Հունիսի 24-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում տեղի ունեցավ կարևոր գիտական հրատարակության շնորհանդես. 2026 թ. 150 օրինակ տպաքանակով լույս է տեսել ճարտարապետ Արա Զարեանի «Սիւնեաց աշխարհի բերդերը․ Թ-ԺԴ դարեր» մեծածավալ (86 մամուլ) և գունազարդ աշխատությունը։
Գիրքը նվիրված է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի միջնադարյան ամրոցներին։ Այն հրատարակվել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ և ՀԲԸՄ Վահրամ Ապտալեան մշակութային հիմնադրամի հրատարակչությամբ։ Աշխատության առաջաբանի հեղինակն է ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայկազուն Գրիգորեանը։
Հրատարակությունը բաղկացած է առաջաբանից, հեղինակի խոսքից և վեց հիմնական գլուխներից, որոնցում համակողմանիորեն ներկայացված են Սյունիքի միջնադարյան բերդերն ու ամրաշինական ժառանգությունը։
Շնորհանդեսին մասնակցում էին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տարբեր բաժինների աշխատակիցներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր։ Ներկաներին ողջունեց ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Արսեն Բոբոխյանը։ Կարևորելով աշխատության գիտական և մշակութային նշանակությունը՝ նա ներկայացրեց հեղինակի կենսագրական ուղին և շնորհակալություն հայտնեց նրա երկարամյա ու նվիրված աշխատանքի համար։
Գիրքը ներկայացրեց նաև հեղինակը՝ նշելով, որ Սյունիքի բերդերով հետաքրքրվել է դեռևս ուսանողական տարիներից՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում ուսանելիս, իր երջանկահիշատակ հոր՝ ճարտարապետ Արմեն Զարեանի խորհուրդներով ու ոգեշնչմամբ։
Շնորհանդեսն ավարտվեց հարցուպատասխանով և հետաքրքիր քննարկմամբ, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան անդրադառնալու ինչպես գրքի բովանդակությանը, այնպես էլ Սյունիքի ամրաշինական ժառանգության ուսումնասիրության արդի խնդիրներին։