«Թեղուտի հանքավայրի իրացման գոտում հայտնված պատմամշակութային հուշարձանների հնագիտական ուսումնասիրության և պեղումների» ծրագրով 2009 թ. սկսած, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգարգության ինստիտուտի և «Թեղուտ» ՓԲԸ միջև կնքված պայմանագրով, վերջինիս ֆինանսավորմամբ, հնագիտական պեղումներ են իրականացվում (արշավախմբի ղեկավար` Ս. Հոբոսյան) ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերի շրջակա հուշարձանների տարածքներում:
Դուքանաձոր. Գտնվում է Շնող գյուղից հարավ, Դուքանաձորի ջուր գետակի ձախ, բարձրադիր ափին: 2009 թ. պեղվել է ձորամերձ հատվածում նշմարվող թոնրաձև կառույցը: Գլանաձև կավակերտ շինությունը մ.թ. XII-XIII դդ. մետաղագործական արհեստանոցի մի մասն է` դատելով խարամի շերտից` ձուլարանը:
Լորուտի հողեր (Ղարաքոթուկի հողեր). գտնվում է Թեղուտ գյուղից հյուսիս-արևմուտք, Շնող գետի ձախափնյա բարձրադիր լանջին: Այստեղ պեղվեց մ.թ.ա. X-IX դդ. 12 քարարկղե դամբարաններ, որոնց ուղղանկյունաձև խցերն ուղղված էին արևելք-արևմուտք և ծածկված էին 2-4 սալերով: Դամբարաններում դրված էին զանազան կավանոթներ, սարդիոնե և շաղախե ուլունքներ, բրոնզե և երկաթե սակավաթիվ իրեր:
Պեղվեց նաև XIII դ. երեք հնձան, որոնցից առաջինն ուներ գետնի մեջ թաղված, քարե կլոր կափարիչներով յոթ կարաս և մեկ տաքար: Երկրորդ հնձանն ավերված էր. պահպանվել էր միայն առագաստ-ավազանի մի մասը: Երրորդի հատակն ու պատերը կրաշաղախով սվաղված էին: Պարզվեց, որ առագաստ-ավազանից քաղցուն հեռացվել է կավե խողովակով:
Տարածքի հյուսիսային` ամենաբարձր մասում պահպանվել է միջնադարյան գերեզմանոցը` ավերված եկեղեցու հետքերով: Գերեզմանոցում կան խաչքարերի մի քանի տասնյակ պատվանդաններ և մեկ խաչքար` ՋԿԲ (1513) թվագրությամբ:
2010 թ. պեղումներով բացվեցին եկեղեցու պատերը: Արևելյան կողմում կար ուղղանկյուն խորան: Եկեղեցու հատակագծային հորինվածքը, հավանաբար, մի քանի վերանորոգումների արդյունքում աղավաղվել է և դասական եկեղեցաշինության ընդունված կարգից բավականին մեծ շեղումներ ունի:
Բովեր. գտնվում է Շնող գյուղից հարավ: 2009 թ. պեղվեց Բովեր գյուղատեղի միանավ բազիլիկ եկեղեցին, որը, դատելով շինարարական տեխնիկայից, կառուցվել է XVII դ. վերջերին: Ըստ բանավոր ավանդության` կոչվել է Սերգնի վանք:
Տարածաշրջանում կան նաև ուշ բրոնզի և վաղ երկաթեդարյան դամբարաններ: 2009-2013 թթ. պեղվել է մ.թ.ա. XIII- XII դդ. 59 և մ.թ.ա. XV- XIV դդ. մեկ դամբարան: Քարարկղե խցերը ծածկված են 2-4 սալերով և ուղղված են արևելք-արևմուտք:
Դամբարաններում դրված էին զանազան կավանոթներ` ելուստային կանթերով կճուճներ, քրեղաններ, միականթ սափորներ, բրոնզե ապարանջաններ, երկաթե նիզակներ, գինու միականթ և անկանթ գավաթներ, սարդիոնե և շաղախե ուլունքներ: Մի քանի դամբարաններում` խցի արևելյան մասում փորված փոսերում, դրված էին խոշոր չափերի կավանոթներ (որոք, հավանաբար լցվել են հեղման գինով)` ծածկված տափակ քարերի բեկորներով, որոնց վրա դրված էր ննջեցյալի գանգը:
Թեղուտ. 2009 թ. հետախուզական պեղումներ կատարվեցին Թեղուտ գյուղի հարավարևելյան հատվածում, Թխկուտ կոչվող հանդամասում:
Պեղվեց քարարկղե երկու դամբարան, որոնք, ըստ թաղման գույքի, թվագրվում են մ.թ.ա. X-IX դդ.: Հայտնաբերվեցին տարբեր չափերի կավանոթներ, բրոնզե մատանի, ասեղ և երկաթե իրի բեկորներ:
2010 թ. պեղումներ կատարվեցին Թեղուտի դպրոցի մոտ կառուցվող մանկապարտեզի տարածքում: Պեղվեց մ.թ.ա. XIII-XII դդ. վեց սալարկղե դամբարան, որոնցից երեքն ունեին խցի հատակում իջեցված խոշոր կավանոթ:
Հացուտ (Ֆիրմի բաղ). գտնվում է Թեղուտ գյուղից հարավ, Շնող գետի ձախափնյա բարձրադիր հրվանդանի վրա: Տարածքի հյուսիսարևելյան` գետին հարող սահմանը որոշ մասերում տասնյակ մետրերի հասնող բարձրությամբ զառիվեր դարավանդ է, որի արևելյան մասում, հրվանդանի ստորոտում, պահպանվել է գրանիտի խոշոր բեկորներով շարված պարիսպ:
Պեղումներով բացվեց մի մեծ շինության, հավանաբար, կենտրոնական մասի (հյուսիսարևելյան հատվածը ավերված էր) շուրջ 2 մ հաստության պատերը` կազմելով մի ընդհանուր սրահ, որը երկու միաշար միջնորմներով բաժանվել է երեք մասի:
Առաջին բաժանմունքում բացվեց կավածեփ կլոր օջախ` փայտածխի մնացորդներով: Հավանաբար, գործ ունենք միջնադարյան արտադրական համալիրի` մետաղագործական արհեստանոցի հետ:
Հացուտի սկզբնամասում, ճանապարհի եզրին, սելավատար առվի մեջ, նկատվել էր ջարդված կարաս: Ճանապարհի եզրին կատարված հետախուզական պեղումներով բացվեց մ.թ. XII-XIII դդ. բնակելի համալիրի, հավանաբար, խոհանոցային մասը:
Փիջուտ. գտնվում է Թեղուտ գյուղից հարավ-արևմուտք` Շնող գետի Դուքանաձորի ջուր վտակի ձախ բարձրադիր ափին:
Հնավայրը խիստ տուժել է հատկապես 1973 թ. հողահարթեցման աշխատանքների ժամանակ, որի ընթացքում հիմնահատակ ավերվել են նաև միջնադարյան գերեզմանոցն ու տարբեր շինություններ: 2010 թ. հայտնաբերվեցին վաղբրոնզեդարյան նյութեր, խեցեղենի ուշ բրոնզեդարյան և վաղ երկաթի, հելլենիստական ու միջնադարյան դարաշրջաններին բնորոշ բեկորներ:
Հնավայրի արևմտյան, բարձրադիր մասում, 2014-2015 թթ. պեղվեց մ.թ.ա. VIII-VII դդ. 27 քարարկղե խցերով դամբարաններ:
Դամբարանադաշտի հարավային բարձրադիր մասում, հայտնաբերվեցին վաղրոնզեդարյան խեղեցենի բեկորներ և քարե շինության խաթարված մնացորդ: I հազ. դամբարանների միջև անխաթար ձևով պահպանվել էր մ.թ.ա. XXVIII-XXVII դդ. մեկ դամբարան, որտեղից հայտնաբերվեց չորս կավանոթ, բրոնզե ականջօղ և շաղախե ուլունքներ:
Ձորիգեղ. գտնվում է Շնողի գյուղից հարավ` Շնող գետի ձախափնյա բարձրադիր հրվանդանի վրա: Այն միջնադարյան գյուղատեղի է, որտեղ հողային աշխատանքների ժամանակ, տարբեր տարիներին հայտնաբերվել են խեցեղենի բեկորներ, մետաղե իրեր, քանդակազարդ քարաբեկորներ և այլն:
2010-2012 թթ. պեղումների արդյունքում բացվեցին վաղ միջնադարյան, կղմինդրե պատերով փոքր գերեզմաններ, մ.թ.ա. XV-XIV դդ. սալարկղային դամբարան (խցում առկա էր խոհանոցային լայն բերանով կավանոթ, երկու քրեղան և մեկ թաս) նաև վաղբրոնզեդարյան բնակելի համալիր:
Շեկ աղբյուր. գտնվում է Շնողից հարավ` Շնող գետի ձախափնյա բարձրադիր հրվանդանին, որտեղ 2011 թ. պեղվեց մ.թ.ա. X-IX դդ. 4 դամբարան: Խցերն ուղղված են արևելք-արևմուտք և ծածկված 1-2 սալերով: Դամբարաններում հայտնաբերվեցին տարբեր չափի կավանոթներ, բրոնզե զարդեր, բրոնզե նիզակ և գոտի, դաշույն, սարդիոնե ու շաղախե ուլունքներ և այլն:
Խառատանոց. գտնվում է Շնող գյուղից հարավ-արևմուտք, Խառատանոցի ջուր գետակի ձախ բարձրադիր ափին: Այստեղ պեղումներով բացվել է վաղբրոնզեդարյան արտադրական համալիրի մի հատված, որտեղ, ըստ գտածոների` կարելի է ենթադրել, որ մետաղ և օբսիդիան են վերամշակել, զբաղվել ջուլհակությամբ:
