Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Մշակութային մարդաբանության բաժին

Մշակութային մարդաբանության բաժին

Մշակութային մարդաբանության բաժին

Ստորաբաժանման խնդիրն է

  1. Զբաղվել մշակույթի և հասարակության տեղային (լոկալ) կյանքի ուսում­նա­­սի­րությամբ՝ այն հավելելով համեմատական վերլուծությամբ: Սոցիալ-մշա­կու­թա­յին զար­գացումներին համընթաց՝ ստորաբաժանման հետազոտության դաշտն արագ փո­­փոխ­վում և ընդլայնվում է, առաջանում են նոր ուղղություններ (օրինակ՝ թվային մար­­­դա­բա­նություն, աղետների մարդաբանություն, նյութականության մար­դա­բա­նութ­յուն ևն), որոնք ևս բաժնի հետազոտության առարկա են:
  2. Ժամանակաշրջանի տեսանկյունից՝ զբաղվել բոլոր շրջաններով՝ կենտրոնա­նա­լով հատ­­կապես XX–XXI դդ. վրա:
  3. Զարգացնել մշակութային մարդաբանությունը Հայաստանում՝ նպաստելով համա­պա­տաս­­խան կադրերի ներհոսքին և բնականոն սերնդափոխությանը:
  4. Ստորաբաժանումն իր աշխատանքներն իրականացնում է հետևյալ գործունեության ձևերով՝ դաշտային, թանգարանային, արխիվային/գրադարա­նա­յին, գրա­սենյակային:
  5. Ստորաբաժանման արտադրանքը չափվում է որակյալ գիտական հրապարակումներով (մե­նա­գրու­թյուն­ներ, ժողովածուներ, հոդվածներ), որոնք պետք է լինեն ակտուալ և նորարարական՝ կի­­­րառելով ժամանակակից մեթոդներ, մասնակցած և կազ­­­մակերպած միջոցառումներով (գիտաժողովներ, սե­մի­նար­ներ ևն), դաշտային ար­դյու­նա­վետ աշխատանքով, միջազգային կապերի արդ­յու­նա­վե­տութ­յամբ (օտարերկրյա ռեսուրսների ներ­­գրավում, մի­­ջազգային գիտաժողովների մաս­նակ­ցություն), կադրային ներհոսքով, ատե­նախո­սու­թյուն­ների պաշտ­պա­նու­թյամբ, մասնագիտական կարծիքների տրամադրմամբ:

 


Ստորաբաժանման անցյալն ու ներկան

Ներածություն

Ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժինն այդ անվամբ հանդես է գալիս 2023 թվականից: Մինչ այդ այն կոչվել է Արդիականության ազգաբանության բաժին, որը ձևավորվել է 2005 թվականին:

Խորհրդային շրջանում պատմաազգագրական ոճի հետազոտությունների գերակայության պայմաններում արդիականության և քաղաքի հետազոտությունը մնում էր քիչ ուսումնասիրված, եթե չհաշվենք 1980-ականներին լույս տեսած որոշ աշխատանքներ (հատկապես հմմտ. Маркарян Э. (рук.) и др., Культура жизнеобеспечения и этнос: Опыт этнокультурологического исследования (на материалах армянской сельской культуры), 1983; Арутюнян Ю., Карапетян Э. (ред.), Население Еревана. Этносоциологическое исследование, 1986): Շոշափելի շրջադարձը դեպի արդիականության ուսումնասիրություն կապված է Հայաստանում 1988 թվականի իրադարձությունների և հանրապետության կյանքի բոլոր ոլորտների հետագա փոփոխությունների հետ: 1988-ի փետրվարից սկսվեցին զանգվածային ժողովրդական ցույցեր, որոնք հայտնի դարձան որպես Ղարաբաղյան շարժման սկիզբ: Այդ ցույցերը տևեցին մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը և Հայաստանի անկախության ձեռք բերումը 1991 թվականին: Ազգագրագետներ Զավեն Խառատյանը, Հարություն Մարությանը և Լևոն Աբրահամյանը հնարավորության դեպքում չէին լքում անսպասելիորեն ստեղծված դաշտը` Երևանի հրապարակներն ու փողոցները՝ փորձելով գրանցել, այնուհետև հասկանալ տեղի ունեցող բուռն իրադարձությունները: Այս եզակի դաշտային աշխատանքների արդյունքում հրապարակվեցին մի շարք զեկուցումներ, հոդվածներ (Մարության Հ., Ցեղասպանության զոհի բարդույթի հաղթահարումը Ղարաբաղյան շարժման տարիներին, 2013, Abrahamian L., The Karabagh Movement аs Viewed by an Anthropologist, 1990), գրքերի գլուխներ (Abrahamian L., Armenian Identity in a Changing World, 2006) և գրքեր, օրինակ` Հարություն Մարությանի հիմնարար աշխատանքը Շարժման ընթացքում ի հայտ եկած ցուցապաստառների և տրանսպարանտների վերաբերյալ (Մարության Հ., Հայ ինքնության պատկերագրությունը, 2009, Marutyan H., Iconography of Armenian Identity, 2009): Ղարաբաղյան շարժման մարդաբանական ուսումնասիրությունները կարելի է համեմատել Լեհաստանում նմանատիպ իրադարձությունները ուսումնասիրող Զդիսլավ Մախի հետազոտության հետ։  

Ղարաբաղյան շարժումը՝ Հայաստանի անկախության նախադրյալը, շարունակում էր իր մոդելավորող դերը կատարել հետագա քաղաքական և քաղաքացիական ելույթներում ևս (Abrahamian L., Shagoyan G., Rallies as Festival and Festival as a Model for Rallies, 2013): Հարություն Մարությանն այն որակում է որպես առաջին հեղափոխություն (Մարության Հ., Ղարաբաղյան շարժման կամ Հայկական հեղափոխության (1988-1990) հիմնական առանձնահատկությունները, 2013)՝ համեմատելով այն երկրորդ՝ 2018-ի «թավշյա» հեղափոխության հետ, որը նույնպես դառնում է մարդաբանական հետազոտության առարկա (Abrahamian L., Shagoyan G., Velvet Revolution, Armenian Style, 2018): 

1980-ականների վերջի փոթորկալից «ներկան» ստիպեց հայաստանյան ազգագրագետներին երկար ժամանակ զբաղվել այդ խնդիրներով։ Այնուամենայնիվ, այստեղ նույնպես կան թաքնված «օրինաչափություններ»: Այսպես, 1970-ականների վերջին Լևոն Աբրահամյանը փորձ էր արել վերակառուցել մի նախատոն (Ur-Festival) (Абрамян Л.А., Первобытный праздник и мифология, 1983)՝ հենվելով առավելապես ավստրալական աբորիգինների նյութի վրա, իսկ 1988-ին հեղինակը կարծես հայտնվեց իր վերակառուցած տոնի հորձանուտում (Աբրահամյան Լ., Ծեսը, նախաթատրոնը և Թատերական հրապարակը, 1990, Աբրահամյան Լ., Քաոսը և կոսմոսը ժողովրդական ելույթների կառուցվածքում. Ղարաբաղյան շարժումը ազգագրագետի հայացքով, 1990, Abrahamian L., Archaic Ritual and Theater: From the Ceremonial Glade to Theater Square, 1990, Abrahamian L., Chaos and Cosmos in the Structure of Mass Popular Demonstrations. The Karabakh Movement in the Eyes of an Ethnographer, 1990):

Հարություն Մարությանը հրատարակել էր մի աշխատություն գյուղական տան ինտերիերի մասին (Марутян А., Интерьер армянского народного жилища (вторая половина XIX  – начало XX вв.), 1989) և մտադիր էր հաջորդիվ ուսումնասիրել քաղաքային բնակելի տան ինտերիերը, բայց երբ սկսվեցին 1988-ի իրադարձությունները, նա հեռացավ նախատեսած թեմայից: Սակայն քաղաքը, թեկուզ այլ ձևով, բայց տեղ գտավ իր ուսումնասիրություններում 1988 թվականին, երբ բազմաթիվ ցուցապաստառներ և տրանսպարանտներ ձևավորեցին քաղաքի նոր, ժամանակավոր «ինտերիերը»:

Հետաքրքրության ևս մեկ տեղաշարժ դեպի քաղաքային մարդաբանություն տեղի ունեցավ Գայանե Շագոյանի մոտ: Այս անգամ պատճառը ոչ թե ձեռակերտ էր, այլ բնական ուժերի հետևանք: Դա իր ծննդավայր Գյումրիի՝ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքի (նախկին Լենինական) ավերումն էր 1988 թվականի դեկտեմբերի երկրաշարժի արդյունքում: Հարսանիքի հանդեպ Գայանե Շագոյանի գիտական ​​հետաքրքրությունը (Շագոյան Գ., «Յոթ օր, յոթ գիշեր». հայոց հարսանիքի համայնապատկեր, 2011) տեղի տվեց երկրաշարժից տուժած քաղաքի խնդիրներին (Шагоян Г., Очерки антропологии города, пережившего землетрясение, 2010):

Անկախացումից հետո ստեղծված նոր քաղաքական և տնտեսական իրավիճակը դրդեց Սվետլանա Պողոսյանին իր մասնագիտական հետաքրքրությունը, որը հիմնականում կապված էր հայկական տարազի հետ (Պողոսյան Ս.,  Շիրակ-Ջավախքի հայոց ավանդութային տարազը (19-րդ դ. վերջ – 20-րդ դ. սկիզբ), 1994), ուղղել դեպի գենդերային ուսումնասիրությունների ոլորտը՝ կանանց սոցիալական նոր դերերի խնդիրները (Պողոսյան Ս., Աշխատող կինը արդի հասարակությունում, 2001, Պողոսյան Ս., Կանայք ճգնաժամային իրավիճակում. Արցախյան գոյամարտի կին ազատամարտիկները, 2006)։

Արսեն Հակոբյանը, ով ուսումնասիրում էր նախկինում Ադրբեջանում ապրող թաթալեզու հայերի խումբը (Հակոբյան Ա., Թաթախոս հայերը, 2002), ղարաբաղյան հակամարտությունից հետո անդրադարձավ բռնության և ժողովրդական դիվանագիտության մարդաբանությանը (Հակոբյան Ա., Բռնությունների սկզբնավորումը ղարաբաղյան կոնֆլիկտի ժամանակ, 1988). կառուցում և իրականություն, 2010, Гусейнова С., Акопян А., Румянцев С., Кызыл-Шафаг и Керкендж: история обмена сёлами в ситуации Карабахского конфликта, 2008, Акопян А., Народная дипломатия во время карабахского конфликта: обмен селами Керкендж и Кызыл-Шафаг, 2011, Hakobyan A., Anthropology of Ethnic Conflict in the context of everyday life, 2011): 

