Ստորաբաժանման խնդիրն է
Ստորաբաժանման անցյալն ու ներկան
Ներածություն
Հնակենսաբանության հետազոտության առարկան է անցյալ ժամանակաշրջանների մարդկանց և մարդու գործունեությանն առնչված կենդանի օրգանիզմների մնացորդներն ու դրանց գործունեության արգասիքները։ Հնակենսաբանական հետազոտությունների արդյունքում ստացվում են տվյալներ անցյալ դարաշրջաններում ապրած մարդկանց ֆիզիկական և ֆիզիոլոգիական վիճակների (ներառյալ հենաշարժիչ համակարգի վրա ազդած գործունեությունը և միջավայրային պայմանները), սննդի, բուսաբուծության, բուսահավաքչության և շրջակայքի բուսականության, անասնապահության, որսի և այլնի մասին։ Հնագիտության և կենսաբանության համադրման արդյունքում ձևավորված այս միջմասնագիտական ոլորտը համեմատաբար երիտասարդ գիտաճյուղ է, որով Հայաստանում սկսել են զբաղվել հիմնականում 1940-ական թվականներից սկսած, ինչը կապված է երկրի տարածքում իրականացվող ակտիվ հնագիտական աշխատանքների հետ։
Սկզբնական շրջանում Հայաստանում հնաբուսաբանական հետազոտություններ իրականացրել են բուսաբաններ և գյուղատնտեսության մասնագետներ Սոֆիա Թամամշյանը, Միքայել Թումանյանը, Վսեվոլոդ Պետրովը, Անդրեյ Յացենկո-Խմելեվսկին, Արմեն Թախթաջյանը, Սուրեն Պողոսյանը, Վարդան Գուլքանյանը (1939-1950 թթ․), Անաստասիա Վերմիշյանը, Միխայիլ Յակուբցիները և Ֆատիխ Բախտեևը, որոնք աշխատել են հնագետ Բորիս Պիոտրովսկու հետ և ուսումնասիրել են Կարմիր բլուր հնավայրից հայտնաբերված բուսական մնացորդները։ Հետագայում՝ 1959 թվականին ինստիտուտի հիմնադրումից հետո և մինչև 2007 թվականին Հնակենսաբանության խմբի հիմնադրումը, ինստիտուտի տարբեր հնագիտական ծրագրերի հետ համագործակցության շրջանակներում հնաբուսաբանական հետազոտություններ են կատարել Վարդան Գուլքանյանը (1960-ական թթ․) և Պապին Ղանդիլյանը (1970-90-ական թթ․). վերջինս նշանակալի ներդրում ունի այս շրջանի հնաբուսաբանական հետազոտություններում: Որոշ դրվագային հնաբուսաբանական հետազոտություններ կատարել են նաև Գորիսլավա Լիսիցինան, Լյուդմիլա Պրիշչեպենկոն, Ալեկսանդր Նեգրուլը (1960-80-ական թթ․): 1990-ական թվականների վերջից մինչև 2000-ական թվականների սկզբները ուսումնասիրություններ է իրականացրել հնէաբուսաբան Իվան Գաբրիելյանը (ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ)։
Համակարգված և ընդգրկուն հնաբուսաբանական հետազոտությունների սկիզբը Հայաս-տանում կապվում է Իվան Գաբրիելյանի գիտական աշակերտ Ռոման Հովսեփյանի՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետների հետ 2002 թվականին սկիզբ առած անհատական մակարդակով համագործակցության հետ, իսկ 2007 թվականից սկսած՝ ինստիտուտում Հնակենսաբանության խմբի գործունեության հետ։
Մինչ խմբի ձևավորումը ինստիտուտի հնագետները հնակենդանաբանական նյութերը հետազոտելու նպատակով համագործակցել են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մի շարք գիտաշխատողների հետ՝ Սոնյա Մեժլումյան, Նինա Մանասերյան, Անդրանիկ Գենջյան, Լաուրա Հարությունովա, Մարգարիտա Մարջանյան և այլք։ Հայաստանի հնավայրերից հայտնաբերված հնակենդանաբանական նյութի ուսումնասիրության ոլորտում կարևոր դեր են ունեցել նաև այլ երկրների հնակենդանաբաններ Հանս-Պետեր Ուերփմանը (Թյուբինգենի համալսարան, Գերմանիա), Ադրիան Բալաշեսկուն (Ռումինիայի պատմության ազգային թանգարան), Գայ Բար-Օզը (Հայֆայի համալսարան, Իսրայել), Էմանուել Վիլան (Լիոնի համալսարան, Ֆրանսիա), Սիավաշ Սամեին (Կոնեկտիկուտի համալսարան, ԱՄՆ), Բելինդա Մոնահան (ԱՄՆ) և այլոք:
Հնակենսաբանության խմբի ստեղծումը և գործունեությունը
Խումբը ինստիտուտի համեմատաբար երիտասարդ, սակավամարդ, սակայն արդյունավետ գործող գիտահետազոտական ստորաբաժանումներից է, որը ստեղծվել է 2007 թվականի փետրվարին, իսկ իր ներկայիս անվանումը ստացել է 2023 թվականին։ Խմբի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է ինստիտուտի այդ ժամանակվա տնօրեն Պավել Ավետիսյանին ու խմբի ներկա ղեկավար Ռոման Հովսեփյանին և պայմանավորված էր հնագիտության ոլորտում բնագիտական հետազոտությունների կիրառման անհրաժեշտությամբ, ինստիտուտում միջազգային գիտական ծրագրերի ու միջմասնագիտական հետազոտությունների իրականացման և համապատասխան աշխատախմբերի ձևավորման պահանջարկով։
Խմբի առաջին աշխատակիցը եղել է Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտ կ.գ.թ. Ռ. Հովսեփյանը, որը դեռևս 2002 թվականից զբաղվում էր հնաբուսաբանական հետազոտություններով և մինչև ինստիտուտի աշխատակից դառնալն արդեն ընդգրկված էր ինստիտուտի տարբեր հնագիտական աշխատախմբերում։ 2011 թվականից խմբի հիմնական աշխատակից է դառնում ֆիզիկական մարդաբանության մասնագետ պ.գ.թ. Անահիտ Խուդավերդյանը, իսկ 2015 թվականից՝ հնակենդանաբան կ.գ.թ. Նուշիկ Զարիկյանը։
Խմբի աշխատակիցները հնակենսաբանական հետազոտություններ են կատարել և կատարում Հայաստանի շուրջ 60 հնավայրերում, որոնք վերաբերում են քարի դարից մինչև միջնադար ընկած ժամանակաշրջաններին:
- Հնամարդաբանական հետազոտությունների են ենթարկվել Լուսակերտ I, Երևան I, Արենի I, Լանջիկ, Քեթի, Կապս, Փիջուտ, Կալավան, Ձորիգեղ, Բարձրյալ, Բովեր, Լոռի Բերդ, Սև Բերդ, Քարաշամբ, Արագածավան, Բաղերի Չալա, Քուչակ, Թեղուտ, Քարակոտուկ, Բրագձոր, Զնգանեկ, Խառատանոց, Դուկանաձոր, Շեկ ախպիր, Լոմանց տակ, Մայիսյան, Լեռնակերտ, Ջրափի, Շիրակավան, Արջիս, Նոր Արմավիր, Դվին, Բենիամին, Մաստարա, Երվանդաշատ, Անուշավան, Հայկաձոր, Վարդաքար, Վարդբաղ, Ֆիրմի բաղեր, Բյուրակն, Հոռոմ, Զառնի էր, Հոր հոր, Հովհաննավանք, Ուշի, Գետափ, Անգեղակոթ, Միրաք և այլն հնավայրերից հայտնաբերված մարդկային ոսկրեր. արդյունքում առկա են շուրջ 1000 նմուշ հնամարդաբանական նյութեր։
- Հնաբուսաբանական հետազոտություններ են կատարվել Նոր Գեղի-1, Լուսակերտ-1, Հովք-1, Կալավան-1,2, Քարին Տակ, Քմլո-1,2, Առատաշեն, Ակնաշեն, Մասիս Բլուր, Գետահովիտ-2, Արենի-1, Գոդեձոր, Գեղարոտ, Ծաղկասար, Կառնուտ, Ապարանի բերդ, Մարգահովիտ, Սոթք-2, Արագածի բերդ, Գեղաքար, Մեծ Սեպասար, Հաղարծին, Արտանիշ-9, Շենգավիթ, Աղավնատուն, Արտենի-1, Ներքին Նավեր, Կարմիր Սար, Սոթք-2, Ծաղկահովիտ, Մեծամոր, Շաղաթ-1,3, Սոթք-1,10, Նորաբակ-1, Ույծ, Երվանդաշատ, Ագարակ, Արտանիշ-23,29, Լեռնակերտ, Աշոտավան-1, Օձաբերդ, Տիգրանակերտ, Մաստարա-3, Արամուս հնավայրերում. արդյունքում առկա են մի քանի տասնյակ հազար նմուշ հնաբուսաբանական նյութեր՝ մշակաբույսերի և վայրի բույսերի մնացորդներ՝ հիմնականում ածխացած, դրոշմներ և այլն։
- Հնակենդանաբանական հետազոտությունների են ենթարկվել Արենի-1 քարանձավի, Գետահովիտ-2 քարանձավի, Աղիտու-3-ի, Լոռի բերդի, Արագածավանի, Լեռնակերտի, Նոր Արմավիրի, Օձաբերդի, Դաշտադեմի, Արտանիշի, Սոթքի, Նորբակի Մաստարայի, Արցախի՝ Նոր Կարմիրավանի, Էրեբունու և Կարմիր բլուրի հնավայրերից հայտնաբերված կենդանական մնացորդները. արդյունքում առկա են մի քանի տասնյակ հազար միավոր հնակենդանաբանական նյութեր՝ հիմնականում կենդանիների ոսկրեր և փափկամարմինների խեցիներ, ինչպես նաև հոդվածոտանիների խիտինային մնացորդներ։
Իրականացված հետազոտությունների արդյունքները հրատարակվել են հարյուրավոր հոդվածների տեսքով ՀՀ և արտասահմանյան մի շարք հայտնի պարբերականներում և ժողո-վածուներում, ինչպես նաև ներկայացվել են բազմաթիվ հանրապետական և միջազգային հեղինակավոր գիտաժողովներում։
Ի լրումն վերոնշյալ հնակենսաբանական հետազոտությունների, խմբի շրջանակներում, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հետ համագործակցությամբ, կատարվել և կատարվում են էթնոբուսաբանական հետազոտություններ ՀՀ Սյունիքի մարզում և Հայաստանում ապրող եզդիների, քրդերի, մոլոկանների և հույների շրջանում։ Վերջին մեկ տասնամյակի ընթացքում հավաքվել են էթնոբուսաբանական նյութեր՝ հիմնականում թեմային առնչվող շուրջ 500 հարցազրույցներ՝ ձայնագրությունների կամ տեքստերի ձևով, լուսանկարներ, վիդեոներ և հերբարիումային նյութեր:
Մարդաբանության լաբորատորիան
Հնակենսաբանական հետազոտությունների ամենակարևոր ճյուղերից է հնամարդա-բանությունը։ Ինստիտուտում 1970-2012 թվականներին գործել է Ֆիզիկական մարդաբանության լաբորատորիան, որի հիմնադիրը Անդրանիկ Ճաղարյանն է, ով խորհրդային մարդաբան-քանդակագործ և հնագետ Միխայիլ Գերասիմովի՝ դեմքի վերականգնման մեթոդի իրավահաջորդն է։ Նա, մի շարք բրոնզեդարյան և ուրարտական գանգերի հիման վրա, վերականգնել է տեղաբնիկների դիմաքանդակները: Հայաստանի մարդաբանության պատմության մեջ նշանակալի երևույթ է պեղումներով հայտնաբերված գանգերի հիման վրա պատմական դեմքերի վերականգնումը Անդրանիկ Ճաղարյանի և իր աշակերտ-գործընկերոջ Միհրան Ալթունյանի կողմից:
Մարդաբանության լաբորատորիայում Միհրան Ալթունյանի գիտահետազոտական աշխատանքը կապված է Հայկական ԽՍՀ տարածքում ապրող բնակչության գլխի և դեմքի շրջանների փափուկ հյուսվածքների հաստությունների հարաբերակցական գործակցի որոշման հետ, որը կարևոր հիմք է գանգերի միջոցով դեմքի վերականգնման աշխատանքների համար:
Ի սկզբանե Ա. Ճաղարյանի կողմից ընդգծվել են լաբորատորիայի հետազոտությունների հիմնական ուղղությունները՝ Հայաստանի տարբեր դարաշրջանների բնակչության գանգաբանական առանձնահատկությունների ուսումնասիրություն, պեղումներից հայտնաբերված գանգերի վրա դեմքերի վերականգնում, գանգերի վրա վիրաբուժական հետքերի հետազոտություններ։
Ա. Ճաղարյանի հիմնադրած Ֆիզիկական մարդաբանության լաբորատորիաի ավանդույթները 1982 թ. սկսած շարունակել է Նվարդ Քոչարը, ով իրականացրել է հայերի դերմատոգլիֆիկական հատկանիշների ուսումնասիրությունը: Հայաստանի ասորական բնակչության դերմատոգլիֆիկական հատկանիշներն ուսումնասիրել է վերջինիս աշակերտ-գործընկեր Կարինե Նալբանդյանը:
Հետագայում լաբորատորիայի հետազոտությունների ուղղությունները լրացվել են նոր բնագավառներով՝
Մեր երկրում գիտական նպատակներով ատամնաբանական տվյալների հավաքագրումը կապված է Աննա Փալիկյանի անվան հետ։ Նա նաև գիտական շրջանառության մեջ է դրել Ներքին Գետաշենի, Սարուխանի, Արծվաքարի, Կարճաղբյուրի, Շիրակավանի հնամարդաբանական խմբերը:
Իր գործունեության ողջ ընթացքում Ֆիզիկական մարդաբանության լաբորատորիան մշտապես համագործակցել է Երևանի պետական բժշկական համալսարանի գիտնականների հետ: Հնախտաբանական հետազոտական աշխատանքներում զգալի ներդրում ունի Երևանի պետական բժշկական համալսարանի Անատոմիայի ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Սարաֆյանը: Նա առաջին էր, ով ռենտգեն ախտորոշումը կիրառել է գանգի ոսկորների տարբեր ախտաբանական պրոցեսների ուսումնասիրության ժամանակ: Համատեղ աշխատանքներ են կատարվել Երևանի պետական բժշկական համալսարանի Դատական բժշկության ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆ., Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Շոթա Վարդանյանի, կ.գ.դ., պրոֆ. Ազատ Ենգիբարյանի, կ.գ.դ., Երևանի պետական բժշկական համալսարանի Բժշկական կենսաբանության ամբիոնի վարիչ Հռիփսիմե Մաթևոսյանի հետ: Փորձ է արվել գնահատել տարբեր ժամանակաշրջանների բնակչության հարմարվողականությունը բնական և սոցիալական միջավայրին և վերականգնել ֆիզիոլոգիական սթրեսի պատճառները: Լաբորատորիան համագործակցել է նաև Վիեննայի համալսարանի ԴՆԹ հետազոտական խմբի հետ:
Ֆիզիկական մարդաբանության լաբորատորիայի կարևորագույն ձեռքբերումները արտացոլված են մի շարք հիմնարար գիտական աշխատություններում:
Մի շարք պատճառներով (ներառյալ այդ ժամանակաշրջանում գիտության ոլորտի անբավարար ֆինանսավորումը և ինստիտուտում տարածքային խնդիրները) հնակենսաբանության և հնամարդաբանության ոլորտներում մեկական մասնագետ է եղել, որի համար 2012 թվականին որոշում է կայացվել Հնակենսաբանության խումբը և Մարդաբանության լաբորատորիան միավորել։