Ստորաբաժանման խնդիրն է
Ստորաբաժանման անցյալն ու ներկան
Ներածություն
Մինչև 1959 թվականը՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հիմնումը, հայ ժողովրդի բանահյուսական ժառանգությունը ուսումնասիրվել է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հայ ժողովրդական բանահյուսության բաժնում: 1960 թվականից սկսած այդ աշխատանքները կենտրոնացել են Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, որտեղ բանահավաքչական ծավալուն աշխատանքների, բանագիտական հետազոտությունների ոլորտի ընդլայնման արդյունքում ծագել է դրանց բնագրագիտական, տեսական և տեքստաբանական հետազոտության անհրաժեշտություն: Գիտական նորագույն մեթոդաբանությամբ (Իսիդոր Լևին) ինստիտուտի հարուստ արխիվի մշակման և համակարգման համար անհրաժեշտ էին գիտականորեն մշակված հստակ ծրագրեր և նոր երիտասարդ կադրեր: Ուստի, 12 տարի անց, 1972 թվականին ինստիտուտում ստեղծվել է հայ բանահյուսության հետազոտությամբ զբաղվող երկու համահավասար բաժին՝ Բանահյուսության տեսության և պատմության, որի մեջ ներառված էր նաև երաժշտական ֆոլկլորի խումբը, և Բանահյուսության տեքստաբանության: Առաջինը ղեկավարել է Սարգիս Հարությունյանը, երկրորդը` Արտաշես Նազինյանը:
Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (ԷՀՄ) կիրառությամբ, քանակական վերլուծության մեթոդով իրականացված, Տիգրան Նավասարդյանի կյանքին ու բանագիտական գործունեությանը (կատարող՝ Սվետլանա Վարդանյան) և հայկական առակներին, ժողովրդական խաղիկներին (կատարող՝ Արտաշես Նազինյան) նվիրված աշխատանքներն առաջին նախաձեռնություններն էին, որոնց հիման վրա պիտի կազմվեր ինստիտուտի արխիվի գլխավոր նշացանկը (կատալոգ):
Ուշագրավ է այն ոգևորությունը, որով Հայ ժողովրդական բանահյուսության բաժնի վարիչ Արտաշես Նազինյանը 1971 թվականի դեկտեմբերի 13-ի զեկուցագրով հայտնում էր ինստիտուտի տնօրեն Բաբկեն Առաքելյանին առ այն, որ այդ բաժնի աշխատանքային խմբի 11 անդամներ (Արտաշես Նազինյան, Գրիգոր Գրիգորյան, Սարգիս Հարությունյան, Վերժինե Սվազլյան, Արուսյակ Սահակյան, Սվետլանա Վարդանյան, Ալվարդ Ղազիյան, Թամար Գևորգյան, Վերա Ավագյան, Ժենյա Խաչատրյան, Էմմա Պետրոսյան) 1971 թվականի պլանով նախատեսված բանահյուսական սկզբնաղբյուրների վերլուծական 8000 քարտի փոխարեն իրագործել էին 15.000 քարտ:
1960-1972 թվականներին Հայ ժողովրդական բանահյուսության բաժնի վարիչն էր բ.գ.թ. Արտաշես Նազինյանը, որը շարունակեց պաշտոնավարել մինչև 1999 թվականը՝ արդեն որպես Բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ: Նրան փոխարինեց բ.գ.թ. Ալվարդ Ղազիյանը՝ պաշտոնավարելով մինչև 2010 թվականը: 2010 թվականից սկսած Բանահյուսության տեքստաբանության բաժինը ղեկավարում է բ.գ.դ. Թամար Հայրապետյանը:
Բանահյուսության տեքստաբանության բաժնում հայ ժողովրդի բանահյուսական ժառանգությունը հետազոտվում է հետևյալ հիմնական ուղղություններով՝
Բանահավաքչական աշխատանքներ. նյութեր և ուսումնասիրություններ
