Հոկտեմբերի 22-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) մեկնարկել է հայ նշանավոր հայագետ, պատմաբան Գևորգ Տիրացյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովը՝ «Ուրարտու – Հայաստան (պետականության և մշակույթի խնդիրներ)» խորագրով։ Գիտաժողովին մասնակցում էին ոլորտի ճանաչված գիտնականներ՝ հնագետներ, պատմաբաններ, բանասերներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված մասնագետներ։ Ներկաների թվում էր նաև ֆրանսահայ անվանի պատմաբան Կլոդ Մութաֆյանը։
Գիտաժողովի մեկնարկից առաջ առաջին նիստի նախագահող, պատմական գիտությունների դոկտոր Գարեգին Թումանյանը հակիրճ ներկայացրեց Գևորգ Տիրացյանի գիտական վաստակն ու մարդկային կերպարը։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀԱԻ մշակութային մարդաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանը և ՀԱԻ աշխատակից, պ.գ.դ. Արմեն Պետրոսյանը։ Իրենց ելույթներում նրանք արժևորեցին Գևորգ Տիրացյանի նշանակալի ներդրումը գիտության զարգացման գործում՝ ընդգծելով նրա դերը որպես ականավոր գիտնականի, ղեկավարի և գործընկերոջ։
Առաջին նիստը նախագահում էր Գարեգին Թումանյանը։ Պ.գ.դ. Պավել Ավետիսյանը (ՀԱԻ) ներկայացրեց «Բազմակենտրոն քաղաքական համակարգերի բնութագրության շուրջ (Էթիունիի քաղաքական լանդշաֆտն ըստ հնագիտական տվյալների)» զեկուցումը։ Պ.գ.դ. Արմեն Պետրոսյանի (ՀԱԻ) «Արմավիր, անուն, առասպել և պատմություն» զեկուցումը նվիրված էր Հայոց Արմավիր քաղաքի պատմությանն ու անվան ստուգաբանությանը։ ՀԱԻ գիտաշխատողներ, պ.գ.թ. Սիմոն Հմայակյանի և Նվարդ Տիրացյանի համահեղինակած՝ «Կրոնական քաղաքականությունից մի դրվագ Վանի թագավորությունում (համաձայն արմավիրյան երկու արձանագրությունների)» զեկուցումը ներկայացրեց Սիմոն Հմայակյանը, ով երկար տարիներ ուսումնասիրում և պեղումներ է իրականացնում Նոր Արմավիր գյուղի տարածքում գտնվող դամբարաններում։ Գերմանիայի Վյուրցբուրգի համալսարանի ներկայացուցիչ, բ.գ.թ. Հրաչ Մարտիրոսյանը հանդես եկավ «Անահիտ-Աստղիկ դիցուհին․ հնագույն ակունքներն ու վերապրուկները» զեկուցմամբ։
Երկրորդ նիստը նախագահում էր պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը (ՀՊՄՀ, ԷԹ)։ Նիստի առաջին զեկուցումը՝ «Մեծամորը Վանի թագավորության (Ուրարտու) շրջանում (մ. թ. ա. VIII–VI դարեր)», ներկայացրեց հենց նախագահողը՝ անդրադառնալով Մեծամոր հնավայրին։ Արվեստագիտության դոկտոր, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող, հնագետ Հակոբ Սիմոնյանը ներկայացրեց իր և համահեղինակ Մերի Սաֆարյանի «Մեկ կրոմլեխի մեջ ներառված էթիունյան և ուրարտական կավանոթներով Կարմիր բլուրի 101 և 101ա դամբարանները» զեկույցը։ ԵՊՀ-ի և ՀԱԻ-ի ներկայացուցիչներ՝ պ.գ.դ Հայկ Ավետիսյանի, պ.գ.թ. Արտակ Գնունու և Ատոմ Անանյանի համահեղինակած «Արամուսի կարասային սրահը» զեկուցումը, որը նվիրված էր Արամուսի ամրոցին, ներկայացրեց Արտակ Գնունին։ Հայաստանի տարածքում սկյութական ներկայությանն ու հնագիտական նյութին էր նվիրված պ.գ.դ. Գարեգին Թումանյանի «Հայաստանի սկյութական մեծաքանակ բնորոշիչ հատկանիշներով դամբարանները և դրանց փոխառնչությունները» զեկուցումը։ Առաջին օրվա երկրորդ նիստն ավարտվեց ՀԱԻ երիտասարդ գիտաշխատողներ, պ.գ.թ. Տիգրան Ալեքսանյանի, Արտակ Հաղվերդյանի և Հարություն Բադալյանի համահեղինակած՝ «Քաջարանի նորահայտ դամբարանադաշտը Սյունիքի երկաթեդարյան մշակույթի համատեքստում» զեկուցմամբ, որը ներկայացրեց Հարություն Բադալյանը։ Զեկուցման ընթացքում Հ. Բադալյանը տեղեկացրեց, որ Քաջարանի հանքավայրի տարածքում գտնվող դամբարաններից մեկը տեղափոխվել և նույնությամբ վերակառուցվել է Կապանի երկրագիտական թանգարանի բակում։
Օրվա ավարտին տեղի ունեցավ ներկայացված զեկուցումների քննարկում։ Գիտաժողովը կշարունակվի հոկտեմբերի 23-ին: