Հունիսի 1-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճում տեղի ունեցավ «Aruch. Rediscovering A Medieval Armenian Capital (Archaeological Campaigns 2022–2025)» գրքի շնորհանդեսը։
Արուճ գյուղի ամրոցում հնագիտական պեղումներն իրականացվել են հայ-իտալական արշավախմբի կողմից, որոնց արդյունքներով էլ լույս է տեսել այս կարևոր աշխատությունը։
Շնորհանդեսին ներկա էին ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտին, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը, ԻՍՄԵՕ-ի նախագահ Վալերիո Ռոսսին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, հնագետներ, պատմաբաններ, արշավախմբի անդամներ և հյուրեր։
Բացման խոսքով հանդես եկավ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը՝ կարևորելով հայ-իտալական հնագիտական արշավախմբի կողմից իրականացված ուսումնասիրություններն ու պեղումները, ինչպես նաև դրանց արդյունքներն ամփոփող աշխատության հրատարակությունը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտին։ Աշխատության նշանակությունը և հնագիտության ոլորտում հայ-իտալական համագործակցությունը բարձր գնահատեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը։ Նա տեղեկացրեց նաև, որ իտալացի հնագետները հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքներ են իրականացնում Դվինում՝ հնագետ Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ, ինչպես նաև այլ հնավայրերում։ Հայ-իտալական հնագիտական արշավախմբի գործունեության կարևորությանն ու հրատարակված գրքի արժեքին անդրադարձավ նաև ԻՍՄԵՕ-ի նախագահ Վալերիո Ռոսսին։ Իրենց աշխատանքը ներկայացրին գրքի համահեղինակները՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական քարտուղար, Արուճի հնագիտական արշավախմբի համաղեկավար Աստղիկ Բաբաջանյանը և ԻՍՄԵՕ-ի փոխնախագահ, Արուճի հնագիտական արշավախմբի համաղեկավար, AICS գործակալության Արուճի ծրագրի պատասխանատու Սերջիո Ֆերդինանդին։
Արուճի միջնադարյան պատմամշակութային ժառանգությանը նվիրված գիտական նոր հատորը ներկայացնում է հայ-իտալական հնագիտական համագործակցության չորս տարիների արդյունքները և առաջարկում հնավայրի համապարփակ վերագնահատում՝ որպես միջնադարյան Հայաստանի քաղաքական, մշակութային և տնտեսական կարևոր կենտրոն։ Ուսումնասիրության առանցքում միջնադարյան ամրոցն է, որը ներկայացվում է Արուճի ավելի լայն կառուցապատված և մշակութային լանդշաֆտի համատեքստում։ Հեղինակները վերակառուցում են դրա ճարտարապետական հորինվածքը, ֆունկցիոնալ տարածքները, ինչպես նաև բնակեցման, վերօգտագործման և փոխակերպման երկարատև հաջորդականությունները՝ միջնադարից մինչև վաղ նոր շրջան։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Արուճը, համատեղելով կրոնական և աշխարհիկ իշխանության կենտրոնների գործառույթները և ունենալով զարգացած ամրաշինական ու ենթակառուցվածքային համակարգ, ոչ միայն բնակավայր կամ ճանապարհային հանգրվան էր, այլև միջնադարյան կյանքի բազմաֆունկցիոնալ և աշխույժ կենտրոն։ Գրքի երկրորդ բաժինը նվիրված է մշակութային ժառանգության դերին՝ որպես գյուղական կայուն զարգացման կարևոր շարժիչ ուժի։ Այն ներկայացնում է Արուճի պահպանության, վերականգնման և արժևորման ընթացիկ ծրագրերը՝ նպատակ ունենալով հնագիտական հետազոտությունները ներառել ժառանգության կառավարման և էկո-հնագիտական պուրակի զարգացման գործընթացներում։