Ստորաբաժանման խնդիրն է
Ստորաբաժանման անցյալն ու ներկան
Ներածություն
Հայաստանում միջնադարագիտության հիմքը դրվել է անվանի հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ՝ Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անիի պեղումներով, որոնք հիմնականում իրականացվել են 1892-1893 և 1904-1917 թթ.: Դրանով սկսվել են ժամանակակից մեթոդներին համապատասխան ուսումնասիրություններ՝ աղբյուրագիտական հարուստ նյութի վրա հիմնված լայնածավալ պեղումներ, հուշարձանների և գրավոր աղբյուրների համեմատական վերլուծություն, պեղված հուշարձանների մասնակի վերականգնում և պահպանություն, պեղված նյութերի ֆոտոֆիքսացիա, գծանկարում և հուշարձանների չափագրում, վիմագրերի պատճենահանում, պեղված հուշարձանների թանգարանացում, պեղված և ուսումնասիրված նյութերի հրատարակում, դրանց վերաբերյալ դասախոսությունների ու սեմինարների անցկացում, գիտական կադրերի պատրաստում և այլն:
Միջնադարյան հնավայրերի ուսումնասիրությունը հատկապես մեծ թափ է ստանում XX դ. 30-ական թվականների վերջերին, Հայաստանում ԽՍՀՄ ԳԱ մասնաճյուղի՝ Արմֆանի ստեղծմամբ: Հանրապետության կառավարության որոշմամբ 1936-1937 թթ. սկսվում են Դվին մայրաքաղաքի հնագիտական պեղումները, որոնք շարունակվում են մինչև օրս: 1936 թ. ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ սկսվում են Ամբերդ (Անբերդ) ամրոցի պեղումները: Աշխատանքներն ընթանում էին Արմֆանի և Էրմիտաժի մասնագետների համագործակցությամբ: Ամբերդի պեղումները շարունակվել են նաև անցած դարի երկրորդ կեսին Սերգեյ Հարությունյանի ղեկավարությամբ, որի արդյունքները ամփոփվել են հեղինակի ‹‹Անբերդ›› մենագրության մեջ (1978 թ․):
1950-60-ական թվականներին շարունակվեցին մայրաքաղաք Դվինի պեղումները, որոնց արդյունքներն ամփոփվեցին Կարո Ղաֆադարյանի և Արամ Քալանթարյանի մենագրություններում:
Հայաստանի միջնադարյան հնագիտության բաժնի ստեղծումը
Վերոհիշյալ աշխատանքներն ուղենիշ դարձան միջնադարագիտության զարգացման համար: 1959 թ. ԳԱ Պատմության ինստիտուտից անջատվում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, իսկ արդեն 1960 թ. անվանի հայագետ, պ.գ.դ., պրոֆեսոր Կարո Ղաֆադարյանի ղեկավարությամբ ստեղծվում է Հին և միջնադարյան հնագիտության բաժինը: 1993 թ. Հին Հայաստանի հնագիտության բաժինն առանձնանում է: Կարո Ղաֆադարյանը Միջնադարյան հնագիտության բաժինը ղեկավարել է մինչև իր մահը` 1976 թ.: 1978-2005 թթ. բաժինը ղեկավարել է պ.գ.թ. Գրիգոր Կարախանյանը, 2005-2023 թթ.՝ պ.գ.թ. Հուսիկ Մելքոնյանը, 2023 թ. սկսած՝ պ.գ.թ. Դիանա Միրիջանյանը։
Բաժնի գործունեությունը 1970-80-ական թվականներին
Միջնադարյան հնագիտության բաժինը մի շարք պեղումներ է իրականացրել Հայաստանի բազմաթիվ հնավայրերում: Դրանք հատկապես մեծ թափ են առնում 1970-ական թվականներին, երբ մեկը մյուսի հետևից սկսվում են պեղվել Մոզի բնակատեղին, Խամշի վանքը, Էջմիածնի բազիլիկ եկեղեցին, Կարբիի հուշարձանները, Վարդենուտի դղյակը, Սպիտակի քարայրային բնակավայրը: Այս շրջանում հատկապես կարևոր արդյունքներ գրանցվեցին Հայաստանի միջնադարյան պաշտպանական համակարգերի ամենատարբեր խնդիրների ուսումնասիրության ուղղությամբ: Բաժնի ասպիրանտ Եսայի Ասատրյանի՝ Թալինի շրջանի Զաքարի բերդ ամրոցի ուսումնասիրությամբ առաջին անգամ բացահայտվել է վաղմիջնադարյան ամրոց-բնակավայր, որպիսին վկայված էր միայն պատմական աղբյուրներում (տե՛ս Е. Асатрян, Закари берд (результаты раскопок), 2005 г.): Ուսումնասիրվել են նաև Բջնի ամրոցը (ղեկ.՝ Իգիթ Ղարիբյան), Վարդենուտի դղյակը (ղեկ․՝ Գրիգոր Կարախանյան), Դաշտադեմի ամրոցը (ղեկ.