Հետազոտություններ

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում կատարվում են հետազոտություններ հնագիտության, ազգաբանության և բանագիտության և դրանց հարող ոլորտներում:

Գիտությունների ակադեմիայի կազմավորումից ի վեր, ինչպես վերն ասվեց, հայ բանահյուսական մշակույթի հիմնական հետազոտությունները մինչև 1959 թ. ընթացել է Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի հայ բանահյուսության բաժնում, իսկ 1960 թ. մինչ օրս այդ աշխատանքները կենտրոնացել են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսական զույգ բաժիններում` բանահյուսության տեսության ու պատմության և բանահյուսության տեքստաբանության:
Հայ բանահյուսական մշակույթի հետազոտման հիմնական ուղղություններն են`
1. բանահավաքչական աշխատանքներ,
2. բանահյուսական բնագրերի կազմում և հրատարակում,
3. «Սասնա ծռերի» պատումների գրառում, հրատարակություն և ուսումնասիրություն,
4. հայ բանահյուսության գրառման և հետազոտման պատմություն,
5. բանահյուսության և գեղարվեստական գրականության փոխառնչությունների ուսումնասիրություն,
6. բանահյուսական տեքստաբանություն և դրան առնչվող տարբեր խնդիրների ուսումնասիրություն,
7. Մեծ Եղեռնի ականատես վկաների հուշապատումների և Եղեռնին նվիրված թուրքալեզու երգերի հավաքում և ուսումնասիրություն (այս ուղղության հիմնադիրը մեզանում բանագետ, բ. գ. դ. Վ. Սվազլյանն է, որի ուսումնասիրությունները թարգմանվել են աշխարհի ժողովուրդների վեց լեզուներով և հրատարակվել արտասահմանում):
8. հայ անվանի բանագետ-ժողովրդագետների գիտական ժառանգության հրատարակություն:

Առաջին կարևոր ուղղությունը բանահավաքչությունն է, որն իրականացվել է պարբերաբար կազմակերպված կոմպլեքսային ու նպատակային գիտարշավների և անհատական գործուղումների ձևով: Հայաստանի ազգագրական տարբեր շրջաններից և Հայաստանից դուրս գտնվող հայաբնակ վայրերից գրառվել են բանահյուսական տարբեր ժանրերի մեծաքանակ նյութեր, որոնցով համալրվել է ինստիտուտի բանահյուսական արխիվը` նյութական կայուն բազա ծառայելով տարբեր բնույթի բանագիտական հետազոտությունների համար: Արդյունքների մեծ մասն առայժմ կենտրոնացված է ինստիտուտի բանահյուսական արխիվում և վերամշակված 1970 թվականից ի վեր` ԷՀՄ-ի և համակարգչային թվայնացման մեթոդներով:
Երկրորդ կարևոր ուղղությունը բանահյուսական առանձին ժանրերի գիտական համահավաք բնագրերի կազմումն է և հետազոտությունը: Այդ տարիներին կազմվել և հրատարակվել են հայկական առած-ասացվածքների համահավաքը (Ա. Ղանալանյան, «Հայկական առածանի», 1951) և ավանդական զրույցների համահավաքը (Ա. Ղանալանյան, «Ավանդապատում», 1969), Մ. Մկրտչյանի «Հայ ժողովրդական պանդխտության երգերը» (1961): 1965 թ. հրատարակվել է Ս. Հարությունյանի կազմած «Հայ ժողովրդական հանելուկների» գիտական համահավաք բնագիրը, իսկ 1989 թ.` Ա. Ղազիյանի «Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգերի» համահավաքը:
1959 թ. առ այսօր կազմվել և հրատարակվել է «Հայ ժողովրդական հեքիաթների» բազմահատոր գիտական հրատարակությունը` ակադեմիկոս Հ. Օրբելու և Ա. Նազինյանի ընդհանուր խմբագրությամբ: Ցարդ լույս է տեսել 17 հատոր:
1970 թ. կազմվել և հրատարակվել է Ռ. Գրիգորյանի «Հայ ժողովրդական օրորոցային և մանկական երգերի» գիտական համահավաքը, իսկ 1986 թ.` Գր. Գրիգորյանի «Հայ ժողովրդական վիպերգերն ու պատմական երգային բանահյուսությունը» համահավաքը և նույն խորագրով երկու հատոր գիտական հետազոտություն (1-ին` 1972, 2-րդ` 1982): 2006 թ. լույս է տեսել Ս. Հարությունյանի կազմած և խմբագրած «Հայ հմայական և ժողովրդական աղոթքներ» գիտական համահավաք բնագրերը: 1950–60-ական թվականներից ի վեր սկսվում է մի նոր շարժում հայ ժողովրդական վեպի` «Սասնա ծռերի» գրառման, հրատարակության և ուսումնասիրության ուղղությամբ: 1956 թ. լույս է տեսել Հ. Օրբելու «Հայկական հերոսական էպոսը» ուսումնասիրությունը, 1960 թ.` Գր. Գրիգորյանի «Հայ ժողովրդական հերոսական էպոսը» մենագրությունը:
1970 թ. ինստիտուտում կազմակերպվում է «Սասնա ծռերի» նոր պատումների հայտնաբերման նպատակային արշավախումբ (ղեկավար` Ս. Հարությունյան), որը երեք տարիների ընթացքում (1970–1972 թթ.) Հայաստանի տարբեր շրջաններից գրառում է 80-ից ավելի նոր պատումներ, որոնց արժեքավոր մասը հրատարակվել է «Սասնա ծռեր» Գ, Դ հատորներում (հ. Գ` 1979 թ. և հ. Դ` 1999 թ.): Ժողովրդական վեպի նոր պատումների հայտնաբերման և հրատարակման ուղղությամբ անձնական նախաձեռնությամբ իրականացվել է Գր. և Վ. Գրիգորյանների («Սասունցի Դավիթ», 1977 թ.): Ութ նոր պատումներ և նույնքան տարբերակներ հավաքել և հրատարակել է Ռ. Գրիգորյաը (2000 թ.):
1975 թ. լույս է տեսել Ա. Սահակյանի «Սասնա ծռեր» պատումների քննական համեմատություն» մենագրական հետազոտությունը, 1977 թ.` Ս. Հարությունյանի կազմած «Սասնա ծռեր» տասը ընտիր պատումները` հետազոտությամբ հանդերձ:
Հայ առասպելաբանությանն ու ժողովրդական վեպերին նվիրված հետազոտություններ ունի Ա. Պետրոսյանը («Արամի առասպելը» 1997 թ., «Արամազդ. պաշտամունք, կերպար, նախատիպեր», 2006 թ., «Հայկական էպոսը և առասպելաբանությունը», ռուսերեն և անգլերեն լեզուներով, 2002 թ.): Նա ակտիվորեն մասնակցում է «Սասնա ծռերին» նվիրված միջազգային գիտաժողովների կազմակերպման և զեկուցումների խմբագրման աշխատանքերին (2003–2012 թթ.): 2012 թ. լույս է տեսել Լ. Ղռեջյանի «Երկվորյակների առասպելը և դրա տարբեր դրսևորումները հայ վիպական ավանդության համակարգում» մենագրությունը:
Հաջորդ ուղղությունը հայ բանագիտության պատմության ուսումնասիրությունն է: 1985 թ. լույս է տեսել Ա. Ղանալանյանի` հայ բանահյուսության հետազոտմանը նվիրված «Դրվագներ հայ բանագիտության պատմության» ուսումնասիրությունը, Ս. Հարությունյանի «Մանուկ Աբեղյան. կյանքն ու գործը» (1970), Վ. Սվազլյանի «Սարգիս Հայկունի» (1973), Ս. Վարդանյանի «Տիգրան Նավասարդյանի ներդրումը հայ բանագիտության մեջ» (1991) ռուսերեն մենագրությունը և նույն հեղինակի «Մ. Միանսարյանցի կյանքը և գործը», (2004), Թ. Հայրապետյանի «Կ. Մելիք-Շահնազարյանի կյանքը և գործը» (2007) մենագրությունները: 2010 թ. լույս է տեսել Ս. Հարությունյանի «Բանագիտական ակնարկներ» ուսումնական ձեռնարկը` նվիրված հայ բանագիտության պատմությանն ու տեսությանը:
Հրատարակվում են առանձին ուսումնասիրություններ` նվիրված հայ բանահյուսության տարբեր ժանրերին և առանձին խնդիրների հետազոտությանը: Մենագրական հետազոտությունների են ենթարկվում հայ ժողովրդական վիպերգերն ու պատմաերգային բանահյուսությունը (Ս. Հարությունյանի «Հայ ժողովրդական հանելուկներ» մենագրությունը (1960 թ): 1975 թ. հրատարակվել է «Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ» մենագրությունը: 2000 թ. Բեյրութում լույս է տեսել Ս. Հարությունյանի «Հայ առասպելաբանություն» ծավալուն մենագրությունը: 2012 թ. Մոսկվայում հրատարակվել է «Հայեր» կոլեկտիվ ուսումնասիրությունը` նվիրված հայ ազգագրության և բանագիտության հետազոտմանը, որին մասնակցել են բանագետներ Ս. Հարությունյանը և Ա. Ղազիյանը: 2010 թ. լույս է տեսել Ռ. Խաչատրյանի «Հայ ժողովրդական երգերի պոետիկան» մենագրությունը, 2008 թ.` Ե. Հարությունյանի «Հայ ժողովրդական սգո երգերը»ուսումնասիրությունը: 1970 թ. հիմք է դրվում «Հայ ազգագրություն և բանահյուսություն» գիտական մատենաշարին, որը շատ մեծ դեր է կատարում բանագիտական և ազգագրական նյութերի կազմակերպված հրատարակության և ուսումնասիրության գործում: Ցարդ լույս է տեսել 26 հատոր:
Առանձին ուղղություն են կազմում հայ ազգագրական առանձին շրջաններից գրառած բանահյուսական նյութերի տեղական ժողովածուները` ուսումնասիրությամբ և ծանոթագրություններով հանդերձ [Խ. Փորքշեյան, Նոր Նախիջևանի հայ ժողովրդական բանահյուսությունը (ՀԱԲ 2, 1971), Բենսե, Հարք (Մշո Բուլանըխ) (ՀԱԲ 3, 1972), Ս. Ավագյան, Արճակ, (ՀԱԲ 8, 1978), Ա. Նազարյան, Էջմիածնի և Աշտարակի բանահյուսությունից (ՀԱԲ 9, 1978), Գ. Գևորգյան, Ղզլար (ՀԱԲ 10, 1980), Գ. Միքայելյան, Նոր Բայազետ (ՀԱԲ 11, 1980), Ռ. Գրիգորյան, Գեղարքունիք (ՀԱԲ 14, 1983), Ա. Ղազիյան, Արցախ (ՀԱԲ 15, 1983), Վ. Սվազլյան, Մուսա լեռ (ՀԱԲ 16, 1984), Ռ. Խաչատրյան, Թալին (ՀԱԲ 19, 1999), Թ. Գևորգյան, Լոռի (ՀԱԲ 20, 1999), Վ. Սվազլյան, Կիլիկիա. Արևմտահայոց բանավոր ավանդությունը (1994), Պոլսահայոց բանահյուսությունը (2000), Ա. Ղազիյան, Ս. Վարդանյան, Բաքվի հայոց բանահյուսությունը (2004), Է. Խեմչյան, Տավուշ (2000), Է. Խեմչյան, Իջևան (Ձորոփոր) (2008), Հ. Հովսեփյան, Ղարադաղի հայերը, բանահյուսություն (2009, կազմողներ` Ս. Վարդանյան և Է. Խեմչյան, խմբագիր` Ա. Ղազիյան)]: Նորերս (2013 թ.) լույս է տեսել «Կարս. հայոց բանահյուսական մշակույթը» աշխատությունը, իրագործված հեղինակային խմբի կողմից. Ս. Հարությունյան, Ս. Վարդանյան, Լ. Ղռեջյան, Է. Խեմչյան, Մ. Խեմչյան: Հայ բանահյուսական մշակույթի հետազոտման ուղղություններից է նաև բանահյուսության ու գեղարվեստական գրականության փոխառնչությունների ուսումնասիրության հարցը, որը առաջադրվել և հետազոտվել է տակավին 1930-ական թվականներից Ա. Ղանալանյանի կողմից [«Պռոշյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1938), «Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը», (1940), «Իսահակյանի ստեղծագործության ժողովրդական ակունքները» (1955), «Սայաթ-Նովայի ստեղծագործության ժողովրդական ակունքները» (1963), «Թումանյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1964)]: 1954 թ. Ա. Նազինյանը հրատարակում է «Սովետահայ գրականությունը և ժողովրդական բանահյուսությունը» մենագրությունը: 2011թ. լույս է տեսել Ա. Սարգսյանի «Պարույր Սևակը և ժողովրդական բանահյուսությունը» մենագրությունը: Կարևոր ուղղություններից է նաև բանահյուսական տեքստաբանությանն ու դրան առնչվող տարբեր խնդիրների ուսումնասիրությունը: Բացի գիտական համահավաքներից և տեղական բանահյուսական ժողովածուներից, որոնք տեքստաբանական կարևոր արժեք ունեն, այստեղ հարկ է նշել հատկապես հայ ժողովրդական հեքիաթների սյուժետային տիպերի նշացանկն իր բոլոր տարբերակներով` հեքիաթների միջազգային սյուժեների տիպաբանական համեմատությամբ (աշխատանքային թեմատիկ խումբ` գիտական ղեկավարներ` Ա. Ղազիյան, Թ. Հայրապետյան), որի կազմումը տակավին շարունակվում է և շուտով կավարտվի ու կարևոր նշանակություն կունենա հայկական հեքիաթների համեմատական հետազոտության համար:
Նոր մոտեցումներով կազմվել է բանահյուսական արխիվում պահվող 16 հազար ժողովրդական երգ-խաղիկների մոտիվային համաբարբառի քարտարանը, որի հիման վրա կազմվել է մինչև հինգ տարբերակ ունեցող երգերի համահավաք ժողովածու (գիտական ղեկավար` Ի. Լևին և Ս. Հարությունյան): 1970-ական թվականներից ի վեր բանահյուսության զույգ բաժինների գիտաշխատողների մասնակցությամբ սկսվել և հաջորդ տասնամյակին ավարտվել է ինստիտուտի բանահյուսական արխիվի գիտական մշակման և քարտավորման աշխատանքները, որը կատարվել է քանակական վերլուծության մեթոդով ու հաշվողական մեքենաների կիրառությամբ:
Հաջորդ ուղղությունը հայ անվանի բանագետ-ժողովրդագետների գիտական ժառանգության հրատարակությունն է: Հրատարակվել են Գ. Սրվանձտյանցի երկերը (հ. 1, 1978, կազմող` Ա. Ղազիյան), Ե. Լալայանի երկերի հնգհատորյակի երեք հատորները (հ. 1, 1983, կազմողներ` Կ. Մելիք-Փաշայան, Ա. Նազինյան, հ. 2, 1988, կազմող` Ա. Նազինյան), հ. 3, 2004, Ա. Նազինյան, Դ. Վարդումյան), Կ. Մելիք-Օհանջանյանի ռուսերեն թարգմանած «Սասնա ծռերի» ինը ընտիր պատումները (2004, խմբագիրներ` Ս. Հարությունյան, Մ. Դարբինյան-Մելիքյան, Ա. Եղիազարյան):