Պեղվել է նաև մ.թ.ա. IX-VIII դդ. 9 դամբարան, որոնցում հայտնաբերվեցին տարբեր չափի կավանոթներ, բրոնզե ապարանջաններ, բրոնզե քունքազարդ, բրոնզե մատանիներ, սարդիոնե և շաղախե ուլունքներ:
Բրագձոր. գտնվում է Շնողից հարավ-արևմուտք, Գուգութ լեռան արևելյան ստորոտին: Այստեղ պեղվեց ուշբրոնզեդարյան 8 դամբարան, որոնք մասամբ խաթարված էին: Հայտնաբերվեցին տարբեր չափի կավանոթներ, բրոնզե զարդեր, երկաթե խիստ քայքայված դաշույններ, սարդիոնե և շաղախե ուլունքներ:
Բաղերի Ճալա. գտնվում է Շնողից հարավ-արևմուտք, Շնող գետի Խառատանոցի ջուր վտակի ձախափնյա բարձրադիր հրվանդանի վրա:
Հանքավայրի պոչամբարի առաջին պատվարի կառուցման տեղում, հողահեռացման աշխատանքների ժամանակ, նկատվել էին խեցեղենի բեկորներ և ինչ-որ շինության պատեր: Պեղումներով բացվեցին երկու հնձաններ, որոնցից մեկի մոտակայքից գտնվեցին նաև տարբեր չափերի չորս կարասներ:
Պեղվեց նաև մ.թ.ա. XII-XI դդ 33 դամբարաններ: Դրանք ուղղված էին արևելք-արևմուտք, ծածկված 2-4 սալերով: Դամբարանների բնորոշ առանձնահատկությունն էր խցերում դրված փոքր, հավանաբար, գինու կարասների առկայությունը` իջեցված նաև հատակներում: Հայտնաբերվեցին տարբեր չափերի կավանոթներ, բրոնզե և երկաթե զենքեր, բրոնզե զարդեր, սարդիոնե և շաղախե ուլունքներ:
Բարձրյալ (Բարձրել). Թեղուտ գյուղից արևմուտք, բլրի գագաթին գտնվող մատուռ է: Մատուռից դեպի հարավ իջնող ժայռոտ լանջի վերին հատվածում կա իրար հաջորդող տարբեր չափերի հինգ դարավանդային սանդղակ: Դրանք ունեն գրանիտի խոշոր բեկորներով շարված ամրացված պատեր:
2011 թ. առաջին դարավանդի վրա հետախուզական փոսրակ դրվեց: Բացվեց շինություն, որին կից, առկա է գրանիտի գրունտի մեջ փորված շուրջ 5 տոննա տարողությամբ և մոտ 3 մ տրամագծով երկու հոր: Շուրջ 80 քմ մակերեսով տարածքից հայտնաբերվեցին մակույկաձև աղորիքի 65 բեկոր, որոնցից երեքը դրված էին հորերից մեկի եզրին: Հայտնաբերվել են նաև մ.թ.ա. VIII-VII դդ. և միջնադարյան խեցեղենի բեկորներ: Այս տեղամասում պեղումները չեն ավարտվել, և ըստ նախնական տվյալների` գործ ունենք արտադրական տարածքի, հավանաբար հացհատիկների վերամշակման հառույցի հետ: Հետագա պեղումները հնարավորություն կտան բացահայտելու այս հուշարձանի բուն էությունը:
2012-2013 թթ. Բարձրել հնավայրում պեղվեց մ.թ.ա. XI-X դդ. 86 դամբարան, որոնք գյուղատնտեսական տևական աշխատանքների հետևանքով խիստ խաթարված էին: Դամբարաների մի մասը ամբողջովին դատարկ էր: Դրանցում հայտնաբերվեցին տարբեր չափի կավանոթներ, բրոնզե զարդեր, ապարանջաններ, երկաթե զենքեր ու գործիքներ, սարդիոնե և շաղախե ուլունքներ:
Զնգանեք. գտնվում է Շնող գյուղից հարավ-արևմուտք, Գուգութ լեռան արևելյան ստորոտում: Տարածքում եղել է միջնադարյան գյուղատեղի, որտեղ պահպանվել է գերեզմանոցի մի հատվածը:
2015 թ. պեղումներ կատարեցին Զնգանեքի հյուսիսային եզրին, որտեղ, հանդամիջյան ճանապարհի եզրին քարակույտ էր նկատվել: Պարզվեց, որ դա գրեթե ամբողջովին ավերված, մ.թ.ա. X-IX դդ. քարարկղային դամբարան է: Նջեցյալը դրված էր ձախ կողքի վրա: Խցում հայտնաբերվեց չորս կավանոթ, բրոնզե ապարանջան, բրոնզե ականջօղ, բրոնզե մատանի, սարդիոնե և շաղախե ուլունքներ:
Գրականություն
Թեղուտի հնագիտական արշավախմբի ղեկավար,
պ.գ.թ. Ս. Հոբոսյան