՝ Եսայի Ասատրյան), Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք Լոռե բերդաքաղաքը: Դրանց արդյունքները ղեկավար Իգիթ Ղարիբյանն ամփոփեց «Լոռե բերդաքաղաքը և նրա պեղումները» մենագրության մեջ (2009 թ․): Միջնադարյան հուշարձանների ուսումնասիրություններ իրականացվեցին նաև Շիրակում (Մարմաշենի վանք, Կումայրի և Շիրակավանի բնակավայրեր, Տիրաշենի համալիր, Վահրամաբերդ և այլն), որոնք ղեկավարում էր բաժնի երկարամյա գիտաշխատող Սերգեյ Հարությունյանը: Միջնադարյան գյուղաքաղաքի մասին հստակ պատկերացումներ են տվել Գառնիի պեղումները, որոնց արդյունքներն ամփոփվել են Համլետ Պետրոսյանի «Գառնին IX-XIV դարերում» (1988 թ․) մենագրության մեջ: Շարունակվում էին Դվինի պեղումները, որոնց արդյունքներն ի մի բերվեցին Կարո Ղաֆադարյանի և Արամ Քալանթարյանի «Դվին II. Դվին քաղաքը և նրա պեղումները» (2002 թ․), ինչպես նաև Նյուրա Հակոբյանի, Ֆրինա Բաբայանի, Աղավնի Ժամկոչյանի, Արամ Քալանթարյանի, Կարո Ղաֆադարյանի և Գայանե Քոչարյանի «Двин IV։ Город Двин и его раскопки (1981-1985 гг.)», 2008 թ․) աշխատություններում։
1980-ական թվականներին «Հայաստանի հնագիտական հուշարձանները»› մատենաշարով հրատարակվեցին միջնադարյան հնագիտության հարցերին առնչվող աշխատանքներ, որոնք կարևոր էին ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի միջնադարյան մշակույթի հետազոտության տեսանկյունից: Դրանց թվին են պատկանում Արամ Քալանթարյանի «Դվինի նյութական մշակույթը IV-VIII դդ.» (1970 թ․) և «Раннесредневековые буллы Двина» (1982 թ․), Հռիփսիմե Ջանփոլադյանի «Средневековое стекло Двина IX-XIII» (1974 թ․) և «Сфероконические сосуды из Двина и Ани» (1982 թ․), Նյուրա Հակոբյանի «Միջնադարյան Հայաստանի գեղարվեստական մետաղը IX-XIII դդ.» (1981 թ․), Աղավնի Ժամկոչյանի «Միջնադարյան Հայաստանի հախճապակին IX-XIV դդ.» (1981 թ․), Հռիփսիմե Ջանփոլադյանի և Արամ Քալանթարյանի «Тoрговые связи средневековой Армении в VI-XIII вв.» (1988 թ․) աշխատությունները։
Բաժնի գործունեությունը 1990-2000-ական թվականներին
1990-ական թվականների սկիզբը թեև բարդ շրջան էր գիտության համար, սակայն տնօրեն Արամ Քալանթարյանի կազմակերպչական հմուտ ղեկավարման շնորհիվ բաժնի գիտահետազոտական աշխատանքները բավականին ակտիվ էին: Հայաստանի միջնադարյան մշակույթը արտերկրում ճանաչելի դարձնելու տեսանկյունից հատկապես կարևոր ձեռքբերում էր Փարիզում ‹‹Մերձավոր Արևելքի քաղաքակրթությունը›› մատենաշարով հրատարակված ‹‹Dvin Histoire et archaeologie de la vile Medievale›› մեծածավալ մենագրությունը (1996 թ․): Կարևոր աշխատանք էր նաև բաժնի հիմնադիրներից Գրիգոր Կարախանյանի ‹‹Հայոց ժողովրդական մշակույթը›› (2003 թ․) հանրագիտարանային բնույթի աշխատությունը: Բաժնի գիտաշխատողները ուսումնասիրություններ են իրականացրել նաև ՀՀ սահմաններից դուրս` բացահայտելով հայկական մշակութային հետքը տարբեր երկրներում: Դրանցից հատկապես նշանակալ են Ֆրինա Բաբայանի հետազոտությունները Ղրիմում (տե՛ս Ф. Бабаян, Э. Корхмазян, Армянские монастыри Сурб Хач и Св. Степаноса близ города Старый Крым, 2000 г.):
Այս շրջանում Արամ Քալանթարյանի ջանքերով հրատարակվեց ‹‹Գիտական ժառանգություն›› շարքը, որի հատորներից մի քանիսը նվիրված են բազմավաստակ գիտնականներ Կարո Ղաֆադարյանին, Աշխարհբեկ Քալանթարին, Սմբատ Տեր-Ավետիսյանին (Գիտական ժառանգություն, հ. 6, Երևան, 2010 թ․), որոնք պատկառելի հետք են թողել միջնադարագիտության մեջ: Բաժնի աշխատակիցները ակտիվորեն մասնակցել են այնպիսի կարևոր գրքերի հրատարակման աշխատանքներին, ինչպիսիք են ‹‹Գինին հայոց ավանդական մշակույթում›› (2005 թ․), և ‹‹Հին Հայաստանի ոսկին›› (2007 թ․):
Միջնադարյան հնագիտության համար կարևոր գիտական հրատարակություն էր նաև «Armenia in the Cultural Context of East an West» (2009 թ․) գիրքը, որտեղ առաջին անգամ հնագիտական իրերը ներկայացված են նաև ճշգրիտ գիտությունների անալիզների քննության արդյունքներով: Գրքի հրատարակությունը հնարավոր դարձավ Միջնադարյան Հայաստանի հնագիտության բաժնի և Ցյուրիխի Լանդեմուզեումի համագործակցության շնորհիվ:
2000-ական թվականները ակտիվ շրջան էր նաև հնագիտական պեղումների համար: Պեղումներ իրականացվեցին մի շարք հուշարձաններում՝ Լուսաշողի Ս. Հովհաննես Կարապետի վանքում (Ցյուրիխի վարժարանի հետ համագործակցությամբ, ղեկ.՝ Սարգիս Շահինյան, Հուսիկ Մելքոնյան), Ուշիի Ս. Սարգիս վանքում և Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու զանգակատանը (ղեկ.՝ Ֆրինա Բաբայան), Եղեգիսի հրեական բնակավայրում (ղեկ.՝ Մայքլ Սթոուն, Հուսիկ Մելքոնյան), Զորաց տաճարում (ղեկ.՝ Հուսիկ Մելքոնյան), Դվին մայրաքաղաքում (ղեկ.` Արամ Քալանթարյան, Հուսիկ Մելքոնյան), Դաշտադեմի ամրոցում (ղեկ.` Աստղիկ Բաբաջանյան):
Ուշագրավ էին 2008 թ. Ծաղկաձորի «Խաչեր» ամրոցի պեղումները (ղեկ.` Հուսիկ Մելքոնյան), որի ժամանակ պարսպապատի մեջ գտնվող գաղտնարանում հայտնաբերվեց XI դ. դրամական գանձ՝ բաղկացած 297 բյուզանդական անանուն ֆոլիսներից: Ծաղկաձորի գանձը բացառիկ է միջնադարյան Հայաստանի ոչ միայն քաղաքական ու տնտեսական պատմության, այլև դրամագիտական մի շարք կարևոր խնդիրների լուսաբանման առումով, որոնք քննարկվել են դրամագետ Հասմիկ Հովհաննիսյանի «Սիլլոգե բյուզանդական դրամների» (2016 թ․) մենագրության մեջ:
ՀՀ հուշարձաններին զուգահեռ մեծ կարևորություն են ներկայացնում նաև Արցախում իրականացված պեղումները, որոնց ևս ակտիվորեն մասնակցել են բաժնի գիտաշխատողները (Տիգրանակերտ, Հանդաբերդ, Շուշի, ղեկ.` Համլետ Պետրոսյան, Տող գյուղի Մելիք Եգանի պալատ, ղեկ.` Աղավնի Ժամկոչյան):
Բաժնի միջազգային համագործակցությունը
Բաժինն իրականացրել է մի շարք միջազգային ծրագրեր և համատեղ գիտահետազոտական աշխատանքներ, որոնցից հատկանշական է 2001-2003 թթ. Երուսաղեմի համալսարանի Հայագիտության ամբիոնի հետ համագործակցությունը, որի շրջանակներում պեղումներ են կատարվել Վայոց ձորի Եղեգիս հնավայրի հրեական հուշարձանում:
2005-2007 թթ. ինստիտուտի և Շվեյցարիայի Գիտական ազգային հիմնադրամի համագործակցության շրջանակում բաժինը ծրագիր է իրականացրել Ցյուրիխի երկրագիտական թանգարանի հետ` նվիրված միջնադարյան հայկական խեցեղենի և ապակու ուսումնասիրությանը:
2006 թ. Դվինում համատեղ պեղումներ իրականացնելու համար Հնագիտության և ազգագրության ինստիտուտը պայմանագիր կնքեց Կալիֆոռնիայի համալսարանի Քոթսենի հնագիտության ինստիտուտի հետ:
2015 թ. սկսած բաժինը Լոնդոնի Բիրկբեկ համալսարանի հետ իրականացնում է «Մետաքսի ճանապարհի հնագիտական հետազոտություն Վայոց ձորում» (VDSRS) ծրագիրը (ղեկ.` Աստղիկ Բաբաջանյան, Քեյթ Ֆրանկլին):
Բաժնի ձեռքբերումները
Հայաստանի միջնադարյան հնագիտության բաժինը պեղումներ է իրականացրել շուրջ 50 միջնադարյան հուշարձաններում, հրատարակվել են մի քանի տասնյակ գրքեր, հարյուրավոր հոդվածներ, միջազգային և հանրապետական գիտաժողովներում կարդացվել են զեկուցումներ՝ նվիրված միջնադարյան քաղաքների ու գյուղաքաղաքների, ամրոցների և դղյակների, վանական համալիրների ու եկեղեցիների, արտադրական հաստատությունների գործունեության ամենատարբեր ոլորտներին:
Բաժնի ուսումնասիրության ոլորտները