Բանահավաքչությունն իրականացվել է պարբերաբար կազմակերպված խմբային գիտարշավների ու անհատական գործուղումների ձևով: Հայաստանի բոլոր պատմաազգա-գրական շրջաններից և Հայաստանից դուրս գտնվող հայաբնակ վայրերից գրառվել են բանահյուսական տարբեր ժանրերի մեծաքանակ նյութեր, որոնցով համալրվել է ինստիտուտի բանահյուսական արխիվը` նյութական կայուն հիմք ծառայելով տարբեր բնույթի բանագիտական հետազոտությունների համար: Ստեղծման առաջին տարիներից սկսած՝ բաժնի գիտական անձնակազմի մի քանի սերունդների ջանքերով (Արտաշես Նազինյան, Գրիգոր Գրիգորյան, Մանիկ Մկրտչյան, Ալվարդ Ղազիյան, Թամար Գևորգյան, Վերա Ավագյան, Հրաչյա Վարդանյան, Եվա Զաքարյան, Թամար Հայրապետյան) հավաքվել և ծանոթագրվել են հայոց ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության համար անհրաժեշտ մեծ քանակի սկզբնաղբյուրներ, հետազոտվել են գիտական տարբեր հիմնախնդիրներ, որոնց շուրջ կատարվել են գիտական հետազոտություններ և պաշտպանվել ատենախոսություններ: Բաժնի հաստիքային բանահավաքներն էին Արազ Կարապետյանը և Միքայել Առաքելյանը:
Հայ ժողովրդական հեքիաթների գիտական համահավաք բնագրերի կազմում
Հայ ժողովրդական հեքիաթների բազմահատոր գիտական հրատարակությունը սկսվել է 1959 թվականին ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ընդհանուր խմբագրությամբ, որի նպատակն էր կազմել ու հրատարակել ժողովրդական բանահյուսության հնագույն ու սիրված ժանրերից մեկի` հեքիաթի տպագիր ու անտիպ ամբողջական ու համակարգված ժառանգությունը: Սկզբնական շրջանում հիմնական տեքստաբանական աշխատանքները՝ հատորների կազմումը, հրատարակության պատրաստումը, գիտական առաջաբանները մեծ մասամբ կատարել է բանագետ Արտաշես Նազինյանը, որը հայկական հեքիաթների հրատարակության հմուտ կազմակերպիչ էր:
Հեքիաթների գիտական հրատարակությունը իրականացվել է տեղագրական-ազգագրական հատկանիշների խմբավորման ու տեղաբաշխման, տեքստաբանական միասնական կանոնների մշակման սկզբունքով:
1959-2016 թվականներին լույս է տեսել «Հայ ժողովրդական հեքիաթներ» մատենաշարի 18 հատոր: Հատորների տեղաբաշխման և տպագրության պատրաստման աշխատանքների հետ կապված` որոշ հատորների հրատարակության թվերի հաջորդականությունը խախտված է:
Ներկայումս տպագրության են պատրաստվում Ռշտունիք, Բուլանըխ գավառների հեքիաթները։
Արտաշես Նազինյանը, պրոֆ. Իսիդոր Լևինի համահեղինակությամբ, հայկական հեքիաթը ընդարձակ հոդվածով ներկայացրել է գերմաներեն «Հեքիաթի հանրագիտարանում» (Բեռլին, 1976 թ․): Նա կազմել և հրատարակել է նաև հայ ժողովրդական հեքիաթների ռուսերեն ժողովածուներ։
Բանահյուսական ժանրերի հետազոտություն
Բաժնում հրատարակության են պատրաստվում առանձին ուսումնասիրություններ` նվիրված հայ ժողովրդական հեքիաթների և վիպապատմական ժանրերի ուսումնասիրությանը: Հեքիաթները ուսումնասիրվում են էպոսների, առասպելների, վիպական երգերի, առած-ասացվածքների հետ զուգադիր համեմատությամբ:
Հրատարակվել են հայ բանահյուսության տարբեր ժանրերին և խնդիրներին նվիրված ծավալուն աշխատություններ: Գրիգոր Գրիգորյանը հրատարակել է «Սովետահայ վիպերգերն ու պատմական երգային բանահյուսությունը» մենագրությունը (1965 թ․), «Հայ ժողովրդական բանահյուսություն» ուսումնական ձեռնարկը (1967 թ․), «Հայ ժողովրդական վիպերգերն ու պատմական երգային բանահյուսությունը» (Գիրք առաջին՝ 1972 թ․, Գիրք երկրորդ՝ 1981 թ․): Մանիկ Մկրտչյանը հրատարակել է «Հայ ժողովրդական պանդխտության երգեր» ժողովածուն (1961 թ․): 1970-ական թվականների սկզբներին «Սասնա ծռեր» հերոսավեպի 8 նոր տարբերակներ են գրանցել Գրիգոր և Վահագն Գրիգորյանները (Սասունցի Դավիթ, 1977):
1970 թվականին հիմք է դրվել «Հայ ազգագրություն և բանահյուսություն» (այսուհետ՝ ՀԱԲ) գիտական մատենաշարին, որը մեծ դեր է կատարել բանագիտական և ազգագրական նյութերի կազմակերպված հրատարակության և ուսումնասիրության գործում: Ցարդ լույս է տեսել 26 հատոր: ՀԱԲ մատենաշարի մինչև այժմ լույս տեսած հատորներից բանահյուսական ուղղվածություն ունեն բաժնի աշխատակիցներ Ալվարդ Ղազիյանի «Արցախ» (ՀԱԲ 15, 1983 թ․), Թամար Գևորգյանի «Լոռի» (ՀԱԲ 20, 1999), Թամար Հայրապետյանի «Կոնստանդին Մելիք-Շահնազարյան (Տմբլաչի Խաչան). Կյանքն ու գործը» (ՀԱԲ 24, 2007 թ․) նյութերն ու ուսումնասիրությունները:
Ալվարդ Ղազիյանի «Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր» (1989 թ․) աշխատության բնագրերը ընդգրկում են հայոց ազգային ազատագրական պայքարի շուրջ ստեղծված երգերը, իսկ ներածության մեջ քննարկվում են ռազմի և զինվորի երգերի ժանրային առանձնահատկությունները, գաղափարական բովանդակությունն ու գեղարվեստաարտահայտ-չական միջոցները։ Ժողովրդագիտական հարուստ նյութեր է ընդգրկում «Բաքվի հայոց բանահյուսությունը» ժողովածուն (2004 թ․), որն ընթերցողին ներկայանում է ամբողջական բովանդակությամբ և ժանրային գեղարվեստական տեսակետից համեմատաբար անթերի բանահյուսական հազվագյուտ նմուշներով: Հայ ազգագրության և բանագիտության հետազոտման կարևոր հարցերին է նվիրված Մոսկվայում լույս տեսած «Հայեր» կոլեկտիվ ուսումնասիրությունը (2012 թ․), որին մասնակցել է Ալվարդ Ղազիյանը:
Բանահավաքչական և տեքստաբանական աշխատանքներից բացի բաժնի աշխատակից-ները հրատարակել են տասնյակ գիտական հոդվածներ, պաշտպանվել են ատենախոսություն-ներ: Հայկական հեքիաթներում հիվանդության և բուժման առասպելույթի մասին է Եվա Զաքարյանի 2011 թվականին պաշտպանած թեկնածուական ատենախոսությունը, որը լույս է տեսել առանձին գրքով (2016 թ․): Հայկական հեքիաթների և մեր հին ու նոր էպոսների խորհրդանիշային ցուցիչների ուսումնասիրությանն է նվիրված Թամար Հայրապետյանի 2014 թվականին պաշտպանած դոկտորական ատենախոսությունը, որը «Արքետիպային հարակցումները հայկական հրաշապատում հեքիաթներում և վիպապատմական բանահյուսության մեջ» վերնագով հրատարակվել է որպես մենագրություն (2016 թ․):
Ալվարդ Ղազիյանի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ լույս տեսած կենսամատե-նագիտության կազմման աշխատանքներին մասնակցել է բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը (2016 թ․):
Փարիզում հրատարակվող «Revue des Études Arméniennes» հայագիտական հանդեսը ֆրանսերեն է թարգմանել և հրատարակել Թ. Հայրապետյանի «Արքետիպային հարակցումները հայկական հրաշապատում հեքիաթներում և վիպապատմական բանահյուսության մեջ» մենագրության 2 գլուխ (2018-2019 թթ․): Թարգմանական աշխատանքները շարունակվում են (թարգմանիչ՝ Լևոն Քեթչյան, գիտական խորհրդատու՝ Ժան Պիեռ Մահե):
Հայ ժողովրդական հեքիաթների միջազգային զուգահեռները՝ ըստ Աարնե-Թոմփսոն-Ութերի «Միջազգային հեքիաթների տիպերը» նշացանկի
Բացի գիտական համահավաքներից և տեղական բանահյուսական ժողովածուներից, որոնք տեքստաբանական արժեք ունեն, կարևոր ուղղություն է նաև ֆիննական դպրոցի մշակած պատմաշխարհագրական մեթոդի հիման վրա հայկական հեքիաթների թեմաների ու մոտիվների համակարգումը:
1910 թվականին Ֆիննական դպրոցի պատմաշխարհագրական մեթոդի ներկայացուցիչ Անտի Աարնեն հրատարակում է իր «Հեքիաթների տիպերի նշացանկը» (Verzeichnis der Märchentypen) աշխատությունը, որտեղ աշխարհում առաջին անգամ ի մի են բերվում հեքիաթների միջազգային սյուժեներն ու մոտիվները: Ամերիկացի նշանավոր բանագետ Սթիվ Թոմփսոնը Անտի Աարնեի վերոնշյալ «Հեքիաթների տիպերի նշացանկը» թարգմանում է անգլերեն, համալրում նոր նյութերով և հրատարակում որպես բանագիտական ուղեցույց՝ «Ժողովրդական հեքիաթների տիպերը» (The Types of the Folktale) վերնագրով, որը գիտական շրջանակներին ցայսօր հայտնի է Աարնե-Թոմփսոն անունով (Aarne-Thompson 1928):
Անտի Աարնեն հայկական հեքիաթների մասին չգիտեր, իսկ Սթիվ Թոմփսոնն իր նշացանկի առաջաբանում հայկական հեքիաթներին անդրադառնում է շատ հպանցիկ` բավարար չափով նյութ չունենալու պատճառով: Այս նշացանկի օրինակով տարբեր երկրների բանագետներ կազմում են հեքիաթների տիպերի, սյուժեների ու մոտիվների իրենց նշացանկերը:
1996-1999 թվականների ընթացքում հայ ժողովրդական բանահյուսության տեքստաբանությամբ զբաղվող թեմատիկ խումբը հայկական հեքիաթների տպագիր աղբյուրներից քաղված տարբերակները սկսել է սեղմագրել (մեծ և փոքր սեղմագրեր) և դասակարգել ըստ Աարնե-Թոմփսոնի «Ժողովրդական հեքիաթների տիպերը» միջազգային նշացանկի սյուժեների ու տիպերի (ղեկավար-համակարգող` Արտաշես Նազինյան, կատարողներ` Ալվարդ Ղազիյան, Թամար Գևորգյան, Եվա Զաքարյան):
Սկզբում հայկական հեքիաթները սկսել են սեղմագրվել «Հայ ժողովրդական հեքիաթների» ակադեմիական հատորներից (ցայսօր լույս է տեսել 19 հատոր), հետո «Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարի հատորներից (մեր ձեռքի տակ ունենք 26 հատոր), Երվանդ Լալայանի «Ազգագրական հանդէսի» հատորներից (դրանց թիվը ևս հասնում է 26 գրքի), ժամանակի հնատիպ ամսագրերում սփռված հեքիաթներից՝ «Բիւրակն», «Հանդէս ամսօրեայ» և այլն:
Հայաստանի պատմաազգագրական տարբեր շրջաններից գրառված հեքիաթներն ունեն տարբերակներ: Նույն սյուժեի բոլոր տարբերակները կոչվում են հեքիաթախմբեր կամ տիպեր: Հայկական հեքիաթները սեղմագրվել և դասակարգվել են ըստ սյուժեների և տիպերի՝ դրվելով միջազգային նշացանկի համապատասխան համարների տակ: Այս թվահամարները անփոփոխ են ցանկացած ժողովրդի նույն սյուժեով հեքիաթների համար: Սա հայկական հեքիաթագիտական նշացանկի կազմման առաջին փուլն էր:
Նշացանկի կազմման 2-րդ փուլը 2000-2009 թվականներն են, երբ հեքիաթների սեղմագրերին ավելացել են հեքիաթախմբերից յուրաքանչյուրի համար մեկ ընդհանուր սխեմա ստեղծելու աշխատանքները (ղեկավար-համակարգող` Ալվարդ Ղազիյան, կատարողներ` Թամար Հայրապետյան, Եվա Զաքարյան, Գոհար Ստեփանյան (1999-2007 թթ․), Նվարդ Վարդանյան (2005-2008 թթ․): Այս ժամանակահատվածում հայկական նշացանկի կազմման աշխատանքները ձգձգվել են և՛ բարդ ու աշխատատար պրոցեսի, և՛ հատկապես հայտնի սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով:
Ամենացավալին այն է, որ 2004 թվականին լույս է տեսել հեքիաթների դասակարգման և ինդեքսավորման միջազգային նոր եռահատոր նշացանկ՝ Հանս-Յորգ Ութերի նշացանկը, որը Աարնե-Թոմփսոնի նշացանկի նոր՝ ավելի կատարելագործված տարբերակն է, որի մասին թեմատիկ խումբը մութ ու ցուրտ տարիներին անգամ տեղյակ չէր: Փաստորեն 1996-2011 թվականներին, 15 տարի շարունակ, հայկական հեքիաթները ինդեքսավորվել են ըստ Աարնե-Թոմփսոնի նշացանկի, որն այլևս հնացած էր համարվում:
2011 թվականին այդ նշացանկը վերահրատարակվել է Հելսինկիում՝ անգլերեն լեզվով: Նույն թվականին Բանահյուսության տեքստաբանության բաժինը ձեռք է բերել հեքիաթագիտական նոր՝ Հանս-Յորգ Ութերի եռահատոր նշացանկը՝ որպես մեթոդաբանական մնայուն գործիք՝ բանագիտական ճշգրիտ հետազոտություններ իրականացնելու համար:
2010 թվականից մինչ օրս հայկական հեքիաթագիտական ուղեցույցը խմբագրվում, ճշտվում, լրացվում, ծանոթագրվում և պատրաստվում է տպագրության` արդեն ըստ Աարնե-Թոմփսոն-Ութերի «Միջազգային հեքիաթների տիպերի», որն այս պահի դրությամբ ընդգրկում է շուրջ 300 թվահամար, որոնց հիմքում ընկած է նշացանկի նախնական տարբերակի 1447 տպագիր նմուշ (ղեկավար-համակարգող՝ Թամար Հայրապետյան, կատարողներ` Լիլիթ Մկրտումյան, Գոհար Մելիքյան): Սա հայկական հեքիաթների միջազգային նշացանկի կազմման 3-րդ՝ ավարտական փուլն է:
Բաժնի կազմած նշացանկում արդի տվյալներով կենդանապատում հեքիաթները ներկայացված են 1-294 թվահամարների տակ և կազմում են 86 տիպ, հրաշապատում հեքիաթները` 301-850 թվահամարների տակ և կազմում են 99 տիպ, իրապատում հեքիաթները` 854-1651 թվահամարների տակ և կազմում են 79 տիպ, կրոնական հեքիաթները` 750D-ՀԺՀ 779 թվահամարների տակ և կազմում են 10 տիպ:
Հայկական հեքիաթային ժառանգության մի մասը միջազգային համացույցում չունի համապատասխան համարներ, որոնք էլ, ամենայն հավանականությամբ, ազգային հեքիաթացանկի առանձնահատկությունները կրող մասն են կազմում և Աարնե-Թոմփսոն-Ութերի փոխարեն կրում են Հայ ժողովրդական հեքիաթներ (ՀԺՀ) վերտառությունը: Սակայն մեր ասածից չի հետևում, թե միջազգային նշացանկում վերոնշյալ հեքիաթախմբերը չկան, այլ նշանակում է, որ Հայաստանի պատմաազգագրական տարբեր շրջաններից գրառված հեքիաթների վերոնշյալ տիպերի դիպաշարերը մոտիվների մակարդակում հայոց բանահյուսական ժառանգության մեջ դրսևորում են էթնոմշակութային յուրահատկություններ:
Աշխատանքները շարունակական ընթացքի մեջ են, քանի որ 1959 թվականից սկզբնավորված «Հայ ժողովրդական հեքիաթների» գիտական բազմահատորյակի տպագրությունը ցարդ չի ավարտվել: Տպագրվելուց հետո այդ հատորների հեքիաթները նույնպես պետք է համալրեն նշացանկը:
Հայկական հեքիաթների միջազգային նշացանկի կազմումն ու անգլերեն-հայերեն լեզուներով հրատարակությունը կարևոր խնդիրներ են: Համեմատության համար նշենք, որ հեքիաթների միջազգային նշացանկեր ունեն մերձբալթիկայի ժողովուրդները, մեր հարևան վրացիներն ու թուրքերը: Հանս-Յորգ Ութերի «Միջազգային հեքիաթների տեսակները» եռամաս նշացանկը Աարնե-Թոմփսոնի «Ժողովրդական հեքիաթների տիպերի» միջազգային նշացանկի բարեփոխված ու համալրված տարբերակն է, որը ներկայումս համարվում է միջազգային հեքիաթագիտության մեջ ընդունված և կիրառվող այն արդյունավետ միջոցը, ինչով այժմ Հայաստանում համակարգվում են հայ ժողովրդական հեքիաթները՝ գիտական շրջանառության մեջ դնելով մեր ժողովրդի բանավոր ավանդության հսկայածավալ ժառանգությունը: