Ստորաբաժանման խնդիրն է
Ստորաբաժանման անցյալն ու ներկան
Ներածություն
Հին Հայաստանի հնագիտության բաժնի անցած ուղին օրինաչափորեն արտացոլում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական և կազմակերպչական գործունեության շարժընթացը։
Դեռևս 1960-ական թվականների վերջերին ինստիտուտը գտնվում էր Խ. Աբովյանի հրապարակի՝ «Պլանի գլխի» մոտակայքում գտնվող նախահեղափոխական Երևանի գիմնազիայի տնօրենի առանձնատանը։ Այս բնակելի շենքը, չնայած իր ճարտարապետական արժանիքներին, տարածքի սղությունից ելնելով՝ ամենևին չէր համապատասխանում գիտական հիմնարկի պահանջներին։ Եվ դա էր պատճառներից մեկը, որ անտիկ և միջնադարյան հնագիտության մասնագետները գործում էին մի փոքր սենյակում տեղակայված միացյալ բաժնում, որը ղեկավարում էր լուսահիշատակ Կարո Ղաֆադարյանը։ Նման արհեստական սիմբիոզի մյուս, ավելի կարևոր պատճառը՝ ինստիտուտի անբավարար ֆինանսավորումն էր և դրանից բխող գիտական կադրերի զգալի պակասը։ Վերջինից դրդված, այդ տարիներին ուսումնասիրվող մի շարք անտիկ և այլ հուշարձանների պեղման աշխատանքներում ներգրավվում էին նաև որոշ աշխատակիցներ ակադեմիայի այլ ինստիտուտներից (Սիմոն Կրկյաշարյան, Հրաչ Բարթիկյան, Մարգարիտ Իսրայելյան, Զոհրաբ Ղասաբյան և այլք)։
Չնայած վերոհիշյալ անբարենպաստ հանգամանքներին, բաժնի մասնագետների ջանքերով հաջողությամբ ընթանում էին Գառնիի և Արմավիրի համակարգված պեղումները (ղեկ.՝ Բաբկեն Առաքելյան), ուսումնասիրվում Հացավանի ամրոցը (ղեկ.՝ Գևորգ Տիրացյան), Ջրառատի, Աթարբեկյանի դամբարանադաշտերը (ղեկ.՝ Գևորգ Տիրացյան, Հարություն Մնացականյան) և այլ հուշարձաններ։ Միաժամանակ, բաժնի աշխատակիցներից Գևորգ Տիրացյանը տարիներ շարունակ մասնակցում էր Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Լենինգրադի Էրմիտաժի համատեղ ծրագրով ընթացող Կարմիր բլուրի պեղումներին։
Բաժնի գործունեության սկզբնական փուլը
1971 թվականին Հնագիտության և ազգագրության ինստիտուտը տեղափոխվեց իր ներկայիս շենքը, և այլ բարեփոխումների հետ մեկտեղ, կանոնակարգվեց նաև նրա կառուցվածքը։ Ձևավորվեց Անտիկ Հայաստանի հնագիտության բաժինը (հետագայում՝ Հին Հայաստանի հնագիտության բաժին), որը ղեկավարեց ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանը, իսկ 1973 թվականից սկսած՝ Գևորգ Տիրացյանը։ Բաժինը համալրվեց մի շարք նոր աշխատակիցներով և նշանակալիորեն ընդլայնեց հետազոտական աշխատանքների շրջանակները։ 1986 թվականին բաժնի վարիչի պաշտոնում Գևորգ Տիրացյանին փոխարինեց Ժորես Խաչատրյանը, իսկ 2005 թվականից սկսած՝ Մկրտիչ Զարդարյանը։
Հին Հայաստանի հնագիտության բաժնի կյանքում 1970-80-ական թվականները նշանավորվեցին մի շարք ակնառու ձեռքբերումներով, որոնք նախանշեցին նրա զարգացման հետագա ուղին։ Նախաձեռնվեցին Հայաստանի և ողջ Անտիկ Արևելքի եզակի հուշարձաններից մեկի՝ մայրաքաղաք Արտաշատի սիստեմատիկ պեղումները (ղեկ.՝ Բաբկեն Առաքելյան (1970-1985 թթ․), Ժոռես Խաչատրյան (1986-2015 թթ․), Մկրտիչ Զարդարյան (2016 թ․ մինչ օրս): Նոր թափ ստացան Գառնիի (ղեկ.՝ Ժոռես Խաչատրյան) և Արմավիրի (ղեկ.՝ Գևորգ Տիրացյան (1973-1992 թթ․), Ինեսա Կարապետյան (1993 թ․ սկսած մինչ օրս) ուսումնասիրությունները, հնագիտական աշխատանքներ տարվեցին Կարճաղբյուրի, Թմբադիրի (ղեկ.՝ Ինեսա Կարապետյան), Ակունքի (ղեկ.՝ Ժոռես Խաչատրյան, Մկրտիչ Զարդարյան, Հասմիկ Մանուկյան), Տաճարաբակի, Դիտակի անտիկ հուշարձաններում (ղեկ.՝ Ֆելիքս Տեր-Մարտիրոսով), սկսվեցին Շիրակավանի (ղեկ.՝ Ֆելիքս Տեր-Մարտիրոսով, Գրիգոր Կարախանյան) և մի շարք այլ բնակավայրերի պեղումները։ Դվինում, միջնադարյան քաղաքի մշակութային ժառանգության ծավալուն հետազոտությանը զուգահեռ, սկիզբ առավ հուշարձանի անտիկ շերտի նպատակային քննությունը (ղեկ.՝ Գայանե Քոչարյան)։ Նշանավոր անտիկ հուշարձանների շարունակական ուսումնասիրության հետ մեկտեղ, բաժնի աշխատակիցները ակտիվորեն մասնակցում էին նաև տարբեր նորակառույցների տարածքների փրկարարական պեղումներին (Անուշավան, Երերույք և այլն)։
Ակնառու է նաև բաժնի գիտնականների ակադեմիական հետազոտությունների ծավալը։ Մենագրությունների տեսքով հրատարակվել են Բաբկեն Առաքելյանի և Ժոռես Խաչատրյանի Արտաշատի հետազոտման առաջին փուլին և քաղաքային դամբարանադաշտի պեղումներին նվիրված «Արտաշատ» գրքի երկու հատորները (1975 և 1981 թթ․), Բաբկեն Առաքելյանի «Ակնարկներ հին Հայաստանի արվեստի պատմության (1976 թ․), Գևորգ Տիրացյանի «Культура древней Армении: VI в. до н.э. - III в. н.э., по археологическим данным» (1988 թ․), Երվանդյան շրջանի նյութական ժառանգությանը և Դվինի անտիկ շերտի պեղումներին նվիրված «Հայաստանի նյութական մշակույթը մ.թ.ա. VI-IV դդ.» (2003 թ․) և «Դվին III. Դվինը անտիկ դարաշրջանում» (1991 թ․) աշխատանքները: Անտիկ հնագիտության կարևոր խնդիրները լուսաբանվել են Հայաստանում և արտերկրում հրատարակված բազմաքանակ հոդվածներում։
Ավանդականորեն նշանակալի էր նաև բաժնի ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ աշխատակիցների ակտիվ մասնակցությունը տարբեր հանրապետական, համամիութենական և միջազգային գիտաժողովներին։ Նույնքան կարևոր էր այն հանգամանքը, որ բաժինը հանդես էր գալիս ոչ միայն որպես գիտական ֆորումների մասնակից, այլև որպես դրանց կազմակերպիչ։ Մասնավորապես, 1976 թվականին բաժնի ողջ անձնակազմը ներգրավվեց Երևանում գումարված անտիկագետների «Eirene» XIV միջազգային գիտաժողովի կազմակերպման գործին: 1980-1988 թվականներին բաժնի աշխատակիցների ջանքերով Երևանում ընթացան Արևելա-հելլենիստական մշակույթի խնդիրներին նվիրված երեք թեմատիկ սիմպոզիումները, որոնց արդյունքում ձեռք բերված մի շարք ընդհանրական մոտեցումները դարձան ուղեցույցային անտիկ աշխարհի մշակութային, քաղաքական ու տնտեսական փոխգործակցության բարդ խնդիրների հետագա ուսումնասիրության գործում։
Բաժինը միջազգային գիտական համագործակցության ասպարեզում
1980-ական թվականների ավարտից հետո երկրում ծավալված արմատական փոխակերպումներն իրենց բացասական անդրադարձն ունեցան նաև Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտական աշխատանքների վրա։ Այդ տարիներին նշանակալիորեն նվազեց Հին Հայաստանի հնագիտության բաժնի մասնագետների կողմից ուսումնասիրվող հուշարձանների քանակը, կասեցվեցին Գառնիի ամրոցի տասնամյակներ շարունակ ընթացող պեղումները, կանգ առան Կարճաղբյուրում և մի շարք այլ հուշարձաններում տարվող աշխատանքները, իսկ Արմավիրի և Արտաշատի երբեմնի ծավալուն հետազոտությունները տարվում էին զգալի ընհատումներով: Սակայն, հենց այս ժամանակաշրջանից սկսած, ինստիտուտի տնօրեն Գևորգ Տիրացյանի ջանքերով սկիզբ դրվեց ինստիտուտի, ինչպես նաև Հին Հայաստանի հնագիտության բաժնի միջազգային համագործակցության ծրագրերին։ Դրանցից առաջիններին՝ հայ-ամերիկյան «IPARC» (1990-95 թթ․, ղեկ.՝ Ռուբեն Բադալյան, Ֆիլիպ Քոլ) և «ArAGATS» (1995 թվականից սկսած, ղեկ.՝ Ռուբեն Բադալյան, Ադամ Սմիթ) հնագիտական ծրագրերին բաժնից մասնակցեց Մ. Զարդարյանը։ Հայ-ֆրանսիական ծրագրի շրջանակներում ընթացող Ախթամիրի պեղումներին (1994-1995 թվականներ, ղեկ.՝ Հակոբ Սիմոնյան) անդամակցեց Ինեսա Կարապետյանը։ Բաժինը որոշակի ներդրում ունեցավ նաև Սևանի ավազանի ուրարտական հուշարձանների ուսումնասիրությունն իրականացնող հայ-իտալական արշավախմբի աշխատանքներում (ղեկ․՝ Սիմոն Հմայակյան, Ռաֆայելե Բիշոնե)։ Հայ-ֆրանսիական հաջորդ հնագիտական ծրագիրն ուղղվեց Բենյամինի նշանակալի բնակավայրի հետազոտմանը (1999-2007 թթ․, ղեկ.՝ Ֆելիքս Տեր-Մարտիրոսով, Համազասպ Խաչատրյան, Ստեֆան Դեշամպ)։
2000-ական թվականներից ի վեր, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական աշխատանքներում նկատելի դրական շարժընթացին զուգահեռ, հետզհետե կանոնավորվեցին նաև Հին Հայաստանի հնագիտության բաժնի հետազոտությունները։ Վերսկսվեցին Արտաշատի, Արմավիրի համակարգված պեղումները, նախաձեռնվեց Երվանդաշատ հուշարձանահամալիրի ուսումնասիրությունը (2005-2014 թթ․, ղեկ.՝ Ֆելիքս Տեր-Մարտիրոսով)։ Հայ-ֆրանսիական ծրագրի շրջանակներում պեղումներ տարվեցին Էրեբունիի քաղաքային տեղամասում (2007-2009 թթ․, ղեկ.՝ Ֆելիքս Տեր-Մարտիրոսով, Ստեֆան Դեշամպ)։ Արարատյան դաշտավայրի քաղաքների հետ մեկտեղ սկիզբ դրվեց նաև պատմական Հայաստանի կարևորագույն նահանգներից մեկի՝ Սյունիքի անտիկ հուշարձանների ու մշակույթի նպատակային ուսումնասիրությանը։ Այն իրագործվեց հայ-ամերիկյան «Որոտան» (2005-2008 թթ․, ղեկ.՝ Մկրտիչ Զարդարյան, Սյուզան Էլքոք) և «Սյունիք» (2015 թ․, ղեկ.՝ Մկրտիչ Զարդարյան, Դենիել Փոթս) միջազգային ծրագրերի, ինչպես նաև Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ջանքերով (2012-2017 թթ․, ղեկ.՝ Մկրտիչ Զարդարյան): Շուրջ 30 հուշարձանների (Շաղաթ 1, Շաղաթ 3, Բալակ, Ույծ, Աղիտու, Աշոտավան-Տոլորս և այլ) պեղումներին ու հետախուզմանը զուգահեռ, աշխատանքներ տարվեցին Սյունիքի պատմական հաղորդացանցի բացահայտման ուղղությամբ (2010-2011 թթ․, ղեկ.՝ Մկրտիչ Զարդարյան)։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արտաշատի արշավախմբի կողմից անտիկ քաղաքի Գետամերձ թաղամասի սիստեմատիկ պեղումների հետ մեկտեղ (ղեկ.՝ Ժոռես Խաչատրյան (2003-2015 թթ․), Մկրտիչ Զարդարյան (2016 թ․ սկսած մինչ օրս) նոր միջազգային ծրագրեր իրագործվեցին հուշարձանի ընդլայնված հետազոտման ուղղությամբ։ Հայ-լեհական «Փոքր Վեդի» ծրագրով (2016-2018 թթ․, ղեկ.՝ Մկրտիչ Զարդարյան, Օ. Կուբրակ) ուսումնասիրվեցին մայրաքաղաքի հյուսիսարևելյան արվարձանները՝ Տրայանոս կայսեր լայնածավալ արձանագրության հայտնաբերման գոտում։ 2018 թվականից գործող Հայ-գերմանական «Artaxata» ծրագրով (ղեկ.՝ Մկրտիչ Զարդարյան, Ախիմ Լիխտենբերգեր) հետազոտվում են Արտաշատի 13-րդ բլուրը և քաղաքի դաշտավայրային թաղամասերը (Ստորին քաղաք)։
2009-2019 թվականներին բաժինը մեծ ներդրում ունեցավ նաև Արցախի Տիգրանակերտի հնագիտական հետազոտման գործում։ Քաղաքի պեղումներին տարիներ շարունակ մասնակցեց Ինեսա Կարապետյանը, որոշ տարիներին՝ Ժոռես Խաչատրյանը, Հասմիկ Մարգարյանը, Լիլիթ Մինասյանը։ Այս աշխատանքներին զուգահեռ, 2008-2014 թվականներին բաժնի աշխատակիցներ Ինեսա Կարապետյանն ու Հասմիկ Մարգարյանը անդամակցեցին նաև Վայոց ձորի Գետափ 1 բազմաշերտ (ուրարտական և անտիկ) ամրոցի պեղումներին։
Ծավալուն դաշտային աշխատանքներին համահունչ ընթացան նաև բաժնի գիտնականների ակադեմիական ուսումնասիրությունները, որոնցից շատերը հրապարակվեցին արտերկրի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի ու Ռուսաստանի հեղինակավոր մասնագիտական ամսագրերում ու ժողովածուներում։ Նույնքան լայն է նաև բաժնի մասնագետների կողմից անդամակցած գիտաժողովների աշխարհագրությունը, որը ծավալվում է Արևելքից (Չինաստան, Հնդկաստան, Իրան) մինչև Եվրոպական երկրներ, ԱՄՆ և Կանադա։
Ձևավորման սկզբից ևեթ բաժինը հանդես եկավ որպես անտիկագետների խորը մասնագիտացման տարածաշրջանային դպրոց։ Բաբկեն Առաքելյանի և Գևորգ Տիրացյանի ջանքերով այստեղ իրենց գիտական մկրտությունը ստացավ հայ գիտնականների առնվազն երկու սերունդ։ Բաժնում իրենց տարաստիճան գիտական թեզերն են պատրաստել ինչպես ինստիտուտի բազմաթիվ աշխատակիցներ, այնպես էլ մասնագետներ Հայաստանի գիտությունների ակադեմիայի այլ հումանիտար ինստիտուտներից ու արտերկրի համապատասխան հաստատություններից։
Տասնամյակներ շարունակ Հին Հայաստանի հնագիտության բաժնի մասնագետները դասավանդել և դասավանդում են Հայաստանի և արտերկրի տարբեր բարձրագույն կրթական հաստատություններում։ Դրանց ցանկն ընդգրկում է Երևանի պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Երևանի Մանկավարժական և արվեստի ակադեմիաները և այլն: 1994-1995 թվականներին Մկրտիչ Զարդարյանը դասախոսություններ է կարդացել ԱՄՆ Վելլեսլի քոլեջում և Հարվարդի Ռուսական հետազոտությունների կենտրոնում, իսկ 2004 թվականին, որպես հրավիրյալ պրոֆեսոր, դասավանդել է Չիկագոյի համալսարանում:
Ներկայումս բաժինը, արդի հնագիտության հետազոտական տենդենցներին ու հնարավորություններին համահունչ և, միաժամանակ, պահպանելով իր հիմնադիրների ձևավորած բարի գիտական ավանդույթները, շարունակում է Անտիկ Հայաստանի մշակույթի և պատմության բազմակողմանի ուսումնասիրությունը։