Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի ավերակները գտնվում են Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հարևանությամբ: Քաղաքն ընդգրկել է մոտ 400 հա տարածք: Ամենածաղկուն շրջանում բնակչությունը կազմել է 100.000-150.000:
Հնավայրի կենտրոնական հատվածում բարձրանում է մի բլուր՝ Դուին, Դվին, Դաբիլ (արաբերեն) անվանումով, որի գագաթին հիմնարկվել է քաղաքի միջնաբերդը, հզոր պարիսպներով, 40-ից ավելի կիսաբոլոր աշտարակներով: Միջնաբերդը բոլոր կողմերից գոտևորել են քաղաքային ընդարձակ թաղամասերը: Քաղաքային թաղամասերը ևս պարսպված են եղել հզոր պարիսպներով, որոնց մասին տեղեկացնում է արաբ պատմիչ և աշխարհագիր Մուկադասին:
Դվինն իբրև բնակավայր հայտնի է տակավին Ք.ա. III հազ.: Ք.ա. VIII դ. բնակավայրը ենթարկվում է հարձակման՝ Արարատյան դաշտ ներխուժած ուրարտացիների կողմից: Հուշարձանի ստորին շերտերում ամենուրեք նկատելի են հրդեհի և ավերածությունների հետքերը: Հելլենիստական և անտիկ դարաշրջանում Դվինն Արտաշատ մայրաքաղաքի արվարձաններից էր, նրա տնտեսական մատակարարներից մեկը:
Հռոմեական զորավար Կուրբուլունի արևելյան արշավանքների ժամանակ (58-59 թթ.), Արտաշատի հետ միաժամանակ գրավվեց, հրդեհվեց նաև Դվինը` ամայանալով մինչև IV դ. 30-ական թվականները, երբ հայոց Խոսրով Կոտակ Արշակունի թագավորն այն հռչակեց արքունական նստոց՝ Ոստան Հայոց: 481 թ. տանուտեր Սահակ Բագրատունին Դվինը հայտարարեց մարզպանական Հայաստանի մայրաքաղաք: Այդ կարգավիճակը փոփոխաբար քաղաքը պահպանեց մինչև 930 թ., երբ հայոց Աբաս Բագրատունի թագավորը մայրաքաղաքը Դվինից տեղափոխեց Շիրակ՝ Կարս:
470-ական թվականներից սկսած քաղաքը համարվում էր և հայոց հոգևոր կենտրոնը՝ (կաթողիկոսությունը Վաղարշապատից Դվին տեղափոխվեց Գյուտ կաթողիկոսի օրոք) ուր շուրջ 400 տարի նստել են Հայոց հայրապետները:
Աստիճանաբար Դվինը վերածվեց հասարակական-տնտեսական, առևտրական, մշակութային խոշոր կենտրոնի` իր ուրույն տեղն ապահովելով Մերձավոր արևելյան քաղաքների շարքում: Այն իրավամբ եղել է դասական քաղաք իր բոլոր ատրիբուտներով, ժամանակի խոշոր քաղաքին բնորոշ ներքին կուռ կառուցվածքով գործող հասարակական որոշակի ինստիտուտներով ու օրենքներով, տնտեսական-վարչական բաժանումներով, կառուցողական սկզբունքներով, առևտրական ամենալայն կապերով, դրամական շրջանառությամբ, շուկայական ընդգրկուն հարաբերություններով, կրթական-մանկավարժական հաստատություններով, ուր սովորել են ժամանակի շատ փայլուն մտածողներ՝ Հովհան Մայրագոմեցի, Վրթանես Քերթող, Ստեփանոս Սյունեցի, երաժիշտ Գրիգոր Գռզիկ և ուրիշներ:
Կառուցվում են մի շարք մոնումենտալ շինություններ, ինչպիսիք են միջնաբերդի Սյունազարդ դահլիճը, Ս. Գրիգոր եռանավ խոշորածավալ տաճարը և այլ շինություններ: Քաղաքի պաշտպանական և առևտրական ընդլայնման խնդիրներով շահագրգռված էին և սասանյան արքաները, քանզի Դվինը Սասանյան Իրանի ենթակայության տակ գտնվող մաքսային խոշոր կենտրոններից էր:
Դվինի առևտրական ընդգրկուն կապերի վկայությունն են պեղումների միջոցին գտնված բուզանդական և սասանյան դրամական միավորները, կավե կնքադրոշմները, որոնք մասամբ օգտագործվում էին առևտրական հակերը կնքելու համար:
VII դ. արաբները գրավեցին Դվինը` պատճառելով մարդկային և նյութական խոշոր կորուստներ: Արաբական արշավանքներն ավարտվեցին «Արմենիա» ոստիկանության ստեղծմամբ: Լինելով «Արմենիայի» կենտրոն` Դվինն ապրեց տնտեսական նոր վերելք: Ըստ Ղևոնդ երեցի Աբդուլ-Ազիզը «Վերստին շինեց Դվին քաղաքը մեծությամբ առավել հզոր և ընդարձականիստ, քան եղել էր նախկինում, ամրացրեց դռներով և դռնափակերով, պարսպի շուրջը ջրով լցված խրամատ անցկացրեց քաղաքի ապահովության համար»: Արաբները Դվինում սկսեցին հատել պղնձե ու արծաթե դրամներ «Դաբիլ» մակագրությամբ:
Ճակատագրական եղավ 1225 թ.: Խորեզմի շահ Մուհամեդի որդի Ջալ-Ալ Էդդինը, խուսափելով մոնղոլների հետապնդումներից, ներխուժում է Իրան, անցնում Հարավային Կովկաս, գրավում մի շարք քաղաքներ, այդ թվում Դվինը` հրի ու սրի մատնելով դրանք, գերեվարելով բնակչության մի մասին: Տասնամյակներ անց կիսավեր քաղաքը ենթարկվում է մոնղոլների հարձակմանը: Քաղաքն աստիճանաբար ամայանում է, լքվում բնակիչներից:
Քաղաքի ավերակները դարերի ընթացքում ծածկվում են հողի հաստ շերտով` վերածվելով հողաբլուրների: Այն լավագույնս նկարագրել է անգլիացի հնագետ Ռոբերտ Կեր-Պորտերը` 1817 թ. այցելելով Դվինի ավերակներ. «Ես գտնվում էի մի քաղաքում, որից ոչինչ չէր մնացել, այլևս չկային ոչ կոթող, ոչ գմբեթ և ոչ էլ բնակարանի պատ, ամեն ինչ խորտակված էր: Անիում ես ինձ գտա շրջապատված հսկայական մեծության գերագույն հուշարձաններով: Արտաշատում (Դվինում), ես կանգնեցի նրա գերեզմանի վրա»: 1816 թ. Դվինում է լինում Մեսրոպ Թաղիադյանը, ով հստակ պատկերացում ուներ Դվին և Արտաշատ մայրաքաղաքների տեղագրության վերաբերյալ. «Ընդ գետն (Գառնու) ի վեր յարուցեալ՝ գտանք զաւերակս, բերդապարիսպ հզոր քաղաքին, զորմէ հաստատ էր Պօղոս վարդապետ, լինիլ մնացորդ նախնոյն Դվինայ՝ Ոստանին Հայոց»: Դվինի հնագիտական ուսումնասիրության սկիզբը կապվում է Նիկողայոս Մառի անվան հետ, ով 1899 թ. մասնակի պեղումներ է կատարել միջնաբերդում: Կայսերական հնագիտական հանձնաժողովի որոշմամբ դարասկզբին Դվինում պեղումներ է կատարում Խաչիկ Վարդապետ Դադյանը:
1936 թ. Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունում իրականացնել Դվինի հնագիտական ուսումնասիրությունը: 1937-1939 թթ. արշավախումբը գլխավորել է Նիկողայոս Մառի աշակերտ, պ.գ.դ. Սմբատ Տեր-Ավետիսյանը:
1946-1976 թթ. Դվինի արշավախմբի աշխատանքները ղեկավարում էր պրոֆ. Կարո Ղաֆադարյանը: Նրա աշակերտները հաջողությամբ շարունակեցին իրենց ուսուցչի գործը: Դվինի արշավախումբը դարձավ հնագիտական կադրերի մի դարբնոց: Դվինի պեղումներով հայտնաբերված հնագիտական նյութերի ուսումնասիրությանը նվիրված են 20-ից ավելի մենագրություններ, 100-ից ավել հոդվածներ: Դվինը միջնադարյան հայ ճարտարապետության, շինարվեստի ձևավորման կարևորագույն օջախներից մեկն էր: Այդ առումով ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում նրա պաշտամունքային և աշխարհիկ մոնումենտալ կառույցները, որոնք բավականին լավ են ուսումնասիրված և գիտական լայն շրջանառության մեջ են (Կարո Ղաֆադարյան, Վարազդատ Հարությունյան, Նիկոլայ Տոկարսկի և ուրիշներ):
1977-2010 թթ. Դվինի հնագիտական արշավախումբը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Քալանթարյանը:
Դվինի կաթողիկե Ս.Գրիգոր եկեղեցի – (IV դ. II կես-V դ. Սկզբներ): 610-ական թվականներին հիմնովին վերակառուցվելով` փոխարկվել է խաչաձև հատակագծով կառույցի: 894 թ. երկրաշարժից ավերվել է և այլևս չի վերականգնվել:
Միանավ բազիլիկ եկեղեցի – (հավանաբար V դ. Վերջեր): Հաստահեղյուս պատերով, թաղակապ ծածկով և ծածկը պահող երեք թաղակիր կամարներով շինություն է: Գտնվում է Ս. Գրիգոր եկեղեցու հյուսիսային կողմում: Ավերակվել է երկրաշարժերից:
Արշակունյաց գահանիստ դահլիճ – Տեղադրված է միջնաբերդի բարձրադիր արևելյան հատվածում: Հիմնադրվել է Խոսրով Բ Արշակունի թագավորի կողմից IV դ. 30-ական թվականներին: Հետագայում պալատի մի հարկաբաժինը վերածվել է արքունի դիվանի, որի մասին վկայում է Սեբեոս պատմիչը (VII դ.):
1970-ական թվականներին Մայր Տաճարից հարավ բացվեց ճարտարապետական հետաքրքիր մանրամասներով մի շինություն: Արդյունքում պարզ դարձավ, որ այն եղել է առաջին հայրապետական աթոռանիստը՝ կառուցված Գյուտ կաթողիկոսի ժամանակներում (461-478 թթ.), ուր նստել են հայոց հայրապետները մինչև 564 թ.: Նորաբաց պալատն իր հատակագծային լուծումներով, ճարտարապետական մանրամասներով կարելի է ասել հայ միջնադարյան աշխարհիկ շինությունների դասական օրինակներից է: Ավերվել է 572 թ. Վարդան Մամիկոնյանի ապստամբության ժամանակ:
Կաթողիկոսական երկրորդ պալատը գտնվում է Մայր տաճարից հյուսիս: Կառուցվել է VII դ. II կեսին: Ճարտարապետական հորինվածքով սյունազարդ դահլիճ է` կից սենյակներով: Ունեցել է հարուստ գեղարվեստական հարդարանք:
Դվինի մոնումենտալ կառույցներից է և քաղաքային թաղամասերից մեկում (ներկայիս Հնաբերդ գյուղի տարածքում) բացված քաղաքային մեծ շուկան` տնտեսական համապատասխան կառույցներով:
Վերջին տարիներին միջնաբերդի հարավային թևում ձեռնարկված պեղումների շնորհիվ բացվել է խոշոր չափերի ուշագրավ մի շինություն` հիմնարկված հավանաբար V-VI դդ.: Շինությունը կառուցված է միջնաբերդը պարսպող պատի տակ: Ենթադրվում է, որ այն եղել է Դվինի գլխավոր մաքսատներից մեկը, քանզի օտարերկրյա վաճառականներն իրավունք չունեին բնակություն հաստատել քաղաքի կենտրոնական հատվածներում:
Երկարամյա պեղումները, հարուստ ու բազմաքանակ գտածոներով փաստում են այն իրողությունը, որ Դվինը եղել է ժամանակի խոշոր արհեստագործական կենտրոններից, որի արտադրանքը մեծ պահանջարկ ուներ ներքին և արտաքին շուկայում:
Քաղաքի տարբեր հատվածներում բացվել են խեցեղենի թրծման վառարաններ:
Մերձավոր արևելքում Դվինի ապակու ժողովածուն համարվում էր լավագույններից մեկը: Այն իր բազմազանությամբ, գունեղ ու հնարամիտ հորինվածքով հիացմունք է պատճառում յուրաքանչյուր ուսումնասիրողի:
Դվինը հնուց ի վեր հայտնի էր նաև որպես մետաղագործական խոշոր կենտրոն: Այն հայոց զորքի զինապահեստն էր, ուր հայոց բանակը մարտից առաջ սպառազինվում էր:
Հայ ոսկերիչների ձեռքի աշխատանքի փայլուն վկայությունն է Դվինի տարածքում գտնված կանացի զարդերի ընտիր տեսականին: Դրանք մեծ համարում ունեին ոչ միայն Բյուզանդական կայսրության սահմաններում, այլև Կիևյան Ռուսիայում ու Մերձվոլգյան շրջաններում:
«Մղոնաչապ»-ի տվյալներով Դվինն այն կենտրոնական հանգույցն էր, ուր խաչվում էին Արևելք-Արևմուտք առևտրական ուղիները: Պեղումների ժամանակ գտնվել են ապակե սպասքի հիանալի նմուշներ` բերված եգիպտական, սիրիական, միջագետքյան և բյուզանդական կենտրոններից, հախճապակե սպասքի անկրկնելի օրինակներ` պատրաստված Իրանի Ռեյ, Քաշան, Սուլթանաբադ քաղաքներում:
Դվինի միջնադարյան և վաղ երկաթեդարյան շերտերին զուգընթաց 1970-ական թվականներին հետազոտության հատուկ առարկա են դարձել նաև անտիկ ժամանակաշրջանի մշակութային հուշարձանները: Սրանց վրա VI-VIII դդ. միջնադարյան հզոր շերտերի պատմա-ճարտարապետական բացառիկ շինությունների առկայությունը խիստ հատկանշական է դարձնում քննվող շերտի ուսումնասիրությունը:
2010 թ. արշավախումբը ղեկավարել է պ.գ.թ. Հ. Մելքոնյանը, իսկ 2019 թ. առ այսօր պ.գ.դ., պրոֆեսոր Հ. Պետրոսյանը, անդամներ՝ Ն. Հակոբյան, Ֆ. Բաբայան, Ա. Ժամկոչյան, Գ. Քոչարյան, Կ. Ղաֆադարյան (ճարտարապետ), Ա. Մարտիրոսյան: