Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Ազգագրության բաժին

Ազգագրության բաժին

Ազգագրության բաժին

Ստորաբաժանման խնդիրն է

  1. Զբաղվել հայոց և հարևան ժողովուրդների նյութական և հոգևոր մշա­կույ­թի խնդիրներով (երկ­րա­գործություն, անասնապահություն, արհեստներ, տնայնագործություն, տա­րազ և զար­դեր, ժողովրդագրություն, խաղեր և ժամանց, հավատալիքներ, տո­ներ, ծիսական և ընտանեկան արարողություններ և այլն)­:
  2. Ժամանակաշրջանի տեսանկյունից՝ զբաղվել բոլոր պատմական շրջաններով՝ կենտրոնանալով XX դ. առաջին կեսից - մինչև արդիական զարգացումները:
  3. Զարգացնել ազգագրական գիտությունը Հայաստանում՝ նպաստելով համապա­տաս­խան կադրերի ներհոսքին և բնականոն սերնդափոխությանը:
  4. Ստորաբաժանումն իր աշխատանքներն իրականացնում է հետևյալ գործունեության ձևերով՝ դաշտային, թանգարանային, արխիվային/գրա­դա­րա­նա­յին, գրա­սենյակային:
  5. Ստորաբաժանման արտադրանքը չափվում է որակյալ գիտական հրապարակումներով (մե­նա­գրու­թյուն­ներ, ժողովածուներ, հոդվածներ), որոնք պետք է լինեն ակտուալ և նորարարական՝ կի­­րառելով ժամանակակից մեթոդներ, մասնակցած և կազ­մակերպած միջոցառումներով (գիտաժողովներ, սե­մի­նար­ներ ևն), դաշտային և լաբո­րատոր ար­դյու­նա­վետ աշխատանքով, միջազգային կապերի արդյունավե­տու­թյամբ (օտարերկրյա ռեսուրսների ներ­­գրավում, լաբորատորիաների հասա­նե­լիու­թյուն, մի­ջազ­գային գիտաժողովների մաս­նակ­ցություն), կադրային ներհոսքով, ատե­նա­­­խո­սու­թյունների պաշտ­պա­նու­թյամբ, մասնագիտական կարծիքների տրա­մադ­րմամբ:

 


Ստորաբաժանման անցյալն ու ներկան

Ներածություն

Հայ ազգագրության ակունքները հասնում են հնագույն ժամանակներ։ Հայկական լեռնաշխարհի վաղնջական բնակչության տնտեսության, կենցաղի, հավատալիքների վերաբերյալ սկզբնաղբյուրի նշանակություն ունեն հնագիտական պեղումներով ձեռք բերվող նյութերը: Ազգագրական բնույթի հարուստ նյութեր են պարունակում սեպագիր աղբյուրները՝ հատկապես Վանի թագավորության շրջանի բնակչության նիստուկացի, զբաղմունքների ու կրոնական պատկերացումների մասին: Ազգագրության համար չափազանց կարևոր են ժողովրդական բանահյուսության տվյալները, որտեղ արտացոլվել են ժողովրդի անցած ուղու գրեթե բոլոր բնագավառները։

Հայ պատմիչներից ազգագրական բնույթի ուշագրավ նյութեր են հաղորդում Ագաթանգեղոսը (V դ․), Փավստոս Բուզանդը (V դ․), Մովսես Խորենացին (V դ․), Ղազար Փարպեցին (V դ․), Հովհան Մանդակունին (V դ․), Մովսես Կաղանկատվացին (VII դ․), Հովհան Մամիկոնյանը (VII-VIII դդ․), Արիստակես Լաստիվերցին (XI դ), Թովմա Արծրունին (IX-X դդ), Կիրակոս Գանձակեցին (XIII դ), Ստեփանոս Օրբելյանը (XIII-XIV դդ), Առաքել Դավրիժեցին (XVI-XVII դդ), Զաքարիա Քանաքեռցին (XVII դ) և շատ ուրիշներ։ Հարևան ու այլ երկրների ժողովուրդների կենցաղի մասին արժեքավոր տեղեկություններ են հաղորդում Հեթում Պատմիչը (XIII-XIV դդ), Աբրահամ Կրետացին (XVII-XVIII դդ) և այլք։

Որպես գիտություն՝ ազգագրությունը ձևավորվում է XIX դարի սկզբից  ընդհուպ XX դարի սկզբներն ընկած ժամանակահատվածում: Մինչև XIX դարի կեսերը հիմնականում նյութեր են գրանցվել, իսկ արդեն 1870-80-ական թվականներին առաջացել է հավաքված նյութերի վերլուծության և մասնագիտական հարցարաններ ունենալու խնդիրը:

Հատկանշական է հատկապես Մխիթարյան միաբանության գիտնական հայրերի ավանդը նաև այս բնագավառում: Ականավոր հայագետ Ղուկաս Ինճիճյանը «Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի» (1835 թ) երկասիրության մեջ ներկայացնում է հայոց միջնադարյան պետական-նախարարական իրավական նորմերը, պալատական բարքերն ու սովորույթները, ռազմարվեստը։ Նա ուշագրավ տեղեկություններ է թողել նաև հայոց ամուսնական սովորույթների, կենցաղի, բարքերի, հուղարկավորման ծեսերի և այլնի վերաբերյալ, անդրադարձել է զբաղմունք­ներին, ճարտարապետությանն ու երաժշտությանը, հեթանոսության ու քրիստոնեության առնչություններին, հոգևորականների նիստուկացին, տարազներին և ծեսերին։

Մինաս Բժշկյանը նյութեր է հավաքել հայ և այլ ժողովուրդների կենցաղի ու մշակույթի վերաբերյալ։ Հատկանշական է նրա «Ճեմարան գիտելեաց» (1815 թ) ծավալուն դասագիրք-աշխատությունը, որտեղ շարադրված է հունա-հռոմեական դիցաբանությունը, տարբեր ժողովուրդների քաղաքակրթական առանձնահատկությունները, ինչպես նաև՝ «Պատմութիւն Պոնտոսի» (1819 թ) և «Ճանապարհորդութիւն ի Լեհաստան» (1830 թ) աշխատությունները, որոնցում հեղինակը ներկայացնում է հայոց և հարևան ժողովուրդների ազգագրական պատկերը։

Զգալի է Խաչատուր Աբովյանի վաստակը ազգագրության բնագավառում: 1840 թվականի «Ակնարկ Թիֆլիսում ապրող հայերի և հատկապես նրանց հարսանեկան սովորույթների մասին» գերմաներեն գրված ծավալուն հոդվածում նա ներկայացնում է քաղաքի եվրոպականացման գործընթացը և հայոց դերն այդ ասպարեզում։ Զուտ ազգագրական բնույթի ուսումնասիրություն է նրա «Գյուղական տների կառուցվածքը» (1834, գերմաներեն) հոդվածը: «Քրդեր և եզդիներ» (1845, գերմաներեն) աշխատությունը նվիրված է նրանց սովորույթներին, կրոնի կենցաղային-ծիսական դրսևորումնե­րին ևն: Ազգագրական և բանահյուսական անսպառ աղբյուր է նրա հայտնի «Վերք Հայաստանի» (1841) աշխատությունը:

Ազգագրական գիտության բուն հիմքերը դրվեցին XIX դարի կեսերին, որի դրոշակակիրը դարձավ Գարեգին Սրվանձտյանցը: Նա, Մկրտիչ Խրիմյանի (Հայոց Հայրիկ) հետ համագործակցելու և հոգևորականի իր կոչման բերումով, տասնամյակներ ի վեր շրջեց հատկապես Արևմտյան Հայաստանում ու ստեղծեց արժեքավոր մենագրություններ: Հատկապես նշանավոր են «Մանանա» (1876), «Թորոս աղբար» (1879-1884), «Համով-հոտով» (1884) աշխատությունները և բազմաթիվ հոդվածներ ժամանակի մամուլում, որտեղ ներկայացված է ժողովրդական մշակույթը։

Նշանակալից է Ղևոնդ Ալիշանի պատկառելի ներդրումը հայ պատմագիտության, ըստ այդմ՝ նաև ազգագրության բնագավառում, հիմնականում գրավոր աղբյուրների հիմամբ։ Նրա «Հին հաւատք կամ հեթա­նոսական կրօնք հայոց» (1895) երկասիրությունը հայոց հեթանոսական պատկերա­ցումների մի շտեմարան է, իսկ Մեծ Հայքի մի քանի գավառներին և Կիլիկյան Հայաստանին նվիրված պատմամշակութային մենագրությունները այսօր էլ մնում են չգերազանցված։

Մոսկվայի Լազարյան ճեմարանի ուսուցչապետ Գրիգոր Խալաթյանը 1887 թվականին հրատարակեց «Ծրագիր հայ ազգագրության և ազգային իրավաբանական սովորությունների» առաջին ուղեցույց ծրագիր-հարցարանը, որը բաղկացած է 500 հարցից։

Հայ ազգագրական գիտության ձևավորման բնագավառում կարևոր ներդրում ունեցավ XIX դարի խոշորագույն հայ մտավորականներից մեկը` Մկրտիչ էմինը։ XX դարի սկզբին նա հիմնեց մի մասնագիտական հանդես՝ «էմինեան ազգագրական ժողովածուն», իսկ զարգացումը պսակվեց դարավերջին «Ազգագրական հանդէս» հույժ մասնագիտական պարբերականի երևան գալով (Շուշի-Թիֆլիս, 1895/96-1916 թթ), որի հիմնադիրը, խմբագիրը, հրապարակումների մեծ մասի հեղինակը եղավ Եվրոպայում մասնագիտական հիմնա­վոր պատրաստություն ստացած բազմավաստակ երախտավոր Երվանդ Լալայանը։

«Ազգագրական հանդեսը» հրատարակվում էր որոշակի համակարգով, ամեն մի գիրքը հիմնականում բաղկացած էր Հայաստանի որևէ գավառ կամ Կովկասի հայաբնակ շրջանը ներկայացնող ստվարածավալ ու համակողմանի նկարագրությունից: Հատկանշական է, որ Երվանդ Լալայանը 20 տարվա ընթացքում հրատարակեց 26 հատոր՝ դրանցում ընդգրկելով պատմական Հայաստանի գրեթե բոլոր գավառները։ Դեռևս 1907 թվականին նա ձեռնարկեց նաև «Հայոց ազգագրական թանգարան» ստեղծելու հարցը, ինչին ի պատասխան Ամենայն հայոց Մկրտիչ կաթողիկոսը Սանկտ Պետերբուրգի հայոց եկեղեցական խորհրդին պատվիրում է 5 տարով, ամիսը 100 ռուբլի նպաստ տալ Երվանդ Լալայանին, հնագիտական և ազգագրական հետազոտություններ կատարելու և Մայր Աթոռի թանգարանի համար նյութեր հավաքելու համար։

 

Հայ ազգագրությունը խորհրդային կարգերի հաստատման շրջանում

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո, 1920-40-ական թվականներին, ազգագրական գործն ամբողջությամբ կենտրոնացվեց Հայաստանի պատմության թանգարանում, ուր հենց սկզբից բացվեց նաև ազգագրության բաժին: Հայաստանի կենտրոնական մշակութային-պատմական թանգարանը հիմնադրվեց Երևանում 1921 թվականի հոկտեմբերին։ 1921-22 թվականներին Երվանդ Լալայանը Հայաստանի կառավարության միջնորդությամբ և օժանդակու­թյամբ Թիֆլիսից Երևան տեղափոխեց «Կովկասի հայոց ազգագրական ընկերության» թանգարանը՝ իր ամբողջ գույքով ու կայքով, ինչպես նաև շուրջ 20.000 գրքով գրադարանը։ Նոր թանգարանն ուներ հնագիտական և ազգագրական բաժիններ, համալրվում է նաև էջմիածնի ու Նոր Նախիջևանի թանգարանների նյութերով: 1922 թվականին Երվանդ Լալայանը դառնում է թանգարանի տնօրեն, հետագայում` ազգագրության բաժնի վարիչ: 1928 թվականին նրան փոխարինում է Ստեփան Լիսիցյանը (մինչև 1946 թվականի վերջերը), այնուհետև` Վարդ Բդոյանը (մինչև 1960-ականների սկիզբ)։

Հայ ազգագրության զարգացման համար անգնահատելի ներդրում էր Ստեփան Լիսիցյանի կազմած «Ազգագրական հարցարանը» (1946 թ), որը հսկայական տեսական ու գործնական նշանակություն ունեցավ որպես մեթոդական կարևոր ձեռնարկ: 1920-30-ական թվականների աշխատանքների հանրագումարը եղավ Ստեփան Լիսիցյանի՝ հայոց նախախորհրդային ազգա­գրությանը նվիրված «Очерки этнографии дореволюционной Армении» (1955 թ) աշխատությունը, որը հայ ժողովրդի էթնոմշակութային ամբողջական պատկերը տալու առաջին փորձն էր: Նա նաև 1931-46 թվականներին անասելի ծանր պայմաններում ազգագական բարձարժեք նյութեր է հավաքել Սյունիքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Ջավախքում և այլ գավառներում։

Նշանակալից է Խաչիկ Սամուելյանի դերը հայ ազգագրական գիտության բնագավառում: Վերջինս գործուն մասնակցություն է ունեցել Հայոց ազգագրական ընկերության կայացմանը, եղել «Ազգագրական հանդեսի» խմբագրական մասնաժողովի անդամ: Կարևոր նշանակություն ունեն հանդեսում նրա հրատարակած հատկապես «Արյան վրեժ և փրկանք» (1903 թ), «Հայոց հին իրավունքը և նրա հետազոտության մեթոդը» (1904 թ), «Առևանգմամբ և գնմամբ ամուսնություն» (1904 թվական) և «Հայ ընտանեկան պաշտամունք» (1906 թ) հոդվածները։ Իր «Հին Հայաստանի կուլտուրան» (1931-41 թթ) եռահատոր աշխատության մեջ նա առաջինն է բնութագրում հայոց նյութական և հոգևոր մշակույթների տևական զարգացման փուլերը: Նրան հաջողվեց լուծել մի շարք խնդիրներ՝ կապված ընտանեկան համայնքի, գերդաստանի, տոների և ժողովրդական մշակույթի այլ բնագավառների հետ:

 

  ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ազգագրության խմբի ստեղծումը

ԳԱ համակարգում ազգագրության բաժին ստեղծվում է միայն 1953 թվականին, երբ Պատմության ինստիտուտի տնօրեն Սուրեն Երեմյանի նույն թվականի ապրիլի 25-ի հրամանով` Պատմական թանգարանի ԳԱ ցանցից դուրս գալու կապակցությամբ, թանգարանի ազգագրական սեկտորի չորս կրտսեր գիտաշխատողներ փոխադրվեցին Պատմության ինստիտուտ, որոնց թվում էին՝ պ.գ.թ. Էմմա Կարապետյան, բ.գ.թ. Ամինե Ավդալ, Դերենիկ Վարդումյան, Վարդան Թեմուրճյան:

ԳԱ պատմության ինստիտուտի ազգագրության խումբը 1953-1955 թվականներին ղեկավարում էր Էմմա Կարապետյանը, 1955-1959 թվականներին` Դերենիկ Վարդումյանը։

Խորհրդային ազգագրագետների առջև խնդիր էր դրված գիտարշավաների միջոցով ձեռք բերել սոցիալիստական շինարարության շնորհիվ գյուղացիների կենցաղում կատարվող փոփոխությունների վերաբերյալ նախնական դաշտային նյութեր:

Ուշագրավ է 1959 թվականի մարտի 18-ի Պատմության ինստիտուտի ազգագրության խմբի նիստը, որտեղ քննարկվեց խմբի յոթնամյակի համար նախատեսվող թեմատիկան վերանայելու հարցը՝ ՍՄԿՊ 21-րդ արտահերթ համագումարի որոշումների լույսի ներքո։

Ելնելով ՍՄԿՊ 21-րդ համագումարի սկզբունքներից՝ որոշվեց վերանայել ազգագրության խմբի թեմատիկան, որպեսզի այն անմիջականորեն բխի կուսակցության կողմից սովետական գիտնականների առաջ դրված հերթական խնդիրներից: Այս առնչությամբ յոթնամյա թեմատիկ պլանի մեջ կատարվեցին հետևյալ փոփոխությունները.

Ծրագրից հանվեց Էմմա Կարապետյանի «Տոհմային հարաբերությունների մնացուկները հայերի մոտ» թեման, որի փոխարեն հաստատվեց «Սովետական Հայաստանի Իջևան-Շամշադինի ազգագրական շրջանի գյուղացիության արդի կենցաղն ու կուլտուրան» թեման, որը պետք է համատեղ կատարեին Դերենիկ Վարդումյանը և Էմմա Կարապետյանը:

  • Վարդան Թեմուրճյանի «Հայերը Ֆրանսիայում» թեման հիմնականում պահպանվեց՝ դառնալով «Հայերը Ֆրանսիայում և նրանց կապը Սովետական Հայաստանի հետ»:
  • Ամինե Ավդալի «Արենակցական-ազգակցական հարաբերությունները քրդերի մոտ» թեման վերափոխվեց՝ դառնալով «Ազգակցական-արենակցական հարաբերությունների վերափոխումը քրդերի մոտ սովետական պայմաններում»:
  • Ասյա Օդաբաշյանի «Բնության զարթոնքի պաշտամունքը հայերի մոտ» թեման վերափոխվեց՝ դառնալով «Բնության զարթոնքի պաշտամունքը հայերի մոտ և դրանց մնացուկների վերացման պրոցեսը սովետական պայմաններում»:

Այդ տարիներին թեմաներ կատարվում էին նաև պատվերով։ Այսպես՝ Մոսկվայի Ազգագրության ինստիտուտի պատվերով և Հայկական ԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրինության հանձնարարությամբ, 1951 թվականին Էմմա Կարապետյանը կատարում է «Հայաստանի բանվորների կենցաղը մինչև ռևոլյուցիան և սովետական ժամանակաշրջանում», իսկ 1954 թվականին Դերենիկ Վարդումյանի հետ` «Հայաստանի կոլտնտեսային գյուղացիների ընտանիքը և ընտանեկան կենցաղը» թեմաները։

Խորհրդային տարիներին նկատելի է դառնում ազգագրու­թյան մի նոր, տարբերակիչ կողմը նախորդ շրջանից։ Հաշվի առնելով, որ անցյալում ժողովրդի առօրյա կյանքից վերապրուկային ազգագրական նյութեր էին հավաքվում հիմնականում նախնա­դար­յան-տոհմային կարգերի բնույթը պարզելու համար, առաջին պլան է քաշվում այդ նյութերի հիման վրա ժողովուրդների մշակույթի և կենցաղի արդի վիճակը հիմնավորապես ուսումնասիրելու և նոր պայմաններում դրանց մեջ կատարված փոփոխություններն ու զարգացման հեռանկարները պարզելու խնդիրը: Այս ամենից ելնելով՝ սովետահայ ազգագրագետներն իրենց ուսումնասիրութ­յան հիմնական դիտակետն են դարձնում կոլտնտեսային գյուղացիությունն ու բանվոր դասակարգը` շարունակելով աշխատանքը նաև ավանդական ազգագրության բնագավառում: Տարիների ընթացքում մշակվում են Հայաստանի կոլտնտեսային գյուղացիության, բանվոր դասակարգի արդի կենցաղին ու կուլտուրային նվիրված թեմաներ, հրապարակ է գալիս Դերենիկ Վարդումյանի «Լոռեցիների նոր կենցաղը» աշխատությունը (1956 թ):

Այդ աշխատանքները նպատակ ունեին նաև ամբողջացնելու «Աշխարհի ժողովուրդները» բազմահատոր մատենաշարի «Կովկասի ժողովուրդները» հատորի «Հայեր» ընդհանրացնող բաժնի համապատասխան ենթաբաժիններն ու «ՍՍՌՄ ժողովուրդների ընտանիքը և ընտանեկան կենցաղը» ժողովածուի «Հայաստանի կոլտնտեսականների ընտանիքը և ընտանեկան կենցաղը» աշխատու­թյունը: Դրանով իսկ «սովետահայ ազգագրությունը նպաստում է հայ ժողովրդի սոցիալիստական կուլտուրայի ազգային ձևերի մշակման ու հղկման կարևոր գործին, միաժամանակ ընդհանրացնելով այդ ընթացքում ձեռք բերված նվաճումները:

 

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի ստեղծումը և գործունեությունը

1959 թվականին պատմության ինստիտուտից, իրենց հաստիքներով, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ փոխադրվեցին Բաբկեն Առաքելյանը, Սեդրակ Բարխուդարյանը, Հարություն Մարտիրոսյանը, Սանդրո Սարդարյանը, Մարգարիտ Իսրայելյանը, Նիկոլայ Հարությունյանը, Գրիգոր Ղարախանյանը, Գևորգ Տիրացյանը, Զոհրաբ Ղասաբյանը, Հայկ Ազիզյանը, Դերենիկ Վարդումյանը, Ամինե Ավդալը, Վարդան Թեմուրճյանը, Էմմա Կարապետյանը, Աստղիկ Օդաբաշյանը։ 1959 թվականի հոկտեմբերին Պետական պատմական թանգարանից Հնագիտության և ազգագրության ինստիտուտ է տեղափոխվում նաև Վարդ Բդոյանը։ 1974 թվականին ԳԱ Արվեստի ինստիտուտից Հնագիտության և ազգագրության ինստիտուտ տեղափոխվեցին նաև Սրբուհի Լիսիցյանը և Ժենյա Խաչատրյանը։

Այս շրջանում աստիճանաբար ուրվագծվում է հայ ազգագրագետների թեմատիկ նախասիրությունների շրջանակը: Նրանք մասնագիտանում են առանձին խնդիրների հետազոտման մեջ՝ դրանք դարձնելով տևական բազմակողմանի քննության առարկա: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մինչ այդ համեմատաբար նվազ ուշադրություն էր դարձվել հայ ժողովրդի տնտեսական զբաղմունքների ու նյութական մշակույթի ազգագրական հետազոտությանը, ուժերը հիմնականում կենտրոնացվեցին դրանց շուրջը՝ պատշաճ տեղ հատկացնելով նաև մյուս բնագավառներին։

1965 թվականին Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում բացվեց հնագիտության, ազգագրության և աղբյուրագիտության ամբիոն, որտեղ դասավանդվում էր շուրջ 10 ազգագրական առարկա, նոր հեռանկարներ բացելով ազգագրական գործը Հայաստանում լայնորեն ծավալելու, համալսարանում ազգագրական գիտաուսումնական բջիջ ստեղծելու համար։

Հայկական ԽՍՀ ԳԱ նախագահության 1970 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ Հնագիտության և ազգագրության ինտիտուտի ազգագրության բաժնի կարևորագույն խնդիրներից մեկը սահմանվեց Կովկասի պատմաազգագրական ատլասի «Հայկական ԽՍՀ» բաժնի կազմումը։ Ատլասի չորս բաժինները (երկրագործություն, անասնապահություն, բնակավայր-բնակարան, տարազ-զարդարանք) պլանավորված ժամկետում (1969-73 թթ․) ավարտելու համար որոշվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

  1. Ազգագրության բաժնի 1971-72 թվականների գիտական միակ խնդիրը սահմանելով ատլասի պատրաստումը՝ բաժնի բոլոր աշխատակիցներին ներգրավել այդ գործում
  2. Ատլասի բոլոր թեմաների վերաբերյալ նյութերի հավաքումը, քարտագրումը և դասակարգումն օպերատիվ դարձնելու համար ստեղծել աշխատանքային երեք խումբ (ա. Դերենիկ Վարդումյան, Ասյա Օդաբաշյան, Նուբար Պապուխյան, Լևոն Պետրոսյան, Հասմիկ Մարգարյան; բ. Վարդ Բդոյան, Յուրի Մկրտումյան, Լ. Պետրոսյան, Ռ. Վարդանյան; գ. Էմմա Կարապետյան, Լիլիա Վարդանյան, Կառլեն Սեղբոսյան, Ն. Ավագյան)
  3. Հաստատել ատլասի հայկական բաժնի թեմատիկ խումբը հետևյալ կազմով՝ երկրագործական մշակույթ (համակարգող՝ Վարդ Բդոյան), անասնապահական մշակույթ (համակարգող՝ Յուրի Մկրտումյան), բնակավայր-բնակարան մշակույթ (համակարգող՝ Դերենիկ Վարդումյան), տարազ-զարդարանք մշակույթ (համակարգող՝ Էմմա Կարապետյան):
  4. Ատլասի թեմատիկ խմբի և աշխատանքային խմբերի ընդհանուր ղեկավար նշանակել բաժնի վարիչ Դ. Վարդումյանին:

Առանձին գիտաշխատողների գիտական թեմաները կարող էին փոխվել միութենական վերադաս կազմակերպությունների որոշումների համաձայն: Այսպես, 1956 թվականին ԽՍՀՄ ԳԱ կոորդինացիոն խորհրդի ազգագրական սեկցիան նպատակահարմար համարեց մի շարք թեմաներ կատարել կոորդինացված ձևով, որպեսզի հնարավոր լինի կազմել ԽՍՀՄ ժողովուրդների կուլտուրայի առանձին բնագավառների ատլասները: Ելնելով վերոհիշյալից՝ որոշվեց համապատասխան փոփոխություններ մտցնել ազգագրական խմբի 1957 թվականի թեմատիկ պլաններում.

  • Դերենիկ Վարդումյանի «Հայաստանի ազգագրական շրջանների փոխազդեցությունը և հայկական կուլտուրայի կազմավորումը» թեման, որը պետք է կատարվեր 1957-1960 թվականներին, հանվեց պլանից՝ փոխարենը նրան հանձնարարելով «Հայկական բնակարան» և «Կավագործությունը հայերի մոտ» թեմաները:
  • Էմմա Կարապետյանի «Հայկական փոքր ընտանիքը» և «Հայկական ընտանիքը սովետական շրջանում» թեմաների փոխարեն հանձնարարվեց «Հայկական տարազը» թեման:
  • «Հայկական գյուղատնտեսական գործիքներ» թեման հանձնարարվեց Վ. Բդոյանին:
  • Վարդան Թեմուրճյանի «Գյուղատնտեսական մթերքների մշակման ժողովրդական ձևերն ու միջոցները» թեման փոխարինվեց «Անասնապահական մթերքների մշակման ժողովրդական ձևերն ու միջոցները հայերի մոտ» թեմայով:

1960-90-ական թվականներին բաժնի կողմից հանգամանորեն հետազոտվել են հայոց հիմնական պատմամշակութային մարզերը, զբաղ­մունքները, երկրագործական, անասնապահական, հոգևոր մշակույթները։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում հրատարակվել են Դերենիկ Վարդումյանի «Լոռեցիների նոր կենցաղը» (1956 թ), Վարդան Թեմուրճյանի «Գամիրքի հայերը» (1970 թ) աշխատությունները, ինչպես նաև Վարդ Բդոյանի «Երկրագործական մշակույթը Հայաստանում» (1972 թ) հիմնարար աշխատությունը, որտեղ ներկայացվում են հայկական երկրագործական գործիքներն ու դրանց զարգացման ընթացքը, ինչպես նաև Յուրի Մկրտումյանի «Формы скотоводства в восточной Армении (вторая половина XIX-начало XX в.)» (1974 թ․) գիրքը, որտեղ համապարփակ ձևով ներկայացված են անասնապահության բոլոր ձևերն, այդ թվում և հեռագնա։ Հրատարակվել են նաև մի շարք այլ աշխատություններ։

Ազգագրության ավանդութային թեմաները, որպիսիք են հայ ընտանեկան համայնքը և ազ­գակցական հարաբերությունները, ինչպես նաև գյուղական համայնքը, նույնպես արժանացել են պատշաճ ուշադրության։

Հանգամանորեն հետազոտվել են նաև փոխադրամիջոցները, արհեստներն ու տնայնագործությունը, ինչպես նաև նյութական մշակույթը` բնակարանը, տարազն ու ուտեստը։ Այդ խնդիրներին անդրադարձող կարևոր աշխատություններից են Լևոն Պետրոսյանի «Հայ ժողովրդական փոխադրամիջոցներ. հետիոտն և գրաստային փոխադրամիջոցներ (պատմաազգագրական ուսումնասիրություն)» (1974 թ), Կառլեն Սեղբոսյանի «Արհեստավորական ավանդույթները և դրանց արտահայտությունները լենինականցիների կենցաղում (պատմաազգագրական ուսումնասիրություն)» (1974 թ․), Արմենուհի Ստեփանյանի «Հայ ժողովրդական տարազի զարդանախշերը (ծիսային, գունային և նշանային համակարգերը)» (2007 թ․) գրքերը։

Հետազոտության նյութ են դարձել նաև հայ հեթանոսական կրոնին, ժողովրդական տոներին ու հավատալիքներին, ժողովրդական ժամանցին, պարարվեստին ու թատերական ներկայացումներին առնչվող գիտական կարևորություն ունեցող մի շարք հարցեր։

Թեմատիկ ուսումնասիրություններին զուգընթաց, հրատարակվել են նաև առանձին պատ­մազգագրական մարզեր ներկայացնող համապարփակ աշխատություններ։ Համանման բնույթի են հայ գաղթօջախներում հայրենակցական միությունների ջանքերով հրատարակված ստվարածավալ ժողովածուները, որոնք հարուստ նյութ են պարունակում արևմտահայոց պատմության, ազգագրության ու բանահյուսու­թյան վերաբերյալ։ Արժանի են հիշատակման Ստեփան Լիսիցյանի՝ «Լեռնային Ղարաբաղի հայերը» (1981), Գևորգ Հալաջյանի` «Դերսիմի հայերի ազգագրությունը» (1973), Սերինե Ավագյանի` «Արճակ» (1978), Գևորգ Գևորգյանի` «Ղզլար» (1980) աշխատությունները։

Պատշաճ տեղ է հատկացվել հայ ազգագրության տեսության ու պատմության և ազգագրա­կան ժառանգության ուսումնասիրության հարցերին, վերահրատարակվել են երախտավորների եր­կերը, կազմվել են վաստակաշատ ժողովրդագետների՝ Ստեփան Լիսիցյանի, էմմա Կարապետ­յանի, Սերիկ Դավթյանի, Արտաշես Նազինյանի, Զավեն Խառատյանի կենսամատենագիտությունները։

Ժողովրդական մշակույթի գանձերը լայն հասարակայնությանը գիտականորեն ներկայացնելու տեսանկյունից կարևոր քայլ էր «Հայ ազգագրություն և բանահյու­սություն. նյութեր և ուսումնասիրություններ» ժողովրդագիտական մատենաշարի ստեղծումը 1970 թվականին, այսպիսով, նոր ձևով վերականգնելով «Ազգագրական հանդէսի» ավանդույթները։ Ցայսօր լույս է տեսել մատենաշարի 26 պրակ, հաջորդները հրատարակության փուլում են։

Ազգագրության բաժնի աշխատակիցները գործուն մասնակցություն են ունեցել նաև Հայկական խորհրդային հանրագիտարանի աշխատանքներին՝ շարադրելով էթնոմշակութային բնույթի բառահոդվածներ և հանդես գալով որպես ճյուղային խմբագիրներ (Դերենիկ Վարդումյան, Լիլիա Պետրոսյան)։

Հարկ է նշել, որ ազգագրորեն հետազոտվել են նաև Հայաստանում բնակվող այլազգիները (ռուսներ, ուկրաինացիներ, հույներ, եզդի-քրդեր)։

Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև սփյուռքի հայաբնակ վայրերի համատարած հետազոտության հիմամբ կազմվել է «Հայ պատմազ­գագրական ատլասի» 4 պրակ (թեմաները՝ երկրագործական մշակույթ, անասնապահական մշակույթ, բնակավայր-բնակարան, տարազ-զարդարանք)՝ ըստ Հայաստանի պատմազգագրական մարզերի և էթնիկ խմբերի։ Հայ մասնագետները պատրաստել են նաև «Երկրներ և ժողովուրդներ» մատենաշարի «Հայաստան» բաժինը (1984 թ):

 

Բաժնի ներկայիս ուսումնասիրության ոլորտները

Բաժնի ներկայիս ուսումնասիրության ոլորտներն ընդգրկում են`

  • Հայ ժողովրդի ավանդական տնտեսություն ու կենցաղ, գյու­ղատն­տե­­­սական մթերքի վերամշակման ժողովրդա­կան միջոցներն ու եղա­նակ­ները, խաղողագործության և գինեգործության ավանդական եղանակները (կատարող՝ պ.գ.թ., բաժնի վարիչ Սուրեն Հոբոսյան)
  • Առօրեականությունը և արդիա­կանու­թյու­նը հետխորհր­դային Հայաստանում. փոխակերպման սոցիալ մշակութային տե­սան­կյուն­ները (կատարող՝ պ.գ.թ., առաջատար գիտաշխատող Աղասի Թադևոսյան)
  • Կաթի ու կաթնամթերքի մշակույթը հայոց ավան­դական և արդի կենցաղում (կատարող՝ պ.գ.թ., գիտաշխատող Հասմիկ Հարությունյան)
  • Հայոց ինքնության խնդիրները, Արցախը  և ազգային-ազատագրական վերելքը (կատարող՝ պ.գ.թ., գիտաշխատող Արտակ Դաբաղյան)
  • ՀՀ բնակչության սոցիալ-մշակութային գործընթացները, պատերազմի և էթնիկ հակամարտությունների մարդաբանությունը, Կովկասի քաղաքական պատմության ու Կովկասի ժողովուրդների ազգագրության հիմնախնդիրները (կատարող՝ պ.գ.թ., գիտաշխատող Մխիթար Գաբրիելյան)
  • Անվանակոչության (անձնանուններ, տեղանուններ, կենդանիների անուններ, ձեռնարկությունների անվանումներ) արդիական միտումները, հաղորդակցության մշակութային առումները, մշակույթի տեսական խնդիրները, կիրառական մարդաբանության, գլոբալացման մշակութային առումները (կատարող՝ պ.գ.թ., գիտաշխատող Նիկոլ Մարգարյան)
  • Ժամանակակից միգրացիոն գործընթացները, բռնությամբ կիրառվող միգրացիաների և փախստականների սոցիալական ինտեգրման հիմնախնդիրներ (կատարող՝ պ.գ.թ., գիտաշխատող Նոնա Շահնազարյան)
  • Արևելյան Հայաստանի ավանդական և խորհրդային տարիներին ստեղծված քա­ղաք­ների և դրանց համայնքների ձևավորումը (կատարող՝ պ.գ.թ., գիտաշխատող Գրիգոր Աղանյան)
  • Ոչ նյութական մշակութային ժառանգության հետազոտում, ուտեստի ազգագրություն, հիշողության ազգագրություն (կատարող՝ գիտաշխատող Ռուզաննա Ծատուրյան)
  • Հայոց հավաքչական մշակույթը, վայրի բույսերի կիրառությունն ուտեստի համակարգում և ժողովրդական բժշկության մեջ (կատարող՝ գիտաշխատող Անժելա Ամիրխանյան)
  • Հայ ժողովրդի վերաբերյալ ազգագրական տեղեկությունները պատմիչների երկերում (կատարող՝ կրտսեր գիտաշխատող Քրիստինե Պապիկյան)
  • Տավուշի հայերի XIX-XX դարերի ավանդա­կան հասարակական մշակույթը (կատարող՝ լաբորանտ Վարդիթեր Մադաթյան)
  • Ժողովրդական թատրոնի առասպելական ակունքները (կատորող՝ ավագ գիտաշխատող Էմմա Պետրոսյան)
  • Արցախի բնակչության էթնիկ կազմն ու բնակչության տեղաշարժերը XIX դ. և  XX  դ. սկզբին (կատորող՝ գիտաշխատող Լեռնիկ Հովհաննիսյան)
  • Դարավանդային երկրագործություն (կատորող՝ կրտսեր գիտաշխատող Ռաֆիկ Գաբրիելյան)
  • Եղանակի կանխատեսման և կարգավորման ժողովրդական միջոցները XX դ. - XXI դ. սկիզբ (կատորող՝ ավագ լաբորանտ Ասպրամ Ազարյան)

(c) 2020 Muzex - All rights reserved.