«Կանայք պատերազմում»

Շաբ, 09/17/2016 - 09:30 - Երկ, 09/19/2016 - 19:30

«ԿԱՆԱՅՔ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՓԱՐԻԶ) ԵՎ ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ (ԵՐԵՎԱՆ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ, 17-19 սեպտեմբեր, 2016 թ.

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. ԳԵՆԴԵՐԱՑՎԱԾ ՏՐԱՎՄԱՅԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄԸ

Միջազգային գիտաժողովը նպատակ ունի միավորելու պատմագրական և համեմատական ցեղասպանագիտության տարբեր գիտակարգերով զբաղվող գիտնականների, ակտիվիստների և մասնագետների: Գիտաժողովը հիմնվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունված թիվ 260 (III) բանաձևի վրա:

Ցեղասպանություն է համարվում հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղային կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.

  1. այդ խմբի անդամների սպանությունը,
  2. այդ խմբի անդամներին լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը,
  3. որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա՝ լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոնչացմանը,
  4. այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը,
  5. երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին:

Գիտաժողովը ուշադրության է հրավիրում գիտնականների, որոնք ուսումնասիրում են անհատի գենդերային խնդիրները, ցեղասպանության քաղաքական ու սոցիալական հետևանքները և ցեղասպանության ստվերի ներքո մեծացած սերնդի փորձառությունները: Քննարկվելիք առանցքային գաղափարներն են՝  տրավմա, հիշողություն և ոգեկոչում, ավանդույթների վերաիմաստավորում, հետբախումնային ազգայնականություն և ցեղասպանության գործիքայնացում գենդերային տեսանկյունից, ցեղասպանության մեկնաբանում միջազգային իրավունքում: Ֆեմինիստ մտածողները և ակտիվիստները, պատմաբանները, սոցիոլոգները, մարդաբանները, հոգեբանները, հոգեբույժները, իրավաբանները կներկայացնեն իրենց փորձը և ուսումնասիրությունները:

Դիմումների  թեմաները սահմանափակ չեն, բայց հիմնականում պետք է վերաբերեն Հայոց ցեղասպանությանը, Հոլոքոստին, Կամբոջիայում, Բոսնիայում, Ռուանդայում, Լիբերիայում, Կոնգոյի Ազատ Պետությունում (Congo Free State) տեղի ունեցած ցեղասպանություններին, Նամբիայի հերերոների, Ամերիկա և Ավստրալիա մայրցամաքների գաղութացման հետևանքով տեղի ունեցած կոտորածներին:

Չնայած գիտաժողովը վերաբերում է ոչ վաղ անցյալում տեղի ունեցած ցեղասպանություններին, ընթացիք կոտորածների վերաբերյալ դիմումները ևս կդիտարկվեն:

Զեկույցները պետք է վերաբերեն հետևյալ թեմաներին, ընդունվում են նաև այլ առաջարկություններ

Ինչպես են գենդերը և սեռական հարաբերությունների մասին պատկերացումները  դառնում ցեղասպանության գործիք

- Ցեղասպանության ֆեմինիստական վերաիմաստավորումը

- Ցեղասպանության «queer» վերաիմաստավորումը

- Գենդերային և սեռական բռնությունները ցեղասպանության ժամանակ

- Ցեղասպանությունների ժամանակ տեղի ունեցած սեռական բռնություններից հետո անհատի ինտեգրումը

- Սեռական բռնությունների հետևանքով ծնված երեխաներ

Ցեղասպանության պատմության և գենդերոմշակութային փորձի վերաշարադրում

- Լեզու, վերբալ հիշողություն, օրորոցային երգեր, մանկական ոտանավորներ

- Ընտանեկան հմտություններ. տուն, խոհարարություն, տոնակատարություններ, մարմին և ծես

- Գիրը որպես կանանց ինքնադրսևորման միջոց

- Ցեղասպանության ճանաչում և զոհերի վիճակագրություն

- Արդյոք  ցեղասպանությունը երբևէ՞ վերջ կունենա

- Գաղութացման ժամանակ տեղաբնիկ ցեղերի, Կոնգոյի Ազատ Պետության, Ավստրալիայի, Իսպանական ինկվիզիցիայի մոռացված և մերժված կոտորածների գենդերային մեկնաբանությունները

Ցեղասպանության հետևանքները

-  Զոհերի միջսերնդային տրավմա

- Միջսերնդային մեղքի զգացումը ոճրագործների ժառանգների մոտ

- Հիշողության մշակույթի և հաշտեցման վայրի հիմնում

- Տեղեկատվությունը և կրթությունը որպես ցեղասպանությունների կանխարգելման գործիք. կանանց տեղը պատմական նարատիվներում

- Տրավմատիկ հիշողության և գոյատևման ռազմավարությունը գենդերային ինքնության վերահաստատման գործընթացում  

Ցեղասպանությունը քաղաքական մտքում և իրավական համակարգում

- Ցեղասպանության ճանաչման և գենդերային ընկալումների հատման ասպեկտները և գրաքննության ու ժխտման քաղաքական գինը 

- Ցեղասպանություն և միջազգային իրավունք. կանանց պահանջների և արդարադատության հասանելիությունը

- Ցեղասպանության փորձը որպես քաղաքական և ազգային պահանջ. գենդերի տեղը գործիքայնացված ավանդույթում

- Հետցեղասպանական ժամանակաշրջանում միջազգային մարդասիրական միջամտության գենդերային հարթությունը

- Գենդերային զգայական փոխհատուցումը

Չպատմված պատմություններ

- Մեծանալով ցեղասպանության ստվերում. չասվածի բազմաձևությունը

- Ընտանեկան գաղտնիքների բացահայտումը. երբ թաքնված ինքնությունը բացահայտվում է

- Երբ վերջին ականատեսը մահանում է. ընտանեկան հիշողության կառուցումը:

Գիտաժողովը կազմակերպել է Փարիզի «Կանայք պատերազմում» ՊՈԱԿ-ը, որը զբաղվում է գենդերային և ռազմական բախումների ուսումնասիրությամբ: Գիտաժողովի ղեկավարը պատմաբան և սոցիոլոգ դոկտոր Կարոլ Մանն է, որը համագործակցում է Սարաևոյի (ղեկավար՝ Ներմինա Թրբոնյա) և Բեյրութի (ներկայացուցիչ՝ Եղիա Թաշճյան) մասնաճյուղերի հետ: Երևանի ներկայացուցիչներն են Նոնա Շահնազարյանը և Հասմիկ Գրիգորյանը:

2014-2018 թթ. «Կանայք պատերազմում» կազմակերպությունն անց է կացնում լայնածավալ միջազգային գիտաժողովներ` Առաջին համաշխարհային պատերազմում կանանց դերի վերաբերյալ: Գիտաժողովները տեղի են ունենում խորհրդանշական վայրերում` համագործակցելով տեղի համալսարանների հետ (Սարաևոյի համալսարան, Բեյրութի լիբանանա-ամերիկյան համալսարան): Գիտաժողովին հնարավոր կլինի հետևել առցանց:

ՀԱՅՏԻ ԴԻՄՈՒՄ

Հայտերը (անգլերեն կամ ֆրանսերեն) և սեղմ կենսագրությունները պետք է ուղարկել մինչև դեկտեմբերի 30-ը հետևյալ հասցեով` infoATwomeninwar.org 

Խնդրում ենք Ձեր անունը գրել էլեկտրոնային նամակի «թեմա» բաժնում:

Հարցերի համար կարող եք գրել նույն հասցեով:

Բոլոր թեկնածուները կտեղեկացվեն մինչև փետրվարի 1-ը:                       

Զեկուցումները պետք է ուղարկվեն մինչև մարտի 1-ը: Ընտրված զեկույցները կհրատարակվեն գիտաժողովից անմիջապես հետո:

Տե´ս նաև` http://womeninwar.org/wordpress/after-genocide-gendered-trauma-transmission-and-reinvention-yerevan-may-21-22-23-2016/