ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ) «Մշակույթը՝ գործոն» հասարակական կազմակերպության հետ մեկնարկել է համագործակցային նոր ծրագիր «Վիշապների պահապանները» խորագրով։ Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել 10-14 տարեկանների և տեղական համայնքների իրազեկվածությունը հայկական վիշապաքարերի բացառիկ մշակութային նշանակության վերաբերյալ, ինչպես նաև խթանել ժառանգության պահպանությունը, քննադատական մտածողությունը և քաղաքացիական ներգրավվածությունը։
Այս նախաձեռնությունը, որը մեկնարկում է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհի շրջանակներում, միավորում է հիմնարար գիտելիքը նորարարական կրթական մեթոդաբանության հետ։ Որպես առաջատար գիտական կենտրոն՝ ՀԱԻ-ն ապահովում է ծրագրի բովանդակության գիտական ճշգրտությունն ու հիմնավորվածությունը։
Մեր մասնագետները խորհրդատվություն են տրամադրում ծրագրի ընդհանուր հայեցակարգի և բոլոր կրթական նյութերի վերաբերյալ՝ վիշապաքարերի մասին առկա տեղեկատվությունը համապատասխանեցնելով վերջին հնագիտական հետազոտությունների տվյալներին։
ՀԱԻ-ն ուղղակիորեն պատասխանատու է նաև մասնագիտացված ուսուցողական դասընթացների մշակման և իրականացման համար։ Այս դասընթացներն անցկացվելու են դպրոցականների և նրանց ընտանիքների համար՝ համայնքային իրազեկման արշավների ընթացքում։ Այս փորձառական ուսուցումը մասնակիցներին կզինի վիշապաքարերի յուրահատուկ պատկերագրության և հնագիտական համատեքստի մասին խորը գիտելիքներով՝ նրանց դարձնելով այս համաշխարհային նշանակության ժառանգության տեղեկացված պահապաններ։
«Վիշապների պահապանները» 9-ամսյա ծրագիրը, որը մեկնարկել է 2025 թվականի սեպտեմբերին, իրականացվում է «Մշակույթը՝ գործոն» ՀԿ-ի կողմից մշակված հայեցակարգով, որը ներառում է «Վահագնը և վիշապը» անիմացիոն ֆիլմի արտադրություն, տեղեկատվական գրքույկների տպագրություն և ֆիլմի ցուցադրություն համայնքային արշավների ժամանակ։
Այս համատեղ աշխատանքի միջոցով ՀԱԻ-ը նպատակ է դնում ոչ միայն տարածել գիտական տեղեկատվությունը, այլև վիշապաքարերի պատմական և մշակութային արժեքը ներկայացնել հասարակության ամենատարբեր շերտերի համար, հատկապես երիտասարդ սերնդի շրջանում, դրանով իսկ նպաստելով հայկական մշակութային ժառանգության երկարաժամկետ պահպանությանը։