Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Միջազգային գիտաժողով.  Տեղահանություն և հիշողություն․ Արցախի շարունակվող ճգնաժամը բանավոր պատմություններում

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

16-10-2025 09:00

Միջազգային գիտաժողով. Տեղահանություն և հիշողություն․ Արցախի շարունակվող ճգնաժամը բանավոր պատմություններում

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժնի, Կիրառական մարդաբանության գիտահետազոտական խմբի, “Հազարաշեն” ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի և Ֆրանսիայի Inalco (Institut National des Langues et Civilisations Orientales) համալսարանի նախաձեռնությամբ 2025 թ. հոկտեմբերի 16-17-ին կկազմակերպվի «Տեղահանություն և հիշողություն․ Արցախի հընթացս ճգնաժամը բանավոր պատմություններում» խորագրով միջազգային գիտաժողով։

Գիտաժողովի նպատակն է քննարկել, թե ինչպես է 2020 թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմը, Արցախի փաստացի պաշարումը, 2020-2023 թթ․ ընթացքում նախապատրաստված և 2023 թ․ սեպտեմբերին տեղի ունեցած Արցախի բնակչության տեղահանությունն արտացոլվել և իմաստավորվել միջազգային և հայկական լրատվականներում ու հանրային դաշտում և փոխանցվել բանավոր պատմությունների միջոցով։ Կարևոր են ոչ միայն հիշողության բովանդակային և տեղեկատվական շերտերը, այլև դրանց փոխանցման միջոցներն ու ձևերը, հիշողության կրողները, ինչպես նաև պատերազմի, տեղահանության և հիշողության ձևավորման քաղաքականությունը, սոցիալական, մշակութային հետևանքները։ Չնայած գիտաժողովի բուն նպատակն է Արցախի ընթացիկ ճգնաժամի քննարկումը, բայց, հաշվի առնելով Արցախի աշխարհագրական տեղը և բնակչության ինքնությունների բարդ հետագիծը, գիտաժողովում կարող են քննարկվել նաև Արցախի ճգնաժամերի պատմական թեմաներն ու դրանց անդրադարձն այսօրվա հանրային, գիտական, քաղաքական խոսույթներում:

Զեկուցումները կարող են ներառվել հետևյալ ենթաբաժիններում, բայց չսահմանափակվել դրանցով․
1. Դրվագներ Արցախի ճգնաժամերի պատմությունից․ պատճառներ, դրսևորումներ, հետևանքներ, արտացոլում արդի գիտական և հանրային խոսույթներում.
ա. 16-17-րդ դդ․ Ղզլբաշական Պարսկաստանի շրջան
բ. 18-19-րդ դդ.՝ Ղարաբաղի խանության շրջանի 70 տարիների ճգնաժամերը
գ. Արցախը 19-րդ դ․ Ռուսական կայսրության շրջանում․ Արցախի բնակչությունն ու դասային կառուցվածքի վերաձևավորումները
դ. 20-րդ դ.՝ Արցախը Ադրբեջանի մուսավաթական իշխանության շրջանում
ե. 20-րդ դ.՝ Բոլշևիկյան և ԽՍՀՄ շրջաններ, արցախցիների փորձերը իշխանությունների ուշադրությունը հրավիրելու իրենց խնդիրների վրա
զ. 20-րդ դ. ԽՍՀՄ «ինտերնացիոնալիզմի» քաղաքականությունն Արցախում
է. 20-րդ դ.՝ փակ հասարակություն փակ հասարակությունում․ Արցախի մասին գիտելիքը Արցախում, Կովկասում և ԽՍՀՄ-ում (աղբյուրներ և փոխանցման միջոցներ)
ը. 20-րդ դ.՝ Արցախի քաղաքացիական և էթնիկ միավորների մոբիլիզացիոն գործընթացները ճգանաժամային իրավիճակում
2. Արցախի չճանաչված հանրապետության 30 տարվա պատմությունը. պատերազմների ճանապարհն ու տեղահանությունը
3. Պաշարված Արցախը տեղեկատվական աղբյուրներում և բանավոր պատմություններում
4. Հիշողության և մոռացության քաղաքականություն, իշխանության տեքստեր, պաշտոնական պատումներ
5. Արցախցիների բանավոր պատումությունները որպես ուսումնասիրության մեթոդ և պաշտոնական պատմագրության այլընտրանք
6. ԽՍՀՄ-ի հիշողության քաղաքականությունը Արցախի/Ղարաբաղի հարցում
7. Սումգայիթյան ջարդերի մասին իմացությունը Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Կովկասում, ԽՍՀՄ-ում, հետխորհրդային հանրապետություններում
8. Արցախի տեղահանության բանավոր պատմություններ․ մեթոդաբանություն և էթիկական խնդիրներ
9. Սպառնալիքի, բռնաքսորի (դեպորտացիայի), տեղահանության և ցեղասպանության եզրութաբանության համեմատական քննություն՝ Արցախի օրինակով
10. Արցախի նյութական մշակութային ժառանգությունն ու դրա պահպանության խնդիրները
11. Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը
12. Բռնի տեղահանվածների առօրյա կյանքն ու սոցիալական կազմակերպվածությունը
13. Նյութականություն և հիշողության կրիչներ (ֆոտոարխիվ, առարկաներ, ևն)
14. Թվանշային հարթակներն ու հիշողության արխիվացումը
15. Հիշողության գենդերային տեսանկյուններ
16. Հիշողություն և տրավմա՝ խմբային և անհատական
17. Տեղահանության հիշողության ներկայացում արվեստի տարբեր ճյուղերում, գրականությունում
18. Համեմատական դեպքեր․ բռնի տեղահանումներ և դրանց մասին հիշողությունն այլ երկրներում
19. Արցախի հիշողության վայրեր և հիշատակի ծեսեր
20. «Արցախյան հիշողությունն ու պատմությունը» կրթական համակարգում
21. Բռնի տեղահանության և ինքնության վերաիմաստավորման գործընթացներ
22. Հիշողությունն ի նպաստ դիմակայության և ինքնության պահպանության
 
Գիտաժողովին կարող են մասնակցել գիտական հաստատությունների գիտաշխատողներ, անկախ հետազոտողներ, և ասպիրանտներ։
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է ուղարկեն իրենց զեկուցման վերնագիրը հայերեն և անգլերեն, ինչպես նաև 300 բառի սահմաններում ամփոփագիրը (հայերեն կամ անգլերեն) մինչև 2025 թ. սեպտեմբերի 15-ը` iae.anthropology@gmail.com  հասցեով, ինչպես նաև լրացնեն անհատական ձևաթուղթը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/9tqFppheHr8KXRVA8։
 
Ընտրված հայտերի մասին տեղեկությունը կհայտարարվի մինչև սեպտեմբերի 25։
???? Զեկուցումների տևողությունը՝ մինչև 20 րոպե։
???? Մասնակցությունը՝ առցանց և անցանց։
???? Ընտրված զեկուցումները հնարավորություն կունենան հրապարակվելու։
❓Հարցերի կամ լրացուցիչ տեղեկության համար դիմել գիտաժողովի համակարգողներին՝ iae.anthropology@gmail.com
 
Գիտաժողովի կազմկոմիտե՝
Լևոն Աբրահամյան,
Հրանուշ Խառատյան,
Անահիտ Տոնապետյան-Դեմոպուլիս
Գայանե Շագոյան,
Լուսինե Խառատյան
 
Գիտաժողովի ծրագիրը ստորև՝ 
https://www.dropbox.com/scl/fi/8ah26ggxoulkygp9gt93l/Program-Displacement-and-Memory.pdf?rlkey=rzut6mvl2k5ldda4ujtkgl48r&e=1&dl=0