Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Իրադարձություններ

Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Սահմանամերձ մշակութային ժառանգություն. փաստագրում, մշտադիտարկում, պահպանում և պաշտպանություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը

Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Սահմանամերձ մշակութային ժառանգություն. փաստագրում, մշտադիտարկում, պահպանում և պաշտպանություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Սահմանամերձ մշակութային ժառանգություն. փաստագրում, մշտադիտարկում, պահպանում և պաշտպանություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը։ Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրության կենտրոնի հայագիտության բաժինը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Միջոցառմանն աջակցել են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն (ծրագիր N 23RL-6A006) և Զալցբուրգի համալսարանը։   Գիտաժողովի առաջին օրը ներառել է երեք թեմատիկ նիստ։ Առաջին՝ «Ժառանգությունը սահմաններից այն կողմ» խորագրով նիստը, նախագահությամբ Հայկուհի Մուրադյանի (IACHS), մեկնարկել է ավստրիացի մասնագետներ Աննա Կայզերի, Մանֆրեդ Միտլբյոկի և Յոզեֆ Այտլերի զեկուցումներով։ Երկրորդ՝ «Հնագիտությունը և սահմանամերձ շրջանները» խորագրով նիստը, որը նախագահել է Յասմին Դում-Տրագուտը, ընդգրկել է Համլետ Պետրոսյանի, Անուշ Սաֆարյանի, Համազասպ Աբրահամյանի և Գայանե Ըռքոյանի զեկուցումները։ Երրորդ՝ «Փաստագրում և հնագիտություն» նիստի ընթացքում, Աննա Կայզերի նախագահությամբ, իրենց հետազոտություններն են ներկայացրել Ռուբեն Գալիչյանը, Հյուլե Քեչիչյանը և Ֆրանսիայից ժամանած Սիփանա Չաքերյանը (RePaZ նախաձեռնություն):   Յուրաքանչյուր զեկուցում ուղեկցվել է հարցուպատասխանով և մասնագիտական քննարկումներով՝ հնարավորություն ընձեռելով անդրադառնալու ներկայացված հետազոտությունների տարբեր կողմերին և մտքեր փոխանակելու մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող խնդիրների շուրջ։   Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև հոկտեմբերի 30-ին:

2026-10-28

Հնագիտության և ազգագրության ինստիտուտում մեկնարկել է Գևորգ Տիրացյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

Հնագիտության և ազգագրության ինստիտուտում մեկնարկել է Գևորգ Տիրացյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

 Հոկտեմբերի 22-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) մեկնարկել է հայ նշանավոր հայագետ, պատմաբան Գևորգ Տիրացյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովը՝ «Ուրարտու – Հայաստան (պետականության և մշակույթի խնդիրներ)» խորագրով։ Գիտաժողովին մասնակցում էին ոլորտի ճանաչված գիտնականներ՝ հնագետներ, պատմաբաններ, բանասերներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված մասնագետներ։ Ներկաների թվում էր նաև ֆրանսահայ անվանի պատմաբան Կլոդ Մութաֆյանը։ Գիտաժողովի մեկնարկից առաջ առաջին նիստի նախագահող, պատմական գիտությունների դոկտոր Գարեգին Թումանյանը հակիրճ ներկայացրեց Գևորգ Տիրացյանի գիտական վաստակն ու մարդկային կերպարը։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀԱԻ մշակութային մարդաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանը և ՀԱԻ աշխատակից, պ.գ.դ. Արմեն Պետրոսյանը։ Իրենց ելույթներում նրանք արժևորեցին Գևորգ Տիրացյանի նշանակալի ներդրումը գիտության զարգացման գործում՝ ընդգծելով նրա դերը որպես ականավոր գիտնականի, ղեկավարի և գործընկերոջ։ Առաջին նիստը նախագահում էր Գարեգին Թումանյանը։ Պ.գ.դ. Պավել Ավետիսյանը (ՀԱԻ) ներկայացրեց «Բազմակենտրոն քաղաքական համակարգերի բնութագրության շուրջ (Էթիունիի քաղաքական լանդշաֆտն ըստ հնագիտական տվյալների)» զեկուցումը։ Պ.գ.դ. Արմեն Պետրոսյանի (ՀԱԻ) «Արմավիր, անուն, առասպել և պատմություն» զեկուցումը նվիրված էր Հայոց Արմավիր քաղաքի պատմությանն ու անվան ստուգաբանությանը։ ՀԱԻ գիտաշխատողներ, պ.գ.թ. Սիմոն Հմայակյանի և Նվարդ Տիրացյանի համահեղինակած՝ «Կրոնական քաղաքականությունից մի դրվագ Վանի թագավորությունում (համաձայն արմավիրյան երկու արձանագրությունների)» զեկուցումը ներկայացրեց Սիմոն Հմայակյանը, ով երկար տարիներ ուսումնասիրում և պեղումներ է իրականացնում Նոր Արմավիր գյուղի տարածքում գտնվող դամբարաններում։ Գերմանիայի Վյուրցբուրգի համալսարանի ներկայացուցիչ, բ.գ.թ. Հրաչ Մարտիրոսյանը հանդես եկավ «Անահիտ-Աստղիկ դիցուհին․ հնագույն ակունքներն ու վերապրուկները» զեկուցմամբ։ Երկրորդ նիստը նախագահում էր պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը (ՀՊՄՀ, ԷԹ)։ Նիստի առաջին զեկուցումը՝ «Մեծամորը Վանի թագավորության (Ուրարտու) շրջանում (մ. թ. ա. VIII–VI դարեր)», ներկայացրեց հենց նախագահողը՝ անդրադառնալով Մեծամոր հնավայրին։ Արվեստագիտության դոկտոր, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող, հնագետ Հակոբ Սիմոնյանը ներկայացրեց իր և համահեղինակ Մերի Սաֆարյանի «Մեկ կրոմլեխի մեջ ներառված էթիունյան և ուրարտական կավանոթներով Կարմիր բլուրի 101 և 101ա դամբարանները» զեկույցը։ ԵՊՀ-ի և ՀԱԻ-ի ներկայացուցիչներ՝ պ.գ.դ Հայկ Ավետիսյանի, պ.գ.թ. Արտակ Գնունու և Ատոմ Անանյանի համահեղինակած «Արամուսի կարասային սրահը» զեկուցումը, որը նվիրված էր Արամուսի ամրոցին, ներկայացրեց Արտակ Գնունին։ Հայաստանի տարածքում սկյութական ներկայությանն ու հնագիտական նյութին էր նվիրված պ.գ.դ. Գարեգին Թումանյանի «Հայաստանի սկյութական մեծաքանակ բնորոշիչ հատկանիշներով դամբարանները և դրանց փոխառնչությունները» զեկուցումը։ Առաջին օրվա երկրորդ նիստն ավարտվեց ՀԱԻ երիտասարդ գիտաշխատողներ, պ.գ.թ. Տիգրան Ալեքսանյանի, Արտակ Հաղվերդյանի և Հարություն Բադալյանի համահեղինակած՝ «Քաջարանի նորահայտ դամբարանադաշտը Սյունիքի երկաթեդարյան մշակույթի համատեքստում» զեկուցմամբ, որը ներկայացրեց Հարություն Բադալյանը։ Զեկուցման ընթացքում Հ. Բադալյանը տեղեկացրեց, որ Քաջարանի հանքավայրի տարածքում գտնվող դամբարաններից մեկը տեղափոխվել և նույնությամբ վերակառուցվել է Կապանի երկրագիտական թանգարանի բակում։ Օրվա ավարտին տեղի ունեցավ ներկայացված զեկուցումների քննարկում։ Գիտաժողովը կշարունակվի հոկտեմբերի 23-ին:

2026-10-22

Մեկնարկել է եռօրյա «Մագմայից մինչև արտեֆակտ․ օբսիդիանի երկրաբանությունն ու հնագիտությունը» թեմայով միջազգային օբսիդիանի կոնֆերանս IOC-2026-ը

Մեկնարկել է եռօրյա «Մագմայից մինչև արտեֆակտ․ օբսիդիանի երկրաբանությունն ու հնագիտությունը» թեմայով միջազգային օբսիդիանի կոնֆերանս IOC-2026-ը

Սեպտեմբերի 28-ին Երևանում մեկնարկել է եռօրյա «Մագմայից մինչև արտեֆակտ․ օբսիդիանի երկրաբանությունն ու հնագիտությունը» թեմայով միջազգային օբսիդիանի կոնֆերանս IOC-2026-ը։ Այն միջազգային IOC գիտական կոմիտեի հետ Հայաստանում կազմակերպել են Երկրաբանական գիտությունների ու Հնագիտության և ազգագրության ինստիտուտները։   Առաջին օրը տարբեր երկրներից Երևան ժամանած գիտնականներին ողջունեցին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը և Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը։ Մինչ առաջին նիստի սկսելը, մասնակիցներն այցելել էին Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարան։ Առաջին նիստը նախագահեց ՀԱԻ գիտաշխատող, հնագետ Ռուբեն Բադալյանը, ով նաև հանդես եկավ «Օբսիդյանի օգտագործումը Հարավային Կովկասում (Հայաստան)․ ծագուբնաբանության ուսումնասիրության պատմությունն ու արդյունքները» զեկույցով։ Խաչատուր Մելիքսեթյանը ներկայացրեց «Օբսիդյանի երկրաքիմիական կառուցվածքը Հայկական լեռնաշխարհում» զեկույցը։ Արտերկրից եկած գիտնականների կողմից եղան ելույթներ՝ նվիրված նաև ՀՀ Արարատի մարզի Հայանիստ գյուղի վարչական տարածքում գտնվող Կուր-Արաքսյան մշակույթի բնակատեղի Ոսկեբլուրին։ Գիտաժողովի 2 օրերի ընթացքում զեկույցներով հանդես եկան մոտ 40 հնագետ ու երկրաբան աշխարհի տարբեր երկրներից՝ Հունգարիա, ԱՄՆ, Հայաստան, ՌԴ, Կիպրոս, Վրաստան, Ավստրալիա, Ճապոնիա, Ֆրանսիա և այլն։ Գիտաժողովի երրորդ օրը նախատեսված է իրականացնել Էքսկուրսիաններ ՀՀ տարբեր վայրերում, որտեղ կան օբսիդիանի հանքեր։

2026-10-01

Վիկտորյա Վասիլյանը մասնակցել է Սևծովյան հնությունների 8-րդ միջազգային կոնգրեսին

Վիկտորյա Վասիլյանը մասնակցել է Սևծովյան հնությունների 8-րդ միջազգային կոնգրեսին

2026 թ. սեպտեմբերի 14-ից 18-ը Վարշավայի համալսարանը հյուրընկալեց Սևծովյան հնությունների 8-րդ միջազգային կոնգրեսը, որը Սև ծովի տարածաշրջանի հնագիտությանն ու պատմությանը նվիրված ամենակարևոր միջազգային գիտական միջոցառումներից է։ Այս տարվա կոնգրեսը նվիրված է ականավոր գիտնական և այս շարքի նախաձեռնողներից մեկի՝ Գոչա Ռ. Ցեցխլաձեի հիշատակին։ Կոնգրեսը միավորեց ավելի քան 100 հետազոտողի՝ Եվրոպայի և աշխարհի այլ մասերի ավելի քան 20 առաջատար գիտական կենտրոններից։ Միջոցառման աշխատանքները կկենտրոնանան «Ընդհանուր միտումներ և տեղական ավանդույթներ Սև ծովի տարածաշրջանում (մ.թ.ա. 7-րդ դար – մ.թ. 5-րդ/6-րդ դարեր)» թեմայի շուրջ։ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Վիկտորյա Վասիլյանը, որի ելույթի թեման էր «Հունահռոմեական մշակույթի ազդեցությունը հայ-պոնտական պատկերագրության վրա»։ Միջոցառումը ուղեկցվեց նաեւ թանգարանային մի շարք էքսկուրսիաներով եւ նոր համագործակցող երկրների ներգրավմամբ։ Մանրամասները կարող էք դիտել ստորեւ հղմամբ՝https://crac.uw.edu.pl/8th-international-congress-on-black-sea-antiquities/    

2026-09-22

Վիեննայի համալսարանում անցկացվոող Բյուզանդագիտական ուսումնասիրությունների 25-րդ միջազգային կոնգրեսի շրջանակում Արմինե Գաբրիելյանը հանդես եկավ զեկույցով

Վիեննայի համալսարանում անցկացվոող Բյուզանդագիտական ուսումնասիրությունների 25-րդ միջազգային կոնգրեսի շրջանակում Արմինե Գաբրիելյանը հանդես եկավ զեկույցով

Օգոստոսի 24–29-ը Վիեննայի համալսարանում անցկացվում է Բյուզանդագիտական ուսումնասիրությունների 25-րդ միջազգային կոնգրեսը (25th International Congress of Byzantine Studies)՝ «Byzantium beyond Byzantium» («Բյուզանդիան Բյուզանդիայից այն կողմ») խորագրով։ Բյուզանդագիտության խոշորագույն միջազգային գիտական համաժողովներից մեկին այս տարի մասնակցում են շուրջ 1500 գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից։ Կոնգրեսում զգալի է Հայաստանից ժամանած գիտնականների, ինչպես նաև հայագիտությամբ զբաղվող օտարերկրյա մասնագետների ներկայությունը։   Օգոստոսի 25-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմինե Գաբրիելյանը հանդես եկավ «Echoes of Classical Antiquity: The Reminiscences of the Carved Gems in the Iconographic Program of Cilician Armenian Miniatures» («Դասական անտիկության արձագանքները. փորագիր գեմմաների վերապրուկները Կիլիկյան հայկական մանրանկարների պատկերագրական ծրագրում») զեկույցով։   Զեկույցը նվիրված էր անտիկ փորագիր գեմմաների պատկերագրության և Կիլիկյան հայկական մանրանկարչության միջև հնարավոր առնչություններին։ Մի շարք պատկերագրական մոտիվների կառուցվածքային և հորինվածքային համապատասխանությունների հիման վրա քննարկվեցին անտիկ պատկերագրական ավանդույթի փոխանցման ուղիները և այն հնարավորությունը, որ առանձին դեպքերում փորագիր գեմմաները կարող էին անմիջական պատկերագրական օրինակ ծառայել միջնադարյան հայ մանրանկարիչների համար։ Զեկույցը ներկայացվեց բյուզանդական պատմության ճանաչված մասնագետ Յոհաննես Պրայզեր-Կապելլերի (Johannes Preiser-Kapeller) նախագահությամբ անցկացված նիստում։   Արմինե Գաբրիելյանի մասնակցությունը կոնգրեսին իրականացվել է Հովնանյան ընտանեկան հիմնադրամի (H. Hovnanian Family Foundation Armenia) ֆինանսական աջակցությամբ։

2026-08-29

2026 թվականի հնագիտական արշավը Շամիրամում հաջողությամբ ավարտվել է

2026 թվականի հնագիտական արշավը Շամիրամում հաջողությամբ ավարտվել է

2026 թվականի հնագիտական արշավը Շամիրամում հաջողությամբ ավարտվել է ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ հնավայրում հաջողությամբ ավարտվել է հայ-իտալական համատեղ հնագիտական արշավախմբի 2026 թվականի դաշտային պեղաշրջանը։ Արշավախումբն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ISMEO-ի (Միջերկրածովյան և արևելյան ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիա) միջև երկարամյա գիտական համագործակցության շրջանակում։ Նախագիծը հայկական կողմից ղեկավարում է Վարդուհի Մելիքյանը, իսկ իտալական կողմից՝ Ռոբերտո Դանը։ Մայիսի 26-ից հունիսի 25-ը տևած այս տարվա արշավը կենտրոնացած էր հնավայրի մի շարք առանցքային հատվածների ուսումնասիրության վրա՝ նպատակ ունենալով հստակեցնել կենտրոնական Հայաստանի ամենաբարդ հնագիտական լանդշաֆտներից մեկի ժամանակագրությունը, գործառույթը և զարգացման փուլերը։ Շամիրամը բացառիկ բազմաշերտ հնավայր է, որն առանձնանում է ընդարձակ ամրացված ժայռոտ սարահարթով, մի քանի հուշարձանային պաշտպանական գծերով, ընդարձակ բնակավայրերով և կարևոր թաղման համալիրներով։ Նոր հետազոտությունները վերահաստատել են հնավայրի բնակեցման բացառիկ շարունակականությունը՝ ուշ բրոնզի և երկաթի դարերից մինչև ուրարտական, հետուրարտական, հելլենիստական, ուշ անտիկ, միջնադարյան և հետմիջնադարյան ժամանակաշրջանները։ 2026 թվականի պեղաշրջանի կարևորագույն արդյունքներից է թիվ 3 դամբարանի պեղումների շարունակությունը։ Այն ուշ բրոնզի դարի մոնումենտալ թաղում է՝ համակենտրոն քարե շրջաններով, կենտրոնական քարե դամբանախցով, հարուստ թաղման գույքով, բրոնզե զենքերով, օբսիդիանից և մետաղից պատրաստված նետասլաքների ծայրերով, ինչպես նաև ծիսական զոհաբերության ենթարկված ձիու մնացորդներով։ Այս հայտնագործությունը կարևոր նոր տվյալներ է հաղորդում Հայաստանի ուշ բրոնզի դարի համայնքներում տեղական էլիտայի, թաղման ծեսերի և ձիու խորհրդանշական դերի ուսումնասիրության համար։ Պեղումների ընթացքում բացահայտվել են նաև կարևոր տվյալներ հնավայրի նախաուրարտական փուլերի վերաբերյալ։ Ուրարտական ամրոցի աշտարակներից մեկի հետևի հատվածում հայտնաբերվել է միջին երկաթի դարի սենյակ՝ հրդեհի և ավերածությունների արտահայտված շերտերով, որին հաջորդում է ուրարտական պաշտպանական համակարգի կառուցումից ավելի վաղ թաղում։ Այս հաջորդականությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում ուսումնասիրելու Արարատի մարզի տեղական երկաթեդարյան կենտրոնի վերափոխումը՝ Վանի թագավորության ընդարձակմանը նախորդող և դրա ընթացքում ընկած ժամանակաշրջաններում։ Հետազոտությունները շարունակվել են նաև հնավայրի ամրացված հատվածներում։ Wall 2-ի դարպասների համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ներկայումս տեսանելի L-աձև մուտքը, ամենայն հավանականությամբ, վերակառուցվել է հելլենիստական շրջանում՝ փոխարինելով երկաթի դարի ավելի վաղ շերտին։ Միաժամանակ Tower 3-ի պեղումներն ու մաքրումը վերահաստատել են ուրարտական ամրաշինության հուշարձանային բնույթը՝ բացահայտելով լավ պահպանված, մոտ 8,5 × 8,5 մ չափերով մեգալիթյան կառույց։ 2026 թվականի արշավը նոր հեռանկարներ է բացել նաև Շամիրամի հետուրարտական զարգացման ուսումնասիրության համար։ 7-րդ հատվածում (Area 7) բացահայտված սյուների խարիսխները, ուրարտական աշտարակներին հարող ճարտարապետական կառույցները և լավ պահպանված միջնադարյան շինությունները ցույց են տալիս, թե ինչպես են հնագույն ամրությունները դարերի ընթացքում պահպանել իրենց ազդեցությունը հնավայրի տարածական կազմակերպման վրա։ Այս տարվա պեղաշրջանի արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են, որ Շամիրամը կենտրոնական Հայաստանի երկարատև պատմության ուսումնասիրման կարևորագույն հնավայրերից մեկն է՝ սկսած ուշ բրոնզի դարի թաղման ավանդույթներից և երկաթի դարի տեղական համայնքներից մինչև ուրարտական հուշարձանային ճարտարապետությունն ու հնավայրի վերօգտագործման և վերափոխման հետագա փուլերը։ Արշավախումբն իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր այն հաստատություններին և գործընկերներին, որոնք աջակցել են 2026 թվականի դաշտային աշխատանքներին։ Նախագիծը համաֆինանսավորվում է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կողմից՝ Երևանում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ և համակարգմամբ։ Հնագիտական նյութերի, մարդաբանական և այլ մասնագիտացված ուսումնասիրությունների ու հետագա վերլուծությունների արդյունքները կշարունակեն ընդլայնել մեր պատկերացումները Շամիրամի պատմության և Հայաստանի հնագույն մշակութային լանդշաֆտում նրա ունեցած նշանակության մասին։

2026-07-07