ԻՐԻՆԴԻ ՎԻՇԱՊԱՔԱՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՇԱՊԱՔԱՐԵՐԸ

 

Հայաստանի բարձր լեռներում մինչ օրս պահպանվել են յուրահատուկ հուշարձաններ, որոնց ժողովուրդն ավանդաբար կոչում է «վիշապաքար»:

Ինչպես խաչքարերն, այնպես էլ վիշապաքարերը հանդիպում են միայն Հայկական լեռնաշխարհում: Նրանց տարածման կենտրոններն են Արագած և Գեղամա լեռները: Այսօր հայտնի է այս հուշարձանների մոտ 150 օրինակ:

Վիշապաքարերն ունեն 150-550 սմ բարձրություն, պատրաստված են մոխրագույն քարից՝ անդեզիտից կամ բազալտից, և ըստ ձևի ու պատկերագրության բաժանվում են երեք խմբի`

 1. ձկնակերպ (քանդակված ձկան տեսքով),

2. ցլակերպ (քառակող, դիմային հատվածում ցլի գլխի և վար ընկած ոտքերի պատկերով),

3. ձկնացլակերպ (կրում են նախորդ երկուսի հատկանիշները):

Վիշապաքարերը լայնորեն կիրառվել են բրոնզի դարում և մասնավորապես Ք.ա. 2-րդ հազարամյակում, սակայն չի բացառվում, որ նրանց արմատները գնում են ավելի վաղ ժամանակաշրջաններ:

Վիշապաքարերը գտնվում են իրենց սկզբնական տեղում` ծովի մակերևույթից մինչև 3000 մ բարձրության վրա, կանգնած և/կամ ընկած վիճակում: Հնում նրանք հիմնականում կանգնած են եղել: Վիշապաքարերի մեծ մասն ի հայտ է գալիս խմբերով, քչերը` մեկուսի, ջրով հարուստ հարթ հրապարակներում, կլոր քարաշար հարթակների մեջ, իսկ շրջակայքում առկա են դամբարաններ, ժայռապատկերներ, աշտարակաձև կառույցներ: 

 

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Արարարտ-Էսքիջյան թանգարան, Լոս Անջելես

ԱրխեոԱրթ և Լաբ ՀԿ, Հայաստան

«Վիշապ» ծրագիր, Հայաստան-Իտալիա

 

 

     

Նկ. 1. Վիշապաքարերի տարածույթը և քանակը

 

 

Նկ. 2. Վիշապների տիպերը

 

 

 

ԻՐԻՆԴԻ ՎԻՇԱՊԱՔԱՐԸ

 

Անվանումը – Իրինդ 1

Տիպը – Ցլակերպ` հովազի և նրա մորթու հավելյալ պատկերով կենտրոնական հատվածում   

Նյութը – Բաց մոխրագույն բազալտ

Պահպանվածությունը – Լավ

Չափսը – 337x85x49 սմ

Սկզբնավայրը – Իրինդ գյուղ, Գիր սար բլուրի արևմտյան լանջ, Արագածի լեռնահամակարգ

Բարձրությունը ծովի մակարդակից – 1977 մ

Համատեքստը – Անհայտ. մելորացիոն աշխատանքները ավերել են անմիջական համատեքստը (հավանաբար գտնվել է կրոմլեխ-հարթակի մեջ): Շրջակայքում կան ամրոց-բնակավայր, դամբարանադաշտ, սրբավայր, ցից քարերով կրոմլեխ

Հայտնաբերման պատմությունը – 1970-ական թթ. վերջի և 1980-ական թթ. սկզբի մելորացիոն աշխատանքների ժամանակ կոթողը նախնական տեղից հանվել և բերվել է բլրի ստորին` արևմտյան հատված: «Վիշապ» ծրագրի արշավախումբը հայտնաբերել է կոթողը 05.10.2014 թ.:

 

 

 

Նկ. 3. Իրինդ 1-ը հայտնաբերման պահին և շրջելուց հետո. 2014 և 2015 թթ.

 

Նկ. 4. Իրինդ 1-ի գծանկարը