2023թ․-ի գիտական հաշվետվություններ

Շաբ, 04/06/2024 - 12:30

Մարտի 27-29-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ: 2023թ. ընթացքում ՀՀ տարբեր մարզերում ինստիտուտի աշխատակիցները, այլ հնագետներ իրականացրել են հնագիտական պեղումներ, դաշտային հնագիտական հետազոտություններ։ Եվ այդ աշխատանքների ղեկավար-գիտնականները գիտխորհրդի նիստում ներկայացվեցին հաշվետվություններ կատարված պեղումների և հետագա աշխատանքների վերաբերյալ: Առաջին օրը ներկաներին ողջունեց ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը՝ կարևորելով կատարված աշխատանքը և մաղթեց հաջողություններ: Առաջինը հաշվետվությամբ հանդես եկավ հնագետ, պ. գ. թ.  հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ուրարտագետ Սիմոն Հմայակյանը: Ներկայացրեց Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի տարածքում գտնվող Արգիշթիխինիլի պատմական քաղաքի տարածքի դամբարանադաշտում կատարված պեղումների արդյունքները: Նույն մարզի Երվանդաշատ պատմական մայրաքաղաքի տարածքում կատարված հնագիտական աշխատանքները ներկայացրեց հնագետ Սյուզաննա Մուրադյանը: Արմավիրի, Լոռու Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում կատարված տարբեր հնավայրերի պեղումների մասին հաշվետվություն ներկայացրեց հնագետ Արթուր Պետրոսյանը: Հատկապես քննարկումներ եղան Հատիս լեռան գագաթին գտնվող «Շամիրամի ամրոց» կոչվող հնավայրում կատարված աշխատանքների պահով: Ինստիտուտի գիտաշխատող, «Արենի-1 քարանձավ»-ի հիմնադիր Բորիս Գասպարյանը ներկայացրեց Արենի-1, Արենի-2 քարանձավներում և Արփա գետի հովտում գտնվող այլ հնավայրերում կատարված հնագիտական աշխատանքները: Պատմաբան, հնագետ, մշակութաբան, պ. գ. դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, ով երկար տարիներ ղեկավարում էր Արցախի Տիգրանակերտ քաղաքի հնագիտական աշխատանքները, արդեն 3 տարի է՝ ղեկավարում է Դվինում իրականացվող պեղումները։ Ներկայացրեց արդյունքները, խնդիրները: Կարևոր է, որ հնավայրերում իրականացվող պեղումները, ուսումնասիրությունները ղեկավարվում են նաև երիտասարդ գիտաշխատողների կողմից: Եվ տարբեր մարզերում իրականացրած աշխատանքները ներկայացրեցին հնագետներ Արման Նալբանդյանը, Ավետիս Գրիգորյանը, Բենիկ Վարդանյանը, Մարիամ Շախմուրադյանը, այլոք: Հաշվետվությամբ հանդես եկավ նաև ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը՝ ներկայացնելով ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի լեռնազանգվածի Կարմիր սար՝ Տիրինկատար գագաթի հարևանությամբ բացահայտված վիշապաքարերի տարածքում ստուգողական աշխատանքները: Բացի այդ ներկայացրեց նաև Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ափին գտնվող Արտանիշ հնավայրի, ինչպես նաև Շորժա/Շողակաթ/ գյուղի մոտակա դամբարաննրում կատարված պեղումների մասին:  Արաագածոտնի մարզի Ագարակ գյուղում պահպանված «Ագարակ» պատմամշակութային արգելոց եզակի հնավայրում կատարված նոր պեղումների մասին ներկայացրեց հնագետ Նորա Ենգիբարյանը: Այստեղ ավելի վաղ կատարվել են պեղումներ հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախկին տնօրեն Պավել Ավետիսյանի ղեկավարությամբ։ 2023-ին Պ․ Անանյանը ղեկավարել է նաև Արարատի մարզում գտնվող «Մասիս բլուր» հնավայրում կայացած պեղումները։ Շիրակի և Տավուշի մարզեում ընդհանուր 5 հնավայրերում կայացած հնագիտական աշխատանքների մասին ներկայացրեց Լևոն Աղիկյանը։ Իսկ Աստղիկ Բաբաջանյանը զեկուցեց Արագածոտնի, Վայոց Ձորի և Կոտայքի մարզերում գտնվող 3 հնավայրերում կատարված աշխատանքների մասին։ Ընդհանուր ներկայացվեց 34 հաշվետվություն։ Բոլոր ներկայացված հաշվետվությունների ընթացքում ու վերջում ներկաները հարցեր էին ուղղոմ բանախոսին, անում առաջարկներ։ Վերջում գիտխորհուրդը քննարկեց հետագա անելիքները։ 

Send to