Պատերազմից հետո ուսումնասիրության մի անխուսափելի թեմա ծագեց` փախստականների խնդիրը և դրանց նոր պայմաններին հարմարվելը (Շագոյան Գ., Հակոբյան Ա., Խուրշուդյան Վ., «Պանդի ուխտը»՝ որպես գետաշենցիների ինքնության հարացույց, 2018,  Baghdasaryan M., Contesting Belonging and Social Citizenship: The Case of Refugee Housing in Armenia, 2011, Baghdasaryan M., Citizenship at the “Historic Homeland”: Refugees from Azerbaijan in Armenia, 2014): Ադրբեջանից փախստականների խնդիրներին հետագայում գումարվեցին սիրիահայ ներգաղթյալների խնդիրները (Hakobyan A., From Aleppo to Yerevan: The War and Migration from the Window of the Bus Route, 2016): Փախստականների ուսումնասիրման թեման կրկին արդիականացավ՝ ձևավորելով այս ոլորտի քննության նոր հասարակական պահանջ, 2023-ի Արցախի հայերի բռնագաղթի առնչությամբ։ Այդ հրատապ խնդիրներով ներկայումս զբաղվում են բաժնի մի քանի աշխատակից (Հրանուշ Խառատյանը, Գոհար Ստեփանյանը, Գայանե Շագոյանը, Հասմիկ Կնյազյանը, Զարուհի Համբարձումյանը, Գրիգորի Այվազյանը)։ Ուսումնասիրության առարկա դարձավ նաև այնպիսի դասական ճգնաժամային թեմա, ինչպիսին է արտագաղթը (Խառատյան Հ. (խմբ.), Արտագաղթը Հայաստանից, 2003, Долженко И., Миграционные процессы среди русского населения Армении, 1990)։ 

 

Արդիականության ուսումնասիրությունների ինստիտուցիանալացումը

Վերոհիշյալ խնդիրների հետազոտման անհրաժեշտությունը հանգեցրեց դրանց ինստիտուցիոնալացմանը, որի արդյունքում 2005 թվականին ինստիտուտում ձևավորվեց Արդիականության ազգաբանության բաժինը: Բաժինը ստեղծվեց 1990-ականների երկրորդ կեսից գոյություն ունեցող թեմատիկ խմբի հիման վրա, որի անդամները նախկինում ինստիտուտի Ազգագրության բաժնի աշխատակիցներն էին և հիմնականում զբաղվում էին ժամանակակից առօրյայի ուսումնասիրությամբ ու ճգնաժամի ազգագրությամբ (մարդաբանությամբ):

Երկրում ձգձգվող ճգնաժամի արդյունքում խմբի աշխատակիցները հետազոտական​​ աշխատանքի մեծ փորձ էին ձեռք բերում: Նրանք մասնակցում էին տարբեր միջազգային, այնուհետև տեղական դրամաշնորհային նախագծերի, որոնք ուղղված էին երկրում ճգնաժամի հաղթահարմանը: Հիշեցնենք, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հետխորհրդային տարածքի համար ընդհանուր տնտեսական ճգնաժամը Հայաստանում ավելի էր վատթարացել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի և Ղարաբաղում պատերազմի (1991–1994 թթ․) պատճառով: Աշխատակիցներն, այս նախագծերում աշխատելով, սովորում էին դաշտային աշխատանքի և վերլուծության նոր մեթոդներ ու մոտեցումներ: Կարելի է ասել, որ ոչ թե տեսությունը և ուսուցումն էին պատրաստում նրանց դաշտային աշխատանքին, այլ, հակառակը, դաշտային աշխատանքը նոր ուղղություններ էր բացում ազգագրության / մարդաբանության ոլորտում (մանրամասների համար տե՛ս Шагоян Г., Форум: Образование в антропологии и социальных науках, 2005): Կսահմանափակվենք ընդամենը մեկ օրինակով՝ աղքատությանը վերաբերող գրքով, որը 1994-2000 թվականներին հիմնականում Համաշխարհային բանկի իրականացրած տարբեր նախագծերի մի յուրահատուկ հավելյալ արդյունք էր այն նախագծերի, որոնք ուղղված էին աղքատության, աղքատացման և համընդհանուր ճգնաժամի պայմաններում գոյատևման ռազմավարությունների, սոցիալական ապահովության, փախստականների, առողջապահական և կրթության, բնապահպանության ասպարեզներում խնդիրների ուսումնասիրությանը: Այդ նախագծերի շնորհիվ ազգագրագետները  հնարավորություն ստացան ուսումնասիրություններ իրականացնել Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում: Արդյունքում ստեղծված գիրքը կոչվեց «Պատմություններ աղքատության մասին» (Խառատյան Հ. (խմբ.), Պատմություններ աղքատության մասին. նյութեր և ուսումնասիրություններ, 2001): Գրքի առաջին մասը պարունակում է ազգագրագետների հավաքած պատմություններ աղքատության մասին՝ կենսագրական հարցազրույցներից առանձնացված կարճ ու երկար հատվածներ: Երկրորդ մասը ներկայացված է նույն հեղինակների վերլուծական հոդվածներով, որոնք հիմնվում են հավաքած ընդհանուր նյութի վրա, իսկ վերջին հոդվածը, որը վերջաբանի դեր է կատարում, ունի մեկնաբանություններ ուսումնասիրվող խնդրի վերաբերյալ` առաջին մասի նյութերի և երկրորդ մասի հոդվածների հիման վրա: Վերջում տեղադրված կարևոր հասկացությունների բառացանկը միավորում է այս երեք բաժիններում բարձրացված խնդիրները: Վերնագրում հոգնակի թվով տեղադրված «պատմություն» բառը հայերենում ունի 2 իմաստ՝ այն հուշում է, որ մենք փաստորեն գործ ունենք աղքատության պատմության հետ (հմմտ՝ ռուսերեն երկիմաստ «история» բառը կամ անգլերեն զույգ «story» և «history» բառերը): Հինգ տարի անց կատարվեց նոր ուսումնասիրություն, որի ադրյունքներն արտացոլվեցին «Աղքատության պատմություններ» երկրորդ գրքում (Խառատյան Հ., Մարության Հ. (խմբ.), Պատմություններ աղքատության մասին, 2007): Այսպիսով, առանձին «պատմությունները» դարձան իսկական «պատմություն»՝ 1994–2005 թվականների անցումային ժամանակահատվածի Հայաստանի ազգագրական տարեգրություն (Shagoyan G., Book-reviews on Kharatyan H. (ed.), Patmut‘yunner aghk‘atut‘yan masin [Stories on Poverty], 2001 and Kharatyan H., Marutyan H. (eds), Patmut‘yunner aghk‘atut‘yan masin [Stories on Poverty]. Book 2, 2007, 2011) և,  կարելի է ասել՝ Հայաստանի առաջին հետարդիական ազգագրական աշխատությունը:

2008 թվականին բաժնում ձևավորվում է Կիրառական ազգագրության խումբը՝ Հրանուշ Խառատյանի ղեկավարությամբ։ Ազգագրության այս ուղղությունը, արձագանքելով տեղի ունեցող՝ սովորաբար ճգնաժամային իրադարձություններին, ենթադրում է հրատապ մասնագիտական միջամտություն։   

 

Հիշողության մարդաբանություն

Բռնությունը, փախստականները, զանգվածային գաղթը, ցավոք, հայոց պատմությանը լավ ծանոթ երևույթներ են, որոնք հատկապես արդիական դարձան Առաջին աշխարհամարտի տարիներին օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո: Ղարաբաղյան հակամարտությունը և հատկապես հայերի ջարդերը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988 թվականի փետրվարի վերջին նույնպես չեն խուսափել ցեղասպանության հետ համեմատությունից: Սա պարզ է դառնում Հարություն Մարությանի (Մարության Հ., Հայ ինքնության պատկերագրությունը։ Հատոր 1. Ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը, 2009) արդեն հիշված աշխատությունից: Ուսումնասիրության առարկա է դարձել նաև անմիջականորեն ցեղասպանության հավաքական հիշողությունը (Մարության Հ., Ցեղասպանության հիշողությունը որպես նոր ինքնության ձևավորիչ (1980-ական թվականների վերջ – 1990-ական թվականների սկիզբ), 2005, Մարության Հ., Հիշողության դերն ազգային ինքնության կառուցվածքում. տեսական հարցադրումներ, 2006, Մարության Հ., Տրավմատիկ հիշողությունն իբրև հայկական ինքնության պահպանման կարևորագույն գործոն Թուրքիայում, 2008, Marutyan H., Trauma and Identity: On Structural Particularities of Armenian Genocide and Jewish Holocaust, 2014, Գրիգորյան Հ., Զանգվածները և զանգվածային բռնություններըը. Օսմանյան կայսրության մուսուլման բնակչության մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը, 2017) և այս մասշտաբային ողբերգության արտացոլումը հետագա, նույնպես դրամատիզմից ոչ զուրկ, իրադարձություններում, որոնք կապված էին ցեղասպանությունից հետո հայրենիքը կորցրած հայերի՝ նոր հայրենիք՝ Խորհրդային ​​Հայաստան, հայրենադարձման հետ (Ստեփանյան Ա., XX դարի հայրենադարձությունը հայոց ինքնության համակարգում, 2010):

Հայրենադարձության խնդիրները վերհանող գրքի հեղինակ Արմենուհի Ստեփանյանը մեծացել է հայրենադարձների շրջապատում, ուստի այս աշխատանքը որոշ չափով ինքնակենսագրական է: Զարմանալի չէ, որ այն ընդգրկված է բաժնի կողմից հրատարակվող «Հիշողության ազգագրություն» շարքում: Սա շարքի երրորդ գիրքն է, երկրորդը` Հարություն Մարությանի արդեն հիշատակված հատորն է (Մարության Հ., Հայ ինքնության պատկերագրությունը։ Հատոր 1. Ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը, 2009, Marutyan H., Iconography of Armenian Identity. Volume 1: The Memory of Genocide and the Karabagh Movement, 2009) ցեղասպանության հավաքական հիշողության մասին, իսկ առաջինը 1949 թվականին ընտանիքի հետ Սիբիր աքսորված մի աղջկա օրագիր է, որը դարձել է ստալինյան աքսորում ամենօրյա կյանքը պատմող եզակի փաստաթուղթ (Алексанян А., Сибирский дневник: 1949–1954 гг., 2017): Այս շարքում արդեն հրատարակվել է 8 գիրք, որոնց վերնագրերը արտահայտում են հիշողության մարդաբանության ողջ ներկապնակը (Оганезов Г., Харатян Г. (сост.), Самооборона армян Кировабада в 1988–1989 гг. глазами oчевидцев, 2014, Խառատյան Հ., Շագոյան Գ., Մարության Հ., Աբրահամյան Լ., Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում. պատմություն, հիշողություն, առօրյա, 2015, Գրիգորյան Հ., Զանգվածները և զանգվածային բռնություններըը. Օսմանյան կայսրության մուսուլման բնակչության մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը, 2017, Շագոյան Գ. (խմբ.), Չլսվող ձայներ. հիշողությունն ու հետհիշողությունը բանավոր պատմություններում, 2018, Փիրումեան Մինասեան Ռ., Մինասեան Բ., Թաւրիզից ստալինեան գուլագ. ընդհատուած պատմութիւն, 2019):

Հիշողության մարդաբանության առանձին ճյուղերն են ներկայացնում բանավոր պատմության մեթոդաբանությամբ կազմված ժողովածուները (Խառատյան Հ., Շագոյան Գ., Մարության Հ., Աբրահամյան Լ., Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում. պատմություն, հիշողություն, առօրյա, 2015, Շագոյան Գ. (խմբ.), Չլսվող ձայներ. հիշողությունն ու հետհիշողությունը բանավոր պատմություններում, 2018) և վիզուալ մարդաբանության սկզբունքով կատարած հետազոտությունները (Երանոսյան Ա․ «Ծառապատում»․ Trees That Tell Stories, Տոհմածառերի ստեղծման և բանավոր պատմությունների հավաքագրման աշխատագիրք, 2020):

 

Ինքնության խնդիրների ուսումնասիրությունը

Բոլոր նշված թեմաները և սյուժեները այս կամ այն ​​կերպ կապված են փոփոխվող աշխարհում անձի ինքնագիտակցման, սեփական ինքնության որոշակի երանգների ճշգրտման հետ: Վերնագրի մակարդակով «ինքնություն» եզրը հայտնվեց 2001 թվականին «Հայ ժողովրդական արվեստ, մշակույթ և ինքնություն» գրքում (Abrahamian L., Sweezy N. (eds), Armenian Folk Arts, Culture and Identity, 2001), որի ստեղծմանը մասնակցել են հիմնականում ինստիտուտի աշխատակիցները: Իհարկե, ավելի ճիշտ կլիներ օգտագործել «նույնականացում» եզրույթը, քանի որ այն արտացոլում է շարունակական գործընթաց և ոչ թե քարացած պատկեր (Տ. Էրիկսեն): Սա հատկապես նկատելի է ճգնաժամային և հետճգնաժամային պայմաններում, որոնք նպաստում են սեփական ինքնության պարզաբանմանը և վերարժևորմանը: Հենց նման իրավիճակ է արտացոլված 2006 թվականին «Հայ ինքնությունը փոփոխվող աշխարհում» գրքի վերնագրում (Abrahamian L., Armenian Identity in a Changing World, 2006):

Ինքնության ձևափոխման խնդրի հետ են առնչվում բաժնի գրեթե բոլոր ուսումնասիրողները, որոնք գործ ունեն այս կամ այն տիպի սոցիալական կամ էթնիկ խմբերի հետ՝ Հայաստանում բնակվող ռուսների (Долженко И., Социальный статус русских Армении (по материалам переписи 1989 г.), 2002, Долженко И., Русская диаспора в Республике Армения: современное состояние и перспективы развития, 2003, Долженко И., Современное состояние религиозных общин молокан Армении, 2004), ասորիների (Долженко И., Некоторые вопросы семейного строительства у ассирийцев Армении, 2001, Долженко И., Национально-смешанные семьи у ассирийцев Армении, Лавровские (Среднеазиатско-Кавказские) чтения. 2000–2001 гг., 2002), եզդիների (Melkumyan H., «Elites» Between Nationalism and Tradition: The Modernization Processes in the Yezidi Community of Armenia, 2016, Melkumyan H., Informal Shrines and Social Transformations: The Murids as New Religious Mediators among Yezidis in Armenia, 2018), բոշաների (Marutyan H., The Contemporary Expression of the Identity of the Boshas, 2011), ուդիների (Айвазян Г., Удины, 2023), Բաքվի և Բանանց գյուղի նախկին հայ բնակիչների (Baghdasaryan M., Contesting Belonging and Social Citizenship: The Case of Refugee Housing in Armenia, 2011, Baghdasaryan M., Citizenship at the «Historic Homeland»: Refugees from Azerbaijan in Armenia, 2014), Սիստանի և Բելուջիստանի բելուջների (Boyajian V., Is there Ethno-religious Aspect in Balochi Identity, 2016), Ցեղասպանությունից հետո Թուրքիայի գավառներում մնացած հայերի (Խառատեան Հ., «Ի» դարի միջնադար: Հայերը Թուրքիայի գաւառներում Ցեղասպանութիւնից հետո (ընտանեկան պատմութիւնների նյոթերով) (Ա), 2013), իրանցիների և իրանահայերի (Սարգսյան Տ., Ամուսնական հարաբերությունները կարգավորող «մահրիեն» ԻԻՀ-ում, 2017, Ստեփանյան Ա., Սարգսյան Հ., Իրանահայերի ներգաղթն ու վերաբնակեցման խնդիրները (1946–1970-ական թվականներին), 2009), նաև հետխորհրդային Հայաստանի կանանց խմբի հետ (Պողոսյան Ս.,  Աշխատող կինը արդի հասարակությունում, 2001, Պողոսյան Ս., Կանայք ճգնաժամային  իրավիճակում. Արցախյան գոյամարտի կին ազատամարտիկները, 2006): Թե ինչքանով կարող է ընդգրկվել ինքնության խնդիրը նման խմբերի ուսումնասիրություններում, լավ օրինակ կարող է ծառայել Աֆղանստանին ու Պակիստանին սահմանակից Սիստանի և Բելուջիստանի բելուջներին ուսումնասիրող Վահե Բոյաջյանի  հետազոտության թեմայի վերնագիրը՝ «Ֆորմալ և մշակութային սահմանը որպես սուբէթնամշակութային ինքնությունների ձևավորման միջոց կամ նոր ինքնության առաջացում»:

 

Խորհրդային շրջանի հետազոտությունը

Խորհրդային միության գոյության տարիներին ցանկալի չէր և նույնիսկ անթույլատրելի էր ուսումնասիրել խորհրդային ներկան։ Այսօր, երբ գաղափարախոսական արգելքներն արդեն չեն գործում, պարզվում է, որ մեր երկրի պատմության մի զգալի ժամանակաշրջան ոչ միայն պատմականորեն, այլև ազգագրական տեսակետից մնում է չուսումնասիրված։ Հրանուշ Խառատյանի նախաձեռնությամբ ձևավորված հետազոտական խմբի աշխատանքները հիմնականում ուղղվեցին ստալինյան բռնաճնշումներին առնչվող խնդիրներին: Թիրախավորելով նախ և առաջ բռնադատվածների առօրյան՝ հետազոտողները բախվեցին այդ շրջանի նաև քաղաքական վերլուծությունների սակավության հետ: Սա առիթ դարձավ, որպեսզի բացի ազգագրական խնդիրներից (հիշողություն, ընտանեկան, համայնքային հարաբերություններ, մամուլի ուսումնասիրություն (Խառատյան Հ., Շագոյան Գ., Մարության Հ., Աբրահամյան Լ., Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում. պատմություն, հիշողություն, առօրյա, 2015), գաղտնի կրոնական պրակտիկաներ (Մանուչարյան Ն., Մկրտությունները Խորհրդային Հայաստանի աթեիզմի պայմաններում, 2018), և այլն), հետազոտողներն անդրադառնան նաև որոշ քաղաքական դրվագների՝ օգտագործելով հատկապես արխիվային նյութեր (Սարգսյան Տ․, Չմատնող կանայք, 69-րդ հոդվածով մեղադրյալները (արխիվային նյութեր և բանավոր պատմություններ), 2023), ինչի արդյունքում ՀՀ Ազգային արխիվի հետ համատեղ ստեղծեցին բռնադատվածների թվային ամբողջական շտեմարան: Հրանուշ Խառատյանի ջանքերով Հայաստան բերվեցին ստալինյան բռնաճնշումների շրջանի բացառիկ փաստաթղթեր ու տվյալներ ռուսաստանյան և վրաստանյան արխիվներից:

Պետական արխիվներից զատ՝ հետազոտողները սկսեցին աշխատել նաև ընտանեկան արխիվների հետ: Դրանք հրապարակելու համար բաժնում ստեղծվեց «Հիշողության ազգագրություն» մատենաշարը, որում տեղ գտան ոչ միայն սոցիալական հիշողությանն առնչվող գիտական վերլուծություններ (Մարության Հ., Հայ ինքնության պատկերագրությունը։ Հատոր 1. Ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը, 2009, Marutyan H., Iconography of Armenian Identity. Volume 1: The Memory of Genocide and the Karabagh Movement, 2009), այլև առանձին մարդկանց հիշողություններն (Алексанян А., Сибирский дневник: 1949-1954 гг., 2007) ու հուշագրությունները (Փիրումեան Մինասեան Ռ. եւ Մինասեան Բ., Թաւրիզից ստալինեան գուլագ. Ընդհատուած պատմութիւն, 2019):

Խորհրդային անցյալը (այդ թվում ազգագրության տեսակետից) ուսումնասիրվում է նաև վիզուալ մարդաբանական եղանակով (Երանոսյան Ա․ Պատկեր և պատում․ XX դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում, 2024):

Խորհրդային շրջանի ուսումնասիրությունները հետխորհրդային Հայաստանում, կախված տարբեր քաղաքական իրադարձություններից, մերթ ընդ մերթ դառնում էին խիստ արդիական (Абрамян Л., Тайная полиция как тайное общество: страх и вера в СССР, 1993, Manucharyan N., The Reflection of Communist Ideology in the Street Renaming Policy in Soviet Yerevan (1921-1939), 2015): Ուստի որոշ թեմաներ, թեև վերաբերում էին խորհրդային անցյալին, բայց ըստ էության հետխորհրդային Հայաստանի ընթացիկ իրադարձությունների արձագանքն էին: Այսպես, Անաստաս Միկոյանի համար հուշարձան կանգնեցնելու ժառանգների նախաձեռնությունն առիթ դարձավ բուռն հանրային քննարկումների, որոնք ընդգրկեցին այս երկարակյաց քաղաքական գործչին առչնվող խորհրդային պատմության բազմաթիվ դրվագներ՝ Հայաստանի խորհրդայնացումից մինչև Կարիբյան ճգնաժամ և Հունգարական ապստամբության ճնշում (Шагоян Г., Ставить ли памятник Анастасу Микояну? Опыт «социальной люстрации» в Армении, 2016):

Խորհրդայինի և հետխորհրդայինի կապը ուսումնասիրվում է նաև լեզվաբանական մարդաբանության տեսանկյունից (Ghazaryan L., Comrades, Conflicts, and Classrooms Language Policy and Practice in post-Soviet Armenian Education, 2024): 

 

«Տոնի ճանապարհը»

Արդիականությանն առնչվող հետազոտությունների մեկ այլ ոլորտ կապված է տոնի հետ: Ազգագրագետները, ինչպես հայտնի է, առհասարակ հակված են տոներին: Խորապես համոզված ենք, որ նույնիսկ կա մի հատուկ «տոնի ճանապարհ»՝ տարբեր ժողովուրդներին հասկանալու համար (Абрамян Л., Беседы у дерева, 2005): Վերը նշվեց, որ 1988-ի զանգվածային ցույցերը շատ ընդհանրություններ բացահայտեցին արխայիկ տոնի՝ միջնադարյան կառնավալի նախատիպի հետ: Գոհար Ստեփանյանը, ով պաշտպանել էր ավանդական տոներին նվիրված թեկնածուական թեզ (Հայոց տոնական վարքային համակարգը (ըստ 19-րդ դարի վերջի – 20-րդ դարի սկզբի ազգագրական նյութերի), 2007), սկսեց ուսումնասիրել ժամանակակից քաղաքային տոները: Նրանցից մեկը՝ դպրոցական «Վերջին զանգը», որը պարունակում է խորհրդային ​​իշխանության հաստատումից անմիջապես հետո հայերի կյանքից ամբողջովին անհետացած ավանդական Բարեկենդան կառնավալի հետքերը, արդեն տեղ է գտել տոների մասին նրա գրքի վերնագրում (Ստեփանյան Գ., Նոր տարուց Վերջին զանգ. տոնական պրակտիկաներ, հիշողություն, վերակազմում, 2020): Կառնավալի մշակույթին վերադառնալու ևս մեկ դեպք՝ այս անգամ քաղաքական նպատակներով կառնավալային երգիծանքի գիտակցված օգտագործմամբ, նկարագրել է Հրանուշ Խառատյանը տոների մասին իր գրքում (Խառատյան-Առաքելյան Հ., Տոնը և տոնահանդեսի մշակույթը Հայաստանում, 2010): Ավանդական տոների վերաբերյալ նրա նախորդ գիրքը (Խառատյան-Առաքելյան Հ., Հայ ժողովրդական տոները, 2005) շատերի համար արդեն դարձել էր սեղանի գիրք, հատկապես նրանց համար, ովքեր հետաքրքրվում են տոնական կյանքով և տոներ են կազմակերպում: Հետխորհրդային ազգայնականության թռիչքի և «ազգային» տոների հանդեպ հետաքրքրության մեծացման հետ մեկտեղ, Հայաստանում կտրուկ աճեց ինքնահռչակ ազգագրագետների թիվը, որոնք, մասնավորապես, առաջարկում են ավանդական և նոր տոների իրենց սցենարները: Երբեմն նոր տոնը կարող է նույնիսկ պետական ​​ու ազգային մասշտաբներ ընդունել, ինչպես դա տեղի ունեցավ ազգային անկախության տոնակատարության ժամանակ 2005-ին (Abrahamian L., Dancing Around the Mountain: Armenian Identity Through Rites of Solidarity, 2007, Абрамян Л., Танец вокруг горы: тоталитаристский праздник национальной идентичности в постсоветской Армении, 2014):

 

Քաղաքային ազգագրություն / ուրբանիստական մարդաբանություն

1980-ականների կեսերին նկատվում է քաղաքի, հատկապես Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ հետաքրքրության աճ: Սա իհարկե հասկանալի է, քանի որ Երևանը պատկանում է այն արագ զարգացող քաղաքների թվին, որոնք գրավիչ են ինչպես սոցիոլոգների, այնպես էլ ազգագրագետների համար: Օրինակ՝ 1987 թվականին Լ. Աբրահամյանը և Հռ. Պիկիչյանը հրատարակեցին ժամանակակից քաղաքի ազգագրությանը վերաբերող ծրագրած շարքի առաջին հոդվածը՝ ռաբիսի և քաղաքային սոցիալական հիերարխիայի փոփոխականության մասին (Абрамян Л., Пикичян Р., Заметки по этнографии современного города (на примере Еревана). Рабиз и изменчивость городской социальной иерархии, 1987, Abrahamian L., Pikichian R.,, Observations on the Ethnography of a Modern City: The Example of Erevan. 1. The Rabiz and the Variability of the Urban Social Hierarchy, 1990, Abrahamian L., Armenian Identity in a Changing World, 2006): Այս շարքի երկրորդ հոդվածը նվիրված էր 1970 – 80-ական թվականների Երևանի ավտոմոբիլային մշակույթին (Абрамян Л., Пикичян Р., Заметки по этнографии современного города. Автомобильная культура Еревана, 1989): Ազգագրագետների ուշադրության կիզակետի նմանատիպ տեղաշարժը դաշտային աշխատանքներում՝ գյուղից քաղաք և մշակույթի արխայիկ ձևերից դեպի ժամանակակից ձևերը, նկատվում է նաև հետխորհրդային ռուսական ազգագրության մեջ: Հենց այս թեմային էր նվիրված «Մարդաբանական ֆորում» ամսագրի «Ժամանակակից միտումները մարդաբանական հետազոտություններում» առաջին քննարկումը, որին մասնակցեցին նաև բաժնի աշխատակիցները (Абрамян Л., Форум: Современные тенденции в антропологических исследованиях, 2004):

