Ստորաբաժանման խնդիրն է
Ստորաբաժանման անցյալն ու ներկան
Ներածություն
Հայաստանում միջնադարագիտության հիմքը դրվել է անվանի հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անիի պեղումներով, որոնք հիմնականում իրականացվել են 1892-1893 և 1904-1917 թվականներին: Դրանով սկսվել են ժամանակակից մեթոդներին համապատասխան ուսումնասիրությունները. աղբյուրագիտական հարուստ նյութի վրա հիմնված լայնածավալ պեղումներ, հուշարձանների և գրավոր աղբյուրների համեմատական վերլուծություն, պեղված հուշարձանների մասնակի վերականգնում և պահպանություն, պեղված նյութերի ֆոտոֆիքսացիա, գծանկարում և հուշարձանների չափագրում, վիմագրերի պատճենահանում, պեղված հուշարձանների թանգարանացում, պեղված և ուսումնասիրված նյութերի հրատարակում, դրանց վերաբերյալ դասախոսությունների ու սեմինարների անցկացում, գիտական կադրերի պատրաստում և այլն:
Միջնադարյան հնավայրերի ուսումնասիրությունը հատկապես մեծ թափ է ստանում XX դարի 30-ական թվականների վերջերին, Հայաստանում ԽՍՀՄ ԳԱ մասնաճյուղի՝ Արմֆանի ստեղծմամբ: Հանրապետության կառավարության որոշմամբ 1936-1937 թվականներին սկսվում են Դվին մայրաքաղաքի հնագիտական պեղումները, որոնք շարունակվում են մինչև օրս: 1936 թվականին ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ սկսվում են Անբերդ ամրոցի պեղումները: Աշխատանքներն ընթանում էին Արմֆանի և Էրմիտաժի մասնագետների համագործակցությամբ: Անբերդի պեղումները շարունակվել են նաև անցած դարի երկրորդ կեսին՝ Սերգեյ Հարությունյանի ղեկավարությամբ, որի արդյունքներն ամփոփվել են հեղինակի ‹‹Անբերդ›› մենագրության մեջ (1978 թ․):
1950-60-ական թվականին շարունակվեցին մայրաքաղաք Դվինի պեղումները, որոնց արդյունքներն ամփոփվեցին մի շարք մենագրություններում՝ Կարո Ղաֆադարյանի և Արամ Քալանթարյանի հեղինակությամբ։
Հայաստանի միջնադարյան հնագիտության բաժնի ստեղծումը
Վերոհիշյալ աշխատանքներն ուղենիշ դարձան միջնադարագիտության զարգացման համար: 1959 թվականին ԳԱ Պատմության ինստիտուտից անջատվում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, իսկ արդեն 1960 թվականին անվանի հայագետ, պ.գ.դ., պրոֆեսոր Կարո Ղաֆադարյանի ղեկավարությամբ ստեղծվում է Հին և միջնադարյան հնագիտության բաժինը: 1993 թվականին Հին Հայաստանի հնագիտության բաժինն առանձնանում է: Կարո Ղաֆադարյանը Միջնադարյան հնագիտության բաժինը ղեկավարել է մինչև իր մահը` 1976 թվականը: 1978-2005 թվականներին բաժինը ղեկավարել է պ.գ.թ. Գրիգոր Կարախանյանը, 2005-2023 թվականներին՝ պ.գ.թ. Հուսիկ Մելքոնյանը, 2023 թվականից սկսած՝ պ.գ.թ. Դիանա Միրիջանյանը։
Բաժնի գործունեությունը 1970-80-ական թվականներին
Միջնադարյան հնագիտության բաժինն իր գոյության ընթացքում պեղումներ է իրականացրել Հայաստանի բազմաթիվ հնավայրերում: Դրանք հատկապես մեծ թափ են առնում 1970-ական թվականներին, երբ մեկը մյուսի հետևից պեղվում են Մոզի բնակատեղին, Խամշի վանքը, Էջմիածնի բազիլիկ եկեղեցին, Կարբիի հուշարձանները, Վարդենուտի դղյակը, Սպիտակի քարայրային բնակավայրը: Այս շրջանում հատկապես կարևոր արդյունքներ գրանցվեցին Հայաստանի միջնադարյան պաշտպանական համակարգերի ամենատարբեր խնդիրների ուսումնասիրության ուղղությամբ: Բաժնի ասպիրանտ Եսայի Ասատրյանի՝ Թալինի շրջանի Զաքարի բերդ ամրոցի ուսումնասիրությամբ առաջին անգամ բացահայտվել է վաղմիջնադարյան ամրոց-բնակավայրի մի տեսակ, որը մինչ այդ հայտնի էր միայն պատմական աղբյուրներից (տե՛ս Е. Асатрян, Закари берд (результаты раскопок), 2005): Ուսումնասիրվել են նաև Բջնի ամրոցը (ղեկ.՝ Իգիթ Ղարիբյան), Վարդենուտի դղյակը (ղեկ․՝ Գրիգոր Կարախանյան), Դաշտադեմի ամրոցը (ղեկ.՝ Եսայի Ասատրյան), Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք Լոռե բերդաքաղաքը, որի արդյունքները Իգիթ Ղարիբյանն ամփոփեց մենագրության մեջ (Լոռե բերդաքաղաքը և նրա պեղումները, 2009 թ․): Միջնադարյան հուշարձանների ուսումնասիրություններ իրականացվեցին նաև Շիրակում (Մարմաշենի վանք, Կումայրի և Շիրակավանի բնակավայրեր, Տիրաշենի համալիր, Վահրամաբերդ և այլն), որոնք ղեկավարում էր բաժնի երկարամյա գիտաշխատող Սերգեյ Հարությունյանը: Միջնադարյան գյուղաքաղաքի մասին հստակ պատկերացումներ են տվել Գառնիի պեղումները, որոնց արդյունքներն ամփոփվել են Համլետ Պետրոսյանի մենագրության մեջ (Գառնին IX-XIV դարերում, 1988 թ․): Շարունակվում էին Դվինի պեղումները, որի արդյունքներն ի մի բերվեցին Կարո Ղաֆադարյանի և Արամ Քալանթարյանի «Դվին II. Դվին քաղաքը և նրա պեղումները» (2002 թ․), ինչպես նաև Նյուռա Հակոբյանի, Ֆրինա Բաբայանի, Աղավնի Ժամկոչյանի, Արամ Քալանթարյանի, Կարո Ղաֆադարյանի և Գայանե Քոչարյանի «Двин IV։ Город Двин и его раскопки (1981-1985)» (2008 թ․) աշխատություններում։
1980-ական թվականներին հրատարակվեցին միջնադարյան հնագիտության տարբեր հարցերին առնչվող աշխատանքներ «Հայաստանի հնագիտական հուշարձանները» շարքով, որոնք կարևոր էին ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի միջնադարյան մշակութային աշխարհի հետազոտության տեսանկյունից: Դրանց թվին են պատկանում Արամ Քալանթարյանի «Դվինի նյութական մշակույթը IV-VIIIդդ.» (1970 թ․) և «Раннесредневековые буллы Двина» (1982 թ․), Հռիփսիմե Ջանփոլադյանի «Средневековое стекло Двина IX-XIII» (1974 թ․) և «Сфероконические сосуды из Двина и Ани» (1982 թ․), Նյուռա Հակոբյանի «Միջնադարյան Հայաստանի գեղարվեստական մետաղը IX-XIII դդ.» (1981 թ․), Աղավնի Ժամկոչյանի «Միջնադարյան Հայաստանի հախճապակին IX-XIV դդ.» (1981 թ․), Հռիփսիմե Ջանփոլադյանի և Արամ Քալանթարյանի «Тoрговые связи средневековой Армении в VI-XIII вв.» (1988 թ․) աշխատությունները։
Բաժնի գործունեությունը 1990-2000-ական թվականներին
1990-ական թվականների սկիզբը թեև բարդ շրջան էր գիտության համար, սակայն Արամ Քալանթարյանի կազմակերպչական հմուտ ղեկավարման շնորհիվ բաժնի գիտահետազոտական աշխատանքները բավականին ակտիվ էին: Հայաստանի միջնադարյան մշակույթը արտերկրում ճանաչելի դարձնելու տեսանկյունից, հատկապես կարևոր ձեռքբերում էր Փարիզում «Մերձավոր Արևելքի քաղաքակրթությունը» մատենաշարով հրատարակված «Dvin Histoire et archaeologie de la vile Medievale» ֆրանսերեն մեծածավալ մենագրությունը (1996 թ․): Կարևոր հրատարակումներից էր նաև բաժնի հիմնադիրներից Գրիգոր Կարախանյանի ‹‹Հայոց ժողովրդական մշակույթը›› (2003 թ․) աշխատանքը: Բաժնի գիտաշխատողները ուսումնասիրություններ են իրականացրել նաև ՀՀ սահմաններից դուրս` բացահայտելով հայկական մշակութային հետքը տարբեր երկրներում: Դրանցից հատկապես ընդգծելի են Ֆրինա Բաբայանի հետազոտությունները Ղրիմում (տե՛ս Ф. Бабаян, Э. Корхмазян, Армянские монастыри Сурб Хач и Св. Степаноса близ города Старый Крым, 2000):
Այս շրջանում Արամ Քալանթարյանի ջանքերով հրատարակվել է ‹‹Գիտական ժառանգություն›› շարքը, որի հատորներից մի քանիսը նվիրված են բազմավաստակ գիտնականներ Կարո Ղաֆադարյանին, Աշխարհբեկ Քալանթարին, Սմբատ Տեր-Ավետիսյանին (Գիտական ժառանգություն, հ. 6, Երևան, 2010 թ․), որոնք պատկառելի գիտական ժառանգություն են թողել միջնադարագիտության մեջ: Բաժնի աշխատակիցները ակտիվ մասնակցություն են ունեցել այնպիսի կարևոր հրատարակություններում, ինչպիսիք են «Գինին հայոց ավանդական մշակույթում» (2005 թ․), և «Հին Հայաստանի ոսկին» (2007 թ․):
Միջնադարյան հնագիտության համար կարևոր գիտական հրատարակություն էր 2009 թվականին անգլերեն լեզվով հրատարակված “Armenia in the Cultural Context of East an West” գիրքը (2009 թ․), որտեղ առաջին անգամ հնագիտական իրերը ներկայացված են նաև ճշգրիտ գիտությունների անալիզների քննության արդյունքներով: Գրքի հրատարակությունը հնարավոր դարձավ Միջնադարյան Հայաստանի հնագիտության բաժնի և Ցյուրիխի Լանդեսմուզեումի համագործակցության շնորհիվ:
2000-ական թվականները ակտիվ շրջան էր նաև հնագիտական պեղումների համար: Պեղումներ իրականացվեցին մի շարք հուշարձաններում՝ Սբ. Հովհաննես Կարապետի վանքում (Ցյուրիխի վարժարանի հետ համագործակցությամբ, ղեկ.՝ Սարգիս Շահինյան, Հուսիկ Մելքոնյան), Ուշիի Սբ. Սարգիս վանքում և Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու զանգակատանը (ղեկ.՝ Ֆրինա Բաբայան), Եղեգիսի հրեական բնակավայրում (ղեկ.՝ Մայքլ Սթոուն, Հուսիկ Մելքոնյան), Զորաց տաճարում (ղեկ.՝ Հուսիկ Մելքոնյան), Դվին մայրաքաղաքում (ղեկ` Արամ Քալանթարյան, Հուսիկ Մելքոնյան), Դաշտադեմի ամրոցում (ղեկ.` Աստղիկ Բաբաջանյան):
Նշենք նաև Ծաղկաձորի «Խաչեր» ամրոցում 2008 թվականի պեղումները (ղեկ.` Հուսիկ Մելքոնյան), որի ժամանակ պարսպապատի մեջ գտնվող գաղտնարանում հայտնաբերվել է XI դարի դրամական գանձ՝ բաղկացած 297 բյուզանդական անանուն ֆոլիսներից: Ծաղկաձորի գանձը բացառիկ գյուտ է Միջնադարյան Հայաստանի ոչ միայն քաղաքական ու տնտեսական պատմության, այլ նաև դրամագիտական մի շարք կարևոր խնդիրների լուսաբանման առումով, որոնք քննարկված են դրամագետ Հասմիկ Հովհաննիսյանի մենագրության մեջ (Սիլլոգե բյուզանդական դրամների, 2016):
ՀՀ հուշարձաններին զուգահեռ մեծ կարևորություն են ներկայացնում նաև Արցախի տարածքում իրականացված պեղումները, որտեղ ևս ակտիվ մասնակցություն են ունեցել բաժնի գիտաշխատողները (Տիգրանակերտ, Հանդաբերդ, Շուշի, ղեկ.` Համլետ Պետրոսյան, Տող գյուղի Մելիք Եգանի պալատ, ղեկ.` Աղավնի Ժամկոչյան):
Բաժնի միջազգային համագործակցությունը
Բաժինն իր գործունեության ընթացքում իրականացրել է մի շարք միջազգային ծրագրեր և համատեղ գիտահետազոտական աշխատանքներ, որոնց մեջ հատկանշական է 2001-2003 թվականներին Երուսաղեմի համալսարանի Հայագիտության ամբիոնի հետ համագործակցությունը, որի շրջանակներում պեղումներ են կատարվել Վայոց ձորի Եղեգիս հնավայրի հրեական հուշարձանում:
2005-2007 թվականներին ինստիտուտի և Շվեյցարիայի գիտական ազգային հիմնադրամի համագործակցության շրջանակում բաժինը ծրագիր է իրականացրել Ցյուրիխի երկրագիտական թանգարանի հետ` նվիրված միջնադարյան հայկական խեցեղենի և ապակու ուսումնասիրությանը:
2006 թվականին Դվինում համատեղ պեղումներ իրականացնելու համար Հնագիտության և ազգագրության ինստիտուտը պայմանագիր կնքեց Կալիֆորնիայի համալսարանի Քոթսենի հնագիտության ինստիտուտի հետ:
2015 թվականից սկսած բաժինը Լոնդոնի Բիրկբեկ համալսարանի հետ համատեղ իրականացնում է «Մետաքսի ճանապարհի հնագիտական հետազոտություն Վայոց ձորում» (VDSRS) ծրագիրը (ղեկ.` Աստղիկ Բաբաջանյան, Քեյթ Ֆրանկլին):
Բաժնի ձեռքբերումները
Անցած 60 տարիների ընթացքում Հայաստանի միջնադարյան հնագիտության բաժնի կողմից պեղումներ են իրականացվել շուրջ 50 միջնադարյան հուշարձաններում, հրատարակվել են մի քանի տասնյակ գրքեր, հարյուրավոր հոդվածներ, տարբեր միջազգային և հանրապետական գիտաժողովներում կարդացվել են զեկուցումներ՝ նվիրված միջնադարյան քաղաքների ու գյուղաքաղաքների, ամրոցների ու դղյակների, վանական հաստատությունների ու եկեղեցիների, արտադրական հաստատությունների գործունեության ամենատարբեր ոլորտներին:
Անցած 60 տարիներին բաժնում աշխատել են մեծ թվով հնագետ-պատմաբաններ, որոնք իրենց նպաստն են բերել Հայաստանի պատմության, սոցիալ-տնտեսական հարաբերությունների, միջնադարյան մշակույթի ամենատարբեր խնդիրների վերհանման, արհեստների, քաղաքային կյանքի բազմաճյուղ հարցերի, վանական միաբանությունների գործունեության ամենատարբեր խնդիրների պարզաբանման ուղղությամբ: Այժմ էլ բաժնի երիտասարդ գիտնականներն ակտիվ մասնակցում են միջազգային տարբեր գիտաժողովների, արտասահմանյան գործընկերների հետ համատեղ իրականացնում են միջնադարյան մշակույթի խնդիրներին նվիրված տարբեր ծրագրեր:
Բաժնի ներկայիս ուսումնասիրության ոլորտներն ընդգրկում են՝