2026թ․ փետրվարի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արսեն Հակոբյանի և Մարչելլո Մոլլիկաի (Մեսսինայի համալսարան, Իտալիա) համահեղինակած՝ Palgrave Macmillan հեղինակավոր գիտական հրատարակչությունում վերջերս լույս տեսած «Կոնֆլիկտ, տարածք և անդրազգայնություն․ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն» [Conflict, Space and Transnationalism: An Ethnography of the Second Nagorno-Karabakh War. Palgrave Studies in Urban Anthropology, 2025] գրքի շնորհանդեսը։
Աշխատությունը ղարաբաղյան հակամարտության և 44-օրյա պատերազմի վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություն է, որտեղ պատմական լայն համատեքստի և հակամարտության խորքային զարգացումների լույսի ներքո քննվում է արցախահայերի 2020 թ․ պատերազմական փորձառությունը։ Գիրքը վերլուծում է պատերազմի անդրազգային չափումները՝ արտաքին դերակատարների ու գործոնների ներգրավմամբ, անդրադառնում է մայրաքաղաք Ստեփանակերտի և պատմական կենտրոն Շուշիի պատերազմական ու հետպատերազմական կենսագրություններին, դրանց առնչությանը ինքնության և պատկանելության խնդիրներին։ Քննարկվում են նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և բռնայուրացման գործնական, քաղաքական ու գաղափարական պրակտիկաները։
Ներկա էին հեղինակները, ԳԱԱ տարբեր կառույցների, այդ թվում՝ ՀԱԻ աշխատակիցներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր։ Շնորհանդեսը բացեց պ․ գ․ դ․, ՀԱԻ Մշակութային մարդաբանության բաժնի գլխավոր գիտաշխատող Հարություն Մարության-ը՝ կարևորելով նոր լույս տեսած աշխատության գիտական արժեքն ու արդիականությունը։ Գրքի կարևորության և թեմայի հրատապության մասին խոսեցին տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-թղթակից անդամ Յուրի Սուվարյանը, պ․ գ․ դ․, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀԱԻ գիտական ղեկավար Պավել Ավետիսյան-ը, ՀԱԻ գիտաշխատող, պ․ գ․ թ․ Հրանուշ Խառատյան-ը և այլք։
Գրքի ստեղծման ու կայացման ընթացքի, հետազոտական մեթոդաբանության և դաշտային աշխատանքի առանձնահատկությունների մասին մանրամասներ ներկայացրեցին հեղինակները՝ պատասխանելով նաև ներկաների հարցերին։