Հետխորհրդային տարիներին սկսվեց Երևանի կենտրոնի «ոչնչացումը». արագորեն կառուցում էին նոր, հիմնականում անդեմ շենքեր և պողոտաներ՝ ոչնչացնելով քաղաքի առանձնահատուկ կերպարը ապահովող հին տներն ու նեղլիկ փողոցները: Թեև դա արվում էր Ալեքսանդր Թամանյանի՝ ժամանակակից Երևանը ստեղծողի նախագիծն ավարտին հասցնելու անվան տակ, իրականում սա լուրջ սպառնալիք էր նախ և առաջ թամանյանական և ոչ միայն թամանյանական Երևանի համար: Որպես արձագանք այս գործընթացներին՝ լույս են տեսնում ուրբանիստական մարդաբանության մեկ այլ` ճարտարապետական ոլորտին հարող աշխատանքներ (տե՛ս, օրինակ, Մարության Հ., Հայաստան–Սփիւռք. հանդիպում Երեւանի կենտրոնում, 2007, Марутян А., Из истории сохранения и застройки исторического центра Еревана (XIX – начало XXI века), 2014), սրվում է հետաքրքրությունը դեպի քաղաքի պատմամշակութային խնդիրները (Աբրահամյան Լ., Ազգայինի և ստալինյանի միջև. Թամանյանի Երևանը մշակութաբանի տեսակետից, 2016, Abrahamian L., Yerevan Sacra: Old and New Sacred Centres in the Urban Space, 2011, Abrahamian L., Tamanyan’s Yerevan Between Constructivism and Stalin Era Architecture, 2018), հուշարձանացումը (Марутян А., Памятник или музей? Политика памяти на родине и в диаспоре (на примере армянского и еврейского опыта), 2015, Шагоян Г., Мемориализация землетрясения в Гюмри, 2009, Абрамян Л., Ереван: память и забвение в организации пространства постсоветского города, 2010) և ապահուշարձանացումը (Абрамян Л., Борьба с памятниками и памятью в постсоветском пространстве (на примере Армении), 2003, Abrahamian L., Armenian Identity in a Changing World, 2006): Հուշարձանացումը հիշատակման նոր հանրային ծեսեր է ձևավորում, որոնք երբեմն մոտենում են ավանդական թաղման ծեսին (Մարության Հ., Հուշարձանը որպես գերեզմանոց (Ցեղասպանության հուշահամալիրի օրինակով), 2006, Марутян А., Памятник жертвам геноцида в контексте ритуалов памяти армянского народа, 2008), իսկ ավանդական թաղման ծեսերի շուրջ ձևավորվում են նոր պրակտիկաներ և ծավալվում նոր դիսկուրսներ (Հակոբյան Ս., Թաղումներ, որոնք կարելի է լուսանկարել, և թաղումներ, որոնք չի կարելի լուսանկարել, 2018)։ Քաղաքում արագ փոփոխվող հանրային տարածքներ են ձևավորվում՝ նոր բնակիչներով (Մարության Հ., Հայաստան–Սփիւռք. հանդիպում Երեւանի կենտրոնում, 2007, Диланян А., Стать горожанином: сельские мигранты в современном Ереване, 2011) և տարածքի «յուրացման» նոր ձևերով (Դիլանյան Ա., Անուղղակի վանդալիզմ, 2014)։ Հետխորհրդային հանրային տարածքներից են հուշանվերների «Վերնիսաժը» և հարակից «Բարախոլկան» ու հնոտիների («քռչի») շուկան՝ ևս մեկ ճգնաժամային արձագանք (Մելքումյան Հ., Երևանյան վերնիսաժը որպես մշակութային տարածք, 2007, Մելքումյան Հ., «Չնկատվող» սոցիալական և քաղաքային մշակույթ. Բարախոլկան Վերնիսաժի տարածքում, 2010): Հուշանվերների Վերնիսաժում ակտիվորեն վերարժևորվում հին խորհրդանիշները, և ստեղծվում են հայկական ինքնության նոր խորհրդանիշներ (Մելքումյան Հ., «Իդեալական հայրենիք». ազգայնակության դիսկորսը զբոսաշրջային արվեստում, 2014): Հնարավոր է նույնիսկ հետևել այն հարաբերակցությանը, որը գոյություն ունի հուշանվեր նարդիի տախտակի վրա հավաքած «հայկականության» խորհրդանիշների և ժամանակակից քաղաքային բնատեսքի նմանատիպ խորհրդանիշների «սեղմ» ներկայության միջև (Абрамян Л., Мелкумян Г., «Сжатые» тексты сувениров и семиотика городского ландшафта, 2012):

Ուրբանիստական մարդաբանության առանձին ուղղություն է ներկայացնում քաղաքի կառուցվածքի ուսումնասիրությունը թաղային հեղինակությունների «սեփականատիրական»-թաղասիրական կառույցների (խորհրդային շրջանի «գվարդիաները») ուսումնասիրության միջոցով (Աբրահամյան Լ., «Գվարդիականներից»՝ թաղային հեղինակություններ. Երևանի հանրային տարածքի կազմակերպման շուրջ, 2013)։ Նոր թափ է առնում քաղաքի կոնկրետ հատվածի մանրակրկիտ ուսումնասիրությունը՝ օրինակ, Ֆիրդուսի փողոցի միկրոազգագրությունը (Melkumyan H., Firdus: The Market and Urban Memory of Yerevan, 2019)։

Մեկ այլ նոր ուղղություն էլ որդեգրեցին բաժնի՝ ուրբանիստական մարդաբանությամբ զբաղվող մասնագետները՝ Հայաստանի այլ քաղաքների ուսումնասիրությունը։ Այսպես, Գայանե Շագոյանը հետազոտում է Գյումրիի ոչ միայն հետերկրաշարժային մեմորիալիզացիան, այլև քաղաքի առանձնահատկությունների (օրինակ՝ գյումրեցիների հումորի) սոցիալական-ուրբանիստական ակունքները (Շագոյան Գ., Գյումրի՝ Urbs ridens (ծիծաղող քաղաք). սոցիալական պատմությունից մինչև զբոսաշրջային բրենդ, 2019) և Գյումրի-Լենինականի՝ երկրի երկրորդ քաղաքի մրցակցությունը առաջին քաղաքի՝ մայրաքաղաք Երևանի հետ (Шагоян Г., «Первый» и «второй» в образах Гюмри: опыт семиотического анализа городского текста, 2012)։ Վերջերս ուսումնասիրության առարկա դարձավ նաև փոքր քաղաքը. այսպիսին է, օրինակ, Համլետ Մելքումյանի՝ Մեծամորի մարդաբանական հետազոտությունը (Melkumyan H., Soviet Ideology, Utopian Futures & Daily Transformations of Urban Space in Metsamor, 2018), որը բացահայտում է խորհրդային ուրբանիստական միֆերը և դրանց հետխորհրդային ճակատագիրը։

 

 

 

(c) 2020 Muzex - All rights reserved.