Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Իրադարձություններ

Մասնակցություն «Միջերկրականի միջնադարյան և ժամանակակից խեցեղենի XIV համագումարին», Ռավեննա-2024

Մասնակցություն «Միջերկրականի միջնադարյան և ժամանակակից խեցեղենի XIV համագումարին», Ռավեննա-2024

Սույն թվականի նոյեմբերի 18-23-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Միջնադարյան հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող, պ․գ․թ․ Աստղիկ Բաբաջանյանը՝ “Luxury in Red: Exploring Fine Red Burnished Wares in Medieval Armenian Ceramic Production and Consumption”, Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի ղեկավար, պ․գ․դ․ Համլետ Պետրոսյանը` “Transcaucasian Jars for Wine Serving and Medieval Feast” և նույն բաժնի գիտաշխատող, պ․գ․թ․ Տատյանա Վարդանեսովան (համահեղինակ Էլիզա Պրունո)՝ “Rethinking the medieval Dvin glazed ceramics from the collection of the History Museum of Armenia as social marker: the first assessment” զեկուցումներով մասնակցեցին Իտալիայի Ռավեննա և Ֆաենցա քաղաքներում կայացած «Միջերկրականի միջնադարյան և ժամանակակից խեցեղենի XIV համագումարին» (XIV Congress AIECM3, Ravenna 2024, https://www.aiecm3ravenna.com /):   Կարմրափայլ խեցեղենի ֆենոմենը, որն այդքան բնորոշ է Հայկական լեռնաշխարհին զարգացած միջնադարում, գրեթե անծանոթ է արևմուտքում։ Այսպիսով, թեման զգալի հետաքրքրություն առաջացրեց Միջերկրականի ավազանի երկրների միջնադարյան խեցեղենի փորձագետների շրջանակում, և քննարկումների շնորհիվ բացահայտվեց, որ նմանատիպ տեխնիկայով հարդարված խեցեղեն ի հայտ է գալիս Բուլղարիայում, որտեղ 11-12-րդ դարերում հայկական համայնք էր հաստատվել, որն էլ, ըստ երևույթին, նման տեխնոլոգիան շարունակել է կիրառել հայրենիքից դուրս։ Համագումարը հիանալի հնարավորություն տվեց գիտելիքների փոխանակման, քննարկումների խթանման և համագործակցության հնարավորություններ ստեղծելու համար Միջերկրական ծովի տարբեր երկրների փորձագետների հետ: Համաժողովին մասնակցությունը հնարավոր դարձավ Հ․ Հովնանյան ընտանիքի հիմնադրամի տրամադրած ֆինանսավորման շնորհիվ։          

2024-11-23

«Հայոց վիպերգերը՝ եվրոպական բալլադների ուսումնասիրության համատեքստում» թեմայով բանախոսություն

«Հայոց վիպերգերը՝ եվրոպական բալլադների ուսումնասիրության համատեքստում» թեմայով բանախոսություն

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում տեղի ունեցավ հերթական բանախոսությունը՝ նվիրված Հայոց վիպերգերին։ ՀԱԻ Բնագիտության բաժնի կողմից «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում «Հայոց վիպերգերը՝ եվրոպական բալլադների ուսումնասիրության համատեքստում» թեմայով հանդես եկավ բ․ գ․ թ․ Լուսինե Հայրիյանը։

2024-11-21

Հնագիտության և ազգագրության ինստիտուտում  կայացավ գիտաժողով՝ նվիրված վիմագրագետ, հուշարձանագետ Սուրեն Սաղումյանի 90 ամյակին

Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կայացավ գիտաժողով՝ նվիրված վիմագրագետ, հուշարձանագետ Սուրեն Սաղումյանի 90 ամյակին

Նոյեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ)  կայացավ գիտաժողով՝ նվիրված վիմագրագետ, հուշարձանագետ Սուրեն Սաղումյանի 90 ամյակին։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀԱԻ տնօրեն, պ․ գ․ թ․, դոցենտ Արսեն Բոբոխյանը, պ․գ․ դ․, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀԱԻ գիտական ղեկավար Պավել Ավետիսյանը և ՀԱԻ Վիմագրության բաժնի վարիչ, պ․ գ․ թ․ Արսեն Հարությունյանը, ովքեր բարձր գնահատեցին Ս․ Սաղումյանի դերը հայոց պատմության, հնագիտության, առավելապես վիմագրության և հուշարձանների պահպանության գործում։ Սուրեն Տիգրանի՝ այդպես սիրով ու մտերմաբար են ընկերները, մտերիմները, աշխատանքային ընկերները դիմել նրան։ Ս. Սաղումյանը ծնվել է 1934 թ․ Տավուշի մարզի Թովուզ գյուղում: 1959թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և մինչև կյանքի վերջին օրերը նվիրվել հուշարձանների ուսումնասիրման ու պահպանության հայրենանվեր գործին:   Գիտաժողովը կայացավ 2 նիստով։ Առաջին նիստը վարեց Արսեն Հարությունյանը։ «Նորահայտ քարագործ վարպետների անուններ Սուրեն Սաղումյանի արխիվից» խորագրով հետաքրքրիր բանախոսությամբ  հանդես եկավ պ․ գ․ թ․, ՀԱԻ գիտաշխատող Գագիկ Սարգսյանը։ Ներկայացրեց մի շարք անուններ, որոնք փորագրված են տարբեր վիմագրերում։ Ծնունդով աշտարակեցի, պ․ գ․ դ․ Գարեգին Թումանյանն անդրադարձավ Ս․ Սաղումյանի հեղինակած «Աշտարակ» աշխատությանը։ «Սուրեն Սաղումյանի վիմագրական վաստակը» զեկույցով ներկայացավ Արսեն Հարությունյանը։ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ, բ․ գ․ թ․ Հասմիկ Գալստյանը ներկայացրեց «Ազատ գյուղի տեղորոշումն ըստ վիմագրերի» զեկույցը։ Յուրահատուկ զեկույցով ներկայացավ Շիրակի փոխմարզպետ Աննա Մարտիկյանը։ «Մարդկության պատմության գոյության բոլոր այն հետքերը, որոնք 100 և ավելի տարիներ գտնվել են ջրի հատակին, համարվում են ջրասույզ հուշարձաններ և ՅՈՒՆԵՍԿՕ-ն դրանք դասում է «Ջրասույզ մշակութային ժառանգության» ցանկում»։ Իր «Ջրասույզ հուշարձանների պահպանության և վերականգնման միջազգային փորձն ու դրա կիրառման անհրաժեշտությունը Հայաստանում» զեկույցում տեղեկացրեց Ա․ մարտիկյանը, ով նաև ներկայացրեց այդ բնագավառում միջազգային փորձը։ Ճարտարապետ, ՀԱԻ աշխատակից Լիլիթ Տեր-Մինասյանի զեկույցը՝ «Եռաչափ վերականգնումները որպես հուշարձանների պահպանության վիրտուալ գործիք», նվիրված էր ժամանակակից գիտության խնդիրներին։ Երկրորդ նիստը վարեց ՀԱԻ Միջնադարյան հնագիտության բաժնի ղեկավար, պ.գ.թ. Դիաննա Միրիջանյանը։ Երկրոդ նիստի ընթացքում ներկայացվեցին ևս վեց զեկույց:  Պ․ գ․ դ․, պրոֆեսոր, ԵՊՀ և ՀԱԻ աշխատակից Համլետ Պետրոսյանի  «Գիրը և պատկերը․ Գանձասարի Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կառուցման արձանագրության և գմբեթի քանդակային հորինվածքի համադիր քննության փորձ» զեկույցը նվիրված էր Արցախին։ Ելույթ ունեցան նաև Դավիթ Վարդազարյանը՝ «Դարանիի սեպագիր արձանագրության վերծանման մի քանի փորձերի համեմատական քննություն և վերականգնման հեռանկարներ», Մերի Սաֆարյանը՝ «Հերմոնի վանքի հետախուզական պեղումների արդյունքներն ու նորահայտ վիմագրերը», Սաթիկ Խուրշուդյանը՝ «Վիմագրական ուսումնասիրություններ Գորիսի շրջանի Վաղատուր, Քարաշեն և Քարահունջ գյուղերում», Սուսաննա Ադամյանը՝ «Արիստակես եպիսկոպոս Սեդրակյան․ կյանքն ու գործունեությունը» և Մարիամ Հերգնյան՝ «Վանդալիզմի հոգեբանական հիմքերն ու առանձնահատկությունները» զեկույցներով։    

2024-11-15

«Հայերեն վիմագրերի թվայնացման հիմնախնդիրները (գործիքակազմը և սկզբունքները)»  խորագրով դասախոսություն

«Հայերեն վիմագրերի թվայնացման հիմնախնդիրները (գործիքակազմը և սկզբունքները)» խորագրով դասախոսություն

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ)  ընթերցասրահում կայացավ վիմագրության բաժնի կողմից նախաձեռնած «Հայերեն վիմագրերի թվայնացման հիմնախնդիրները (գործիքակազմը և սկզբունքները)» («Key Aspects of Digitizing Armenian Epigraphic Inscriptions: Tools and Principles») խորագրով դասախոսությունը։ Ներկա էին ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, փոխտնօրեն Տորք Դալալյանը, հնագետներ, ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր։ Վիմագրության բաժնի վարիչ, պ․գ․թ․ Արսեն Հարությունյանը ներկայացրեց բանախոսին՝ Լոզանի (Շվեյցարիա) դաշնային պոլիտեխնիկական ինստիտուտի Թվային հումանիտար հետազոտությունների ֆակուլտետի դոցենտ, բ. գ. թ. Համեստ Թամրազյանին, ով հանգամանալից ներկայացրեց վիմագրերի թվայնացման կարևորությունը, նպատակներն ու խնդիրները, թվայնացման գործիքակազմը, վիմագրերի՝ տարբեր լեզուներով թարգմանելու տարբերակները և այլ կարևոր իրողություններ։ Դասախոսության վերջում ներկաները հարցեր և առաջարկներ ուղղեցին բանախոսին

2024-11-09

ՀԱԻ աշխատակիցները մասնակցեցին

ՀԱԻ աշխատակիցները մասնակցեցին "Պատմության լուռ վկաները" խորագրով գիտաժողովին

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Վիմագրության բաժնի ղեկավար Արսեն Հարությունյանը, Մշակութային մարդաբանության բաժնի աշխատակիցներ Գայանե Շագոյանը, Գոհար Ստեփանյանը, Հասմիկ Կնյազյանը և Կիրառական մարդաբանության գիտահետազոտական խմբի կրտսեր գիտաշխատող Զարուհի Համբարձումյանը նոյեմբերի 5-6-ը մասնակցեցին "Պատմության լուռ վկաները" խորագրով գիտաժողովին՝ նվիրված Արցախի վտանգված ժառանգությանը: Գիտաժողովը կազմակերպել էր "Հիշատակարան մշակութային ժառանգության" կազմակերպությունը՝ Փարիզի INALCO համալսարանի հովանու ներքո, Ալիֆ (ALIPH) և Կիւլպէկեան հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ: Գիտաժողովի աշխատանքները մաս են կազմում Հայկական մշակութային ժառանգության փաստագրման և պահպանման ծրագրի: Գիտաժողովը տեսագրվել է և հասանելի է առցանց "Հիշատակարան" կազմակերպության ֆեյսբուկյան էջում <https://www.facebook.com/profile.php?id=61551728661840>. Արսեն Հարությունյանի և Գայանե Շագոյանի (համահեղինակներ՝ Գոհար Ստեփանյան, Հասմիկ Կնյազյան, Զարուհի Համբարձումյան)  զեկուցումների առցանց հղումները ստորև՝  https://www.facebook.com/61551728661840/videos/977985437400351 https://www.facebook.com/61551728661840/videos/1286251939217486/

2024-11-06

(c) 2020 Muzex - All rights reserved.