Գրիգոր Արեշյան. Հայոց ինքնության պատմական դինամիկան

Հնգ, 04/13/2017 - 18:00 - 20:00

Հայոց ինքնությունը ուսումնասիրության հատուկ առարկա է դարձնել միայն վերջին երեք-չորս տասնամյակների ընթացքում: Նրա հետազոտությունը միջգիտակարգային խնդիր է, որը բխում է սոցիալական խմբային ինքնության ուսումնասիրության առանձնահատուկ բնագավառի տեսական և մեթոդաբանական մոտեցումներից: Դրանցից առաջնորդող են սոցիալական խմբային ինքնության հոգեբանական վերլուծության սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվում են նույն բնագավառի մշակութա-մարդաբանական, լեզվաբանական, սոցիոլոգիական, արվեստաբանական, պատմագիտական, բանահյուսական, հնագիտական և այլ քննումները: Ելակետային նշանակություն ունեն երեք փոխկապված հոգեբանական ասպեկտներ. ա) «մեր» պատկերացումները «մեր» մասին; բ) «մեր» պատկերացումները «նրանց» մասին; գ) «նրանց» պատկերացումները մեր մասին: 
Առ այսօր կատարված հետազոտությունների գերակշռող մասը վերաբերում են հայոց ինքնության արդի կարգավիճակին, թեև նշանակալից մի քանի աշխատությունների հեղինակներն անդրադարձել են այդ կարգավիճակի առանձին բաղադրատարրերի ակունքներին: Վերլուծվել է նաև Հայոց առաքելական եկեղեցու անհատականացման գործընթացը որպես հայոց արդի ինքնության պատմական հիմնաքար: Սակայն այդ ինքնության պատմական համակարգային վերափոխումները մնում են չլուսաբանված: Դրանց վերլուծությունը հնարավոր է սկսել «հայ/Հայք/հայոց» և «արմենիացի/Արմենիա/արմենիական» իմաստաբանական շարքերի տարբերակմամբ: Պատմականորեն այդ երկու շարքերը թեև փոխկապված էին, սակայն միշտ չէ որ նույնական իմաստ են ունեցել: Քանի որ սոցիալական խմբային ինքնության հետազոտումը բխում է հակադրությունների մեկնաբանություններից, ապա Հայկակական Լեռնաշխարհում մ.թ.ա. 4-րդ հազարամյակի երկրորդ կեսից բացահայտորեն նկատվող միտումը, որը արտահայտվել էր սոցիալ-մշակութային յուրահատուկ այնպիսի ձևերի ստեղծմամբ, որպիսիք տարբերակվել են աշխարհագրական հարակից շրջաններում ստեղծվածներից, այդ պետք է հիմնարար համարել հետագայի հայոց ինքնության ձևավորման համար: Մինչև մ.թ.ա. 1-ին հազարամյակի երկրորդ կեսը ամենայն հավանականության ձևավորումը տեղի է ունեցել Երվանդյան-Արտաշեսյան ժամանակաշրջանում, երբ լեզուն, մշակույթն ու ինքնանվանումը միասնական, թեև բազմաստիճան ու հեղհեղուկ, ընդհանրություն են կազմել: 
Հայոց ինքնության երկրորդ կերպարանափոխումը (metamorphosis) տեղի է ունեցել հայոց Արշակունիների ազգաշինության նախագծի իրականացման ընթացքում: Արշակունիների վերացման հետևանքով տեղի էր ունեցել հայոց ինքնության երրորդ կերպարանափոխումը, որի առանցքը ձևավորել էր Հայոց առաքելական եկեղեցու քաղաքական աճող դերի պայմաններում: 
Չորրորդ կերպարանափոխումը սերտորեն կապված էր սփյուրքայնացման գործընթացի հետ: 
Վերջապես, հինգերորդ կերպարանափոխումը անբաժանելի է նոր դարում հայոց պետականության վերաստեղծումից: 

Գրիգոր Արեշյանն անցել է երկար և ականավոր գիտական ճանապարհ ԱՄՆ-ում, Հայաստանում և նախկին Խորհրդային միությունում: Նա ավելի քան 150 գիտական հրապարակումների հեղինակ է, որոնք 5 լեզուներով հրատարակվել են 12 երկրներում: Դրանք հիմնականում սոցիալ և հումանիտար գիտությունների միջգիտակարգային հետազոտություններ են, որոնց շեշտադրումն արված է Միջին Արևելքի և Հայաստանի վրա՝ վերջինս դիտարկելով իր ընդլայնված պատմական համատեքստում: Աշխատությունները ժամանակագրորեն ընդգրկում են անտիկ շրջանից մինչև Առաջին համաշխարհային պատերազմը: Իր խմբագրությամբ հրատարակած վերջին ժողովածուն լույս է տեսել Կալիֆորնիայի համալսարանում 2013 թ.-ին: Հատորի մաս է կազմում ժամանակակից հայ ինքնության և իմպերիալիզմի հարաբերակցության մասին գլուխը: Պ-ն Արեշյանն ունի մտավորականի ուշագրավ փորձառություն, որը միավորում է տարբեր գիտական ավանդույթներից բխող գիտական մոտեցումներ՝ ի հավելումն նրա աշխատանքային փորձի որպես Հայաստանի հանրապետության կառավարության պաշտոնյայի: Այժմ նա դասավանդում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում որպես Պատմության և Հնագիտության պրոֆեսոր:

 

Send to