Ստորաբաժանման խնդիրն է
Ստորաբաժանման անցյալն ու ներկան
Ներածություն
Ստորաբաժանումն իր ներկայիս անվանումը ստացել է 2023 թվականին: Մինչ այդ հանդես է եկել որպես Էթնոսոցիոլոգիայի բաժին: Էթնոսոցիոլոգիա գիտակարգի զարգացման նախադրյալները նախկին Խորհրդային Միությունում առաջին հերթին պայմանավորված էին բնակչության բազմէթնիկ լինելու հանգամանքով: Այդ երկրում, հաշվի առնելով էթնիկ բազմազանության գործոնը, գրեթե անհնար էին դառնում սոցիալական փոփոխությունների լուրջ ուսումնասիրությունները: Լինելով բազմազգ երկիր՝ ԽՍՀՄ-ի համար կարևոր նշանակություն ուներ ազգային մշակույթների փոխազդեցության, ազգամիջյան հարաբերությունների հետ առնչվող խնդիրների ուսումնասիրությունը: 1960-ական թվականներից՝ խրուշչովյան ձնհալից հետո, ԽՍՀՄ-ում, որոշակի գաղափարախոսական սահմանափակումներով հանդերձ, տնտեսական կյանքի, միգրացիայի, քաղաքային, գյուղական բնակչության, ընտանիքի և այլ կարևոր ոլորտներում իրականացվեցին բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտություններ: Էթնոսոցիոլոգիան ձևավորվեց նախկին խորհրդային տարածքում, որը միջառարկայական գիտական բնագավառ է՝ ազգագրության և սոցիոլոգիայի զուգակցմամբ: Նրա հիմնադիրներից էր ճանաչված գիտնական Յուրի Հարությունյանը, որը գլխավորում էր ԽՍՀՄ ԳԱ Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության ինստիտուտում ստեղծված Սոցիոլոգիական հետազոտությունների բաժինը: Նրա մշակած «ԽՍՀՄ ազգերի զարգացման և մերձեցման սոցիալ-մշակութային պայմանները» ծրագրով էթնոսոցիոլոգիական հետազոտություններ իրականացվեցին Թաթարական Ինքնավար ԽՍՀ-ում, Մոլդովայում, Ուզբեկստանում, Վրաստանում, Էստոնիայում, որտեղ խնդիր էր դրված պարզել, թե ինչպես են մշակութային անցյալի յուրահատկությունները, սեփական ազգային մշակութային ֆոնդի զարգացման մակարդակը, ազգերի միջև մշակութային, սոցիալական և քաղաքական հարաբերությունների պատմական փորձը և այլ կարևոր գործոններ ազդում ազգերի զարգացման և մերձեցան գործընթացի վրա:
Էթնոսոցիոլոգիայի բաժնի ստեղծումը
Միութենական հանրապետություններում, նաև Հայաստանում նմանատիպ հետազո-տություններ իրականացնելու նպատակով Յուրի Հարությունյանի անմիջական աջակցությամբ ձևավորվեցին համապատասխան գիտական կառույցներ: Հայաստանում այդ բնագավառի զարգացման գործում մեծ ներդրում ունեցավ պատմական գիտությունների դոկտոր Էմմա Կարապետյանը: Նրա ջանքերով Հայկական ԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում 1974 թվականին ստեղծվեց Արդիականության ազգագրության խումբը, որը 1976 թվականին դարձավ Էթնոսոցիոլոգիայի խումբ, իսկ 1981 թվականին ստացավ Էթնոսոցիոլոգիայի բաժնի կարգավիճակ: Բաժինը Էմմա Կարապետյանի ղեկավարությամբ գործեց շուրջ մեկուկես տասնամյակ:
Այդ բաժնի ձևավորման ակունքներում էին գիտաշխատողներ Ռուբեն Կարապետյանը, Լիլիա Վարդանյանը, Մանե Հակոբյանը, Թամար Զաքարյանը, լաբորանտներ Քնարիկ Խանաղյանը, Գալուստ Ենոքյանը, Պետրոս Քեշիշյանը: Ստեղծման իսկ պահից բաժինը ձեռնամուխ եղավ առաջին էթնոսոցիոլոգիական հետազոտությունների նախապատրաստական աշխատանքների կատարմանը: Հայաստանում էթնոսոցիոլոգիական հետազոտությունների ուսումնասիրման հիմնախնդիրները տեղայնացվեցին՝ ընդգրկելով բազմաթիվ նոր հարցադրումներ: Ելակետներից մեկն այն էր, որ Հայաստանը գերազանցապես միատարր ազգային կազմ ունեցող հանրապետություն է, և տեղի ունեցող սոցիալական փոփոխություններն ունեն իրենց էթնոմշակութային առանձնահատուկ դրսևորումները, որոնք պայմանավորում էին նաև հայաստանյան հասարակության էթնոսոցիալ կառուցվածքի, սոցիալական շարժունության, էթնոժողովրդագրական վարքագծի, էթնիկ ինքնագիտակցության, միջէթնիկ, ներընտանեկան հարաբերությունների առանձնահատկությունները: Իսկ դրանց ուսումնասիրությունը գիտական և կիրառական առումներով ուներ կարևոր նշանակություն: Մյուս կողմից տեղի էին ունենում հայերի և այլազգի բնակչության միգրացիոն հոսքեր ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից Հայաստան: Ուստի կարևոր խնդիր էր ուսումնասիրել Հայաստանի բնակչության ձևավորման միգրացիոն այդ շերտերի էթնոմշակութային առանձնահատկությունները և զարգացման հիմնական միտումները: Հայաստանում տեղի ունեցող ուսումնասիրությունների շրջանակներում ընդգրկվեցին ազգագրական և այլ բնույթի այնպիսի թեմաներ, որոնք խորհրդային մյուս հանրապետությունների համար կազմված նախորդ ծրագրերում բացակայում էին: Մյուս մոտեցումն այն էր, որ էթնոսոցիոլոգիական երևույթների ուսումնասիրության հարցում պետք է ցուցաբերել պատմագիտական մոտեցում, որը հնարավորություն կտար բացահայտելու դրանց փոփոխության և զարգացման միտումները և պայմանավորող գործոնները: Այս տեսակետից նպատակահարմար էր նույն հարցաթերթով և որոշակի ժամանակային կտրվածքով Հայաստանում կիրառել կրկնվող հետազոտություններ, որի շնորհիվ Էթնոսոցիոլոգիայի բաժնում ստեղծվեց նաև հետազոտությունների տվյալների շտեմարան:
Էթնոսոցիոլոգիական հետազոտությունների իրականացումը Երևանում և պատմաազգագրական մարզերում
Վերը նշված մոտեցումների հիման վրա Երևանում 1976 թվականին բաժինն իրականացրեց առաջին էթնոսոցիոլոգիական հարցումները՝ Էմմա Կարապետյանի ղեկավարությամբ: Կազմվեց հարցաթերթ, որը հնարավորություն տվեց Երևանի բնակչության ձևավորման, ժողովրդագրական կազմի, սոցիալ-մասնագիտական կառուցվածքի, մշակույթի, կենցաղի, ընտանիքի և միջէթնիկ հարաբերությունների վերաբերյալ հավաքելու հսկայածավալ նյութեր: Հարցմանը մասնակցեց 2000 մարդ: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա բաժնի աշխատակիցները հրատարակեցին մի շարք գիտական հոդվածներ, ինչպես նաև հանրապետական և միջազգային գիտաժողովներում կարդացվեցին զեկուցումներ: Ուսումնասիրության նյութերն ամփոփվեցին 1986 թվականին տպագրված «Население Еревана. Этносоциологические исследования» կոլեկտիվ աշխատությունում: Գրքի հրատարակումն ունեցավ գիտական և կիրառական կարևոր նշանակություն, քանի որ խորհրդային տարիներին Երևանը մեկ միլիոն բնակչություն ունեցող տնտեսական, արդյունաբերական և գիտական խոշոր կենտրոն էր, և տեղի ունեցող սոցիալ-մշակութային նոր գործընթացները, մասնավորապես ընտանիքների վրա ուրբանիզացիայի ազդեցությունը, քաղաքի բնակչության ձևավորման, ծեսերի փոխակերպման, էթնիկ հոգեբանության, ազատ ժամանցի և այլ կարևոր խնդիրների խոր և համակողմանի վերլուծության կարիք ունեին:
Այդ տարիներին բաժինը ձեռնամուխ եղավ նաև մասնագետ կադրերի պատրաստմանը: Որակավորման բարձրացման նպատակով ԽՍՀՄ ԳԱ Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի սոցիոլոգիական հետազոտությունների բաժին գործուղվեցին և սովորեցին երիտասարդ մասնագետներ Ռուբեն Կարապետյանը, Ռուբեն Օհանջանյանը, Թամար Զաքարյանը: Հետագայում Յուրի Հարությունյանի գիտական ղեկավարությամբ ատենախոսական թեզեր պաշտպանեցին Ռուբեն Կարապետյանը (1979 թ․) և Ռուբեն Օհանջանյանը (1985 թ․): ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում նույնպես տեղի ունեցավ ընդունելություն: Էմմա Կարապետյանի գիտական ղեկավարությամբ թեկնածուական թեզեր պաշտպանեցին Միհրան Գալստյանը (1990 թ․), Սամվել Մկրտչյանը (1997 թ․):
Էմմա Կարապետյանի անմիջական ղեկավարությամբ և գործուն մասնակցությամբ 1980 թվականին ողջ հանրապետությունում ներկայացուցչական ընտրանքով լայնածավալ էթնոսոցիոլոգիական հետազոտություններ իրականացվեցին, որոնց կարիքը վաղուց էր հասունացել, քանի որ սոցիալ-տնտեսական և մշակութային փոփոխություններում էթնիկ առանձնահատկությունների ուսումնասիրության հիմնախնդիրը նախկին ԽՍՀՄ-ի տարածքում հրատապ էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական առումով: Նախկին խորհրդային տարածքի երկրները, որոնք ունեին միևնույն սոցիալ-տնտեսական և քաղաքական մեկնարկային պայմանները, անցումային շրջանի այդ գործընթացների զարգացման ընթացքում դրսևորում էին նաև մի շարք էական տարբերություններ, որոնք կարող էին հետագայում խորանալ և դրսևորվել առավել ցայտուն: Դրանց բացահայտումները և լուծումները այդ ժամանակահատվածի համար ունեին կարևոր ճանաչողական և կիրառական նշանակություն, ինչը հնարավորություն կարող էր տալ Հայաստանի զարգացման մակրոսոցիալ մոդելի մշակմանը և բնակչության կենսագործունեության տարբեր բնագավառներում ծագող խնդիրների կարգավորմանը: Մյուս կողմից Խորհրդային Միության ազգերի սոցիալ-մշակութային զարգացման և մերձեցման քաղաքականության պայմաններում անհրաժեշտ էր վերլուծել Հայաստանի բնակչության լեզվական փոփոխությունները, ինքնության պահպանման, սոցիալական խմբերում ժամանակակից և ավանդական մշակույթների հարաբերությունները, միջմշակութային փոխառնչությունները, բացահայտել քաղաքային և գյուղական բնակչության սոցիալական կառուցվածքի փոփոխությունները, ձևավորման աղբյուրները և միգրացիաները, վեր հանել նրանց սոցիալ-մասնագիտական, կրթական ներուժը, էթնոժողովրդագրական վարքագիծը և այլ կարևոր հիմնախնդիրներ: Դրանց բացահայտման նպատակով հետազոտության ընտրանքը կառուցվեց ըստ Հայաստանի պատմաազգագրական մարզերի՝ հիմք ընդունելով բնակչության ծագման առանձնահատկությունները (արևելահայեր և արևմտահայեր) և պատմականորեն ձևավորված նրանց կենցաղամշակութային ուրույն առանձնահատկությունները: Ելնելով այդ մոտեցումից՝ էթնոսոցիոլոգիական ուսումնասիրության համար ընտրվեց 5 պատմաազգագրական մարզ՝ Այրարատ, Շիրակ, Գեղարքունիք, Լոռի-Տավուշ, Սյունիք: Կազմվեց հարցաթերթ՝ բաղկացած 176 հարցից, մոտ 2.000 ցուցիչներով: Հարցումները կատարվեցին նշված մարզերի քաղաքային և գյուղաբնակ բնակավայրերի 4.000 մասնակիցների շրջանում: Ինստիտուտի տնօրինության 1980 թվականի մայիսի 28-ի հրամանով, մարզերում էթնոսոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնելու համար, ձևավորվեց արշավախումբ Էմմա Կարապետյանի գլխավորությամբ, որի կազմում էին ավագ գիտաշխատող Յուրի Հարությունյանը, ջոկատի պետ Ռուբեն Կարապետյանը, կրտսեր գիտաշխատողներ Լիլիա Վարդանյանը, Մանե Հակոբյանը, ավագ լաբորանտներ Թամար Զաքարյանը, Շուշանիկ Շիրակյանը, Ռուբեն Օհանջանյանը, Արմինե Սարգսյանը, այնուհետև նրանց է միանում ասպիրանտ Համբարձում Գալստյանը: Հայաստանի էթնոմշակութային գործընթացների վերաբերյալ հետազոտություններ անցկացվեցին Հոկտեմբերյան, Աշտարակ, Բյուրեղավան, Հրազդան, Լենինական, Կալինինո, Կիրովական, Իջևան, Կամո, Եղեգնաձոր, Սիսիան, Ղափան քաղաքներում: Այնուհետ հարցումներ իրականացնելու նպատակով արշավախմբեր կազմակերպվեցին նաև նշված մարզերի 30 գյուղական բնակավայրերում: Դրա շնորհիվ՝ Հայաստանի բնակչության մասին հավաքվեց հսկայածավալ նյութ, ձևավորվեց հարուստ տվյալների հենք, որը պահպանվում է էթնոսոցիոլոգիայի բաժնում:
Հայաստանի անկախության հիմնախնդիրները էթնոսոցիոլոգիայի դիտակետում
Խորհրդային Միության փլուզումը, Հայաստանի անկախությունը և նոր տնտեսական ու հասարակական-քաղաքական հարաբերությունների հաստատումը, ապա նաև երկրաշարժի հետևանքների վերացումը, Արցախյան պատերազմը և բռնագաղթածների հոսքերը, շրջափակումը, էներգետիկ ճգնաժամը և այլն պահանջում էին ոչ միայն այդ գործընթացների մանրակրկիտ և համակողմանի գիտական վերլուծություն, այլև խնդիրների լուծման նոր մոտեցումներ: Ելնելով նոր իրավիճակից՝ բաժինը նախապատրաստեց և 1992-1995 թվականներին ձեռնամուխ եղավ նոր ուսումնասիրության՝ հաշվի առնվելով երեք կարևոր հանգամանք: Առաջին՝ այդ գործընթացների ողջ դինամիկան հետազոտելու համար նպատակահարմար համարվեց նախկին հարցաթերթից պահպանել մի շարք հարցեր: Երկրորդ՝ հարցաթերթում ներառվեցին նոր հարցեր, որոնք արձանագրում էին մեր կյանքում տեղի ունեցած փոփոխությունները և նոր մոտեցումները, որոնց վերաբերյալ հավաքվեցին բնակչության տարբեր շերտերի կարծիքները: Երրորդ՝ պահպանվեցին նախկին ընտրանքի հիմնական չափանիշները՝ պատմաազգագրական մարզ և այլն: Կազմվեց 126 հարցից բաղկացած հարցաթերթ, ինչպես նաև տրվեց դրա մաթեմատիկական վերլուծության մանրակերտը: Ընտրանքում, բացի Երևանից, ընդգրկվեցին Գյումրի, Գավառ (Կամո), Իջևան և Կապան քաղաքները: Հարցմանը մասնակցեց Հայաստանի քաղաքային բնակչության 1624 մարդ, որից 792-ը՝ Երևանից: Անհատական գործուղումների միջոցով նյութեր հավաքվեցին նաև Հայաստանի գյուղական բնակչության շրջանում: Ստացված նյութերի վերլուծությունը բաժնի գիտական թեմայում ընդգրկված աշխատակիցներին հնարավորություն տվեց կատարելու վերլուծական աշխատանքներ 3 ուղղությամբ.
1995-1997 թվականներին Էթնոսոցիոլոգիայի բաժնի ղեկավարումը ստանձնեց Ռուբեն Կարապետյանը: Նրա գիտական ղեկավարությամբ շարունակվեց Հայաստանի հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքում տեղի ունեցող նոր գործընթացների ուսումնասիրությունը: Կազմվեց գյուղական բնակչության ուսումնասիրության նոր ծրագիր՝ «Սեփականաշնորհումը և էթնոսոցիալ գործընթացները Հայաստանի գյուղական շրջաններում (գյուղական բնակչության զարգացման հիմնախնդիրներ և հեռանկարներ)» թեմայով: Նախկին խորհրդային հանրապետություններից Հայաստանն առաջինն էր, որ իրականացրեց հողի սեփականաշնորհում: Այն արմատական փոփոխություններ առաջ բերեց ոչ միայն գյուղական բնակչության, այլև ողջ հանրապետության համար: Նոր գործընթացների պայմաններում բաժնի առաջ խնդիր էր դրված վերլուծել գյուղական բնակչության տնտեսական գործունեության հիմնական ձևերը և նոր սոցիալ-տնտեսական հարաբերությունների ձևավորման գործում ավանդական ինստիտուտների՝ ընտանիքի, ազգակցական և դրացիական գործոնի, արժեքների, պատկերացումների և վարքի կարծրատիպերի դերը, ինչպես նաև նոր կառույցների (պետական և ոչ պետական) ձևավորման ընթացքը և հեռանկարները: Հայաստանի գյուղական բնակչության շրջանում սոցիալ-տնտեսական և էթնոմշակութային գործընթացների վերաբերյալ ուսումնասիրությամբ վեր հանվեցին տնտեսական զարգացման գործում էթնիկ առանձնահատկությունները, մասնավորապես գյուղում տնտեսական գործունեության դրսևորման ավանդական ձևերը և մեթոդները, տեղաշարժերը, վերարտադրողական վարքագիծը (կատարողներ՝ Ռուբեն Կարապետյան, Միհրան Գալստյան), սոցիալական՝ ընտանեկան և ազգակցական, դրացիական հարաբերությունների շարժունակությունը և էթնոսոցիալ փոփոխությունները գյուղում (կատարողներ՝ Էմմա Կարապետյան, Թամար Զաքարյան), գյուղական կենցաղում ազգային հոգևոր կյանքի փոփոխության և զարգացման միտումները, մասնավորապես տոնածիսական համակարգի և սոցիոմշակութային վարքագծի հետ առնչվող խնդիրներ (կատարողներ՝ Լիլիա Վարդանյան, Սամվել Մկրտչյան): Այս և նախորդ հետազոտությունների արդյունքների հիման վրա հրատարակության նախապատրաստվեց մի քանի ծավալուն աշխատություն: Ռուբեն Կարապետյանն այդ նյութերի հիման վրա զեկուցումներով հանդես եկավ ԱՄՆ-ում, Կանադայում, Կիպրոսում, ՌԴ-ում կազմակերպված միջազգային գիտաժողովներում, իսկ Միհրան Գալստյանը և Սամվել Մկրտչյանը պաշտպանեցին թեկնածուական թեզեր: Միհրան Գալստյանը հրատարակեց «Հայաստանի Հանրապետության բնակչության միջպետական տեղաշարժերը (ըստ էթնոսոցիոլոգիական ուսումնասիրություն նյութերի) (1998 թ․) և «Սոցիալական անհավասարություն-սոցիալական շարժունություն-սոցիալական կոնֆլիկտ. Համահարաբերակցություն և շարժընթացի խնդիրները Հայաստանում» աշխատությունները (2000 թ․)։
