ․): Առաջինում ամփոփված են հուշարձանի պատմությունը, հնագիտական պեղումների արդյունքները, հայտնի և նորահայտ վիմական արձանագրությունները։ Իր տեսակի մեջ եզակի գրքում ներկայացվում են «Վահանավանքի պեղումների ընթացքում տեղի ունեցած առավել հիշարժան դեպքերն ու իրադարձությունները»՝ համեմված հեղինակի հիշողություններով։ Սյունյաց պատմության մի ժամանակահատվածի քննախույզ ուսումնասիրությանն էր նվիրված «Սյունիքի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական պատմությունը XIII-XV դդ.» 1985 թվականին պաշտպանած դոկտորական ատենախոսությունը: 2011 թվականին լույս է տեսել նաև Սեդրակ Բարխուդարյանի «Страницы из истории Арцаха и армяно-албанских отношений» աշխատությունը։
1992-2000 թվականներին վիմագրության բաժնին անդամակցել է բազմաթիվ վիմագրագիտական գրքերի ու հոդվածների հեղինակ Արգամ Այվազյանը: Նրա բեղուն հետազոտությունների հիմնական ոլորտը Նախիջևան գավառի պատմամշակութային ժառանգությունն է, որին էլ նվիրված են նրա 280-ից ավելի աշխատությունները (48-ը՝ գրքեր): Նրա ստեղծագործությունների կարևորագույն բաղկացուցիչն են տարածաշրջանի վիմական արձանագրությունների վերծանություններն ու հրատարակությունները` ամփոփված «Նախիջևանի վիմագրական ժառանգությունը» մատենաշարի վեց հատորներում․
Ա՝ Ջուղա (1.200 վիմագիր, 2004 թ․)
Բ՝ Ագուլիս (715 վիմագիր, 2005 թ․)
Գ՝ Գողթն (447 վիմագիր, 2007 թ․)
Դ՝ Երնջակ (850 վիմագիր, 2008 թ․)
Ե՝ Նախճավան, Շարուր (345 վիմագիր, 2009 թ․)
Զ՝ Ճահուկ, Շահապոնք (296 վիմագիր, 2010 թ․)
Հայ վիմագրագիտության բնագավառում հետք ունի նաև պ.գ.դ., պրոֆ. Լևոն Սարգսյանը: 2006 թվականին նա պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Հայաստանի նվիրատվական արձանագրությունները IX-XIV դդ.» թեմայով, որը 2007 թվականին հրատարակվեց որպես գիրք: Լևոն Սարգսյանը հեղինակ է նաև վիմագրագիտական մի քանի հոդվածների:
Ներկայիս աշխատանքները
Վիմագրության բաժնի մերօրյա աշխատանքներն իրականացնում են բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող, պ.գ.թ. Արսեն Հարությունյանը, ավագ գիտաշխատողներ՝ պ.գ.թ. Գագիկ Սարգսյանը, պ.գ.թ. Աշոտ Մանուչարյանը, գիտաշխատող, պ.գ.թ. Սուսաննա Ադամյանը, կրտսեր գիտաշխատողներ Ռուբեն Գասպարյանը, Սաթենիկ Խուրշուդյանը և ավագ լաբորանտ Արևիկ Գափոյանը:
Բաժնի վարիչ Արսեն Հարությունյանը հեղինակ է 11 մենագրության և մոտ 100 հոդվածների: Հիշատակելի է Վաղարշապատի վիմագրական ժառանգությանը նվիրված նրա մենագրությունը, ուր ամփոփվեցին 700-ից ավելի վիմագրեր (2016 թ․): Արսեն Հարությունյանի գլխավոր գործը ՀՀ Արմավիրի մարզի Դիվան-ի կազմումն է, սակայն դրան զուգահեռ հեղինակի գիտական հետաքրքրությունների ոլորտում են նաև պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրությունը, աղբյուրագիտական տարաբնույթ խնդիրների քննությունը: Դրա առհավատչյան ուսումնասիրողի՝ Տաթևի վանքին և հարակից հուշարձաններին նվիրված աշխատություններն են, որոնցից նշելի է հատկապես վերջերս լույս տեսած Տաթևի վանքի գրավոր ժառանգությանը նվիրված անգլալեզու մենագրությունը (Երևան, 2024):
Գագիկ Սարգսյանը երկար տարիներ զբաղվել է ՀՀ Կոտայքի մարզի վիմական արձանագրությունների հավաքման, ուսումնասիրության և Դիվան-ի Կոտայքի մարզի պրակի կազմման աշխատանքներով: Ղեկավարել ու մասնակցել է մի շարք պատմաճարտարապետական ու հնագիտական հուշարձանների պեղման աշխատանքներին (Սպիտակի քարանձավային բնակավայր, Թեղենյաց վանք, Միրաքի եկեղեցի): Հեղինակ և հեղինակակից է 3 գրքերի և մոտ 70 հոդվածների: Առաջիկայում կհարտարակվի Գ. Սարգսյանի կազմած «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի Կոտայքի մարզի վիմագրերն ամբողջացնող պրակը:
Աշոտ Մանուչարյանը Արևիկ Գափոյանի աշխատակցությամբ ավարտին է հասցրել «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի Արագածոտնի մարզի պրակի կազմման աշխատանքները: Աշոտ Մանուչարյանի գրչի արդյունք են 5 մենագրություններ և 70-ից ավելի հոդվածներ` նվիրված ինչպես վիմագրագիտության, այնպես էլ միջնադարի հայոց պատմության տարբեր խնդիրների քննությանը:
2009-2023 թթ. բաժնում է աշխատել նաև պ.գ.թ. Հայկ Հակոբյանը, որն առավելապես զբաղվել է վիմագրագիտական ժառանգության ուսումնասիրությամբ, ինչի կարևոր վկայությունը դարձավ 2016 թվականին Հ. Օրբելու արխիվային թողոնի՝ Գանձասարի և Հավոցպտուկի արձանագրությունների ժողովածուի հրատարակությունը:
Գիտաշխատող Սուսաննա Ադամյանի գիտական պրպտումների շրջանակում է հայ տեղագիր հեղինակների` Մեսրոպ Սմբատյանցի, Մակար Բարխուդարյանցի և այլոց երկերում առկա վիմագրական ժառանգության ուսումնասիրությունը: Նա վիմագրական հավաքչական աշխատանքներ է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի այն տարածքներում, որոնք դուրս են մնացել Դիվան-ի համապատասխան պրակից: Ընդօրինակել է մի քանի տասնյակ նորահայտ արձանագրություններ: Նրա գիտական հունձքը մեկ տասնյակից ավելի հոդվածներն են:
Ռուբեն Գասպարյանը հրատարակել է մեկ տասնյակից ավելի հոդված՝ նվիրված զարգացած միջնադարի մի քանի պատմամշակութային հուշարձանների և իշխանական դասի մի շարք նշանավոր ներկայացուցիչների կյանքի ու գործունեության ուսումնասիրությանը:
ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի շրջանի սահմանային գյուղերի վիմագրական ժառանգության ուսումնասիրությամբ է զբաղվում բաժնի կրտսեր գիտաշխատող Սաթենիկ Խուրշուդյանը, որը սկսել է հավաքագրել նաև հայ մամուլում վկայված վիմագրական ժառանգությունը:
Բաժնի ավագ լաբորանտ Արևիկ Գափոյանը հիմնականում իրականացնում է մասնագիտական գրքերի թվայնացման և մեր երախտավորների՝ հրատարակության պատրաստվող վաղ հրատարակությունների վերաշարման աշխատանքները, որի արդյունքում առաջիկայում հրատարակության կպատրաստվի վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանի գիտական ժառանգությունն ամփոփող մեծադիր հատորը:
Վերջում միանգամայն տեղին ենք համարում հիշել և արժանին մատուցել նաև բաժնի շնորհաշատ գրչանկարիչներին` երջանկահիշատակ Նորայր Խանզադյանին, վաղամեռիկ Լևոն Ավագյանին և մեր օրերում այդ գործն իրականացնող Գևորգ Համբարձումյանին: