Միջազգային հետազոտության տվյալները հարավկովկասյան տարածաշրջանից վկայում են բնակչության գենետիկական 8000-ամյա շարունակականության մասին

Հայկական լեռնաշխարհի և հարևան շրջանների հնագույն, հին և ժամանակակից բնակչության գենետիկական կապի ու փոխհարաբերության խնդիրներին վերաբերվող ուսումնասիրությունները ներկայումս հանրային մեծ հնչեղություն ունեն և հետաքրքրում են շատ շատերին: Այս տեսակետից հետաքրքիր արդյունքներ են փաստագրվել կենսաբանների և հնագետների միջազգային մի մեծ խմբի կողմից կատարված հետազոտություններով: Արդյունքները հրատարակվել են միջազգային բարձր հեղինակություն ունեցող Current Biology ամսագրում:

Current Biology հանդեսում սույն թվականի հունիսի 26-ին հրատարակված՝ հնագույն միտոքոնդրիումային ԴՆԹ-ի հիման վրա հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ժամանակակից Հայաստանի և Արցախի տարածքում վերջին 8000 տարվա ընթացքում ժողովրդագրական փոփոխություններ գրեթե տեղի չեն ունեցել:

Միտոքոնդրիումային ԴՆԹ-ն մորից անցնում է երեխային և սերնդեսերունդ փոխանցվում է միայն մայրական գծով: Հետևաբար, միտոքոնդրիումային գենոմների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս հետազոտել ժողովուրդների մայրագծային գենետիկական պատմությունը:

Դանիայի Գեոգենետիկայի կենտրոնի աշխատակիցներ Աշոտ Մարգարյանն ու Մորթեն Ալենթոֆթը հաղորդում են հետևյալը. «Մենք վերլուծության ենք ենթարկել հնագույն ու ժամանակակից մի շարք միտոքոնդրիումային գենոմներ Հարավային Կովկասի տարբեր վայրերից և բացահայտել բնակչության առնվազն 8000 տարվա գենետիկական շարունակականություն: Այլ կերպ ասած, որևէ փոփոխություն չի հայտնաբերվել այս երկարատև ժամանակահատվածում՝ կապված մայրագծային գենոֆոնդի հետ: Սա բավականին հետաքրքիր է, քանի որ այս տարածաշրջանում տեղի են ունեցել զանազան մշակութային փոփոխություններ տարբեր ժամանակներում, մինչդեռ այս փոփոխությունները, կարծես, գենետիկական որևէ ազդեցություն չեն ունեցել առնվազն կանանց վրա»:

Տարածաշրջանի մայրական գենետիկական պատմությունը լուսաբանելու համար հետազոտողները վերլուծության են ենթարկել Հայաստանում ու Արցախում պեղված 52 հնագույն կմախքների ամբողջական միտոքոնդրիումային գենոմները: Այդ նմուշներն ընդգրկում են 7800 տարվա պատմություն: Ալենթոֆթի թիմն այս նոր տվյալները միավորել է ժամանակակից հայերի 206 միտոքոնդրիումային գենոմների և հարևան ժողովուրդներից ավելի քան 480 ներկայացուցչի համապատասխան տվյալների հետ:

Դրանց վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ տարածաշրջանի բնակչության կտրուկ աճը սկսվել է վերջին սառցե դարաշրջանից հետո` շուրջ 18000 տարի առաջ:

Հետազոտողները սիմուլյացիոն մոդելավորման եղանակով փորձարկել են նաև ժամանակակից հայկական գենոֆոնդի ձևավորումը բնութագրող հինգ հնարավոր ժողովրդագրական սցենարներ: Չնայած Հարավային Կովկասում քննարկվող ժամանակների ընթացքում լավ փաստագրված մշակութային փոփոխությունների, մոդելների վերլուծությունը խոսում է մայրական գենոֆոնդի կայունության օգտին:

Առկա տվյալները ենթադրում են, որ իգական սեռի բնակչությունը Հարավային Կովկասի առնվազն որոշ հատվածներում չափազանց կայուն է մնացել հազարավոր տարիների ընթացքում տեղի ունեցած մշակութային զանազան փոփոխությունների պարագայում: Դրանք նաև ենթադրում են, որ այս տարածաշրջանում վերջին 2000-3000 տարիների ընթացքում փաստագրված գաղթերը աննշան ազդեցություն են ունեցել տեղաբնիկ կանանց վրա:

Հետազոտողների կարծիքով՝ հաջորդ քայլը այդ հարցերի պարզաբանումն է ամբողջական գենոմային տվյալների հիման վրա՝ ստուգելու՝ արդյո՞ք դրանք կկրկնեն մայրագծային գենետիկական պատմությունը, թե՝ ոչ: Նրանք նաև հույս ունեն ընդլայնել ուսումնասիրության շրջանակները՝ ներառելով հարևան երկրների թե՛ ժամանակակից, թե՛ հնագույն տվյալները՝ համագործակցելով Վրաստանի և Ադրբեջանի հետազոտողների հետ:

 

Պատ. Գիտ. Դոկտոր Պավել Ավետիսյան

Կենս. Գիտ. Դոկտոր Լևոն Եպիսկոպոսյան

Send to