Գիտական համագործակցության ընդլայնում
էթնոսոցիոլոգիայի բաժինը 1998-2015 թվականներին ղեկավարեց Լիլիա Վարդանյանը: Նա ծավալուն աշխատանք տարավ գիտության այդ ճյուղի զարգացման և արտերկրի՝ հատկապես նախկին խորհրդային հանրապետությունների համանման գիտական կենտրոնների մասնագետների հետ կապերի ամրապնդման գործում: Գիտնականը զբաղվել է հայոց ավանդական կենցաղի վերապրուկային երևույթների ուսումնասիրությամբ: 1975 թվականին «Տղամարդկանց տարիքային խմբերի մնացուկները հայոց մեջ» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 2005 թվականին նա հրատարակեց «Степан Лисициан и истоки Армянской этнографии» մենագրությունը և նույն թվականին «Ստեփան Լիսիցյանի ներդրումը հայ ազգագրության զարգացման գործում» թեմայով պաշտպանեց դոկտորական ատենախոսություն: Նրա անմիջական ջանքերով և խմբագրությամբ Մոսկվայում լույս տեսավ «Народы у культуры» մատենաշարի «Армяне» հատորը (2012 թ․), որը կարևոր ներդրում է հայագիտության մեջ: Լիլիա Վարդանյանի ղեկավարության առաջին տարիներին (2000-2003 թթ․) ՌԴ ԳԱ Ազգաբանության և մարդաբանության ինստիտուտի Սոցիոլոգիայի բաժնի հետ (ղեկավար՝ ՌԴ ԳԱ թղթակից անդամ Յուրի Հարությունյան) համատեղ իրականացվեց «Հայերը սեփական և այլէթնիկ միջավայրում» գիտական թեման: Թեմայի ընտրությունը պատահական չէր, քանի որ Հայաստանից բնակչության զանգվածային արտագաղթը հիմք էր հայկական նոր սփյուռքի ձևավորման համար, որը քաղաքական, տնտեսական, սոցիալ-ժողովրդագրական առումով պահանջում էր խոր և համակողմանի վերլուծություն: Երկու մայրաքաղաքներում` Մոսկվայում և Երևանում, միաժամանակ անցկացվեց էթնոսոցիոլոգիական հետազոտություն: Երևանում բաժնի աշխատակիցների ուժերով հարցումներ անցկացվեցին 721 ընտանիքներում: Համատեղ հետազոտության արդյունքների քննարկման, թեմատիկ ուղղությունների հստակեցման նպատակով 2001 թվականին Երևան հրավիրվեց ՌԴ Ազգաբանության և մարդաբանության ինստիտուտի բաժնի վարիչ ՌԴ ԳԱ թղթակից անդամ Յուրի Հարությունյանը: Նպատակահարմար համարվեց Երևանի և Մոսկվայի հետ համեմատական էթնոսոցիոլոգիական ուսումնասիրության համար ներգրավել նաև Կրասնոդարի հայերին: Այդ հետազոտության արդյունքների համեմատական վերլուծությունը հնարավորություն տվեց բացահայտելու սեփական և այլ էթնիկ միջավայրում հայերի էթնիկ ինքնության և մշակույթի պահպանման առանձնահատկությունները, նրանց տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական վարքագծում տեղի ունեցող փոփոխությունները:
Բաժնի աշխատակիցների ջանքերով 2001 թվականին կազմակերպվեց վաստակաշատ գիտնական Էմմա Կարապետյանի հիշատակին նվիրված գիտաժողով, հրատարակվեց «Ընտանիքի հետազոտման հիմնախնդիրները» գիտական հոդվածների ժողովածուն (2001 թ․): Նույն տարում բաժնի աշխատակից Մխիթար Գաբրիելյանը պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն «Հասարակական և մշակութային գործընթացները Հայաստանի Հանրապետության արդի գյուղում (ազգագրական ուսումնասիրություն)» թեմայով:
Բաժնի մի խումբ աշխատակիցներ 1999 թվականին ստեղծեցին «Ակունք» էթնոսոցիոլոգիական հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը, որը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և ֆինանսավորման շնորհիվ 2001 թվականին Հայաստանի 17 քաղաքային և 41 գյուղական բնակավայրերի 1626 մարդկանց և 341 փորձագետների շրջանում իրականացրեց էթնոսոցիոլոգիական հարցումներ ընտանեկան կոնֆլիկտների վերաբերյալ: Դրանց հիման վրա հրատարակվեց «Ընտանեկան բռնությունները Հայաստանում. սոցիոլոգիական հետազոտություն» գիրքը (2002 թ․), որտեղ հայ իրականության մեջ առաջին անգամ համակողմանի վերլուծվում և վերհանվում են ընտանիքում կիրառվող բռնարարքների պատճառները, տեսակները, տարածվածության չափերը, սուբյեկտները, կիրառման հաճախականությունը, հետևանքները և կանխարգելման հնարավոր ուղիները:
1998-2004 թվականներին բաժնի աշխատակիցների մի մասը համագործակցեց նաև «Ոստան» էթնոմշակութաբանական հետազոտությունների կենտրոնի հետ: Վաստակաշատ գիտնական Յուրի Մկրտումյանի ղեկավարությամբ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների և փոքրաթիվ էթնիկ խմբերի շրջանում անցկացվեց ազգագրական հետազոտություն, որին ակտիվորեն մասնակցեցին նաև բաժնի աշխատակիցներ Մխիթար Գաբրիելյանը, Միհրան Գալստյանը, Սամվել Մկրտչյանը, Թամար Զաքարյանը: Հավաքված նյութերի հիման վրա Յուրի Մկրտումյանի խմբագրությամբ լույս տեսան «Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնություններն այսօր I» (2000 թ․) և «Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունները քաղաքացիական հասարակության կայացման արդի պայմաններում II» (2005 թ․) աշխատությունները, որոնց առանձին բաժինների համահեղինակներ են բաժնի աշխատակիցներ Մխիթար Գաբրիելյանը և Միհրան Գալստյանը:
Բաժնի գիտաշխատողները թեմատիկ, ժամանակագրական առումով ծավալուն աշխատանքներ կատարեցին նաև «էթնոսոցիալական գործընթացները Հայաստանի Հանրապետությունում» թեմայի իրականացման շրջանակներում: Հատկապես թիրախային էին հետևյալ հիմնախնդիրները՝ հասարակական և ընտանեկան տոներում, ծեսերում, ընտանեկան հարաբերություններում, պրոֆեսիոնալ մշակույթում, բնակչության սոցիալական կառուցվածքում աշխատանքային միգրացիայի էթնոսոցիալ գործընթացներում տեղի ունեցող փոփոխությունները: Այդ նպատակով 2005-2007 թվականներին կազմակերպվեցին անհատական գործուղումներ և գիտարշավներ Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզեր: Բաժնի աշխատակից Սաթենիկ Մկրտչյանը գործուղվել է Վրաստանի Հանրապետություն՝ հավաքելով ազգագրական և սոցիոլոգիական նյութեր թիֆլիսահայերի էթնիկ ինքնության վերաբերյալ: Ռուբեն Կարապետյանը 2005 թվականին ՀՀ քաղաքներում ժամանակակից էթնոսոցիոլոգիական գործընթացների վերաբերյալ հարցում է կազմակերպել Երևան, Գյումրի, Կապան, Իջևան և Գավառ քաղաքներում, որին մասնակցել է 2000 մարդ: Վերլուծության ժամանակ այն համեմատվել է 1980 թվականին և 1993 թվականին իրականացրած ուսումնասիրության արդյունքների հետ: Այնուհետև բաժնի գիտաշխատողները անհատական և խմբային գործուղումների միջոցով Տավուշի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի մարզերում իրականացրել են դաշտային հետազոտություններ: Հիմքը Հայաստանի պատմաազգագրական մարզերի քաղաքային և գյուղական նույն բնակավայրերի 1980 թվականի ընտրանքն էր, իսկ նպատակն էր խորհրդային և հետխորհրդային որակապես տարբեր ժամանակաշրջաններում կատարվող էթնոմշակութային և սոցիալական փոփոխությունների հիմնական միտումների և համեմատական նյութերի ստացումը: Համեմատական նյութերի հիման վրա նախատեսվում էր հրատարակել պատմաազգագրական մարզերին նվիրված առանձին աշխատություններ: Առաջինը Տավուշն էր: Համլետ Սարգսյանի, Միհրան Գալստյանի, Թամար Զաքարյանի, Լիլիա Վարդանյանի, Սամվել Մկրտչյանի, և Ռուբեն Օհանջանյանի կողմից հրատարակվեցին «Տավուշ. սոցիալ-մշակութային գործընթացներ», «Տավուշի մարզի բնակչությունը XIX դ. – XXI դ. սկզբներին», «Աշխատանքային միգրացիան Տավուշում», «Ընտանիքը և ընտանեկան հարաբերությունները Տավուշի մարզում», «Տավուշցիների ընտանեկան ծիսակարգը», «Տավուշցիների տոնական և կրոնական վարքագիծը», «Գեղարվեստական մշակույթը Տավուշում» աշխատությունները (2014 թ․): Հավաքված նյութերի հիման վրա Սամվել Մկրտչյանը հրատարակեց «Տոներ. հայկական ժողովրդական ծեսեր, սովորույթներ, հավատալիքներ (Ավանդույթ և արդիականություն)» (2010 թ․) և «Հայոց տոնածիսական մշակույթ» մենագրությունները (2016 թ․)։
Կադրային ներուժի ձևավորումը և զարգացումը
Նշված էթնոսոցիոլոգիական հետազոտություններն էապես նպաստեցին նաև այդ ոլորտի գիտական առաջընթացին: Ստացված նյութերի հիման վրա պաշտպանվեցին դոկտորական ատենախոսություններ. Սամվել Մկրտչյան՝ «Հայոց տոնածիսական համակարգի էթնոմշակութային առանձնահատկությունները» (2011 թ․), Ռուբեն Կարապետյան՝ «Միգրացիան և էթնոսոցիալ գործընթացները Հայաստանի քաղաքներում» (2015 թ․), Միհրան Գալստյան՝ «Աշխատանքային միգրացիայի սոցիալ-մշակութային հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» (2016 թ․): Պաշտպանվել են նաև թեկնածուական թեզեր. Նարեկ Գալստյան՝ «Էթնոմշակութային գործոնի դերը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության ձևավորման հարցում» (2012 թ․), Աննա Մնացականյան` «Մանկատան շրջանավարտների սոցիալականացման էթնոմշակութային առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում» (2012 թ․), Հասմիկ Աբրահամյան ` «Վարդավառը հայոց մեջ (պատմաազգագրական ուսումնասիրություն)» (2014 թ․), Հռիփսիմե Ասատրյան` «Խաղերի սոցիալ-մշակութային առանձնահատկությունները հայոց մեջ (ավանդույթ և արդիականություն)» (2018 թ․):
2015 թվականից մինչ օրս բաժինը ղեկավարում է Միհրան Գալստյանը: Բաժնի գիտաշխատողների կողմից իրականացվող թեմաներում ավանդականի և արդիականի համեմատության հիման վրա խնդիր է դրված բացահատելու Հայաստանի ներկայիս սոցիալ-մշակութային գործընթացներում տեղի ունեցող փոփոխությունները և նոր դրսևորվող միտումները: Հավաքված նյութերի և էթնոսոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների հիման վրա այդ նոր միտումները վերլուծության են ենթարկվել հայ էթնոսի միգրացիոն, ընտանեկան և ազգակցական, տոնածիսական և կրոնական, պրոֆեսիոնալ մշակույթի, ինքնության համակարգում՝ հաշվի առնելով նրանց սեռատարիքային, կրթական, սոցիալ-մասնագիտական, տնտեսական և այլ կարևոր գործոններ: Մասնավորապես, քննարկվել են, թե համաշխարհայնացման գործընթացները և նոր տեղեկատվական հոսքերը ինչ ազդեցություն են թողնում ընտանեկան արժեքների, քաղաքացիական և պայմանագրային ամուսնությունների, ընտանիքի մոդելի և կատարած գործառույթների փոփոխությունների վրա, ինչ նոր դրսևորումներ են առկա ինքնության, հայոց տոնածիսական համալիրում և գեղարվեստական մշակույթի սպառման ոլորտում: Դուրս է բերվել միգրացիայի թողած սոցիալ-տնտեսական և մշակութային ազդեցությունը անհատի, ընտանիքի, համայնքի և հասարակության մակարդակով:
Թեմատիկ առումով հետազոտություններն ընդգրկում են հետևյալ ուղղությունները. միգրացիոն գործընթացներ (կատարող՝ պ.գ.դ., առաջատար գիտաշխատող Միհրան Գալստյան), պրոֆեսիոնալ մշակույթ (կատարող՝ պ.գ.թ., ավագ գիտաշխատող Ռուբեն Օհանջանյան), ընտանիք և ընտանեկան հարաբերություններ (կատարող՝ գիտաշխատող Թամար Զաքարյան), պասի մշակույթ (պ.գ.թ., գիտաշխատող Հասմիկ Աբրահամյան), քաղաքացիական հասարակարգ և էթնոմշակութային գործոն (կատարող՝ պ.գ.թ., գիտաշխատող Նարեկ Գալստյան), զբոսաշրջության մշակութային պրակտիկաների սոցիալական փոփոխությունները արդի Հայաստանում (կատարող՝ պ.գ.թ., կրտսեր գիտաշխատող Գարիկ Աթանեսյան), սիրիահայերի սոցիալ-մշակութային ադապտացիայի հիմնախնդիրները (կատարող՝ կրտսեր գիտաշխատող, պ.գ.թ., Գայանե Հակոբյան): ՀՀ Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների արտաքին միգրացիայի խնդիրների վերաբերյալ 2013-2014 թվականներին հետազոտություն անցկացրին Միհրան Գալստյանը և ասպիրանտ Աննա Մարկոսյանը, ինչի արդյունքում հրատարակվեց «Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների միգրացիան (էթնոսոցիոլոգիական հետազոտություն)» մենագրությունը (2015 թ․):
ՀՀ Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ Միհրան Գալստյանի ղեկավարությամբ և բաժնի գիտաշխատողներ Ռուբեն Օհանջանյանի, Թամար Զաքարյանի և Գայանե Հակոբյանի մասնակցությամբ աշխատանքներ կատարվեցին արդի հայ ընտանիքի առջև ծառացած հիմնախնդիրների ուսումնասիրության ոլորտում: Այդ նպատակով 2016-2017 թվականներին Երևանում և Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի 6 քաղաքային և 20 գյուղական բնակավայրերի 384 ընտանիքներում անցկացվեցին էթնոսոցիոլոգիական հարցումներ, որոնց արդյունքում հրատարակվեց «Արդի հայ ընտանիքը փոխակերպվող հասարակությունում» կոլեկտիվ աշխատությունը (2017 թ․):
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև նոր մասնագետ կադրերի պատրաստման և բաժինը երիտասարդներով համալրման խնդրին: Այդ նպատակով բաժնի գծով առկա և հեռակա ասպիրանտուրայում կազմակերպվել է ընդունելություն: Նարեկ Գալստյանը 2012 թվականին և Գայանե Հակոբյանը 2019 թվականին պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն: Աննա Մարկոսյանը բաժնի գծով ավարտել է ասպիրանտուրան (2012-2016 թթ․) և զբաղվում է «Հայրենակցական միությունների գործունեության սոցիալ-մշակութային առանձնահատկությունները Հայաստանում» թեմայով: Սոնա Մելիքջանյանը, Լուսինե Անգելուշը և Մարինե Օհանջանյանը ներկայումս սովորում են ասպիրանտուրայում՝ Միհրան Գալստյանի գիտական ղեկավարությամբ: Սոնա Մելիքջանյանի ատենախոսական աշխատանքը վերաբերում է Հայաստանից կանանց աշխատանքային միգրացիայի, Մարինե Օհանջանյանինը՝ Հայաստանում միջէթնիկ ամուսնությունների, Լուսինե Անգելուշինը՝ Հայաստանում լեզվական գործընթացների էթնոմշակութային դրսևորումների հիմնախնդիրներին: Այդ հետազոտական աշխատանքներն ունեն ոչ միայն գիտական, այլև կիրառական կարևոր նշանակություն: Գիտական թեմաների կատարմանը զուգահեռ բաժնի աշխատակիցներից Միհրան Գալստյանը և Ռուբեն Օհանջանյանը զբաղվում են նաև դասախոսական աշխատանքով Երևանի պետական համալսարանում։
Ընդհանուր առմամբ, Էթնոսոցիոլոգիայի բաժնի ստեղծումից ի վեր բաժնի աշխատակիցները հրատարակել են 25 գիրք, 218 հոդված, 83 թեզիս և մասնակցել են բազմաթիվ հանրապետական և միջազգային գիտաժողովների: Բաժնի աշխատակիցները համագործակցում են ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայի մի քանի հետազոտական կենտրոնների, ՌԴ ԳԱ Մարդաբանության և էթնոլոգիայի ինստիտուտի, Բելառուսի ԳԱ բելառուսական մշակույթի, լեզվի և գրականության հետազոտությունների կենտրոնի հետ: Վերջինիս հետ համատեղ 2019 թվականից սկսած ՀՀ Կրթության և գիտության նախարարության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվում է «Բելառուսի հայերը-Հայաստանի բելառուսները. էթնիկ ինքնություն և միջմշակութային փոխառնչությունները արդի շրջանում» միջազգային ծրագիրը: Հիշյալ գիտական թեմաների արդյունքների հիման վրա ՀՀ կառավարությանը և հասարակական կազմակերպություններին արվել և արվում են մեթոդաբանական բնույթի և հայեցակարգերի մշակման կիրառական առաջարկներ: