Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու պեղումները (2012 թ., 2014 թ.)

 

2012 թ. Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիս­կո­պոս Պռոշյանի հրավերով պեղումներ են իրականացվել Օշական գյուղի Ս. Մեսրոպ Մաշ­­­­տոց եկեղեցու զանգակատան հիմքի տարածքում, որը նաև խորանի հատակն է և զան­­գակատան հիմքը:

Սրբի տապանաքարի արևելյան պատի վերանորոգման  ժամանակ շարժվող սա­լաքարը տեղում ագուցելու ժամանակ պարզվել է, որ զանգակատան հիմքը լցված է տուֆ քարի թափոնով և երկու զանգվածեղ բազալտե քարերով, սվաղի կտորներով: Ան­­հրաժեշտ եղավ զանգակատան կիսակլոր մակերեսը շերտագրական հորիզոն­նե­րով մաքրել, հեռացնել շինարարական թափոնը: Աղբակույտը հեռացնելուց հետո բացվեցին սև տուֆե շարված­քով գետնախարիսխներ (թվով երեքը): Բոլոր աստիճանների հյու­սի­­սային և հարավային կողմերը հիմք են ծառայել զանգակատան հիմքերի համար:

 Փոքր տարածքում բացված գետնախարիսխների առկայությունը հիմք հանդիսացավ պե­ղումները շարունակել նաև զանգակատան արտաքին կողմում, որն իրականացվել է 2014 թ.: Պեղման աշխատանքնեը պարզեցին, որ 1875-1879 թթ. Գևորգ Դ կաթողիկոսի կող­մից կառուցած թաղածածկ դահլիճատիպ եկեղեցու արևելյան պատը դրվել է V դ. կառուց­ված տաճարի գետնախարիսխների վրա: 7 մ երկարությամբ բացված գետ­նա­խա­րիասխ­ների տակ բացվեց տոփանված հողե հատակ, որտեղից հայտ­նաբերվեցին XII-XIII դդ. և ավելի ուշ շրջանի կավանոթների բեկորներ, մեկ քայքայված և մոխրով լցված թոնիր: Մոխրի մեջ հայտնաբերվել է համաժամանակյա կավե կուռք:

Գետնախարիսխների հարևանությամբ բացվել է կոպտատաշ խոշոր քարերով շար­ված ինչ-որ շինության մի հատված, որը թեքվում է շրջագծային պարագծով զան­գա­կատան արևելյան կողմով դեպի հարավ: Պեղումները պարզեցին, որ գետ­նա­խա­րիս­խների հյուսիս-հարավային կողմերը հիմք են հանդիսացել 1884 թ.  կա­ռուց­ված զանգակատան համար: Իսկ շրջագծային պարագծով շարված պա­տը, ըստ Ա. Բալասանյանի 1946 թ. կատարված չափա­գրում­ների, ար­տա­քի­­նից բազմանիստ, ներսից կիսաբոլորակ խորան է:

Ճարտարապետ Մ. Դանիելյանն իր կողմից կատարած չափագրությունների հի­­­ման վրա գտնում է, որ Ս. Մեսրոպ Մաշտոցի հիշատակին նվիրված ե­կե­ղե­­­ցին պետք է Երերույքի տաճարի տիպին պատկաներ:

Մեսրոպ Մաշտոց տաճար-վկայարանի գետնախարիսխների հայտնաբերումը հնա­­գիտական կարևոր հայտնագործություն է, քանի որ տաճարի մասին V դ. Կորյուն պատ­միչի կողմից մեզ հասած «լայնանիստ, բարձրաբերձ, տաշած քանդակազարդ քարերով» տեղեկություններից առայժմ միայն գետնախարիսխներ են հայտնաբերվել: Ուստի տաճարի ծավալատարածական և հատակագծային մանրամասները գտնելու և հստակ եզրակացության հանգելու համար անհրաժեշտ է պեղումները ընդլայնել հիմքից դուրս՝ հյուսիս-հարավ հատվածներում:

 

պ.գ.թ. Ֆրինա Բաբայան