2026թ․ փետրվարի 19-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտ (ՀԱԻ) ընթերցասրահում, «Բանագիտական քննարկումներ» շարքի շրջանակում, տեղի ունեցավ «Ասլանի վիպերգի բանագիտական քննություն․ սյուժե, մոտիվներ, տարբերակներ և բնագրեր» դասախոսությունը։ Բանախոսությամբ հանդես եկավ բ․գ․թ․, դոցենտ Սամվել Ռամազյանը։
Ներկաներին ողջունեց ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը՝ կարևորելով թեմայի արդիականությունն ու գիտական արժեքը։ Դասախոսությանը մասնակցում էին ինստիտուտի տարբեր բաժինների աշխատակիցներ, ուսանողներ և թեմայով հետաքրքրվողներ։
Բանախոսը ներկայացրեց «Ասլան աղա» հայ ժողովրդական վիպերգի սյուժեն, մոտիվներն ու տարբերակները՝ անդրադառնալով հերոսի կերպարին՝ որպես ժողովրդի երազած արդար տիրակալի։ Անդրադառնալով վիպերգի գրառման պատմությանը՝ նշվեց, որ այն գրի են առել տարբեր բանահավաքներ՝ Յ․ Շահպազյանը, Գ․ Թարվերդյանը, Կարապետ Մելիք-Օհանջանյանը, Մ․ Աբեղյանը և այլք՝ հիմնականում Մոկաց աշխարհի 75-ամյա Մանուկ Բիձա Հարությունյանի պատմածով։ Երգվող տարբերակը 1920 թ․ գրի է առել Սպիրիդոն Մելիքյանը։ 1937 թ․ «Ասլան Կակլան» վերնագրով պատումը գրի է առել Գ․ Թարվերդյանը՝ Շատախի Ջնուկ գյուղի 68-ամյա հողագործ Ջենդո Ջիբրաելյանի պատմածով։ Թեմայի հետ առնչվում է նաև «Հավատարիմ կնկա հեքիաթը» ժողովրդական ստեղծագործությունը։
Դասախոսության ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան և քննարկում։