Հայ բանահյուսության տեքստաբանության բաժին

Հայ ժողովրդական բանահյուսության տեքստաբանության բաժնում իրականացվող աշխատանքներն ունեն թեմատիկ հետևյալ ուղղվածությունները.

1. «Հայ ժողովրդական հեքիաթների» ակադեմիական հրատարակության նախապատրաստում (Պարսկահայք, Ռշտունիք, Շատախ, Բուլանըխ (Հարք), Գաղթավայրի հեքիաթներ): 1959 թվականից սկսված Հայ ժողովրդական հեքիաթների բազմահատոր գիտական հրատարակությունը շարունակվում է: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեքստաբանության բաժնում հրատարակության են պատրաստվում Պարսկահայք նահանգի, Ռշտունիք, Շատախ, Բուլանըխ գավառների և Սփյուռքի գաղթօջախներից գրառած հեքիաթների բնագրերը: «Հայ ժողովրդական հեքիաթների» Պարսկահայք XVIII հատորը պատրաստ է տպագրության: Վերոնշյալ մնացած հատորների հրատարակության համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են:

2. Աարնե-Թոմփսոն-Ութերի «Միջազգային հեքիաթների տիպերին» համապատասխանող հայկական հեքիաթների սյուժեների ու տիպերի համացույցի կազմման, ինդեքսավորման, խմբագրման, համալրման և հրատարակության նախապատրաստում (Հայկական հրաշապատում հեքիաթների հիմնական մոտիվների ու դիպաշարերի զուգադրական ուսումնասիրություն): Ֆիննական դպրոցի պատմաաշխարհագրական մեթոդի ներկայացուցիչ Անտի Աարնեի 1910թ. հրատարակած «Հեքիաթների տիպերի նշացանկը» («Verzeicbnis der Märchentypen») աշխատությամբ առաջին անգամ ի մի բերվեցին հեքիաթների միջազգային թեմաներն ու մոտիվները, որոնց օրինակով տարբեր երկրների բանագետների կողմից կազմվեցին հեքիաթների տիպերի ու մոտիվների նոր նշացանկեր: Ամերիկացի նշանավոր բանագետ Սթիվ Թոմփսոնը, 1928թ. Անտի Աարնեի վերոնշյալ «Հեքիաթների տիպերի նշացանկը» անգլերեն թարգմանելով և նոր նյութերով համալրելով, հրատարակում է որպես բանագիտական ուղեցույց, որը գիտական շրջանակներին ցայսօր հայտնի է Աարնե-Թոմփսոնի անունով և որի մեթոդական հիմքի վրա առավել կատարելագործված և Հանս-Յորգ Ութերի կողմից արդիականացած սկզբունքներով այժմ Հայաստանում համակարգվում է հայկական հեքիաթների բանահյուսական ժառանգությունը (H.-J. Uther. The Types of International Folktales. A Classification and Bibliography, I, II, III, FF Communications. Helsinki, Academia Scientiarum Fennica, 2011): Հայկական հեքիաթներին Ս. Թոմփսոնն անդրադարձել է հպանցիկ` բավարար չափով նյութ չունենալու պատճառով, քանի որ ցայսօր մենք չունենք միջազգային նշացանկին համապատասխանող հայկական հեքիաթների նշացանկ կամ համացույց: Հայկական համացույցը ընդգրկում է Աարնե-Թոմփսոն-Ութերի «Միջազգային հեքիաթների տիպերի» նշացանկի շուրջ 274 թվահամար, որոնց հիմքում առայժմ ընկած է համացույցի նախնական տարբերակի 1439 տպագիր տարբերակ: Հայկական հեքիաթային ժառանգության մի մասը միջազգային համացույցում չունի համապատասխան համարներ, որոնք էլ, ամենայն հավանականությամբ, ազգային հեքիաթացանկի առանձնահատկությունները կրող մասն են և Աարնե-Թոմփսոն-Ութերի փոխարեն կրում են Հայ ժողովրդական հեքիաթներ (այսուհետ` ՀԺՀ) վերտառությունը: Նշացանկում կենդանական հեքիաթները ցայսօր ներկայացված են 1-294 թվահամարների տակ և կազմում են 86 տիպ, հրաշապատում հեքիաթները` 301-850 թվահամարների տակ և կազմում են 99 տիպ, իրապատում հեքիաթները` 854-1651 թվահամարների տակ և կազմում են 79 տիպ, կրոնական հեքիաթները` 750D-ՀԺՀ 779 թվահամարների տակ և կազմում են 10 տիպ: Սակայն մեր ասածից չի հետևում, թե միջազգային նշացանկում վերոնշյալ հեքիաթախմբերը չկան, այլ նշանակում է, որ Հայաստանի պատմաազգագրական տարբեր շրջաններից գրառված հեքիաթների վերոնշյալ տիպերի դիպաշարերը մոտիվների մակարդակում հայոց բանահյուսական կենցաղում դրսևորում են ազգամշակութային յուրահատկություններ: 1996-1999թթ. ընթացքում հայ ժողովրդական բանահյուսության տեքստաբանությամբ զբաղվող թեմատիկ խումբը հայկական հեքիաթների տպագիր աղբյուրներից քաղված տարբերակները սկսել է սեղմագրել (մեծ և փոքր սեղմագրեր) և դասակարգել ըստ Աարնե-Թոմփսոնի «Ժողովրդական հեքիաթների տիպերը» միջազգային նշացանկի սյուժեների ու տիպերի (կատարողներ` Ա. Նազինյան, Ա. Ղազիյան, Թ. Գևորգյան, Ե. Զաքարյան, ղեկավար-համակարգող` Ա. Նազինյան): 2000-2009թթ.-ից սկսած վերոնշյալին ավելացել է հեքիաթախմբերից յուրաքանչյուրի համար մեկ ընդհանուր սխեմայի կազմման աշխատանքները (կատարողներ` Ա. Ղազիյան, Ե. Զաքարյան, Գ. Ստեփանյան (1999-2007), Թ. Հայրապետյան, Ն. Վարդանյան (2005-2008), ղեկավար-համակարգող` Ա. Ղազիյան): 2010թ. մինչ օրս հայկական հեքիաթագիտական ուղեցույցը խմբագրվում, ճշտվում, լրացվում, ծանոթագրվում և պատրաստվում է տպագրության` արդեն ըստ Աարնե-Թոմփսոն-Ութերի «Միջազգային հեքիաթների տիպերի» որն ընդգրկում է 1- 1651 թվահամարները (կատարողներ` Թ. Հայրապետյան, Գ. Մելիքյան, Լ. Մկրտումյան, Ե. Զաքարյան, ղեկավար-համակարգող` Թ. Հայրապետյան): Աշխատանքը շարունակական ընթացքի մեջ է, քանի որ 1959թ. սկզբնավորված «Հայ ժողովրդական հեքիաթների» գիտական բազմահատորյակի տպագրությունը ցարդ չի ավարտվել: Տպագրության են պատրաստվում Պարսկահայքի, Ռշտունիքի, Շատախի, Բուլանըխի (Հարք) և գաղթավայրերի հեքիաթները:

 

Թամար Հայրապետյան

Աշխատակազմ

Գոհար Մելիքյան-ի նկարը Գոհար Մելիքյան Գիտաշխատող
Tamar Hayrapetyan-ի նկարը Թամար Հայրապետյան Առաջատար գիտաշխատող
Լիլիթ Մկրտումյան-ի նկարը Լիլիթ Մկրտումյան Հայցորդ
Հասմիկ Գալստյան-ի նկարը Հասմիկ Գալստյան Կրտսեր գիտաշխատող
Սիրանույշ Առաքելյան-ի նկարը Սիրանույշ Առաքելյան Կրտսեր գիտաշխատող
Քրիստինա Այվազյան-ի նկարը Քրիստինա Այվազյան Հայցորդ
Subscribe to RSS - Հայ բանահյուսության տեքստաբանության բաժին