Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Իրադարձություններ

Տեղի ունեցավ «Aruch. Rediscovering A Medieval Armenian Capital (Archaeological Campaigns 2022–2025)» գրքի շնորհանդեսը։

Տեղի ունեցավ «Aruch. Rediscovering A Medieval Armenian Capital (Archaeological Campaigns 2022–2025)» գրքի շնորհանդեսը։

Հունիսի 1-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճում տեղի ունեցավ «Aruch. Rediscovering A Medieval Armenian Capital (Archaeological Campaigns 2022–2025)» գրքի շնորհանդեսը։ Արուճ գյուղի ամրոցում հնագիտական պեղումներն իրականացվել են հայ-իտալական արշավախմբի կողմից, որոնց արդյունքներով էլ լույս է տեսել այս կարևոր աշխատությունը։ Շնորհանդեսին ներկա էին ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտին, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը, ԻՍՄԵՕ-ի նախագահ Վալերիո Ռոսսին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, հնագետներ, պատմաբաններ, արշավախմբի անդամներ և հյուրեր։ Բացման խոսքով հանդես եկավ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը՝ կարևորելով հայ-իտալական հնագիտական արշավախմբի կողմից իրականացված ուսումնասիրություններն ու պեղումները, ինչպես նաև դրանց արդյունքներն ամփոփող աշխատության հրատարակությունը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտին։ Աշխատության նշանակությունը և հնագիտության ոլորտում հայ-իտալական համագործակցությունը բարձր գնահատեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը։ Նա տեղեկացրեց նաև, որ իտալացի հնագետները հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքներ են իրականացնում Դվինում՝ հնագետ Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ, ինչպես նաև այլ հնավայրերում։ Հայ-իտալական հնագիտական արշավախմբի գործունեության կարևորությանն ու հրատարակված գրքի արժեքին անդրադարձավ նաև ԻՍՄԵՕ-ի նախագահ Վալերիո Ռոսսին։ Իրենց աշխատանքը ներկայացրին գրքի համահեղինակները՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական քարտուղար, Արուճի հնագիտական արշավախմբի համաղեկավար Աստղիկ Բաբաջանյանը և ԻՍՄԵՕ-ի փոխնախագահ, Արուճի հնագիտական արշավախմբի համաղեկավար, AICS գործակալության Արուճի ծրագրի պատասխանատու Սերջիո Ֆերդինանդին։ Արուճի միջնադարյան պատմամշակութային ժառանգությանը նվիրված գիտական նոր հատորը ներկայացնում է հայ-իտալական հնագիտական համագործակցության չորս տարիների արդյունքները և առաջարկում հնավայրի համապարփակ վերագնահատում՝ որպես միջնադարյան Հայաստանի քաղաքական, մշակութային և տնտեսական կարևոր կենտրոն։ Ուսումնասիրության առանցքում միջնադարյան ամրոցն է, որը ներկայացվում է Արուճի ավելի լայն կառուցապատված և մշակութային լանդշաֆտի համատեքստում։ Հեղինակները վերակառուցում են դրա ճարտարապետական հորինվածքը, ֆունկցիոնալ տարածքները, ինչպես նաև բնակեցման, վերօգտագործման և փոխակերպման երկարատև հաջորդականությունները՝ միջնադարից մինչև վաղ նոր շրջան։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Արուճը, համատեղելով կրոնական և աշխարհիկ իշխանության կենտրոնների գործառույթները և ունենալով զարգացած ամրաշինական ու ենթակառուցվածքային համակարգ, ոչ միայն բնակավայր կամ ճանապարհային հանգրվան էր, այլև միջնադարյան կյանքի բազմաֆունկցիոնալ և աշխույժ կենտրոն։ Գրքի երկրորդ բաժինը նվիրված է մշակութային ժառանգության դերին՝ որպես գյուղական կայուն զարգացման կարևոր շարժիչ ուժի։ Այն ներկայացնում է Արուճի պահպանության, վերականգնման և արժևորման ընթացիկ ծրագրերը՝ նպատակ ունենալով հնագիտական հետազոտությունները ներառել ժառանգության կառավարման և էկո-հնագիտական պուրակի զարգացման գործընթացներում։

2026-06-01

Բացվեց «Սրբացված բեկորների հայտնությունը․ Արտաշատի ութանիստ եկեղեցին. չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտումը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը

Բացվեց «Սրբացված բեկորների հայտնությունը․ Արտաշատի ութանիստ եկեղեցին. չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտումը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը

ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մյունստերի համալսարանի Անտիկ և վաղ քրիստոնեական շրջանի հնագիտության ինստիտուտի համագործակցությամբ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում մայիսի 29-ին բացվեց «Սրբացված բեկորների հայտնությունը․ Արտաշատի ութանիստ եկեղեցին. չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտումը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը: Ցուցադրության շրջանակում ներկայացվել են Արտաշատի պեղումների ընթացքում հայտնաբերված բացառիկ գտածոները, կառույցի ճարտարապետական առանձնահատկությունները, գիտական վերականգնման ընթացքը, ինչպես նաև նորագույն հետազոտական մեթոդների կիրառմամբ ստացված արդյունքները։

2026-05-29

Կայացավ «Շամուտ․ պատմաաշխարհագրական համառոտ ակնարկ․ ազգագրություն, բանահյուսություն, ենթախոսվածք» գրքի շնորհանդեսը

Կայացավ «Շամուտ․ պատմաաշխարհագրական համառոտ ակնարկ․ ազգագրություն, բանահյուսություն, ենթախոսվածք» գրքի շնորհանդեսը

Մայիսի 22-ին Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանում կայացավ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից, բ. գ. դ. Արմեն Շ. Սարգսյանի «Շամուտ․ պատմաաշխարհագրական համառոտ ակնարկ․ ազգագրություն, բանահյուսություն, ենթախոսվածք» գրքի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, շամուտցիներ, Արմեն Շ. Սարգսյանի հարազատները, ՀԱԻ աշխատակիցներ և այլ հյուրեր։ Ներկաներին ողջունեց Դավիթ Մաթևոսյանը՝ «Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարան»-ի տնօրենը, կարևորելով Արմեն Շ. Սարգսյանի աշխատության արժեքն ու նշանակությունը։ Գրքի վերաբերյալ գնահատանքի խոսքով հանդես եկավ ՀԱԻ աշխատակից, պ. գ. դ. Հակոբ Չոլաքյանը։ Հեղինակը խոսեց գրքի ստեղծման պատմության, շուրջ կեսդարյա աշխատանքի արդյունքների և ուսումնասիրությունների ընթացքի մասին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին։ Գրքի կարևորությունն ընդգծեցին և այն բարձր գնահատանքի արժանացրին նաև մյուս ելույթ ունեցողները։ Ներկաները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու հեղինակին և քննարկելու աշխատության տարբեր թեմաներ։ «Շամուտ» գիրքը նվիրված է Գուգարաց աշխարհի Լոռու մարզի Շամուտ գյուղին և նրա 163-ամյա պատմությանը։ Այն նախատեսված է ոչ միայն շամուտցիների, այլև բանագետների, ազգագրագետների, լեզվաբանների, մշակութաբանների և այլ մասնագետների համար։ Գիրքը նվիրված է անցած-գնացած, բայց իրենց բարի գործերով սերունդների հիշողության մեջ հավերժացած շամուտցիներին։ Որպես բնաբան ընտրված է Հրանտ Մաթևոսյան-ի խոսքը․ «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ։ Հիշողությունը դրված է մարդու և անասունի արանքում։ Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես։ Հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»։ Շնորհանդեսի ավարտին հեղինակը ներկաներին նվիրեց գիրքը՝ իր մակագրությամբ։

2026-05-23

ՀԱԻ-ում տեղի ունեցավ «Տարածության և ժամանակի մասին պատկերացումները Հայաստանի ժայռապատկերներում» խորագրով բանախոսություն

ՀԱԻ-ում տեղի ունեցավ «Տարածության և ժամանակի մասին պատկերացումները Հայաստանի ժայռապատկերներում» խորագրով բանախոսություն

Մայիսի 21-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում, «Բանագիտական քննարկումներ» շարքի շրջանակում, տեղի ունեցավ «Տարածության և ժամանակի մասին պատկերացումները Հայաստանի ժայռապատկերներում» թեմայով բանախոսությունը։ Վերջերս լույս է տեսել պ. գ. թ. Կարեն Թոխաթյանի «Հայաստանի ժայռապատկերները» մենագրությունը, որին էլ նվիրված էր ՀԱԻ Բանագիտության բաժնի կազմակերպած հանդիպումը՝ գրքի հեղինակի ներկայացմամբ։ Միջոցառմանը ներկա էին ՀԱԻ տարբեր բաժինների աշխատակիցներ և թեմայով հետաքրքրվողներ։ Բանախոսին ներկայացրեց ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը՝ կարևորելով Հայաստանի ժայռապատկերներին նվիրված աշխատության հրատարակությունն ու հեղինակի կատարած կարևոր և երկարամյա աշխատանքը։ Կ․ Թոխաթյանը ներկայացրեց մենագրությունից հատվածներ, անդրադարձավ Հայաստանում և աշխարհի տարբեր վայրերում հանդիպող ժայռապատկերներին, որոնք ունեն հազարամյակների պատմություն։ Բանախոսության ընթացքում և ավարտին ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, ծավալվեց քննարկում։

2026-05-21

ՀԱԻ-ում տեղի ունեցավ «Ամարասի Սուրբ Գրիգորիսի մատուռի պեղումները և Արցախի վաղքրիստոնեական մասունքարանների համատեքստը» խորագրով բանախոսություն

ՀԱԻ-ում տեղի ունեցավ «Ամարասի Սուրբ Գրիգորիսի մատուռի պեղումները և Արցախի վաղքրիստոնեական մասունքարանների համատեքստը» խորագրով բանախոսություն

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում մայիսի 18-ին տեղի ունեցավ Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի հերթական սեմինարը։ «Ամարասի Սուրբ Գրիգորիսի մատուռի պեղումները և Արցախի վաղքրիստոնեական մասունքարանների համատեքստը» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում գտնվող Ամարասի Սուրբ Գրիգորիսի մատուռի պեղումներն իրականացվել են ներկայիս եկեղեցու արևելյան բակում՝ արևելյան պատին դրսից կից առանձնացված 6×5 մ չափերի պեղահատվածում։ Հիմնական նպատակն էր ստուգել այն վարկածը, ըստ որի՝ ներկայիս եկեղեցին իր արևելյան պատով կտրել և երկու մասի է բաժանել մատուռը՝ դրսում թողնելով նրա ենթադրյալ արևելյան մուտքը։ Բանախոսը տեղեկացրեց, որ պեղումների արդյունքում հայտնաբերվել են սրբատաշ քարերով կառուցված արևելյան մուտքի մնացորդները՝ բացօթյա նախամուտքը, շքամուտքի խարիսխները, որմնախարիսխը, ինչպես նաև դեպի կիսագետնափոր սրահն իջնող աստիճանները։ Պեղումների արդյունքում պարզվել է նաև, որ Գրիգորիսի դամբարանի նախնական կառույցն ունեցել է արևելյան մուտք, ինչը բացառիկ երևույթ է հայկական եկեղեցաշինության մեջ։ Բանախոսը նշեց նաև, որ Տիգրանակերտում երկար տարիներ իրականացված պեղումների ընթացքում այնտեղ հայտնաբերված վաղքրիստոնեական եկեղեցու տարածքում ևս բացվել է արևելյան մուտքով դամբարան։ Հ․ Պետրոսյանը բանախոսության ընթացքում անդրադարձավ նաև Վաչագան թագավորի գործունեությանը և մի շարք այլ հարցերի։ Սեմինարի ընթացքում և ավարտին ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, ծավալվեց մասնագիտական քննարկում։

2026-05-18

Լուսինե Տանաջյանը` Միչիգանի համալսարանի Հայագիտական կենտրոնի 15-րդ աշխատաժողովում

Լուսինե Տանաջյանը` Միչիգանի համալսարանի Հայագիտական կենտրոնի 15-րդ աշխատաժողովում

Սույն թվականի ապրիլի 9–11-ը Սփյուռքի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը մասնակցել է Միչիգանի համալսարանի Հայագիտական կենտրոնի կազմակերպած 15-րդ միջազգային աշխատաժողովին (Անն Արբոր, ԱՄՆ)։ Վորքշոփի շրջանակում պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը ներկակացել է Հունաստանի հայերի ինքնության հարցերի շուրջ զեկուցմամբ։ Միջոցառումը համախմբել էր սփյուռքագիտության և հայագիտության ոլորտների առաջատար գիտնականների, տարբեր երկրներից ժամանած հետազոտողների` ձևավորելով բովանդակալից գիտական քննարկումների և փորձի փոխանակման միջավայր։

2026-05-06